karine nahapetyan

17am.-ը որպես կյանքի ենթաբազմություն…

Ասում են, որ յուրաքանչյուր բազմություն բաղկացած է ենթաբազմություններից: Էդպես էլ կյանքն է. ունի կարևորագույն «ենթաբազմություններ»: Այ, էդ կարևորագույն «ենթաբազմությունների» շարքին է պատկանում 17am.-ը և, առհասարակ, «Մանանան»: Գիտե՞ս, «Մանանան» հրաշքներ է գործում: Արի` ասեմ: Դե ֆիզիկայից էլ գիտենք, որ դրական լիցքով մարմինները միմյանց վանում են, նույնն էլ բացասականի դեպքում: Գիտես նաև, որ մեկը պիտի դրական լինի, մյուսն էլ ` բացասական, որ ձգեն իրար: Աշխարհը, ինչպես բոլորիս հայտնի է, բացասական է արդեն վաղուց: Հա, ըհը, «Մանանան» այդ դրական լիցքն է մեզ հաղորդում, որ սկսենք ձգվել դեպի աշխարհը, մերձանալ նրա հետ ու դառնալ միասնական տարր…

Մենք ծնվում ենք «վարդագույն ակնոցով», բայց առաջին իսկ ուժգին քամուց այն կոտրվում է… «Մանանան» վերցնում է կախարդական փայտիկը ու այն նորից վերանորոգում, հնարավորություն տալիս կյանքին ու աշխարհին նայել այլ կերպ:
Կարմիր ու սպիտակ տիրույթը` 17am- կայքը, իմ օրվա անբաժանելի մասն է: Ես կարդում եմ բոլորի հոդվածները, ու որ ծանոթանում եմ որևէ 17-ցիի հետ, կարող եմ վստահ ասել նրան` ասա, թե որ հոդվածն է քոնը, և ես կասեմ` ով ես դու (կատակում եմ):

Հաճախ եմ ինձ հարց տալիս` լավ, վերջապես մի բառով կամ արտահայտությամբ, ի՞նչ է ինձ համար 17am.-ը:
Ես բնականաբար ստույգ պատասխան չգտա, բայց հիմա կփորձեմ բացատրել:
17am.-ը ինձ համար` Անիի «Ռոմանտիկ Մայիսյան»-ն է, Արման Արշակ-Շահբազյանի օրիգինալ ազգանունն ու նույնքան տարբերվող հոդվածները: 17am.-ը ինձ համար` Ղազախեցյան Անահիտն է, որն իրեն չի պատկերացնում առանց Ne me quitte pas երգի, Խաչիկյան Միլենան, ում համար շատ սպասված են ուրբաթ օրերը: 17am.-ը ինձ համար` Լիդուշն ու Միլուշն են իրենց «Շողանք միասին» երգով: 17am.-ը ինձ համար Ավագյան Գայանեն է իր պապիկի գրադարանի գրքերով, 17-ը ինձ համար` Բաղդասարյան Հայարփիի և Մելքոնյան Սարգսի թեժ բանավեճն է, 17am.-ը ինձ համար` Խեչոյան Եվայի խոհափիլիսոփայական մտքերն են ,17am.-ը ինձ համար` Պետրոսյան Ժորայի Վարդենիսի բարբառն է, 17-ը ինձ համար` Սաֆարյան Արտյոմի սերն է ֆուտբոլի հանդեպ, 17-ը ինձ համար` Զաքարյան Սոսեի Դարբաս գյուղն է` իր ողջ հմայքով, 17am.-ը ինձ համար` Քեշիշյան Աստղիկն է ու նրա սերը դեպի ռոքը, 17am.-ը ինձ համար` Հարությունյան Սեդայի յուրահատուկ պատկերացումներն են ձախլիկության մասին, 17am.- ը ինձ համար Մանե Մինասյանն է, ում հետ ծանոթացել եմ հենց «Մանանայի» շնորհիվ, 17am.-ը ինձ համար իմ` «Արտագաղթի դառը պտուղները» հոդվածն է, որից հետո ես սկսեցի ավելի ու ավելի շատ գրել, 17am.-ը ինձ համար Լյուբայի և Սոնայի նկարազարդումներն են «Խաբարբզիկում», 17am-ը ինձ համար Անի Ավետիսյանի կարոտն է առ տատիկը, 17am.-ը ինձ համար Էլադան է, ում հայրը մեր ֆիլմի գլխավոր հերոսը դարձավ, 17am.-ը ինձ համար «Մանանայի» մոտիվացնող խորհուրդներն են, 17am.-ը ինձ համար իմ` ճամբարային հրաշք օրերն են ու այն երեխաները, որոնց հետ ես մի ողջ շաբաթ անցկացրել եմ: 17am-ը ինձ համար` մի մեծ ընտանիք է, 17am.-ը ինձ համար բոլոր-բոլոր պատանիներն են, որոնք կարողանում են բարձրաձայնել այն ամենի մասին, ինչն իրենց հուզում է: 17am-ը ինձ համար ազատ դաշտ է, բայց մի տարբերությամբ` այնտեղ չկան մոլախոտեր. այնտեղ միայն անուշաբույր ու գեղեցիկ ծաղիներ են, որոնք դեռ ծաղկելու և աճելու են դեռ:
Այ, տեսնում ես` ինչ հրաշքներ է գործում «Մանանան»: