Սուրբ Սարգսի տոն

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Տասնութ տարի առաջ էլ, երբ ես դեռ ծնված չէի, էլի եղել է Սուրբ Սարգսի տոնը` մարդիկ հավատացել ու կերել են: Մայրիկս պատմում է, որ ինքը նույնպես կերել է աղի բլիթ, բայց ում որ տեսել է, դեմքը չի հիշում: Հենց այդ նույն տարին էլ նշանվել է հայրիկիս հետ ու մի քանի ամիս անց ամուսնացել են: Դա զուգադիպություն է եղել, թե ոչ, չի կարող ասել։

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Նա նաև հիշում է, որ այդ տարիներին մարդիկ իրենց տանիքներին ալյուր էին դնում, ու երբ սբ.Սարգիսը անցնելով այդ տարածքով, ալյուրի վրա իր ձիու պայտի հետքն էր թողում, ապա այդ ընտանիքի երիտասարդներից մեկը հաստատ ամուսնանալու էր: Մայրիկիս կարծիքով, պարտադիր չէ` աղի բլիթը պատրաստի հենց չամուսնացած աղջիկը, կարևորը պատրաստողը դա մեծ հավատով անի։

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Այս տարի էլ հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը բոլոր չամուսնացած երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց երկրորդ կեսին: Թե որքանով են այդ երազները ճիշտ, ու թե քանիսը երազ կտեսնեն՝ մեծ հարց է: Ամեն դեպքում փորձը փորձանք չէ, ու կարելի է փորձել: Շատերը իրենց սեփական փորձից հավաստում են, որ երազները իրականանում են, այդ իսկ պատճառով, մենք էլ դասարանցիներով որոշեցինք այս տարի համտեսել: Երեխաներով հավաքվեցինք, ու աղջիկներից երկուսը` Աննան և Սյուզին, աղի բլիթ պատրաստեցին, որը պետք է 26-ի գիշերը ուտեինք: Դե, քանի որ այսօր 26-ն է, ես այս ամենը գրում եմ դեռ աղի բլիթ չկերած: Չեմ կարող ասել, թե ով երազ կտեսնի, իսկ ով՝ ոչ։ Մնում է ուտել, և հետո տեսնենք, էլի, թե ով կդիմանա ծարավին ու կքնի, ու ով չի դիմանա ու կսկսի անհագ ջուր խմել։

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Մեկ էլ՝ հետաքրքիրը երազ տեսնելուց հետո մարդկանց վիճակն է: Մանավանդ, եթե անհավանական մարդու են տեսել կամ նրան, ում ամբողջ կյանքում չեն սիրել։ Ինչևէ, շատ ատել պետք չէ՝ սիրել կա, ու մի օր չսիրելի մարդիկ դառնում են ամենասիրելիները։

Շնորհավոր Սուրբ Սարգսի տոն, թող բոլորի երազներում հայտնվի ամենացանկալի մարդը, ու թող երազները իրականություն դառնան։ Բարի աղի բլիթի համտեսում։