ani tadevosyan lori

Սովորական քաղաքը գարնանը

Երբ դրսում անձրև է գալիս, իսկ ներսում երիցուկներն են ծաղկում, այդժամ ես հասկանում եմ, որ Վանաձորում իսկապես գարուն է եկել…

Միշտ անձրևային քաղաք Վանաձորն ունի իր յուրահատուկ գույները՝ մոխրագույնը կանաչի հետ: Դե, մոխրագույնը երևի հասկացաք՝ ինչու, իսկ կանաչը այս փոքր քաղաքում ամենուր է: Նայում ես վերև՝ կանաչավուն սարեր են՝ երկնքին հասնող, նայում ես շուրջդ՝ կանաչավուն ծառեր, իսկ երբ նայում ես ներքև, տեսնում ես այն գրեթե չերևացող ծաղիկները, որոնք հայտնվում են գարնան սկզբին:

Անձրևային հերթական մի օր ես փողոցներից մեկում հանդիպեցի մի երաժշտի, որը կանգնած էր անձրևի տակ, և կարծես հիասթափված, բայց չկոտրվող ձայնով երգում էր. «Let it be, Let it be»։ «Բիթլզի» երգը այդ երաժշտի կատարմամբ հնչում էր նորովի, նույնիսկ մի պահ ինձ թվաց, թե ես չգիտեմ՝ այդ ինչ երգ է երգում կիթառով մարդը: Նրա ձայնը և կիթառի նվագը խառնվել էին անձրևի կաթկթոցներին, և դրանից հետաքրքիր մթնոլորտ էր ստեղծվել:

Ռոքը՝ Վանաձորում, Վանաձորը՝ ռոքի մեջ: Դրսում անձրև է գալիս, իսկ ներսում երիցուկներ են ծաղկում․ սա է Վանաձորը: