Տիգրանը

Հարցազրույց Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Տիգրան Գրիգորյանի հետ

-Տիգրան, ինչպե՞ս եղավ, որ հայտ ներկայացրիր Ֆիզմաթ դպրոց:

-Երբեք չեմ մտածել այդտեղ ընդունվելու մասին, երբ իմացա այդ դպրոցի մասին, պատմության մասին, հասկացա, որ դա այն տեղն է, որտեղ կցանկանամ սովորել և սկսեցի աշխատել ինձ վրա:

-Ի՞նչ հույսեր կային, որ կնդունվես դպրոց, չէ՞ որ Ջերմուկում առաջինն էիր, որ հայտ ներկայացրեց դպրոց և ընդունվեցիր:

-Դե, այդ դպրոցի մասին ես լսել էի, որ հիմնականում այդ դպրոցից են գնում միջազային օլիմպիադաների: Իսկ ես մեծ հույսեր ունեմ մասնակցելու միջազգային օլիմպիադաներին:

-Ի՞նչ զգացիր այն պահին, երբ համացանցում տեսար քննության արդյունքները:

-Արդյունքները տեղադրվեցին 29:06:2017 00:05 րոպեին, իսկ այդ օրը իմ ծննդյան օրն էր: Կարճ ասած, ինձ համար կրկնակի տոն դարձավ: Միանգամից այդ ցուցակը նկարեցի և տեղադրեցի համացանցում, և իմ հարազատներն ուրախացան ինձ հետ հավասարաչափ

- Դժվար չէ՞ սովորել այդ դպրոցում և միաժամանակ հեռու գտնվել ընտանիքից:

-Ես շատ եմ սիրում Երևան քաղաքը: Այստեղ սովորելը շատ բարդ է, բայց և միաժամանակ, հետաքրքիր ու նոր փորձություններով լի: Դե, այս դպրոցում սովորելը նման չէ Ջերմուկում սովորելու տարիներին: Ճիշտ է, հեշտ չէ այստեղ սովորելը, բայց ես փորձում եմ մաքսիմալ յուրացնել այստեղի տված գիտելիքները: Իհարկե դժվար է, նամանավանդ առաջին երկու ամիսներին:

-Կպատմե՞ս ինչպես է անցնում առօրյադ դպրոցում

- Իմ առօրյան շատ հագեցած է: Առավոտյան դպրոց եմ գնում ինչպես բոլորը, դասերից հետո հաճախում եմ օլիմպիական խմբակների, որոնցից մեծ գիտելիքներ եմ ստանում, ընկերներով վերադառնում ենք Ֆիզմաթ դպրոցի հանրակացարան, իսկ հանրակացարանի կյանքն ավելի հագեցած է, քան ես կարծում էի: Ընկերներով դասերին ենք պատրաստվում, որևէ մեկս եթե հարց է ունենում, ոչ թէ սպասում ենք հաջորդ օրվան, այլ հարցնում ենք իրարից:

-Տիգրան, շաբաթ, կիրակի օրերին գալի՞ս ես Ջերմուկ, թե՞ մնում ես Երևանում:

-Լինում են այնպիսի օրեր, որ գալիս եմ Ջերմուկ, այցելում ընտանիքիս անդամներին ու հարազատներիս, բայց և լինում են այնպիսի օրեր, որ շատ ծանրաբեռնված եմ լինում դասերով, մնում եմ Երևանում:

-Դպրոցն ավարտելուց հետո ի՞նչ նպատակներ ունես:

-Առայժմ հստակ չեմ որոշել, թե որտեղ եմ ընդունվելու: Հիմա ուսումնասիրում եմ տնտեսագիտություն և ծրագրավորում, փորձում եմ հասկանալ՝ որն է ինձ ավելի հոգեհարազատ: Բայց առայժմ աշխատում եմ ինձ վրա, որպեսզի մասնակցեմ օլիմպիադաների: