Լյուբա Շառոյանի բոլոր հրապարակումները

lyuba sharoyan

Նկարչի աչքերով

Ես միշտ նկարել եմ ու մինչև հիմա նկարում եմ, հատկապես, երբ տխուր եմ:  Նկարելիս կտրվում եմ աշխարհից:  Ծառ, ծաղիկ, կապ չունի, կարևորը` անում եմ մի բան, որն ինձ դուր է գալիս։ Ինձ համար նկարելը պարզապես հոբի չէ, դա իմ աշխարհն է, որտեղ ես ազատ եմ: Ապրել նկարելով: Տարօրինակ է, քանի որ ամենաաննշան ու անիմաստ թվացող մանրուք գեղեցիկ է դառնում նկարչի աչքերով: Շատ հաճախ մտածում են ձեռքից գնացել եմ: Մեղմ ասած, էնքան եմ նկարել, որ ցնդել եմ:

Հա՛, գուցե ճիշտ է, բայց ես չեմ ամաչում տարբերվելուց ու ցնդած նկարիչ դառնալու ճանապարհ բռնելուց:

Դեռ մանկուց բոլորին պարզ էր իմ ընտրած ուղին, քանի որ 4-5 տարեկանից նկարել եմ, տիկնիկներիս համար շորեր կարել, տնակներ պատրաստել, և ամենակարևորը, միշտ կտրել մազերս։ Մայրս ասում է, մի անգամ պապս այնպես բարկացավ, որ մազերս կտրեց։

Երբ արդեն 6 կամ 7 տարեկան էի, բակում ինձ ծաղրում էին գիրության ու պեպենոտ լինելու պատճառով։ Ես ժամերով փակվում էի սենյակում ու փորձում բալետի պարուհիներ նկարել: Ամեն անգամ, երբ պարուհին գեր էր ստացվում, պատռում էի թուղթն ու սկսում նորից նկարել, իսկ վերջում հուսահատված լացում։ Միգուցե նրանց ծաղրանքի շնորհիվ եմ հիմա գեղեցիկ պարուհիներ նկարում, չէ որ պատահականություններ չկան աշխարհում։

Ակնալիճ գյուղում բերքահավաք է

Սկսվել է Ակնալիճ գյուղի բերքահավաքը։ Հով ժամերին գյուղում ոչ մեկին չես հանդիպի, բոլորը դաշտ են գնում` բերք հավաքելու:

Ես այսօր ինքս էլ գնացի մի քանի բան լսելու ու գրի առնելու համար։

-էս տարի պոմիդորը սամսեմ հեչ ա եղել,- իրենց դաշտերին նայելով ասում են ակնալճեցիները:

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

-Հա, դե, ո՞ւմը չի եղել,- զրույցը շարունակում է մյուսը,-Անտեր կարկուտը սաղ հեչ արեց։ Էս տարի կամ եղանակից ա, կամ էլ սերմերի որակն ա վատացել:

-Է~, էս տարին մեր վրա չեկավ,- զրույցին խառնվում է մեր մյուս հարևանը,- էն խեղճ զինվորները ընդե մահացան, մեր բերքն էլ էստեղ փչացավ… Մարդ չգիտի` որ դարդը քաշի:

-Սիլվա ջան, մի նեղվի, Աստված մեծ ա: Մի դուռ էլ մեզ համար կբացի։

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Դաշտում քայլելիս պատահաբար լսեցի այս խոսակցությունը ու հասկացա, որ նույնիսկ վատ իրավիճակում ակնալճեցիները չեն հուսահատվում, ու հույսը Աստծո ողորմածությանն են թողնում։

Քիչ հեռու հանդիպեցի մի պապիկի, ով ջրում էր մարգերը։

-Բարև, պապի ջան։

-Բարև~, թե խելոք ես, ի՞նչ էս կորցրել ես դաշտերը։

-Հեչ, պապի ջան, ասեցի` մի քիչ քայլեմ, տեսնեմ` ինչ եք անում: Մի քանի բան նկարեմ, հետո էլ գնամ նյութ գրեմ։

Այս անգամ սովորականի նման ես չսկսեցի հարցեր տալ Կարո պապիկը ինձնից շուտ սկսեց:

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

-Պապի ջան, գոնե բերքը լա՞վ ա, մի բան կա՞։

-Էէէ, բալես, լինելը` կա: Չեմ բողոքի, ուղղակի կարկուտից հետո մի քիչ ուշ բերքի նստեց: Սաղ դաշտը քայլի, նայի` սաղինը մանր ա: Թե մի հատ խոշոր պոմիդոր գտնես, վեկալ` տուր գլխիս։

-Պապի, էդպես մի ասա։

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

-Հա, ճիշտ եմ ասում, բալես, չկա: Մարդ չի հասկանում ինչից ա` սերմի՞ց ա, եղանակի՞ց ա։ Հենա` գյուղի սերմ ծախողներից մեկին էլ հո չեն ծեծել, հո չեն ծեծել… Էն խեղճն ի՞նչ անի, որ ոչ սերմն ա սերմի նման, ոչ պոմիդորն ա պոմիդորի նման, ոչ էլ եղանակն ա մի բան:

-Լավ, պապի ջան, դե դու մարգերը ջրի` ես չխանգարեմ քեզ։

-Այ բալա, սենց չի լինի: Հըլը մի հատ քո ճաշակով պոմիդոր քաղի` ուտելով գնա։ Չնայած իմ պոմիդորները ջակի-ջուկի չի, որ քո ճաշակով լինի։

Երկար ծիծաղեցինք, հետո վերցրի պոմիդորն ու շարունակեցի քայլել։ Երկար քայլելուց հետո որոշեցի տեսնել վաճառողներին:

-Բարև, տատի ջան:

-Բարև, բալես:

-Տա, որ նստեմ կողքդ, կխանգարե՞մ: Ուզում եմ հովին հանգստանալ, շատ քայլեցի արևին։

-Վայ բալես, նստի: Ի՞նչ կուզես, ջուր տա՞մ:

-Չէ, տատի ջան, շնորհակալություն: Դու քո գործն արա` չխանգարեմ:

-Ես ու ընկերուհուս տատիկը մի փոքր խոսեցինք դասերից, իմ հաջողություններից, ու մեր խոսակցությունն ընդհատեց մի գնորդ։

-Ի՞նչ արժե պոմիդորը։

-60 դրամ, իմ տղա, բայց քեզ 50-ով կտամ։

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

Լուսանկարը` Լյուբա Շառոյանի

-Տատի ջան, դե մի 10 կիլո լից։

-Լցնեմ, իմ տղա, հեսա լցնեմ։

-Ապրես, տատի ջան։

-Անուշ լինի, տղես, բարի ճանապարհ։

-Բարով ծախսես, տատի ջան, դե գնացի։

Ես զարմացած եմ: էս տատին ինչպե՞ս է հասցնում առևտուր անել, եթե ամեն գնորդի հետ այսքան խոսում է: Վերջն ի՞նչ կլինի։

Հասկացա, որ ես գլուխ չեմ հանում առևտրից ու որոշեցի գնալ տուն։

Lyuba Sharoyan

Կարուսել

Կյանքը նման է կարուսելի. պտտվու՜մ է, պտտվում ու կանգնում միայն իր  ցանկությամբ: Պտույտի ընթացքում հանդիպում ես տարբեր աշխարհների մարդկանց, ամեն մեկից մի նոր բան սովորելով՝ նորից ու նորից պտտվում: Շատ հաճախ հոգնում ու պտույտից հետ ես ընկնում, բայց հետո սթափվում ՝պտույտում առաջինը մնալ  սովորում:

Կարևոր չէ պտույտի ընթացքն ու տևողությունը: Կարևորն այն է, թե ով է կողքիդ նստած կարուսելում: Իմ կարուսելը գունավոր է, քանի որ կողքիս նստողն իմ աշխարհից է:
Կարուսելը հաճախակի շեղվում է իր պտույտից՝ վերածվելով անվերջանալի թվացող ճանապարհի, ու միայն այդ  ճանապարհն է օգնում ճանաչել կողքիդ նստողին, և անգամ կարուսելիդ պտույտն ապահովող սեղմակի կրկնօրինակը տալ նրան:
Բոլորի նման ունեմ մոտ ընկերներ, բայց նրանցից մեկի՝ Սոնայի հետ է բախտ վիճակվել կարուսելում նստել կողք-կողքի: Ես ու Սոնան շատ տարբեր լինելով,  միշտ  նույն պահին, ու նույն  վայրում ենք հայտնվել: Ուր գնայի` Սոնան էր: Գնում էի ճամբար՝ Սոնան այնտեղ էր, դպրոց՝ էլի  նա, պարի՝ ինչպես  միշտ, նկարչության՝ իհարկե, նորից Սոնան: Այ,  հիմա չեմ զարմանում այդ պատահականություններից:
Ամեն ինչ փոխվեց, երբ մեր հարևանը, ով գյուղում հայտնի է իր կանխատեսելու կարողությամբ, մի օր ինձ ասաց.
-Լյուբա ջան,  բախտավոր աղջիկ ես: Շատ հաջողությունների կհասնես, բայց Ս տառով անվան տիրոջ հետ:
Դե, բան էր, ասաց: Սակայն երկար ժամանակ ինձ տանջում էր այդ Ս տառը: Նրա  ասածները պատմեցի Սոնային, չնայած նրան այդքան էլ չէի սիրում: Պատմածս լսելով Սոնան ասաց.
-Լյուբուշ, կարո՞ղ ա էդ ես եմ:
-Կարողա,- ծիծաղելով պատասխանեցի:
Իմ կարուսելը հիմա  նորովի է պտտվում,և այնտեղ նստում  ենք երկուսով: Ես  ու Սոնան  հիմա լավ ընկերներ ենք և միասին  որոշում ենք  կարուսելի ընթացքն ու պտույտի տևողությունը: Շատ ուրախ եմ, քանի որ մեր ընկերությունը պարզ ու կարուսելի նման գունավոր է: Կարևոր չէ կարուսելը, կարևոր է կողքիդ նստողը…
Տարբեր աշխարհներից նույն կարուսել նստած մարդիկ դարձել են նույն աշխարհի բնակիչ,
ու միասին են  գործի գցում այն:
Քանի դեռ մեր ձեռքերը ամուր բռնել են մեկ-մեկու, և  մեր սրտերը բաբախում են  նույն աշխարհում, մեր կարուսելը չի կանգնի:

Պապայի «անվախ» աղջիկ

Ես մի մարդ եմ, ով տանել չի կարողանում ոչ մի  տեսակ կենդանի: Չգիտեմ ինչ, բայց հաստատ ինչ-որ բան ինձ վանում է կենդանիներից, միգուցե դա վա՞խն է, չէ, բայց ես այդքան էլ վախկոտ չեմ, ոնց մտածում է հայրս: Ես իմ  ինքնավստահ բնավորության համաձայն ու ինչ-որ տեղ հայրիկիս ապացուցելու համար, որ վախկոտ չեմ, վերցրի  իմ անբաժան ընկեր  ֆոտոապարատը  և սկսեցի նկարել կենդանիներ: Աստվա՜ծ իմ, ես ինձ իմ ձեռքով կրակը գցեցի, թե ինչու, պատմությունս լսելով կհասկանաք:
Նախ սկսեմ նրանից, թե ինչու հայրս սկսեց ինձ վախկոտ համարել: Այսօր առավոտյան, երբ  աչքերս բացեցի, անկողնուս վրա մի  ոզնի էր  նստած և ուշադիր ինձ էր նայում: Վախից այնպես բղավեցի, որ մեր տանը  կից ապրող հարևանի փոքրիկը քնից արթնացավ ու սկսեց լաց լինել: Հայրս լսեց բղավոցս և իր կատակից  բավարարված` բարձր ծիծաղելով ներս մտավ ու սկսեց ինձ «վախկոտ», «թույլիկ» կոչել: Ես  շարունակ փորձում էի համոզել, որ վախկոտ չեմ, բայց  դե ինչ արած, ինձ  այնպես էի պահում, որ  հայրիկիս թվար  համակերպվել  եմ  վախկոտ լինելու մտքին: Մի պահ  փորձեք  հասկանալ`  ներսումս  ինչ  էր կատարվում. իմ գլխում իրարանցում  էր սկսել,  ու ես  շարունակ ելք էի  փնտրում մականուններից ազատվելու համար: Այդ պահին  հիշեցի «Մանանա» կենտրոնի մասին ու մտածեցի օրս  լցնել արկածներով` հետաքրքիր նյութ ստանալու համար:
Հայրս նստած թերթ էր կարդում, երբ ես,  մտքումս  ձևակերպելով  հարցս, մոտեցա նրան:
-Պապ, քեզնից կարո՞ղ եմ մի  բան խնդրել:
-Գումար չունեմ, գնա այստեղից:
-Է՜,  պապ, ի՞նչ գումար, այս  անգամ խնդրանքս տարբերվում է մնացած  բոլոր անգամներից:
-Ամեն անգամ նույն  երգն ես երգում, բայց ի՞նչ ասեմ, խնդրիր:
-Պապ, դեռ մտածում ես վախկոտ ու թույլի՞կ եմ:
-Վայ, մոռացել էի, իմ վախկոտ ու թույլիկ աղջիկ, խնդրիր ինչ-որ կուզես:
-Պապ, ես  ուզում  եմ  կենդանիներ  նկարել, ու վատ չի լինի, որ  ինձ  հետ  գաս:
-Նկարե՞ս, բայց  դու  չե՞ս  վախենում:
-Ե՞ս, վախենա՞մ, չի կարող այդպիսի բան  լինել, ես ուժեղ աղջիկ եմ:
-Դե ուրեմն,  գնացինք:
Ես  սկսեցի ամենաանվնաս կենդանիներից: Պապիկիցս թաքուն  ես ու հայրս մտանք մեր հին ախոռ, որտեղ պապիկս պահում է  իր աղավնիներին: Մի քանի գեղեցիկ նկար ստանալուց հետո նկարեցի բադիկին, հետո բոլոր այն կենդանիներին, որոնց հանդիպեցի ճանապարհիս: Ամեն ինչ  հարթ էր ընթանում, ես նույնիսկ  սկսեցի  սիրել կենդանիներին:
Արդեն մութն ընկել էր, և ես ու  հայրս որոշեցինք  տուն  գնալ: Ես հարցրի  հայրիկիս.
-Ի՞նչ կասես, պա՛պ, հիմա էլ եմ վախկո՞տ:
-Բա ի՞նչ ես, է, դե եթե այդքան անվախ ես, արի  գնանք առավոտյան վախդ չափած ոզնուն նկարի:

Ես  համաձայնվեցի` չմտածելով` ինչ կրակի մեջ եմ ընկնում: Նկարելու  ժամանակ ոզնին հանգիստ նստած էր, և ես  որոշեցի մի քանի նկար մոտիկից նկարել: Նկարելու ժամանակ  ոզնին դուրս թռավ ու իր ճանկերը խրեց  թևս, ճիշտ է շատ ցավեց, բայց  կարևորը  նկարեցի  ոզնուն դուրս գալու ժամանակ: Դա էլ հերիք չէր, նկուղից  դուրս գալու  ժամանակ  տրորեցի  շան  պոչը, մի կերպ պրծա, մինչև  տուն  շան պատճառով բղավելով վազել եմ: Երբ հայրս հասավ տուն, ասաց.
-Պապայի անվախ աղջիկ, արի  գրկեմ, թույլի՛կս:
-Է՜,պա՜:
Անունս  էլ մնաց  «թույլիկ», բայց  ես  համոզվեցի, որ ատում եմ  բոլոր կենդանիներին:

Lyuba Sharoyan

Իմ ուսուցիչը

Իմ հարցազրույցը մի նկարչի հետ է, ով այժմ բնակվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում: Այդ նկարիչը 37-ամյա Հակոբ Հակոբյանն է:

-Որտե՞ղ եք ծնվել:

-Ծնվել և մեծացել եմ Արթիկ քաղաքում, իսկ այժմ ապրում եմ Ակնալճում:

-Ինչպե՞ս Արթիկի ցուրտ եղանակից հետո հարմարվեցիք Ակնալճի շոգին:

-Դժվարությամբ, բայց դե ստիպված էի: Մորս հարազատներն այստեղ էին, և ստիպված տեղափոխվեցինք:

-Որտե՞ղ եք հաճախել դպրոց:

-Ես դպրոց գնացել եմ Արթիկում, սովորել համար հինգ դպրոցում: Լավ եմ սովորել, բայց ամենից լավ տիրապետել եմ գրականության և նկարչության առարկաներին: Այդ իսկ պատճառով աչքաթող եմ արել մնացածը, որի համար շատ եմ ափսոսում:

-Արթիկի հետ կապված հուշեր կպատմե՞ք:

-Իմ մանկությունը  շատ լավ է անցել Արթիկում, կարոտով եմ հիշում այդ  օրերը: Հիշում եմ, 12 կամ  13  տարեկան էի, բակի երեխաների հետ գնում էի մեր շենքին հարակից զորամաս՝ վերցնում զինվորական համազգեստ, դուրս գալիս հրապարակ և մեր քայլերով զարմացնում անցորդներին: Որոշ մարդիկ ապշած մեզ էին նայում և ուրախության ճիչեր արձակում, ծափահարում, այդպիսով ավելի ոգևորելով մեզ: Շատ մեծ կարոտով եմ հիշում այդ օրերը:

-Դպրոցից բացի այլ տեղ սովորե՞լ եք: 

-Իհարկե: Սովորել եմ Արթիկի գեղարվեստի ուսումնարանի նկարչության բաժնում: Ես դեռ շատ փոքր էի, երբ ծնողներս նկատեցին մեծ սերս դեպի նկարչությունը, իսկ այժմ այդ ամենը ես նկատում եմ տղայիս մեջ: Ես իմ բացթողումներն ու կիսատ երազանքները շարունակելու եմ տղայիս միջոցով:

-Եղե՞լ է ժամանակ, որ հիասթափվեք նկարչությունից:

-Հիասթափությունը համարում եմ նկարչի առաջին ու գլխավոր թշնամին, սակայն բոլորի պես ես էլ հիասթափության պահեր եմ ունեցել: Նույնիսկ փորձել եմ մասնագիտությունս փոխել, բայց ծնողներս ինձ հետ են պահել այդ քայլից, որի համար անչափ շնորհակալ եմ իրենց:

-Իսկ այժմ աշխատո՞ւմ եք Ձեր մասնագիտությամբ:

-Այո, աշխատում եմ: Մասնավոր խմբակներ ունեմ: Ես ինքս էլ հասկանում եմ, որ որոշ երեխաներ դժվարությամբ են ներկեր ձեռք բերում:  Աշխատավարձս քիչ է աշխատանքիս դիմաց, բայց դե չեմ տրտնջում:  Մեծ սիրով եմ գնում աշխատանքի, քանի որ տվածս օդում չի մնում: 14 երեխաներից 6-ը լավ են նկարում, դա մեծ ցուցանիշ է: Ես հպարտանալու տեղ ունեմ:

-Դուք գյուղում ճանաչված նկարիչ եք, պատվերները շատ են, գյուղում համար առաջինն եք Ձեր մասնագիտությամբ: Արդյո՞ք գյուղից դուրս ունեք այդ ճանաչումը:

-Ցավոք՝ ոչ: Ես միայն գյուղով եմ բավարարվել: Գյուղից դուրս  ճանաչում ունենալու համար պիտի փոխեմ բնակավայրս, որի համար բավարար միջոցներ չունեմ:

-Ձեր կարծիքով մեր հանրապետությունում գնահատվո՞ւմ է նկարչի գործը: 

-Ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում  բոլոր գործերը  և գնահատողներ կան, և ՝ոչ:

-Նկարիչների համար հե՞շտ է  նկարչական պարագաների ձեռք բերումը:

-Ցավոք՝ ոչ: Նկարչություն ասելով պետք չէ հասկանալ կտավ, ներկ, վրձիններ: Հազար ու մի բան  է հարկավոր, որոնք բավականին թանկ են:

-Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Ձեր աշակերտների պատկերացումը դեպի գույներ ընդլայնելու համար:

-Հիմնական միջոցն այն է, որ իրենց աչքերով տեսնեն բնությունն իր ողջ հմայքով, չէ՞ որ աշխարհի միակ անթերին բնությունն է:

-Ձեր կարծիքով նկարիչներն ունե՞ն ընդհանուր մոտեցում դեպի գույները:

-Ամեն նկարիչ ունի իր ոճն ու ճաշակը, որին համապատասխան գույներ է ընտրում: Ամեն նկարիչ նկատում է իր սրտի զգացածը: Նկարիչները չեն կարող նույն բանը բոլորով զգալ և նկարել:

-Ի՞նչ եք կարծում, եթե հիմա Արթիկում ապրեիք, տաղանդավոր աշակերտներ կունենայի՞ք:

-Այո, իհարկե, տաղանդավորներ ամենուր կան, բայց  քանի դեռ այստեղ եմ՝ Ակնալճում, աշակերտներիս չեմ փոխի հարյուրավոր նկարիչների հետ:

-Ավելացնելու բան ունե՞ք:

-Կուզեի նշել, որ փոքր տարիքում, երբ հաճախում էի նկարչության, ուսուցիչներս ինձ լավ խորհուրդներ էին տալիս, որոնք հիմա օգտագործում եմ իմ աշխատանքի ժամանակ: Կարծում եմ, շատ մեծ է ուսուցչի դերը:

Դիանան

Ես ուզում եմ պատմել մի երեխայի մասին, ում երջանիկ ընտանիքի մասին պատկերացումները փշրվել են դեռ մանուկ հասակում: Դիանան 2 տարեկան էր, երբ կորցրեց հորը: Նա այդ ժամանակ չէր հասկանում կորցրածի արժեքը, իսկ այժմ հորը իր մանկություն է բերում նկարների միջոցով: Դիանան նկարելիս միշտ հորը պատկերում է իր կողքին: Այդ փոքրիկը ոչ մի հուշ չունի կապված իր հայրիկի հետ,  որ գոնե դա հիշի և նկարի: Նկարները միայն երևակայության արդյունք են:  Փոքրիկի երազանքը նկարչուհի դառնալն է: Այնպիսի քնքշանքով է վերաբերվում իր նկարչական իրերին, որ կարծես իր ընկերները լինեն:

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Դիանան շատ նման է իր հորը. թե արտաքինով, թե բնավորությամբ:
2016թ.-ի հունիսի 2-ին միասին քայլում էինք, ու նա ինձ ասաց.
-Լյուբ, վաղը պապայի ծնունդն ա, գալո՞ւ ես:
-Չգիտեմ, երևի,- ասացի ես:
-Ախր, իրան շատ եմ կարոտել, է… Շատ-շատ: Ուզում եմ ինքն էլ գա, գոնե էս տարի ծնունդը մեր հետ նշի:
Դիանայի այս խոսքերը ինձ վրա շատ են ազդել: Իմ կարծիքով, Դիանան արդեն հասկանում է, որ հայրը գնացել է մի վայր, որտեղից դեռ ոչ-ոք հետ չի եկել, բայց միևնույն է, բազում երազանքներով լցված սպասում է իր հայրիկին:

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Զարմանում եմ, դեռ 8 տարեկան է, բայց այնպիսի բաներ է խոսում, որ ապշում եմ: Ու դա բոլորն են նկատել, անգամ իր ուսուցչուհին: Երբ իր ոսուցչուհին բարկանում է դասընկերների վրա, Դիանան խառնվում է ու սկսում հուզվել: Նույնիսկ մի անգամ իր դասընկերներին նախատել է, ասելով.
-Բա մեղք չի՞ մեր դասղեկը, չե՛ք էլ ամաչում, բարկացնում եք խեղճին:
Այս փոքրիկ, գանգրահեր աղջնակը ամեն գիշեր քնելուց առաջ Աստվածաշունչ է կարդում ու կարդացածը այնպես մեկնաբանում, որ իրոք զարմանում եմ: Շատ հաճախ մայրն է նրան օգնում հասկանալ կարդացածը: Մոր հետ կարծես կապված է ամուր շղթաներով, վայրկյան անգամ պոկ չի գալիս, ու միշտ զգում է մոր հետ կապված ամեն բան: Փոքրիկի  մայրն ամեն ինչ անում է, որ Դիանան ու իր քույրերը չմոռանան Հակոբին` իրենց հորը:
Յուրաքանչյու փոքրիկ իր մակությունը տեսնում է խաղերի, չարաճճիությունների աշխարհում, իսկ Դիանան իր մանկությունը ոչ թե խաղերի ու չարաճճիությունների, այլ` գույների աշխարհում: Այս փոքրիկի մեջ դրականը չափից շատ է, այդ իսկ պատճառով բոլորը սիրում են նրան: Շատ հաճախ ես ինքս հետևում եմ Դիանայի խորհուրդներին՝ չսխալվելու համար:

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Լուսանկարը` Լյուբա Շսռոյանի

Եթե յուրաքանչյուր մեծահասակի կողքին նման հրաշք լինի, աշխարհը կդառնա անթերի, քանի որ աշխարհի մասին ամենամաքուր պատկերացումները բնակվում են մանուկների սրտում:

Եվրոպայի օր. Հայաստանում Ֆրանսիական համալսարանը

Հարցազրույց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի

-Պարոն Նավոյան, կարո՞ղ եք ասել, թե ինչ եք այսօր ներկայացնում հանրությանը:

-Մենք ներկայացնում ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որպես ֆրանսիական և եվրոպական համալսարան:

-Ի՞նչ հնարավորություններ եք ընձեռում երիտասարդներին:

-Մենք Հայաստանում ֆրանսիական պետական դիպլոմներ ենք շնորհում, որոնք իրենցից ներկայացնում են եվրոպական, ֆրանսիական պետական բարձրագույն կրթության ծրագրեր:

-Ինչո՞վ է տարբերվում այս համալսարանը մնացած բարձրագույն ուսումնական հաստատություններից:

-Հենց նրանով, որ մեր մոտ ինչպես ծրագրերը, այնպես էլ դասավանդման և գնահատման մեթոդները եվրոպական են:

-Ի՞նչ բաժիններ է իր մեջ ընդգրկում այս համալսարանը:

-Մենք ունենք բակալավրիատուրա` ֆինանսներ, մարքեթինգ, կառավարում և իրավագիտություն ֆակուլտետներով, իսկ մագիստրատուրան` միջազգային գործարարական իրավունք, ֆինանսներ և միջազգային մարքեթինգ բաժիններով:

-Կպատմե՞ք քննությունների կարգի մասին:

-Որպես միջպետական համալսարան, մեր քննությունները առանձին են իրականացվում կենտրոնական համակարգից: Մենք ունենք 3 քննություն`հայոց լեզու, մաթեմատիկա` կառավարման ֆինանսների և մարկետինգի ֆակուլտետում և իրավագիտություն` իրավաբանական ֆակուլտետում, օտար լեզու (դա կարող է լինել անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն) բոլոր ֆակուլտետների համար: Օտար լեզուն ընտրում է դիմորդը:

-Իսկ ֆրանսերենը փաստորեն պարտադիր լեզու չէ՞:

-Ֆրանսերենը պարտադիր չէ, որովհետև մենք կարծում ենք, որ առաջին 2 տարում մենք հասցնում ենք  ուսանողներին այնպիսի  մակարդակի, որ 3-րդ կուրսից դասերի մի մասը ուսանողը լսում է ֆրանսերեն:

-Իսկ ի՞նչ հեռանկարներ ունեք ապագայի հետ կապված:

-Նախ, ես կուզեի նշել շրջանավարտների հեռանկարների մասին: Մենք այս տարի ամբողջացրել ենք 1500 շրջանավարտի շրջանում իրականացված հարցում, և մեր շրջանավարտների 81%-ը աշխատում է Հայաստանում`իրենց մասնագիտությանը համարժեք աշխատատեղերում: Շրջանավարտի տեղեկատուն մեկ ամսից կայքում հասանելի կլինի, և դուք կարող եք անվանական տեսնել, թե ով, որտեղ և ինչ է աշխատում: Եվ ամենակարևորը`միայն մեր շրջանավարտների 12%-ն են, ովքեր սովորում և աշխատում են արտերկրում: Սա նշանակում է, որ մենք չենք նպաստում խելոք ուղեղների  Հայաստանից արտահոսքին: Իսկ համալսարանի հեռանկարները… Մենք հիմա պատրաստվում ենք եվրոպական որակի հավատարմագրման, ինչպես նաև նոր կրթական ծրագրեր կառաջարկենք, որոնց մասին հանրությանը պարբերաբար կիրազեկենք:

Հարցազրույցը վարեցին` 
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ

Եվրոպայի օր. SOS մշակույթ

Հարցազրույց «Վայրի բնության  և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» Հանրային ինֆորմացիայի պատասխանատու Արթուր Հարությունյանի հետ

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

-Խնդրում ենք համառոտ ներկայացնել Ձեր կազմակերպության գործունեությունը:

-Մենք ներկայացնում ենք «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը: Մենք աշխատում ենք կենսաբազմազանության պահպանման, մշակութային արժեքների պահպանման և վայրի բնության պահպանման խաչմերուկում: Կոնկրետ այսօր մենք ներկայացնում ենք «SOS մշակույթ» ծրագիրը, որը նույնպես ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Այն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքային փնջի 4 գյուղերին, մոտավորապես 100 գյուղաբնակների, հնարավորություն է տալիս մասնակցել անվճար դասընթացների` հիմնականում օրգանական գյուղատնտեսության, մեղվապահության, էկո և ագրո տուրիզմի թեմաներով, այնուհետև ներկայացված 15 բիզնես-ծրագրերը կֆինանսավորվեն մեր կազմակերպության կողմից, և դրան զուգահեռ կստեղծվի նաև ֆոնդ, որը հնարավորություն կտա հենց գյուղացուց գնել իր արտադրանքը և հանել միջազգային և տեղական շուկա:

-Ի՞նչը  Ձեզ  դրդեց  ստեղծել նման կազմակերպություն:

-Գիտեք, մշակութային արժեքների և վայրի բնության պահպանության հարցը կարծում ենք, որ միշտ էլ ակտուալ է, և չկա կոնկրետ ժամանակ, որ այ, հիմա պետք է սկսել կամ հիմա պետք է դադարեցնել: Մարդ և բնություն փոխհարաբերություններում միշտ էլ ծագում են խնդիրներ, իսկ մենք փորձում ենք այդ խնդիրները հնարավորինս նվազեցնել և սուր անկյունները ուղղակի կլորացնել:

-Իսկ ի՞նչ աշխատանքներ  են  տարվում պատմամշակութային կոթողների պահպանման ոլորտում:

-Հենց այս ծրագիրը, որ մենք ներկայացնում ենք այսօրվա ցուցահանդեսին, կոչվում է «SOS մշակույթ», Լոռվա և Տավուշի մարզերի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գյուղերի երիտասարդների օգնությամբ մենք տեսակավորել և առանձնացրել ենք մշակութային կոթողները: Դրանց պահպանության համար հսկայական աշխատանքներ են կատարվել հենց երիտասարդների և պատանիների ձեռքերով: Ստեղծվել են փոքրիկ աշխատանքային խմբեր, և նրանք են գնացել, հայտնաբերել մշակութային կոթողները, թվագրել և պահպանել, ու դրանից հետո տպագրվել են բազմաթիվ հրապարակումներ, գրքեր, որոնց նպատակը հենց այդ մշակութային կոթողների պահպանումն է և նաև տեղական տուրիզմի զարգացումը:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

-Ի՞նչ արդյունքների եք հասել Ձեր գործունեության ընթացքում:

-Հասել ենք այն արդյունքին, որ այս մշակութային արժեքները, կոթողները, որոնք ժամանակին եղել են աղտոտված, ժամանակին անհասանելի են եղել, աղբով լեցուն են եղել` հիմա մաքրված են և դրանց մասին և ինտերնետ տիրույթում, և մեր տպագիր հրապարակումներում կան ինֆորմացիաներ: Այսինքն, դրանք հասանելի են բոլոր ցանկացողներին:

-Ինչպե՞ս կարող են երիտասարդները մասնակցել Ձեր ծրագրին

-Կոնկրետ այս ծրագիրը արդեն ավարտված է, ցավոք սրտի, բայց հույս ունենք, որ ինչ-որ ժամանակ նորից կսկսենք: Բայց առհասարակ մեր կազմակերպությունը աշխատում է նաև երիտասարդների հետ: Մենք ունենք էկո ակումբներ Հայաստանի մի քանի մարզերում: Այս պահին գործող 3 էկո ակումբ ունենք Արարատի մարզում և 1 էկոակումբ` Վայոց ձորի մարզի Արփի համայնքում: Այս պահին երևանաբնակների համար ցավոք չունենք դեռ ոչինչ:

-Իսկ Եվրոպայի օրվա միջոցառմանը մասնակցելը ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Հիմնական նպատակը մեր աշխատանքը հանրությանը ներկայացնելն է և ասել, որ մենք կանք, և որ նրանցից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն բերել` ուղղակի միանալով մեզ, պահպանելով վայրի բնությունը և մշակութային արժեքները:

Հարցազրույցը վարեցին` 
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ

Եվրոպայի օր. Եթե ուզում ես կամավոր դառնալ

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Հարցազրույց «Ապագան  մեր ձեռքերում» կազմակերպության   կամավորների  կոորդինատոր՝ Անի հետ: 

-Ես «Մանանա» կենտրոնի պատանի թղթակից եմ, կուզենայի տեղեկանալ Ձեր կազմակերպության մասին:

-«Ապագան մեր ձեռքերում» կազմակերպությունը տարբեր ծրագրեր է կազմակերպում և իրագործում Եվրոպայի տարբեր երկրներում:
Նման ծրագրերը  շա՜տ են, օրինակ՝ Չեխիայում «Ակտիվ քաղաքացի» թեմայով  միջոցառում  կազմակերպվեց, որտեղ Հայաստանը ներկայացնող 6 մասնակիցները հոյակապ ներկայացան: Այս օգոստոսին Ծաղկաձորում պարային ծրագիր է նախատեսվել, որի  համար Հայաստան է գալու 20 իսպանացի, և հենց Հայաստանից ընտրվելու է 20 կամավոր: Շա՜տ հետաքրքիր ծրագիր է, որի միջոցով իսպանացիները կծանոթանան հայկական պարին, իսկ հայերը` իսպանականին:

-Երիտասարդները  ինչպե՞ս  կարող  են անդամագրվել ձեր կազմակերպությանը:

-Երիտասարդները կարող են անդամագրվել մեր կամավորների խմբին Facebook  սոցիալական կայքի միջոցով:

-Ձեր կազմակերպության գլխավոր խնդիրը ո՞րն է:

-Մեր կազմակերպության գլխավոր խնդիրը տարբեր Եվրոպական երկրների երիտասարդության շփման խթան հանդիսանալն է, տարբեր  երկրների  մշակույթներին ծանոթանալն ու  ողջ Եվրոպային Հայաստանը ներկայացնելը:

-Եվրոպայի  օրվա  մասնակցության  հետ  կապված  ի՞նչ  ակնկալիքներ  ունեք:

-Հիմնական ակնկալիքը հանրության առաջ ներկայանալն է, քանի որ շատ երիտասարդներ  չգիտեն  մեր կազմակերպության  մասին:
Ուզում եմ ավելացնել, որ մեր կազմակերպությունը գործում է 2011թ-ից և  կամավորների  բոլոր  ֆինանսական  հարցերը հոգում է մեր կազմակերպությունը: Կամավոր կարող են դառնալ 17-30 տարեկան երիտասարդները:

Հարցազրույցը վարեցին`
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ