Լևինե Համբարձումյանի բոլոր հրապարակումները

levine hambardzumyan

Ինքնակատարելագործման ճանապարհին

Մարդ  շատ հաճախ չգիտի, պարզապես չի կարողանում որոշել, թե իրոք ում կարող է նմանվել: Մտածում եմ ու զգում եմ, որ ես միայն ինձ եմ նման: Մտածում եմ` չգիտեմ, թե որն է սահմանը վեհության, և ինչին պետք է ձգտեմ: Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում նստած է մի թաքուն պահանջ, ստուգել իր լավն ու վատը, ստուգել ինքն իրեն, իր մտածածն ու արածը, ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, ստուգել իր տեղը կյանքում՝ այս արևի տակ, և իր նմանների կողքին, ստուգել իր ապրելու իմաստն ու նպատակը:

Չեմ սիրում նմանվել նրանց, ովքեր նայելով մարդկանց աչքերի մեջ ստում են, խաբում և անտարբերություն ցուցաբերում բոլոր պարագաներում:

Մեծ փիլիսոփա Ռոժե Գարոդին ասել է. «Ինքնակատարելագործման երեք ուղի կա. առաջինը խորհրդածությունների ճանապարհն է, որն ամենաազնիվն է, երկրորդը՝ նմանակելը՝ ամենահեշտը, և երրորդը՝ փորձ ձեռք բերելու ճանապարհն է, որն ամենադժվարն է»: Հենց այս դժվար ճանապարհն է, որին ես պետք է հասնեմ, նմանվելով նրանց, որոնք ունեն կամքի ուժ և մեծ համբերություն:

Ինչքան մտածում եմ, թե իրոք ում եմ նմանվում: Նմանվում եմ և՛ մայրիկիս, և՛ հայրիկիս, որոնց մեջ  զարգացած են բնավորության այնպիսի գծեր, որոնք ինձ թև են տալիս, որ հասնեմ իմ նպատակին: Հայրս իսկական տղամարդ է մեր տանը, մայրս՝ բարության մարմնացում, արվեստը լավ ընկալող և վերարտադրող, մի բան, որ ժառանգել եմ ես:  Ինչքան էլ ուզում եմ չնմանվել որևէ մեկին, այնքան ավելի եմ սկսում նմանվել և ձեռք բերել ծնողներիս բնավորության գծերը: Եվ եթե դա այդպես է, ուրեմն դա ամենալավ նմանակումն է, որ  ես երբևէ  կարող եմ անել լավ մարդ  դառնալու համար:

levine hambardzumyan

Ես էլ եմ 17-ից

Ես դեռ մանկուց երազում էի լրագրող դառնալ: Մի օր ընկեր Ներսիսյանը մտավ դասարան, ընտրեց բոլոր լավ սովորող աշակերտներին և ուղեկցեց մեր շատ սիրելի համակարգիչների դասասենյակ: Ես սկզբից մինչև վերջ լուռ հետևում էի 17-ի խմբի անդամներին: Երբ սեմինարը վերջացավ, ես այնքան ոգևորված էի, որ արագ մոտեցա Լիլիթին և ավելի մանրամասն տեղեկացա դասընթացին մասնակցելու մասին: Եկա տուն, պատմեցի մայրիկիս և ամբողջ օրս տրամադրեցի նյութեր գրելուն: Ուղարկեցի հայտը և երկու շաբաթից ինձ զանգահարեցին և ասացին, որ ես ընտրվել եմ դասընթացներին մասնակցելու համար:

Ես շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այդ դասընթացին, քանի որ շատ բան սովորեցի: Հետո սկսեցի թղթակցել և իմ գրած նյութերը պարբերաբար հրապարակվում են կայքում: Ես շատ եմ սիրում «17.am»-ը, և անձնակազմի բոլոր անդամներից շատ շնորհակալ եմ թե խորհուրդների համար, թե համբերատար մեզ հետ աշխատելու:

levine hambardzumyan

Կիսատ պատմություն

Տրտմության ճանապարհին սև հագնես, թե կարմիր՝ հոգսը քո ուսին է…

Մի օր ընտանիքով նստած էինք, երբ պապիկս պատմեց մի պատմություն, որն ինձ շատ վշտացրեց:

-Կյանքը փոխվեց, երբ վրա հասան Հայրենական մեծ պատերազմի դառը ու դաժան տարիները: Զինվորական համազգեստ հագան մոտ 600 նորատուսցիներ, ռազմաճակատում օգնելու համար տքնաջան աշխատեցին կանայք ու մանուկները։ Ծանր ու արյունահեղ մարտերում նորատուսցիները վաստակեցին հարյուրավոր շքանշաններ ու մեդալներ։

Զարմանալի էր, բայց պապիկը հիշում էր զոհված 213 հերոսների անունները և թվարկում․

-Ադամյան Գևորգ, Ալոյան Պողոս, Ալոյան Օհան, Այվազյան Լևոն…

Հասանք 172՝ Պողոսյան Հարութ, այդ մարդը պապիկիս հայրն էր։ Եվ պատմությունը կիսատ  մնաց պապիս արցունքների պատճառով։ Պապիկիս հայրը գնացել էր պատերազմ և չէր վերադարձել։ Ես չհասցրեցի իմանալ ամբողջ պատմությունը, բայց լռեցի, որ չարթնացնեմ պապիկիս դառը հիշողությունները…

Ընկերուհուս՝ Անահիտ Խաչատրյանի հաղթանակը

Լուսանկարը՝ Լեւինե Համբարձումյանի

Լուսանկարը՝ Լեւինե Համբարձումյանի

Առավոտյան արթնացա և գնացի դասի: 10 րոպե անց՝ Անահիտը և Սոֆյան նույնպես եկան: Սոֆյան լայն ժպիտով ասաց.

-Շնորհավորե՛ք Անահիտին:

-Ինչի՞ համար,- հարցրեցի ես:

-Որովհետև Անահիտը գրավել է առաջին մրցանակային տեղը՝ համայնքի մասին իր գրած շարադրությամբ: Ես ուրախացա և շնորհավորեցի նրան: Բայց ցավալին այն էր, որ մենք առաջին երեք ժամերին կիսամյակային գրավոր աշխատանք ունեինք, իսկ Անահիտը պետք է ժամը 11-ին գնար Գավառ, որպեսզի ստանա իր մրցանակը: Նա ստիպված եղավ մնալ և գրել իր գրավորը: Բայց վերջին ժամին 15 րոպեում վերջացրեց իր գրավորը, որպեսզի չուշանա նշված ժամից: ժամեր անց նա եկավ իր մրցանակների հետ, և ես՝ ինչպես իսկական լրագրող, որոշեցի հարցազրույց վերցնել այդ կարևոր պահին:

-Անահի՛տ, ինչպե՞ս իմացար այդ մրցույթի մասին:

-Մեր դասղեկ Գայանե Քոլոզյանը դասի ժամին հայտարարեց մրցույթի մասին:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիր մասնակցել:

-Գնացի տուն, 2 ժամ մտածեցի շարադրության մասին և մի գեղեցիկ շարադրություն գրեցի: Տվեցի դասղեկին և երկար սպասելուց հետո իմացա, որ Նորատուսից 10 աշակերտ էլ են մասնակցել, բայց միայն իմ շարադրությունն է հավանության արժանացել:

-Իսկ ե՞րբ իմացար, որ քո շարադրությունը Գավառում գրավել է առաջին տեղը:

-Դեկտեմբերի 7-ն էր, Գավառից զանգեցին և շնորհավորեցին: Ասացին, որ ես առաջին տեղն եմ գրավել: Իսկ հետո ինձ զանգեց դասղեկս և ասաց, որ դեկտեմբերի 8-ին գնամ Գավառ, որպեսզի ստանամ մրցանակս: Ես անչափ ուրախացա: Լույսը բացվեց, գնացի Գավառ՝ իմ մրցանակի հետևից:

Ես կարծում եմ, որ բոլոր երեխաներն էլ ունեն հետաքրքիր մտքեր, պետք է լինել համարձակ ու գրել, մասնակցել տարբեր մրցույթների, թղթակցել տարբեր կայքերն: Վստա՛հ եղեք, որ անպայման կնկատեն ու կգնահատեն ձեզ…

levine hambardzumyan

Սևանա լճի անտառը

Հարցազրույց հայրիկիս՝ Արմեն Համբարձումյանի հետ

-Հայրի’կ, ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչո՞ւ որոշեցիր դառնալ անտառապահ:

-Դե, իմ հայրն էլ էր անտառապահ, փոքր ժամանակ շատ էի սիրում այդ գործը, հաճախ նրա հետ գնում էի անտառ:

-Պապին քեզ ինչո՞ւ էր տանում անտառ:

-Ես նրան օգնում էի հավաքել ծառերի այն ճյուղերը, որոնք ծառահատումներից հետո մնացած էին լինում:

-Մի քիչ կպատմե՞ս քո գործից:

-Դե~հ, մեր գործը այդքան էլ դժվար չէ: Մենք պետք է մեզ բաժին հասած տարածքը հսկենք, որ ծառահատումներ տեղի չունենան:

-Որքա՞ն ժամանակ ես մնում այնտեղ: 

-Գարնանը և ամռանը մեկ ժամ, քանի որ ծառահատումներ քիչ են լինում, իսկ աշնանը և ձմռանը ավելի շատ, քանի որ մարդիկ ուզում են վառելափայտ տանել:

-Իսկ հիմա ծառահատումներ հաճա՞խ են լինում:

-Այո’, հիմա ցուրտ է, մարդիկ գալիս են վառելափայտ տանելու:

-Ծառատունկ տեղի ունենո՞ւմ է անտառում:

-Հիմա ծառատունկ չի լինում, բայց եղել է տարիներ առաջ:

-Անտառն ի՞նչ խնդիրներ ունի և ի՞նչ լուծումներ եք գտնում:

-Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ կատարվում են ծառահատումներ, որպեսզի ծառերը չմնան ջրի տակ:

-Նման դեպքեր հաճա՞խ են լինում:

-Այո’, և նման դեպքերը շատ մեծ վնաս են հասցնում անտառին և լճին:

-Կա՞ն արդյոք այնպիսի ծառատեսակներ, որոնք անտառում հազվագյուտ են:

-Կարծում եմ, չկան:

-Վառելիքի համար ո՞ր ծառերն են հատում:

-Բարդի, ակացիա, սոճի, փշատենի:

-Իսկ ստուգատեսներ լինո՞ւմ են: 

-Այո’, օրինակ երեկ ամբողջ օրս այնտեղ ստուգողների հետ եմ եղել: Փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո, անցանք բոլոր տարածքները ստուգելուն:

-Իսկ քո տարածքում ծառահատումներ եղել ե՞ն:

-Ո’չ, բայց շատերի տարածքներից շատ ծառեր էին հատել:

-Իսկ երբ նրանք նկատում էին, որ ծառահատում է տեղի ունեցել, ի՞նչ էին անում:

-Ըստ ծառահատումների քանակի` ակտ են կազմում: