Օֆելյա Հովհաննիսյանի բոլոր հրապարակումները

ofelya hovhannisyan

Անուշադրության վնասները

Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր, սովորականի նման վաղ արթնացա և շտապեցի պարապմունքի: Ինձ համար պարապմունքի գնալը ավելի հեշտ ու հարմար, է քան տուն վերադառնալը: Քանի որ ամեն օր տուն վերադառնալիս ինչ-որ անհեթեթ, միևնույն ժամանակ, նաև հետաքրքիր և ծիծաղաշարժ բաներ են պատահում:

Երկուշաբթի օրը՝ պարապմունքից հետո, հոգնած նստեցի նստարանին ու սկսեցի փնթփնթալ քթիս տակ ու տեսնեմ, որ երթուղայինը կանգառի մոտ կանգնեց և պատրաստվում էր շարժվել: Առանց կարդալու, թե դա որ երթուղայինն է, արագ նստեցի: Ավելի ճիշտ, կանգնեցի, քանի որ նստելու տեղ չկար: Հենց սկզբից զգացի, որ մի բան այն չէ. անծանոթ դեմքեր, պատուհանից էլ չէի կարողանում դուրս նայել, որովհետև տեղս հարմար չէր: Քիչ հետո զգացի, որ ուրիշ ուղղությամբ ենք գնում, բայց ամաչեցի վարորդին հարցնել, դրա համար մի փոքր կռացա և առջևի նստած կնոջը հարցրի.

-Կներեք, մի բան էլի հարցնեմ, էս Գագարինի գազելը չի՞:

-Չէ, բալես, էս Գեղամավանի գազելն ա:

Հասկացա, որ շփոթվել եմ: Ուզում էի մի փոքր առաջ գնալ, հանկարծ զգացի, որ ձեռքս ինչ-որ մեկը բռնեց, երբ շրջվեցի, տեսա, որ այն նույն կինն էր, ում օգնությամբ հասկացել էի, որ շփոթվել եմ: Նա սեղմեց ձեռքս և ասաց.

-Բալես, կարո՞ղ ա շփոթվել ես:

-Դե՜, ես… Ճիշտն ասած՝ պետք ա Գագարինի գազելը նստեի:

-Արդեն հոգեբուժարանը անցնում ենք, կուզե՞ս՝ ասեմ վարորդին, թող կանգնի, ոտքով կգնաս Գառաժ (Սևանի թաղամասերից է, որը ամենամոտն էր ինձ ներկա դրությամբ), այնտեղից քո գազելը կնստես:

-Հա էլի, եթե դժվար չի, շատ եմ խնդրում, ասեք՝ թող կանգնի:

-Վա՜յ, իմ աղջիկ, քեզ վատ մի զգա, բոլորի հետ էլ պատահում ա: Ստեղ կանգնեք, թող իջնի էլի էս երեխեն:

Երբ առաջ եկա, որ իջնեմ, բոլորը ինձ էին ուշադիր նայում, ես արագ գլուխս կախեցի, որպեսզի հուզմունքս թաքցնեմ, բայց ապարդյուն, հայտնվեցի ավելի վատ իրավիճակում: Թղթապանակս, որի մեջ թղթերի մի ամբողջ կապոց կար, բացվեց, և թղթերս թափվեցին հատակին: Ես կռացա, որ հավաքեմ, այդ պահին գազելը կանգնեց, և ես, առաջ գալով, շտեմարանով հարվածեցի դիմացս նստած տղայի ուսին: Ներողություն խնդրելով՝ սկսեցի թղթերս հավաքել և գրպանիցս գումարը հանել: Արագ վճարեցի և ևս մեկ անգամ ներողություն խնդրելով՝ իջա գազելից: Դեռ ինձ երբեք այդքան վատ չէի զգացել:

Գառաժ հասնելը ավելի քան դժվար էր, հատկապես ինձ համար: Առնվազն 20-ից 25 րոպե էր անհրաժեշտ: Սակայն ամբողջ ճանապարհին այնքան հուզված էի, որ չնկատեցի էլ, թե ինչպես հասա Գառաժ: Այնքան անտրամադիր էի, մտածում էի, որ գժի տպավորություն թողեցի էդ մարդկանց մոտ: Դեռ մի հատ էլ շտեմարանով հարվածեցի ու թղթերս աջ ու ձախ թափելով իջա երթուղայինից:

Հիմա ավելի ուշադիր եմ, առանց կարդալու չեմ նստում ոչ մի երթուղային, բայց ամեն անգամ այդ վարորդին տեսնելիս գլուխս կախում եմ, իսկ ինքը ուշադիր նայում է ինձ ու ծիծաղում:

Բայց ես զգում եմ, որ տարբերվում եմ շատերից, և հաճախ ամաչկոտությանս պատճառով մեծ վնասներ եմ կրում:

ofelya hovhannisyan

Երկու տարի «Մանանայի» հետ

Երկու տարի առաջ էր, երբ «Մանանա» թիմի անդամները եկան մեր դպրոց։ Մասնակցելով դասընթացին՝ մտածում էի՝ ինչու ես էլ չդառնամ այդ պատանի թղթակիցներից մեկը։ Երբ եկա տուն, արագ գրեցի այն հոդվածները, որոնք հանձնարարված էին։ Ես երբեք չեմ փոշմանում դրա համար, դեռ ավելին, իմ շրջապատում շատերի մոտ ես պատվով եմ նշում, որ ես «Մանանայի» մի մասնիկն եմ։ Ես շատերին եմ պատմում 17.am-ի մասին և հորդորում, որ իրենք էլ փորձեն նյութեր գրել, լուսանկարներ անել, միգուցե իրենք էլ կարողանան, ինչպես ես կարողացա։ Սկզբում շատ դժվար էր նյութեր գրելը, բայց ես հաղթահարեցի, սկսեցի գրել տարբեր թեմաներով։ Ես շնորհակալ եմ 17.am-ին սխալներս ուղղելու, այլ ոչ թե քողարկելու համար։ Ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման համար։ Ես երբեք չեմ մտածել լրագրող դառնալու մասին, բայց խորանալով այս բնագավառում՝ զգացի, որ հենց սա է իմը։ Այո, իսկապես, 17.am-ը իմ երկրորդ ընտանիքն է, որտեղ ես խոսում եմ ինձ հուզող հարցերի մասին՝ ինչպես իմ ընտանիքում, պատմում եմ իմ նախասիրությունների, հետաքրքրությունների, նպատակների մասին՝ ինչպես կպատմեի ընկերներիս։ Գալիս է մի պահ, երբ ես ինձ մենակ եմ զգում, բայց այդ պահին բարձրաձայն ասում եմ.

-Հոպ, դու մենակությունի՞ց ես խոսում, բա 17.am-ը՞։

Այո, գուցե ստացվի այնպես, որ ընկերներիդ հետ չկարողանաս կապվել կամ էլ այդ հարցի շուրջ չցանկանաս խոսել՝ մտածելով, որ կձանձրացնես քո անիմաստ պատմություններով, սակայն իմ «Մանանան» ոչ միայն լսում է իմ անհեթեթ, միգուցե նաև հետաքրքիր պատմությունները, այլ նաև հորդորում, որ պասիվ չլինեմ։

Ես շնորհակալ եմ «Մանանային» ինձ օգնելու, լսելու և քաջալերելու համար։ Ընտանիք, որի հիմքը անկեղծությունն է, միմյանց օգնելը և ամենակարևորը՝ սխալները ուղղելով մեծ հաղթանակների հասնելը։

ofelya hovhannisyan

Ավարտական քննություններ

Քանի որ այս տարի ավարտում եմ դպրոցը, ուսումնական տարին սկսելուն պես սկսվեցին նաև դիմորդական պարապմունքները: Մեր դասարանում արդեն բոլորը կողմնորոշվել են մասնագիտության հարցում, ինչպես նաև ես: Մեզնից յուրաքանչյուրը պարապում է տարբեր առարկաներ, բայց բոլորիս մոտ մի առարկան համընկնում է. բոլորս պարապում ենք հայոց լեզու և գրականություն: Ինչը հասցնում ենք, կատարում ենք տանը, իսկ հանձնարարությունների մյուս մասը կատարում ենք դպրոցում:

Սկսելով պարապմունքները, առաջին հանձնարարությունը հետևյալն էր․ սովորել 25 հոմանիշային զույգ, որտեղ ամեն խմբում կա 6 բառ: Ամբողջ օրը սովորելուց և բաց թողածն էլ դպրոցում լրացնելուց հետո գնացի պարապմունքի: Հաջող պատասխանեցի, ստացա նոր հանձնարարություն՝ 25 հոմանիշային զույգերին ավելացնել ևս 25-ը: Հաջորդ օրը, երբ գնացի դպրոց, նկատեցի, որ ընկերուհիս սովորում է այն հոմանիշային զույգերը, որը ես արդեն սովորել եմ և պատասխանել: Արագ տեղիցս վեր թռա, թուղթը վերցրի ձեռքից և ուշադիր բառերին նայեցի, տեսնեմ՝ բոլորը նույնն են: Համոզվելով, որ նույն բառերն են, շատ ուրախացա և արագ ասացի ընկերուհուս.

-Լուս, ճիշտ ա՝ տարբեր ուսուցիչների մոտ ենք պարապում, բայց նույն հանձնարարությունն ենք ստացել: Ես սրանք արդեն սովորել եմ, որ չմոռանամ, արի` ես քեզ հարցնեմ, որն էլ չես սովորել՝ իրար հետ կփորձենք սովորել:

-Հա՜, ուխ, դե արի կողքիս նստի:

Արագ վերցրի տետր, գիրք ու թռա ընկերուհուս մոտ: Սկզբում շատ լավ էր ընթանում պարապմունքը. այն բառերը, որոնք պետք է օգնեի ընկերուհուս սովորել, ստիպեցին մեզ ծիծաղել, զայրանալ, որ դժվար է, չենք կարողանում սովորել, բայց միևնույն ժամանակ, սկսեցինք պարապելու նոր մեթոդ մշակել: Որպեսզի բառերը ընկերուհիս հեշտ սովորեր, ես նրան մի փոքր հուշում էի, իսկ նա գուշակում էր բառը, հետո ստիպում էի մի քանի անգամ կրկնել, երբ ամբողջը ասում էր, հանձնարարում էի ինքնուրյուն նորից կարդալ, իսկ երբ դա էլ էր վերջացնում, նորից սկզբից հարցնում էի: Առաջին բառը սկսեցինք ծիծաղելով.

-Լուս, նայի, որ զանգում ես, մեկ-մեկ ասում եմ, որ հենց նոր աստիճաններից ի՞նչ արեցի…

-Սայթաքեցիր։

-Ապրես, ճիշտ ա, դե դրան ավելացրու ան նախածանցը ու բառ կազմիր:

-Հա, Օֆելիկ, հիշեցի՝ անսայթաք-անգայթ, չէ՞:

-Հա, անցանք առաջ․ բավիղ:

-Մի վայրկյան, հեսա ասեմ՝ բավիղ, բավիղ, բավիղ, բավիղ․․․

-Ահա՜,- բացականչեցի ես,- նայի, էս ո՞ւր եմ մտել, չեմ կարողանում դուրս գալ։

-Հա, լաբիրինթոս:

Եվ այսպես ուրախ տրամադրությամբ էլ շարունակում ենք մեր պարապմունքները: Բոլորիս հուզում է այն, որ բարեհաջող հանձնենք քննությունները և ընդունվենք: Ճիշտ է, շատ ենք հոգնում, բայց գիտակցում ենք, որ պետք է լավ սովորենք և պարապենք, որպեսզի կարողանանք ընդունվել:

Սևանը հայցում է ձեր սերը

Լուսանկարը` Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը` Օֆելյա Հովհաննիսյանի

Տարվա գրեթե բոլոր ամիսներին Սևանա լիճը չի կորցնում իր գեղեցկությունը։ Սակայն ամռանը Սևանա լճի գեղեցկությունը, կարելի է ասել, կրկնապատկվում է։ Այն իր հյուրընկալ դռները բացում է ոչ միայն իր համաերկրացիների, այլ նաև օտարերկրացիների առջև։ Սակայն ի պատասխան, ի՞նչ վերաբերմունքի է արժանանում Սևանը։ Սևանի հյուրերն իրենցից հետո ի հիշատակ այցելության, թողնում են աղբ, որն աղտոտում է լիճն ու ափամերձ տարածքները։ Այդպես լիճը կորցնում է իր գեղեցկությունը, և եթե մենք ցանկանում ենք շարունակաբար օգտվել այն բարիքներից, որը առատաձեռնորեն մեզ շնորհում է Սևանը, ապա ի պատասխան, մենք պետք է լիճը փրկենք աղտոտվածությունից։

Լուսանկարը` Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը` Օֆելյա Հովհաննիսյանի

Սևանը մեծ նշանակություն ունի մեզ համար, ուստի նրանց, ովքեր աղտոտում են լիճը և այդպես թողնելով՝ հեռանում, պետք է պատժել, որպեսզի մյուսները դա տեսնելով՝ չկրկնեն նույն սխալը։ Ես, իբրև Սևանի բնակիչ, ուրիշ եղանակ այլևս չեմ տեսնում: Լճի գեղեցկությունը և մաքրությունը կարևոր է ոչ միայն մեզ համար, զբոսաշրջիկների, այլև հենց լճի համար։ Այս տարի տագնապն ավելի ուժգին է հնչում. Սևանի ջուրն աղտոտվում է, չի հասցնում ինքնամաքրվել, ուշքի եկեք, գոնե դուք աղբը մի լցրեք լճի մեջ:

Սևանին խոսքեր պետք չեն, Սևանը մեր սիրուն և հոգատարությանն է սպասում:

ofelya hovhannisyan

Մնաս բարով, անձրև

Միգուցե  շատերին, ինչպես օրինակ, ընկերուհուս, զարմացնի այն փաստը, որ ես սիրում եմ անձրևը, և երբ այն գալիս է, աշխատում եմ ոչ թե փախչել, այլ մնալ անձրևի տակ: Երբ ընկերուհուս հետ որոշեցինք դուրս իջնել, այդ ժամանակ անձրև չէր գալիս, սակայն մի փոքր զբոսնելուց հետո նկատեցինք, որ անձրև է գալիս և սկսում է ուժեղանալ: Որոշեցինք տուն վերադառնալ, և միմյանց հրաժեշտ տալով, գնացինք տուն: Սակայն ճանապարհին ես շատ դանդաղ էի քայլում, քանի որ հորդառատ անձրև չէր:

Ես մտածում էի, և ինձ ոչ ոք չէր խանգարում: Նայում էի, թե ինչպես են շատերը արագ տուն վազում, որպեսզի չթրջվեն և նույնը ինձ էին հորդորում: Բայց ես քայլերս ավելի էի դանդաղեցնում: Անգամ եթե տանը լինեմ, և այդ ժամանակ անձրև գա, արագ վազում եմ պատուհանի մոտ և չեմ հեռանում այնքան, մինչև չի դադարում: Եվ երբ դադարում է անձրևը, առաջին բանը, որ անում եմ, արագ բացում եմ պատուհանը և շնչում անձրևից հետո թարմ օդը:

Տատիկս պատմում էր, որ երբ անձրև էր գալիս, և բակի երեխաները առանց ծնողների կանչելու արագ տուն էին բարձրանում, ես մնում էի դրսում և տուն էի բարձրանում միայն տատիկիս  համառ կանչերից հետո: Հիշում եմ, թե պատուհանից ամեն անգամ ինչ էր գոռում.

-Մենակ դու ես, է, էլի դրսում մնացել: Տուն արի: Եթե հիվանդացար, ինձնից չնեղանաս:

Տատիկիս մտածմունքը մեկն էր. ես չհիվանդանամ: Սակայն այն օրը, երբ ես մենակ քայլում էի դադաղ տեղացող անձրևի տակ, մտածում էի, որ տատիկս չէր բարկանա, քանի, որ մեղմ անձրև էր: Բայց երբ անձրևը սաստկացավ, անկախ ինձնից նայեցի մեր պատուհանին: Ինձ թվում էր, թե տատիկս կրկին բարկանալու է և հորդորելու, որ արագ տուն գնամ: Բայց այս անգամ նա ինձ չէր կարող կանչել…

Հիմա ինձ համար անհանգստացող տատս այլևս չկա: Բայց գլխումս տատիկիս ձայնն էր. «Եթե հիվանդացար, ինձնից չնեղանաս»…

Քայլերս արագացրեցի: Մնաս բարով, անձրև:

Դեպի Մալական

Մալականը մեր Գագարին ավանի մոտ գտնվող մի բարձր սար է, որը ոչ բոլորին է հաջողվում բարձրանալ: Անգամ մեր պատուհանից այդ սարը երևում է, միշտ նկատել եմ, բայց երբեք չեմ մտածել բարձրանալու մասին: Եվ միգուցե երբեք էլ չբարձրանայի, եթե պատմությանս ուսուցչուհին չառաջարկեր մեր դասարանին մոտ օրերս, երբ եղանակը նպաստավոր լինի, բարձրանալ Մալական:

Երկար չսպասեցինք եղանակի նպաստավոր լինելուն, քանի որ դրսում տաք էր և տեղումներ էլ չէր լինելու: Մեր արշավախումբը այդքան էլ մեծ չէր. դասընկերներից մի քանիսը բացակայում էին: Երբ հեռվից նայում էինք սարին, մտածում էինք, թե ինչպես պետք է բարձրանանք: Սակայն ճանապարհին զրուցելով, տարվելով մոտակա դաշտերի գեղեցկությամբ, չնկատեցինք, թե ինչպես հասանք սարի մոտ:

Դասընկերս` Գարիկը, մեզ երբեմն վախեցնում էր, երբեմն ուրախացնում: Ամեն քայլափոխի մողեսի հանդիպելիս բռնում էր և ցույց տալիս: Մեզնից շատերը (այդ թվում նաև ես) մողես տեսնելուն պես իսկույն գոռալով փախչում էինք, իսկ Գարիկը մողեսը բռնած վազում էր, նկարվում և հետո էլ տարածքը ուշադիր զննում, որպեսզի ոչ մի մողես բաց չթողնի: Վերելքն ավելի բարդ էր: Ոմանք արագ բարձրացան, իսկ շատերս դեռ պայքարում էինք փշերի դեմ, այդ թվում նաև պատմությանս ուսուցչուհին:

Երբ արդեն սարի գագաթին էինք, նայում էինք հեռուները, անգամ Սևանա լիճն էր երևում, մեր ավանի կողքին գտնվող, գյուղերը: Մեր առաջ բացվել էին անծայրածիր դաշտերը, որոնք կանաչել էին, ծաղկել:

Հանգստանալուց հետո արդեն պետք է իջնեինք, և բացի այդ ծարավել էինք, իսկ ջուրը սպառվել էր: Գիտեինք, որ մոտակայքում ջրի աղբյուր կգտնենք, դրա պատճառով անընդհատ ականջ էինք դնում, միմյանց նկատողություն անում.

-Հըլը սուս, տեսնենք՝ որտեղից ա գալիս ջրի ձենը:

Ի վերջո գտանք աղբյուրը, որի ջուրը շատ սառն էր: Ծարավներս հագեցնելուն պես շարունակեցինք ճանապարհը: Տղաները սունկ հավաքեցի, իսկ աղջիկները՝ ծաղիկ: Ամենազվարճալին այն էր, որ դաշտում այդքան ծաղիկներ կային, սակայն մենք բոլորս վազում էինք նույն ծաղկի հետևից: Մենք գեղեցիկ Ջանգյուլումի փունջ կազմեցինք:

Կանգառ Գագարին ավանի մոտ

Անընդհատ հետևելով Նիկոլ Փաշինյանի կայքէջին՝ տեղեկացա, որ ապրիլի 28-ին՝ սկսած ժամը 11։00-ից, Երևանից սկսվելու է ավտոերթը դեպի Իջևան, իսկ հետո՝ Վանաձոր։ Մեզ համար դա լավ հնարավորություն էր հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ առիթով ավանի բնակչությունը կրկին հավաքվեց մայրուղու մոտ, սակայն այս անգամ ոչ թե այն փակելու, այլ ուրախությամբ ավտոշարասյունը դիմավորելու համար։ Դե, Գագարին ավանի տաղանդավորների շարքը կրկին հավաքվեց զուռնա դհոլով, աղ ու հացով։ Անգամ գառ էին բերել, որոշել էին, որ պետք է մատաղ անեն Նիկոլի ոտքերի առաջ, սակայն նա թույլ չտվեց։ Ժամը 10։30-ին բոլորս արդեն կազմ-պատրաստ սպասում էինք Նիկոլ Փաշինյանին։ Անհամբերությունը մեծ էր ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի մոտ։ Տիկին Վարդը՝ իմ հարցազրույցներից մեկի հերոսը, բանաստեղծություն էր գրել Նիկոլ Փաշինյանի մասին, որը ընթերցեց մեզ համար, սակայն ժամանակի սուղ լինելու պատճառով այն չհասցրեց ընթերցել պարոն Փաշինյանի ներկայությամբ, և այն ծրարով հանձնեց նրան։ Երբ ժամանեց պարոն Փաշինյանը, նրան դիմավորեցին ինչպես բացականչություններով, այնպես էլ կենդանի երաժշտությամբ և աղ ու հացով։ Սկսվեցին աշխույժ խոսակցությունները, ուրախ բացականչությունները։ Հատկապես լավ եմ հիշում ավանի բնակիչներից մեկի ելույթը՝ ուղղված մեր կառավարությանը.

-Հարգելի կառավարություն, մենք Ձեզնից ոչինչ չենք խնդրում, պարզապես ուզում ենք ապրել ազատ, անկախ և արդար երկրում։ Մենք արդեն գտել ենք մեր առաջնորդին և ուզում ենք նրա հետ միասին քայլելով առաջ անցնել։ Մենք ոչինչ չենք ակնկալում Ձեզնից, թողեք մենք մեր առաջնորդի հետ շարժվենք առաջ։

Թեև չէինք ցանկանում բաժանվել պարոն Փաշինյանից, նա շտապում էր, իսկ նրան սպասողները շատ-շատ էին։ Լավ եմ հիշում՝ հրաժեշտի պահին ինչ ասաց պարոն Փաշինյանը.

-Ժողովուրդ ջան, մենք արդեն հաղթել ենք։

Իսկական ղեկավարը նա է, ով վայելում է ոչ թե ժողովրդի ունեցվածքը, այլ ժողովրդի սերն ու հարգանքը։

Մենք նույնպես պայքարում ենք

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Վերջերս մայրաքաղաքում և մարզերում այնքան լարված իրավիճակ է ստեղծվել: Ամբողջ օրը ուղիղ եթերի առաջ նստած հետևում եմ, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Սակայն ինչպես ես, այնպես էլ Գագարին ավանի բնակչությունը հոգնեց ամբողջ օրը ուղիղ եթերի առաջ անցկացնելուց, և որոշեցին, որ պետք է փակեն Սևան-Երևան մայրուղին (քանի որ Գագարին ավանը գտնվում է մայրուղու ճամփեզրին): Ավանի բնակչության մեծ մասը միահամուռ ուժերով կարողացավ փակել միջպետական նշանակություն ունեցող մայրուղին: Սկզբից դա շատ դժվար էր, քանի որ ոստիկանության հետ բախումը անխուսափելի էր, բայց ժողովո ւրդը վճռական էր տրամադրված և չէր պատրաստվում նահանջել:

Ժամը 10:00-ին մայրուղին արդեն փակ էր, մենք դպրոցում էինք և ուզում էինք րոպե առաջ գնալ միանալ շարժմանը՝ կանգնելով մեր ծնողների կողքին: Դասերն ավարտելուն պես մենք միացանք շարժմանը: Մեզ տեսնելով բոլորը ոգևորվեցին և միանալով նրանց, մենք սկսեցինք մեր պայքարը: Մենք շատ լավ գիտեինք և հասկանում էինք, թե ում դեմ և ինչու ենք պայքարում: Հատկապես մեծերը բողոքում և դժգոհելով որոշ պատմություններ էին պատմում: Մեր ականջին մոտավոր այսպիսի խոսակցություններ էին հասնում.

-Ինչի՞ պիտի մեր երեխեքը տնից տեղից կտրված գնան էդ Ռուսաստանը: Ոչ տենում են՝ ոնց են իրանց երեխեքը մեծանում, ոնց են դպրոց գնում: Սառում են, հետո մի 10 տարի հետո հայտնվում ասում են՝ ես քո պապան եմ: Կեսը գնում՝ էլ հետ չեն գալիս: Բա սենց կարելի՞ ա ապրել: Էս ապրել չի համարվում, ուղղակի գոյատևում ենք:

Երբ մենք տեղ հասանք, մայրիկս պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի հայրը և մայրը այդտեղ են եղել: Շատ ափսոսեցինք, որ չհասցրինք տեսնել նրանց: Մինչև ժամը 4-ը մեզ միացան մոտակա գյուղերից, իսկ հետո նաև Սևանից ոտքով եկան մի շարք ցուցարարներ: Այդ պահը բոլորիս համար այնքան տպավորիչ էր: Մենք շատ ուրախացանք և դիմավորելով նրանց, որոշեցինք, որ ոչ ոք տուն չի գնա մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական չտա:

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Եվ այդպես էլ եղավ. մենք կանգնեցինք այնքան, մինչև լսեցինք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Սկզբից ոչ ոք չէր հավատում, և լսում էինք, թե ինչպես են գոռում.

-Չբացեք ճանապարհը, միգուցե խաբում են, էսքան մեր արածը ջուրը կընկնի:

Այդպես մի 10 րոպե կանգնած քննարկում էինք. լուրը ճիշտ է, թե ոչ: Անգամ վախենում էինք ուրախանալ՝ հուսախաբ չլինելու համար: Երբ իմացանք, որ լուրը ճիշտ է, մեր ուրախությանը չափ ու սահման չկար: Մենք բացեցինք ճանապարհը, խցանման մեջ հայտնված ավտոմեքենաները սկսեցին երթևեկել, շնորհակալություն հայտնել մեզ: Երբեք չեմ մոռանա այդ հիանալի պահը:

Պայքարը դեռ շարունակվում է, սակայն այս անգամ արդեն ոչ թե մեկի, այլ ամբողջ համակարգի դեմ:

ofelya hovhannisyan

Սկսեք ընթերցել

Համացանցն այսօր շատերի համար, հատկապես՝ դպրոցականների, դարձել է կարևոր խնդիր: Սակայն մեր դասարանում այդպես չէ: Մենք տարվել ենք ոչ թե համացանցով, այլ գրականությամբ: Մենք ընթերցում ենք ոչ միայն հայ, այլև արտասահմանյան գրականություն: Բավական է մի հետաքրքիր գիրք ընթերցել, և չես էլ նկատում, թե ինչպես ես շարունակաբար անընդհատ կարդում: Սկզբնական շրջանում, երբ սկսել էինք գիրք ընթերցել, չէինք կարողանում ամեն ինչ ընկալել, առաջանում էին հարցեր, մենք դիմում էինք մեր գրականության ուսուցչուհուն: Վերջինս մեզ քաջալերելու համար տալիս էր մեզ հուզող հարցերի պատասխանները և առաջարկում ավելի շատ ընթերցանությամբ զբաղվել, որպեսզի անհասկանալի հարցեր արդեն չմնան: Ուսուցչուհուս խորհրդից որոշ ժամանակ անց դասարանում մի քանի երեխաներ սկսեցին զբաղվել ընթերցանությամբ, այդ թվում նաև ես: Հետո արդեն կարդալու ընթացքում սկսեցինք գրքերը փոխանակել և միմյանց պատմել մեր տպավորությունների մասին: Ընթերցումը սկսեցինք պատմավեպերից: Բացումը կատարեցինք Րաֆֆու «Սամվել» պատմավեպով: Տպավորություններն այնքան մեծ էին, որ շատերս արդեն սկսեցինք հաջորդաբար այն կարդալ: Այն հայրենասիրական ոգին, որը մեզ ներշնչեց այդ պատմավեպը, ստիպեց կարդալ շատ ու շատ այլ պատմավեպեր, ինչպիսիք են՝ «Տիգրան Մեծ»-ը, «Գևորգ Մարզպետունի»-ն, «Վարդանանք»-ը և «Ռանչպարների կանչ»-ը: Գիրքը սկզբում ընթերցեց Տաթևը, որը փոխանցեց ինձ, ես՝ Լուսինեին, նա՝ Վահեին, Վահեն էլ իր մտերիմ ընկեր Հայկին: Ներկայումս գիրքը ընթերցում է Վիկտորյան: Աշխատում ենք նրան չպատմել մեր տպավորությունների մասին, որպեսզի հետաքրքրությամբ կարդա:

Պատմավեպերով հետաքրքրվողներին չէին զիջում նաև արտասահմանյան գրականությամբ հետաքրքրվողները: Հատկապես՝ Ալեքսանդր Դյումայի «Ասկանիո», «Կոմս Մոնտե Քրիստոն», «Կոմսուհի դը Մոնսորո» և «Երեք հրացանակիրներ», Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» և Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզի» ստեղծագործությունները դարձան գլխավոր նյութը: Գարիկը մեծ արագությամբ ընթերցելով վերոնշյալ գրքերը՝ փոխանցեց մյուսներին: Ընդ որում մեզ` պատմավեպեր սիրողներիս, սկսեց հետաքրքրել նաև արտասահմանյան գրականությունը, և հակառակը: Յուրաքանչյուրս գիրքն ընթերցելուց հետո պատմում էինք մեզ դուր եկած կերպարների մասին, վերլուծում, մեկնաբանում, հետո գրքերը միմյանց փոխանցելով՝ ընդհանուր պատկերացում կազմում, իսկ հարկ եղած դեպքում նաև ուղղություն ցույց տալիս իրար:

Ընթերցանությունը համացանցից շատ ավելի հետաքրքիր է, իհարկե, մենք նույնպես օգտվում ենք համցանցից, բայց մենք ամբողջովին մեր ժամանակը չենք վատնում դրա վրա: Գիրք կարդալուց ոչ մի վնաս չկա, դեռ մի բան էլ բառապաշարդ ավելի է հարստանում և ավելի լավ ես կարողանում արտահայտել մտքերդ, ընդարձակ և հարուստ բառապաշարով ավելի հեշտ ես կարողանում ստեղծագործել: Համակարգչից մի փոքր բաժանվելու ամենալավ միջոցը ընթերցանությունն է:

ofelya hovhannisyan

Ամենադժվարը

Արդեն 30 տարի է, ինչ տատիկիս եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Մենք տատիկիս եղբորը քեռի ենք ասում։ Երկրաշարժից հետո քեռիս կնոջ հետ մեկնեց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Մնաց այնտեղ և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն, իր երեխաները նույնպես այնտեղ մնացին: Տատիկս շատ էր կարոտում նրանց: Հեռավորությունը շատ մեծ էր, ուստի մենք հաճախ Skype-ով էինք խոսում, կարելի է ասել՝ այդպես էինք կարոտներս առնում: Երբ աշխատանքը վերջացրած էր լինում, գալիս էր Հայաստան՝ հարազատներին տեսակցության, և կրկին հեռանում էր, այն էլ՝ երկար ժամանակով: Տատիկս շատ էր կարոտում եղբորը և միշտ ասում էր.

-Երանի էս Հայաստանում այնքան գործ լիներ, որ էլ ոչ մեկը չթողներ իր տունը, հարազատներին, ընկերներին ու գնար։ Հեռավորությունն այնքան բան է փոխում: Ամեն ինչի մարդը կարող է դիմանալ՝ բացի կարոտից, երևի դա ամենադժվարն է:

Անցած ամառ, երբ քեռիս հայտնեց, որ գալու է, մեզ համար տոն էր, ուրախություն։ Մեկ ամիս շուտ սկսեցինք նախապատրաստվել նրան դիմավորելուն։ Չորս տարի չէինք տեսել և հասցրել էինք անչափ կարոտել: Հայաստանում ապրելու մասին քեռուն այլևս ոչ մի հարց չենք տալիս, քանի որ իրենից էլ լավ գիտենք պատասխանը․

-Ռուսաստանում կարողանում ես ապրել ավելի հեշտ, քան Հայաստանում։ Գոնե մտավախություն չունես, որ սոված կմնաս, դեռ մի բան էլ հարազատներիդ ես կարողանում գումար ուղարկել:

Դեռ չէինք հասցրել կարոտներս առնել, երբ քեռիս գնաց։ Ինչպես մեզ, այնպես էլ իր համար շատ դժվար էր: Մորաքույրներս ամեն անգամ լացելով էին ճանապարհում քեռուն։ Տատիկս միշտ նախատում էր նրանց ու ասում.

-Ճանապարհի վրա ա ախպերս, հերիք ա լացեք:

Բայց այս անգամ տատս էլ չկարողացավ իրեն զսպել, միգուցե զգում էր, որ էլ երբեք չի տեսնի եղբորը: Երբ տատիկիս վիճակը կտրուկ վատացավ, քեռիս անընդհատ զանգում էր ու մի կերպ զսպում արցունքները, քանի որ գիտակցում էր մոտալուտ բաժանումը: Սակայն երբ քեռիս վերջին անգամ Skype-ով խոսեց, այնպիսի բաներ ասաց տատիկիս, որ ես չկարողացա զսպել ինձ.

-Անուշ ջան, գոնե մինչև ամառ կդիմանա՞ս, գամ՝ էլի իրար հետ կնստենք, կխոսենք:

-Չէ, ախպերս, արի, հիմա արի,- լացելով ասաց տատիկս:

Սակայն ոչ տատիկս հասցրեց քեռուս տեսնել, և ոչ էլ քեռիս՝ տատիկիս: Այս արտագնա աշխատանքը բաժանում է ինչպես քրոջը եղբորից, այնպես էլ երեխային ծնողից։ Ինչպես տատիկս էր ասում՝ կարոտը ամենադժվար բանն է, որին մարդը դիմանում է մի կերպ: