Anush Jilavyan

Յասամանի բույրով մանկությունս

Արդեն իմ մի մասնիկը դարձած ճանապարհը գլորում է մտքերս դեպի վերջնակետը. մեր տունը, իմ սենյակը: Կարոտել եմ սենյակիս լռությունը, ու ամբողջ սենյակում արձագանքող մտքերս: Սենյակս ավելի շատ մտածելու համար է, քան քնելու: Ինչքան են փոխվել մտքերս ժամանակի ընթացքում և ներարկված են սենյակիս մեջ ու բացվում են իմ առաջ: Սենյակս ինձ բոլորից լավ է ճանաչում…

Բայց դեռ այդ ամենը վայելելու ժամանակը չէ, դեռ պետք է տուրք տալ այլ կարոտների, նույնքան փափուկ ու քաղցր: Պետք է տատիկիս տեսնել: Մտնում եմ տուն, ամեն անգամ զգացողությամբ, որ դեռ աշակերտ եմ, որ ամեն օր դասերից հետո կարող եմ գնալ, ու տատիկս նորից կհարցնի բոլոր տատիկներին հուզող ամենակարևոր հարցը. «Հաց կերե՞լ ես»: Ոչինչ օտար չի դարձել տանը: Գրկում եմ տատիկիս, ու նա արտասվում է ինչպես անցած, ու դրան նախորդող մյուս անգամները:

Ես հայացքով փոփոխություն եմ փնտրում, տունը նույն է, այն ինձնից ավելի դանդաղ է փոփոխվում, բայց պակասել է հարազատ մի շունչ: Ես մեկ տարուց ավելի ժամանակ ունեի հաշտվելու համար մտքի հետ, որ մեր ընտանիքում այլևս 9 անդամ չէ, այլ 8, բայց չի ստացվում. ես շարունակում եմ տանը հայացքով փնտրել պապիկիս, շարունակում եմ սպասքը առանձնացնել 9 տեղի համար ու հետո նորից հաշվել ու հետ վերցնել մեկը: Ես նորից ու նորից ապրում եմ այն օրը, երբ գնալու էի Երևան: Դասերը սկսվում էին, և ես արդեն առաջին կուրսի ուսանող էի: Այդ հրաժեշտը հետո կդառնա ոչ թե սովորական, հետո տեսնելու հույսով հրաժեշտ, այլ վերջինը: Ես գիտեմ, որ նրա մաղթանքը կատարում եմ, գիտեմ, որ հավատում էր ինձ, բայց ընդամենը այդքանը ասելը, նույնն է, թե ոչինչ չասել: Հիշողությունները շատ են, դրանք գունավոր նկարների նման աչքերիս առաջ են գալիս ու պայծառացնում: Ես ուզում եմ արթնանալ, ու պապիկս յասամաններ ու վարդակակաչներ բերի ինձ համար: Ուզում եմ մեր տունը նորից լցվի դրանց գեղեցկությամբ, ու ես մխրճվելով դրանց մեջ, նորից զգամ նրբությունը ու բույրը:

Ուզում եմ նորից ուրախացած վերցնել նրա ափի միջից հատապտուղները, որոնք այնքան փոքր էին նրա մեծ ձեռքերի մեջ:

Ուզում եմ հետ բերել ժամանակը ու հավերժ ապրել մանկության մեջ, որից այդ նույն յասամանի բույրն է գալիս:

Արդեն սենյակում նստած, մտքերս բարձր արձագանքում են և պահանջում, որ գրի առնեմ, գիտեմ, զգացածս տպատառերի սև ու սպիտակի մեջ չեմ տեղավորի, բայց չգրել էլ չեմ կարող: Գրելը օգնում է: Յուրահատուկ թեթևություն ես զգում, կարծես հանդիպել ես այն մարդկանց, ում կարոտել ես, կամ ասել ես նրանց այն, ինչ ուզում ես ասել արդեն շատ երկար …Կամ էլ իմ նման մի պահ սենյակում զգալ յասամանների բույրը…