Փրկության ավտոբուսը

Բարև՛, խոսելու ժամանակ չկա, արագ հետևիր ինձ, տարածքը գնդակոծվում է… Տների կողքով մի քայլիր, հարվածը տների վրա է ուղղված: Ահա, գրեթե հասանք… Տեսնո՞ւմ ես երկհարկանի տունը… Չէ՛, իհարկե տուն չենք մտնում, այլ իջնում ենք տան նկուղը: Դե արագ, արագ, իջիր… Նկուղում ենք… Տեսնո՞ւմ ես այն հաղթանդամ տղամարդուն՝ Սարգիս պապն է, նրա կողքին՝ Նազան տատը, որդին՝ Վրեժը, Վրեժի կինը՝ Արևիկը, նրանց զավակները՝ Վարդանն ու Ռուզաննան… Սպասում են… Օր ու գիշեր սպասում են, թե երբ է Ճամբարակից ուղարկված ավտոբուսին վերջապես հաջողվելու հաղթահարել գնդակոծվող գոտին ու նրանց անվտանգ վայր տեղափոխելու: Հանկարծ մեր գլխավերևում պայթյուն է լսվում: Բացվում է նկուղի դուռը, և մի երիտասարդ բղավում է.

-Սարգի՛ս դայի, տունդ վառվում ա:

Բոլորը վերցնում են ձեռքի տակ եղած դույլերն ու վազում հանգցնելու այրվող տունը:

-Թողեք, թողեք վառվի տունս, որ ուշս դբեդ չմնա,- լսվում է Սարգիս պապի ձայնը: Ժողովուրդը քարանում է: Այրվում է գյուղի պահեստապետի տունը, այրվում են հյուրընկալությամբ ու ջերմությամբ լցված տան պատերը: Սարգիս պապը լուռ է: Նրա աչքերի առաջ այրվում է տունը, որի հետ կապված է նրա ողջ կյանքը:  Ահա բոցը բացում է իր երախն ու վերածում հսկա տունը մի կույտ մոխրի…

Իսկ հիմա արի մի պահ տեղափոխվենք Ճամբարակ: Մոտենում ենք Ճամբարակին: Ճանապարհի եզրին մարդկանց մի մեծ ամբոխ է հավաքվել: Բոլորի անհանգիստ հայացքներն ուղղված են Ճամբարակից Արծվաշեն տանող ճանապարհին: Նրանք սպասում են ավտոբուսին. հասարակ մի մարդատար մեքենա, որի վերադարձը պիտի որոշի այս մարդկանց ապագան: Ավտոբուս, որը կվերադառնա՝ իր հետ բերելով ուրախություն, կամ էլ կզրկի այս մարդկանց երջանիկ լինելու իրավունքից: Ավտոբուս, որն ուղևուրվել է Արծվաշեն՝ այս մարդկանց բարեկամների ու հարազատների կյանքը փրկելու: Ահա և հայրս՝ Գրիգորը: Նրա հայացքն ուղղված է ճանապարհին, իսկ սիրտն այրում է միայն մի ցանկություն՝ կրկին տեսնել պապին…

Վերջապես ավտոբուսին հաջողվում է գյուղ մտնել: Գյուղացիները քայլում են դեպի ավտոբուսը, և բոլորին միայն մի հարց է հուզում. «Ինչու՞ Սարգիս դային չփրկեց իր տունը»: Սարգիս պապը շրջվում է, նայում գյուղին ու պատասխանում.

-Ես էս գյուղը էլ էրեխա չեմ բերի:

Նա առաջ է քայլում, գիտակցելով, որ ընդմիշտ հեռանում է այս գյուղից: Նրա մեջքի հետևում է մնում իր ծննդավայրը, այրվող տունը, կնոջ՝ Նազանի գերեզմանը: Հասնում են ավտոբուսին…

Ճանապարհի վրա հայտնվում է ավտոբուսը: Հուսահատված մարդիկ աչքերին չեն հավատում… Բայց գալիս է, կասկած չկա, գալիս է… Գալիս է ավտոբուսը, որն իր հետ բերում է անսահման երջանկություն, ու միմյանց է հասցնում օրեր առաջ մեկնված ձեռքերը: Գրիգորը խառնված ամբոխի մեջ իր պապին է փնտրում: Ավտոբուսի դռներում հայտնվում է Սարգիս պապը ու հաջորդ վայրկյանին նրան արդեն ամուր իր կրծքին է սեղմում Գրիգորը…