անի հարությունյան /մայիսյան/

Վարդանանք

Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է:
Ռալֆ Էմերսոն

Կան գրքեր, որոնք ընթերցելիս շուրջդ բացվում է ուրույն ու անկրկնելի մի աշխարհ` իր առանձնահատուկ գեղեցկություններով ու թովիչ երգերով: Կան նաև այնպիսինները, որոնք քո առջև բացում են անզուգական ու հիասքանչ տեսարաններ, անհայտ հորիզոններ, անշուք ու պարզ գեղջկական խրճիթներ, պարզ ու անապական մարդկանց հոգիներ ու ողբերգություններ, գրքեր, որոնք սիրտդ լցնում են անչափ հայրենասիրությամբ, ուժով ու պայքարի նոր եռանդով: Հենց այդպիսի գրքերից է «Վարդանանքը», որը, ըստ իս, յուրաքանչյուր հայ պետք է կարդա։

Մինչև կարդալը շատ հակասական կարծիքներ էի լսել գրքի մասին.

-Է՜, ինչ էլ հավես ունես, սեղմավեպը վերցրու, սյուժեին ծանոթացի…

-Կարողա ձանձրանաս, նկարագրությունները շատ են…

-Անպայման կարդա՛։

Հաշվի չառնելով ապակողմնորոշող կարծիքները, գրքի մեծ ծավալն ու «սպառնացող» երկար նկարագրությունները` սկսեցի կարդալ…

Աննկարագրելի տպավորություններ, հիացմունք, հույզեր…Անգամ սիրահարվեցի Վարդանի կերպարին (դե՛, ինչ մեղքս թաքցնեմ, հաճախ եմ սիրահարվում գրքերի հերոսներին): Մարդ, որի վարակիչ հայրենասիրությունը փոխանցվում է ընթերցողին. արյունդ եռում է, սկսում ես այլ կերպ ընկալել հայրենիքի սերը։ Վարդանն օժտված է մարդկային բոլոր առաքինի հատկանիշներով՝ ազնվություն, անսահման ու նվիրական սեր դեպի հայրենիքը, քաջություն, անկոտրում կամք։ Նրա պայքարն ազնիվ ու արդար է, բարոյական, քանի որ կռվում է հայրենի հողի ապագայի համար։ «Մեռնենք և չտանք ոչինչ»,- այս է նրա նշանաբանը։

Զորավար, մարտիկ, քաղաքական գործիչ, ով ինքնին կենդանի մարմնացումն է հայրենասիրության ու քաջության։

Ատոմ Գնունին, Արտակ Մոկացը, Զորհրակը ու մնացած քաջ երիտասարդները նույնպես հիացմունք են առաջացնում։ Լինելով անփորձ, դեռ նոր-նոր սիրահարված երիտասարդներ՝ պատրաստ են կյանքի գնով պայքարել ազատության համար:

Հիացած եմ նաև հասարակ գյուղացու ուժով, անվախությամբ, կորովի պայքարով։ Նրանք, զգալով հայրենիքին սպառնացող մոտալուտ վտանգը, տուրք չտալով ընդունված պետական ու եկեղեցական ծեսերին ու կարգերին, չընկճվելով ոչնչից ու ոչ ոքից` համախմբվեցին և հաղթեցին։

«Բայց ռամիկը կկռվի, ռամիկը կփրկի աշխարհը, քանի որ հենց ինքն է աշխարհը»,-ասում է Սպարապետը։

Գնահատելով շինականի ուժը` նա հասավ արդյունքի, հասավ հաղթանակի՝ բարոյական ու վստահ։

Հզոր ու քաջ մարտիկների կողքին երևում են հայոց աշխարհի առաքինի ու փափկասուն կանայք: Նրանք նման են մեր էպոսի կանանց` «առյուծն առյուծ է, լինի էգ, թե` որձ»։ Հայ կնոջ անվախությունը, ուժն ու քաջությունը ամփոփված են Մեծ Տիկնոջ, Անահիտի, Խանդութի, Մամիկոնյան Տիկնոջ կերպարներում։

Սեր, բաժանում, անսպասելի բացահայտումներ, հուզիչ սիրո պատմու-թյուններ։ Գրավիչ էր ամեն մասն ու հատվածը։ Կարդում էի կլանված, լարված, հաճախ էի դողում ու փշաքաղվում, անգամ հուզվում։ Շատ էին հույզերս վերջում, երբ ընկավ ՆԱ… Այն ամենը, ինչ արեց, վեր էր բոլոր պատկերացումներից։

Պատրաստ եմ կարդալ նորից ու նորից` համակվելու նույն հերոսական ոգով ու հայրենասիրությամբ:

«Վեպը բնութագրվում է ռազմական կրակով, յուրաքանչյուր էջից վրնջում են նժույգները, կորովի երիտասարդները պատրաստ են կռվել և զոհվել հայրենիքի համար…»

 Ավետիք Իսահակյան