davit aslanyan

Վերջին վայրէջքը «Զվարթնոցում»

Շրջագայելը, անշուշտ, աշխարհը ճանաչելու լավագույն միջոցներից մեկն է: Այն քեզ թե՛ կրթում է, թե՛ մշակում, ինչպես նաև օգնում է ճիշտ համեմատել ու գնահատել քո ունեցածը: Իսկ ինձ օգնել է, որ հասկանամ մի պարզ ճշմարտություն: Քաղաքները, ինչպես և ժողովուրդները, ունեն բնավորություն և լինում են հյուրընկալ և ոչ հյուրընկալ: Եվ քաղաքների բնավորությունը երևում է հենց քաղաքում առաջին քայլից: Ժպիտով «բարի գալուստ» կամ անվերջանալի ու զզվելի հարցաքննություն այցիդ նպատակի և ֆինանսական կարգավիճակիդ մասին, չնայած` մուտքի թույլտվության առկայությանը տվյալ երկրի կողմից:

Հյուրընկալության հաջորդ փուլը ինձ համար ջերմ վերաբերմունքն է, որը սկսվում է երևալ քաղաքներում արված առաջին իսկ քայլերից: Լայն ու արևոտ պողոտաներ, թե ստվերոտ ու նեղ փողոցներ` հյուրընկալության չափանիշներից մի ուրիշն է: Եվ իհարկե, հյուրընկալության կարևորագույն բաղադրիչն են համարվում քո մշակույթի մասնիկները օտար քաղաքներում: Ինչքան շատ հայկական, հայերեն և հայեցի` այնքան հյուրընկալ:

Շրջագայեք, ուսումնասիրեք, սովորեք, տեսեք, զարմացեք, քննադատեք կամ հիասթափվեք, բայց անպայման վերջին վայրէջքի համար ընտրեք «Զվարթնոցը»: Ի՞նչը կարող է լինել այնքան ջերմ, ինչքան «Զվարթնոցում» անձնագրերը ստուգող աշխատակցի մեղմ ժպիտն ու «բարի գալուստը»: