nare ohanyan

Սպասում ենք

-Բարի լույս։

-Բարի…

-Դեռ քնա՞ծ ես։ Առաջին ժամն ուր որ է կավարտվի։ Էլ չեմ խոսում գրադարանի մասին, որ հիմա կփակվի, ու կսկսես դժգոհել գրադարանավարուհու վատ աշխատանքից։
-Ի՞նչ ես ուզում։ Առավոտվա քաղցր քունս հարամ ես անում։
-Խաչմերուկում քեզ եմ սպասում։ Մինչև չգաս, դպրոց չեմ գնալու։
-Սկսվեց…
-Վերջին տարին է, ավարտում ենք։ Արի, քեզնից ի՞նչ է գնում։
-Քիչ խոսիր։ Գալիս եմ։
Ընկերուհիս էր։ Ինձ էր արթնացնում, չիմանալով, որ մի ժամ առաջ զարթուցիչն արդեն արթնացրել էր։ Բայց սպասում էի՝ զանգի, որ գնամ։ ՍՊԱՍՈՒՄ էի.
Տեսնես ինչո՞ւ ենք մենք միշտ սպասում։ Առավոտյան սպասում ենք զարթուցիչի ձայնին, որ արթնանանք։ Մի կերպ վեր ենք կենում, սպասում ենք, որ ինչ-որ մեկը թեյ կամ սուրճ պատրաստի մեզ համար։ Հետո սպասում ենք մի զանգի, հաղորդագրության կամ մի հրավերի։ Նկատեցի՞ք. Էլի ՍՊԱՍՈւՄ ենք…  Սպասում ենք, որ մեզ կանչեն դպրոց, համալսարան, աշխատավայր, փողոց, բակ, սրճարան. կա՛մ կանչեն, կա՛մ ճանապարհեն։ Մտքներովս էլ չի անցնում, որ ինքներս փորձենք կանչել, ճանապարհել, ընդունել, հեռանալ…

Ու գիտե՞ք՝ միայն զարթուցիչի ձայնին կամ սուրճին չէ, որ սպասում ենք։ Ոչ էլ սպասումը մի օրվա է։ Մենք ամբողջ կյանքում սպասում ենք։ Սպասում ենք ինչ-որ մեկին, ինչ-որ պահի, ակնթարթի, մի որևէ իրադարձության։ Ամեն վայրկյան սպասում ենք։ Եվ ծիծաղելի է այն, որ մենք համարձակվում ենք սպասել ճակատագրին, որը կլինի կա՛մ դաժան և անարդար, կա՛մ էլ արդարացի և արժան։ Սպասում ենք կյանքին. արժանավայել, երջանիկ, սիրով լեցուն կյանքին… 
Մենք սպասման մեջ էլ շարունակում ենք սպասել…

-Գրադարանավարուհին տեղում չէ։ Պետք է սպասեք։
-Դե եթե պետք է՝ ուրեմն ՍՊԱՍՈւՄ եմ…