Նոր հայացք գրքին խորագրի արխիվներ

gevorgtergbr

Անաստված կինո թատրոն

Ani Avetisyan

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և ընտրել լավագույններին:

Հասարակական-քաղաքական կյանքը Գևորգ Տեր-Գաբրիելյանի արձակում

Գրողը, ասում են, իր ժամանակի հայելին պիտի լինի։ Նա պիտի տեսնի, զգա ժամանակը, որում ապրում է։ Նրանով այդ ժամանակը պիտի զգա նաև ընթերցողը։

Գիտեմ, իրականում այստեղ պիտի-ներ չպիտի լինեին։ Ոչ ոք չի կարող գրողին համոզել՝ գրել մի ժամանակի մասին, որում ինքը հայտնվել է իր կամքից անկախ։ Ինչևէ։ Կարող ես ապրել 21-րդ դարում ու գրել  15-ի մասին, բայց այդպես, երևի գրածդ այնքան իրական չի լինի, որքան՝ եթե գրես այն ժամանակի, քաղաքի ու երկրի մասին, որտեղ ինքդ ես։  Ուրախ եմ, որ հեղինակն էլ այդ կարծիքն ունի, կամ, գոնե այդպես գրում է, որովհետև ժամանակակից գրողի մասին իմ պատկերացումները սկսեցին ամբողջանալ Գևորգ Տեր-Գաբրիելյանի ստեղծագործությամբ։ Նրա արձակը, կամ գոնե այն մասը, որը ես կարդացել եմ՝ հասարակության ճիշտ-իսկական-ամբողջական պատկերն է՝ նրա դրական ու բացասական, մոխրագույն ու գունավոր երանգներով։

 

Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գիրքը, ավելի շուտ՝ դեռ գրքի բովանդակությունը աչքի անցկացնելիս առաջինը ուշադրությունս գրավեց վերնագրերի ընտրությունը: Հետո հեղինակի ոճը՝ արդեն բառերի ընտրության։ Թվաց, թե գրողը բառերը գրում է այնպես, ինչպես իրեն է հարմար, կամ, չգիտեմ, գուցե՝ այնպես, ինչպես պետք է։ Այնպես, ինչպես այդ բառերը, արտահայտությունները ծնել, զարգացրել ու գործածել է ժամանակը, շրջանը, մարդը։

Իսկ եթե ավելի հստակ՝ այնպես, ինչպես ինքը լսում է, ապրում։ Այստեղ, իհարկե, կարող են քննադատություններ լինել լեզվաբանների կամ հայոց լեզվի «պաշտպանների» կողմից։

Գևորգ Տեր-Գաբրիելյանի լեզուն խոսակցական է, «քաղաքային», «երևանյան», ինչպես ինքն է նշել հարցազրույցներից մեկում։ Բայց այն նաև «արտասահմանյան» է, ռուսերեն, անգլերեն ու այլ օտար բառերով լցված։ Օտարամոլությու՞ն, թե՞ ժամանակակից գրողի հատկություն։ Իսկ, իրականում թերևս՝ ժամանակակից գրողի ու մարդու միջավայր։

«Անաստված Կինո Թատրոն» ժողովածուում ես՝ ժամանակակից գրականության ոչ այնքան մոլի ընթերցողս, հետաքրքիր, կամ, գոնե ինձ հետաքրքրող թեմաներ բավական շատ գտա։ «Համլետի հոր ուռագանը», «Ինսպեկցիան ինչպես որ կա», «Յաթաղան սինդրոմ», «Բռանդենբուռգ» և այլն։  Մինչ այս ծանոթ էի միայն վերջին գործին, այն էլ շնորհիվ օնլայն տարբերակի առկայության։ Իսկ անդրադառնալ այս անգամ որոշել եմ Գևորգ Տեր-Գաբրիելյանի երկու ստեղծագործության, կամ՝ այդ երկու ստեղծագործություններում հասարակության կյանքի պատկերմանը։ Երևի ժամանակակից գրողի ու գրականության որոնումների հետևից գնալով։

Առաջինը հեղինակի «Ինսպեկցիան ինչպես որ կա» գործն է, երկրորդը՝ «Բռանդենբուռգ կամ պարզապես պատմվածք» պատմվածքը։ Առաջին հայացքից, հետաքրքրությամբ կարդալուց հետո էլ՝ հազիվ թե սյուժետային ընդհանրություն գտնել ստացվի այս երկու երկերի միջև։ Չկա նաև կառուցվածքային նմանություն։ Գաղափարակա՞ն։ Չգիտեմ՝ ինչպես կարելի է դա կոչել, բայց նրանց իրար կապողը հասարակությունն է՝ ժամանակակից, իշխանամետ, ընդդիմադիր։ Ժողովուրդն է, որ բողոքում է, բայց հարմարվում, ընդվզում, բայց ենթարկվում։

Գևորգ Տեր-Գաբրիելյանի երկու գործերը, ըստ իս, երեք տարբեր ու նման, իրար հակասող ու լրացնող, ենթարկվող-ենթարկեցնող հասարակարգեր են։ Նրանց հերոսները՝ Վարոսը, Վահրամն ու Հրայրը, այդ հասարակությունների տիպական կերպարներ են՝ ամենատիպական ժամանակներում ու վայրերում։

«Ինսպեկցիան ինչպես որ կա կամ՝ Հայաստան»

Դե, շենքից դուրս  գալ և ուր ուզում ես գնալ երբեք ու ոչ ոքի չի հաջողվել։ Էլի չի հաջողվելու։

Վարոսին էլ չէր հաջողվել, որովհետև «Ինչ շենքում էլ ապրելիս լիներ՝ դուրս գալիս միշտ հստակ ուղիներ կային գնալու»։ Ու որտեղ, ոնց էլ ապրելու լինես չես կարող ապրել ինչպես ուզում ես։ Հայաստանում՝ առավել ևս։ Գոնե այն ժամանակ, երբ գրվում էր «Ինսպեկցիան»։

Այս պատմվածքում Վարոսի զբոսանքը, քաղաքի հին ու նոր քանդակները, նորացված, բայց հին թաղերն ու իշխանությունը․ Հայաստանն է՝ «ինչպես որ կա»։ Եվ ընթերցողն էլ, թեկուզ ոչ երևանցի, թեկուզ Երևանին ոչ այնքան ծանոթ՝ դառնում է զբոսանք-բողոքի, իրականության պատկերներից դառնացած հերոսի ընկերը։

Երևանն, ախր պատմություն ունի։ Այն էլ ոչ սովորական։ Ուրեմն ի՞նչն է այսպես ճնշում մի քաղաքում, ուր ասֆալտի ամեն կտորի տակ դարերի պատմություն կա։ Ազատության պակա՞սը, քաղաքակրթությու՞նն է կաշկանդում մարդուն, որը հանկարծ «չոլերն ընկնել» է ուզում կամ «ոռնալ»։

Սա աներձագների դարաշրջան է։ Որովհետև օրենքը չի արգելում, որ աներձագդ լավ պաշտոնի լինի, եթե դու լավ պաշտոն ունես։ Իսկ «վլասծն» էլ որոշումներն ընդունում է այնպես, ինչպես հարմար է իրեն։ Իսկ ժողովուրդը էական չէ։ Իսկ ժողովուրդը կհամակերպվի։ Մարտի 1-ը, երևանցիների ու ոչ երևանցիների կողմից մերժված, հետո ընդունված  Հյուսիսային պողոտան․ ժողովուրդն ամեն ինչ էլ ընդունել է։

Այստեղ նաև Վարոսի եզրահանգումն է՝ ժողովուրդը սեփական կարծիքին տեր կանգնող լինել չի կարող․

Ժողովուրդը հիմար է, ամեն ինչ կուլ կտա:

Ժողովուրդը հպատակ է, ու՞ր պիտի կորի:

Ինչ ասենք՝ էն էլ կընդունի:

Իշխանությունն ընդհանրապես, թե՛ երկրի, թե՛ քաղաքային՝ որոշողն է, «վլասծը»։ Իսկ նա, ում ձեռքին իշխանությունն է՝ կորոշի, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Գուցե հենց այնպես, ինչպես Հյուսիսային պողոտայի, Մարտի 1-ի ու մյուս դեպքերում։ Բոլոր դեպքերում։ Բայց Վարոսի համար դժվար էր նաև հասկանալ՝ այդ իշխանությունը ո՞նց է որոշումները կայացնում։ Ո՞նց է  մեկ այդքան վատ ու մեկ էլ՝ լավ որոշում ընդունում։  Ո՞նց է մարդու մտքով անցնում երբեք կարգին չմաքրվող աղբակույտի կողքին նոր, սիրուն խաղահրապարակ սարքել։  Ինքն ուղղակի ուզում է հասկանալ՝ իր կյանքը տնօրինողները ոնց են որոշումներ կայացնում։

Մարտի մեկից հետո Փակ շուկայի վիտամինները դեռ էնտեղ են։ Գործը, ասում են՝ պիտի բացահայտվի։ Կբացահայտենք՝ իշխանությունն ասում է։ Հետաքրքիր է, եթե «Ինսպեկցիայի» երկրորդ մասը գրվեր հիմա, ի՞նչ կմտածեր Վարոսը։ Կփոխվե՞ր նրա լարված, նյարդային ու իրական կարծիքը քաղաքի մասին։

«Բռանդենբուռգ կամ պարզապես պատմվածք կամ՝  Ռուսաստան ու Եվրոպա»

Այս պատմվածքի սկզիբն էլ  ողջ գրքի սկզբի նման անսովոր դուրս եկավ։ Անկեղծ ասած՝ պատմվածքը կարդալ ստիպեց վերնագիրը, բայց առաջին էջերում այլ բան էր։ Գերմանական անուն ռուսաստանյան երևույթների մասին պատմող պատմվածքի համա՞ր։ Գերմանիայի հետ միակ կապը Բեռլին-Մոսկվա թռի՞չքը պիտի լիներ։ Չեմ կարծում։

Այստեղ՝ Ռուստաստանի մոտ, սակայն, կանգ առնել պետք է։

Շերեմետևոն՝ Մոսկվայի օդանավակայանը, փաստորեն բավական է ներկայացնելու աշխարհի «մեկ վեցերորդ մասը»։ Իսկ շատերը հաճախ մեկ մետրը նկարագրելու համար են  օգտագործում Երկրագնդի  մեկ վեցերորդ մասը։
Հեղինակը մի քանի էջում եւ մի քանի հազար քառակուսի մետր տարածքում տեղավորել է մի քանի տարի առաջ` ոչ շատ վաղ, քան վերջին տասնամյակում տեղի ունեցածը, «կյանքն ինչպես որ է»` կասեր Զոհրապը։ Այստեղ ևս հասարակական-քաղաքական կյանքի դիպուկ բնութագրեր են և գրողի վերաբերմունքը դրանց։ Կամ, եթե ոչ գրողի, ապա գոնե պատմվածքի հերոսի։ Իսկ այն հաճախ ոչ միայն հեղինակի, այլ հասարակության մի ամբողջ շերտի վերաբերմունքն  է լինում։

Հիմա, երեք տարի առաջ, թե ավելի վաղուց՝ էական չէ։ Մի քանի էջում մեր ազգային հոգեբանության, ճակատագրի ու էլի ինչերի մասին ասես պատկերացում կազմել չես կարող։ Եթե անգամ շատ բան չգիտես, միայն քաղաքական մի քանի իրադարձություն։

Շերեմետևոյում Գևորգ Տեր-Գաբրիելյանի ներկայացրածը էլի Հայաստանն է՝ անկախ, բայց մի ձեռքով «հրեշի»  ձեռքը ամուր բռնած։ Ուղղակի չգիտեմ՝ որ մեկն է բռնել մյուսի ձեռքը։

Արևելք-Արևմուտք-Ռուսաստան, նրանց արանքում` Հայաստանը։ Չկողմնորոշվող։ Երկու քարի արանքում, իսկ քարերի անունները Եվրասիական ու Եվրոպական միություններ են։ Մեկը «երաշխիքն» է ռազմական դաշնակցի, մյուսը՝ «ազատության» ու «ժողովրդավարության» գրավականը։ Բայց երկուսն իրար տանել չեն կարողանում։ Վահրամի ընկերը՝ Հրայրը հո՞ գիտի։ Մաշկի վրա է զգացել է։ Հիմա էլ  Վահրամն է վախենում, որ կարող են իրեն էլ Ռուսաստան չթողնել, որովհետև ինքն էլ կապ ունի Արևմուտքի հետ, ինքն էլ է էնտեղից գրանտներ ստացել։

Հայի կերպարն այս դեպքում Վահրամն է։ Նա մի քանի տարի խուսափում էր Ռուսաստանից, իսկ պատճառն արդեն պարզ է։ Հիմա՝ Բեռլինից Երևան ճանապարհին որոշել է տեսնել՝ ինչ կա Ռուսաստանում, բայց  մտածում  է, որ կարող են չթողնել։ Ու ոչ ոք սահմանապահին մեղադրել չի կարող։ Նա հանգիստ կարող է ետ ուղարկել քեզ, չնայած դու վիզա ունես, իսկ իրենց սկսել են «հայերեն սովորեցնել»։  Դա էլ մի ուրիշ ցավ է։ «Հրեշը» զոհին լիովին տիրելու նո՞ր ձև է գտել։ Պետության սուվերենությունը ձեռքից խլելու նոր եղանա՞կ։ Իսկ Վահրամի այս մտքերին զուգահեռ ցանկություն կա պարզելու՝ ինչ է փոխվել այստեղ՝ Ռուսաստանում։ Իսկ ուսումնասիրելու համար կա 4 ժամ և Շերեմետևոն, որտեղ մի քանի տարի առաջ արդեն արգելվել է ծխելը։ Դե, եղած ծխարաններն էլ են հանել։ Վահրամի համար սա էլ ռուսական բնավորության մի սովորական արտահայտություն էր՝ «չափն անցնել»։ Այդպես անգամ Եվրոպայի ամենազարգացած երկրներում չեն անում։

Ղրիմի հարց, Եվրասիական տնտեսական միություն, Արցախ, հայեր ու ռուսներ․ այն ամենն, ինչ կապված է մեր տասնամյակի, տարածաշրջանի, ռուսականին ու արևմտյանին մինչև արմատները «կպած» հայկականի մասին։ Ու այստեղ Արևմուտքը չի էլ փորձում պոկվել, ռուսականն էլ։ Հայկականն էլ միտք չունի պոկվել նրանցից։ Կամ՝ հնարավորություն չունի։

Ռուսաստանից դեպի Արևմուտք անցումը հեղինակը շատ աննկատ է ներկայացնում։ Կարդում ես՝ մեկ էլ արդեն Գերմանիայում ես, կողքիդ՝ Հրայրը՝ իսկական հայ, ով նոր-նոր սկսել է եվրոպական կյանքով ապրել։ Իսկ նրա կինն արդեն համարյա եվրոպացի է։

Արևմուտքն  «ազատ» է, այստեղ ապրող հայերն էլ, մյուս ազգերն էլ։ Հայերն ու թուրքերը աշխատում են իրար հետ, կողք-կողքի, առանց որևէ թշնամության կամ անհանդուրժողականության։

Սակայն Արևմուտքում ապրելը բարդ է, իրականում։ Այստեղ փողդ ծախսվում է՝ ինքդ էլ չգիտես՝ ոնց ու որտեղ։ Կապ չունի, որ շատ ես վաստակում։ Ծախսելը դժվար է։ Ախր, Հայաստանում կարող էիր մի քանի օր ոչ մի կոպեկ չծախսել։ Էստեղ էդպես չի լինում։ Բայց Հայաստանում ազատությունը ուրիշ է, նման չէ Արևմուտքինին։ Կարող ես ուր ուզում ես գնալ, դու ես տերը, որոշողը, կարող ես հանգստանալ, մեքենան թողնել ճանապարհին ու ընկնել չոլերը, կարող ես չվախենալ, թե ինչ-որ բան կգողանան։ Վահրամի համար Արևմուտքում անմարդկային ինչ-որ բան կա։ Դժվար է էստեղ։ Իսկ Հրայրը շուտով կսովորի այս կյանքին, հիմա մի քիչ բարդ է, բայց ժամանակի հետ ամեն ինչ կանցնի։ Այ թե Հայաստանի հետ կապը չկորցնի։

Հրայրի հայացքը, կարմրած, լարված աչքերը․․ Վահրամը մտածում էր, որ Շերեմետևոյում տեսած տղամարդու աչքերը մի քանի օրից ինչ-որ օտար վայրում ճիշտ էդպիսին պիտի լինեն։

gevorgtergbr

Անաստված կինո թատրոն

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և ընտրել լավագույններին:

2018-11-03-21-08-38

Ինսպեկցիան ինչպես որ կա 

Բարև:

Այնպես ստացվեց, որ ես կարդացի Ձեր մտքերը: Ես չգիտեի, թե Ձեզ ինչն էր անհանգստացնում, բայց ես պատրաստ էի Ձեզ լսել:

Հետաքրքիր է լսել այն մարդկանց, ովքեր հարց բարձրացնել գիտեն, ովքեր համակերպվել չգիտեն: Շատերն անտարբեր են: Ատում եմ անտարբերությունը:

—Ախպեր, ինչ անում են, թող անեն, ես գործ չունեմ: Խոսելու եմ ընկնեմ կրակը:  Ինձ պե՞տք ա:

Չէ՛, քեզ պետք չի, ավելի շուտ՝ քո հեչ պետքն էլ չի: Դու ունես մի քանի քառակուսի մետր տարածք ու քո գլուխը:  Վերջ:

Ինչևէ,  Դուք հարցեր էիք բարձրացնում, և դա ինձ ուրախացրեց. միասին կբողոքենք: Դուք խորհում էիք մարդկանցից, արժեքներից, ազատության սահմանափակությունից, իսկ ես համարձակվեցի հետևել Ձեզ:

Հենց սկզբից ստիպեցիք մտածել թանկության մասին:

Ես էլ Ձեզ հետ շրջում էի քաղաքով՝ նայում քանդակներին, ու գիտե՞ք, զարմանալիորեն, ես էլ անհանգստացած էի: Դուք նայում էիք քանդակներին, ես էլ:

Մարդը միշտ էլ ազատություն է փնտրել, երազել ու յուրովի՝ հասել դրան: Փորձել է հասկանալ իրեն:

Արձաններ սարքի՛ր: Ինչի՞ համար: Քո ո՞ր պահանջմունքն ես բավարարում:

Ինչ որ հաստատ բա՞ն ես ստեղծում, ստաբիլ: Այդպես ապահո՞վ ես քեզ զգում:

Թե՞ մեղքերդ ես քավում ինչ որ մեկի հանդեպ. ինչ որ մեկի, ինչ որ բանի, ինչ որ ազգի, ինչ որ մարդկության, քո մարդկայնության:

Մշակույթ ես ստեղծում, գեղագիտական հաճույք պետք է ստանաս, որ հետո զգաս քեզ քո իսկ սարքած քաղաքակրթության ու մշակույթի ծուղակում, որ հասկանաս դրածդ պայմանականությունների, ձևականությունների շատությունից խեղդվում ես, ուզում ես ոռնալ:

Ոռնա՛ , չի փրկի: Հետո քեզ կիսագազան կզգաս ու կսկսես մեղադրել, թե տափաստանի գայլ ես, թե բավականաչափ լավը չես , այնուամենայնիվ, այս քաղքենի աշխարհի համար:

Մենք ստեղծել ենք մշակույթը, որպես մարդկային բնության ճնշման գործիք:

Թերևս երևի արձաններ սարքողներն իմ նման մարդիկ են, ովքեր փորձում են գտնել մնայուն մի բան: Փորձել են հասկանալ, թե կա այդպիսին. Գուցե հասկացե՞լ են:

Ամեն ինչ այնքան անկայուն է, իսկ կայունությունն այնքան ձանձրալի, որ լինելով անգամ ամենալավատես մարդը, հեշտությամբ կարող ես գուշակել, որ քեզ կյանքը այնքան կտարուբերի, մինչև կդառնաս սովորական ու չմտահոգվող, անտարբեր ու եսասեր, ցանկասեր, պճնամոլ կամ էլ` եսիմ: Դու չափուձևած, քաղքենի, ձևական հասարակության օրինակելի անդամ ես, ում գաղափարները քոնն են, ու որի բաղկացուցիչն ես դու:

Մենք սովոր ենք հետևել ընդհանուր միտումներին:

—Աշխարհն այդպիսին է, դրա համար ես էլ եմ այդպիսին:

Հարցեր չկան, դու արդարացված ես: Եղիր քո ուզած տականքը: Մինչդեռ ամեն ինչ մեկ հոգուց կարող է կախված լինել՝ քեզնից:

Երևի ամբողջ կռիվն այն է, որ մարդն իրենով է չափում մյուսներին՝ չափում, վերաչափում ու չի հասկանում:

Տարիներ շարունակ, հարմարվել ենք, դիմացել: Տարիներ շարունակ մեր արդարությունը նսեմացել է անարդարի մշտական շահերի կողքին:

«Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրան կտրում ա, ասեց` կոթը քեզնից ա»:

Ու այսպես մեզ կտրող կացնի առնվազն կոթը մեզնից է:  Բայց մի՞թե դա արդարացրե՞ց կացնին: Արդարացրե՛ց, ու արդարեցնողը ոչ թե դատավորն էր, այլ մեր մտածելակերպի մի հատված: Մենք սովոր ենք լռեցնել անարդարության ձայնը՝ լռեցնելով արդարինը:

-Սուս կացե՛ք, հավեսներդ չունենք: Եթե մեկը զանգակ է, մյուսը պետք է լինի բամբակ. շտապե՛ք,  «զանգակ» տեղերը սահմանափակ են:

Մեզ մանկուց սովորեցնում են լռել…

«Հոգու ծուլություն»՝ շատ դիպուկ բնորոշում էր:

Հոգով պետք է ծույլ լինես, որ չցանկանաս հասկանալ, ըմբռնել, գիտակցել: Հարգելի մարդ, դու ո՞նց ես կարողանում այդպես վիրավորել, այդպես արհամարհել:

Դու ավելի մեծ անարդարություն ես գործում, բոլոր այն անարդարություններից:

Ես չեմ քննադատում փոփոխությունների նկատմամբ Ձեր անհանդուրժողականությունը:

Ես հասկացա Ձեզ: Հարցը ոչ թե փոփոխություններն էին, այլ անհիմն փոփոխությունները, անձնական շահ հետապնդող փոփոխությունները:

Խորհրդային միության փլուզումից հետո սկսվեց սեփականացման գործընթաց, կամ «առ ու փախ»: Մարդիկ երևի կարծում էին,  որ դա Խորհրդային միությունից մնացած ավար է ու անասելի դաժանությամբ սկսեցին թալանել սեփական երկիրը:

Ես գիտեմ պատմություններ, որտեղ մարդիկ ուղղակի մասերի են սղոցել    բազմաթիվ թանկարժեք մեքենաներ, սարքավորումներ ու պարսիկներին ծախել՝ շատ ավելի էժան գնով, 1-2 օրում, առանց  ափսոսանքի, առանց երկմտանքի, առանց մեկ կաթիլ գիտակցության:

Վայրագություն անողներին հիշում են: Ամեն հարմար առիթով հիշում են:

Քաղաքս էլ  կրում է իր վրա  քարուքանդ արված գործարաններ, այլ շենքեր, հիշողություններ: Սարսափելի ափսոսում եմ, չնայած չեմ տեսել:

Ի՞նչն էր ստիպում այդ մարդկանց այդպես վարվել:

Այդպիսի սառնասրտությամբ երկիը թալանվում էր սկսած սեփականեցման գործընթացից:

Եթե սկզբնական շրջանում թալանը համատարած էր, ապա որոշ ժամանակ անց թալանչիների թիվը կրճատվեց և մնաց ստաբիլ մինչև 2018 թ-ի գարուն: Վնասը շատ մեծ է, բայց վնասի չափերն այդքան տպավորիչ չեն, ինչքան՝ մարդկային ագահության:

․..Երևի հասկանում էին, որ չէին կարող կանգ առնել, այդ իսկ պատճառով հույս ունեին, որ ուտելիքն ավելի շուտ կվերջանա:

Այս ամենը բնության օրենք չէր, այս ամենը անհաջող գործարք էր: Հասկացանք ու պայմանագիրը պատռեցինք: «Խի՞, տե՞նց  կարելի էր»:

Պայմանագիրն էր սխալ կազմած, կամ գուցե կողմերը չէին ըմբռնել իրենց իրավասության շրջանակները, ինչևէ, այլևս այդպես չպետք է լինի. Չպետք է լինի, եթե իհարկե չհայտնվեն քանդակագործներ, ովքեր սեփական շահի համար ամոթով կթողնեն իրենց արվեստը:  Խոսքը ոչ թե քանդակագործների մասին է, ովքեր սեփական շահի համար ամոթով են թողնում իրենց արվեստը, այլ՝ մարդու տեսակի, որը կոչվում է «քանդակագործ, ով սեփական շահի համար ամոթով կթողնի սեփական արվեստը»: Սովորակա՞ն մարդկային մղում է ցանկանալ դուր գալ քեզնից բարձր կանգնածին, երբ նա քեզ դուր չի գալիս, ամենևին:

Մեղքի զգացումը երևի անհարմար բան է: Պետք կլինի երկար համոզել ու խաբել այն՝ անիրավ լինելու համար… Կամ էլ չէ: Որոշ մարդկանց վարքը հիմնավոր կասկածներ է առաջացնում խղճի գոյություն չունենալու վերաբերյալ:

Արդեն շատ բան է փոխվել ու դեռ փոխվելու է, ու հույս ունեմ, որ փոխվելու են դեռ չփոխված ձևական մոտեցումները: Ձևականությունն ամենուր. վերևում, ներքևում, շուրջս, իմ մեջ. ամենուր:

Ձևականություններն այժմ փող լվալու ու խիղճ լվալու մեխանիզմներ են: Անում ենք, որ երևա արել ենք:

Ուղղակի ցիտեմ. «Հոծ գիծը դարձնում են ոչ հոծ, բայց հոծությունը մեջը մնացել է»:

Բա, բա, բա…

Բա՛…

Չնայած իրականում փոխվել է ամենակարևորը: Մի տարի առաջ ես նստած կլինեի գրելու հայաստանյան վիճակի մասին ու կգրեի ամեն մի թերություն, կբողոքեի, կսրտնեղեի, բայց այսօր՝ գրելուց մտածում եմ, թե շատ խի՞ստ չեղավ: Սա ոչ թե ինչ որ բան ծածկելու տրամադրվածություն է, այլ ինքս ինձ ու երկրիս տված հնարավորություն:

Խնդիրներ հիմա էլ կան, միշտ կլինեն։

Այս արձանները, համենայն դեպս դրանցից որոշները,  մարդիկ են եղել, ում մոռացել են կենդանության օրոք: Տարածված կարծիք կա, թե լավ մարդիկ միայն մեռելներն են: Դե հա, իրենք քեզ ոչ մրցակից են, ոչ սեփական ոչնչությունդ զգալու դրդող, ոչ էլ մշտական շահերիդ վտանգ:

Մարդը մարդուն չի մեծարի: Բայց էդ երևի ոչինչ: Մարդկությունը վաղուց ներել է իրեն այդ զանցանքը:

Մարդիկ մեռածներին չեն քննադատում, համենայնդեպս փորձում են դա չանել, բայց ի՞նչ անի այն խեղճ հերոսը, որ հերոսացավ կենդանության օրոք: Կքննադատվի, կոտնահարվի, նրան հավատ չեն ընծայի, բայց հարգելի հերոս, համբերի՛ր: Չեմ ասում համբերիր, մինչև հերոսանաս բոլորի աչքերում, այլ  գործդ շարունակիր: Արա այն, ինչ տանում է ընդ բարին:

Իրականում Հայաստանը մեծ երկիր է, ինչքան էլ նսեմանա տարբեր գործոնների ազդեցությամբ: Ինձ թվում է միայն մենք գիտենք, թե ինչ է նշանակում, երբ շունչդ կտրվում է հայրենասիրության զգացումից, ոչ այն մեկից, ինչ միայն դու ես զգում, այլ այն մեկից, որի պատճառով ոտքի են բոլորը, գոռում են, պայքարում են:

Ու այն պահին, երբ շունչդ այդպես կտրվում է, հասկանում ես, որ արժի ապրել: Ձե՞ռ ես առնում, ո՞նց թե արժի: Միայն հենց այդ պահի համար դու կապրեիր մի հավերժություն ու այդպես շնչակտուր կգոչեիր իսկությունդ. «Հայ եմ ախպեր, կայֆ ա!»:

Ուրիշ հարց է, որ մի տարի հետո կարող է և մոռանաս այդ ձգտումդ ու ինչ որ կասկածներ էլ կունենաս ու լիքը կենցաղ: Բայց դե չփչացնենք ռոմանտիկան, միևնույն է, մենք էն ազգն ենք, որ վտանգի դեպքում էնպես ոտքի կկանգնենք, որ մեր շունչն էլի կկտրվի հպարտությունից, իսկ թշնամունը՝ ուղղակի կկտրվի:

Կարծում եմ, համընդհանուր խնդիրները լուծելու համար պետք է սկսել մասնավորից: Տարօրինակ լավն ենք մենք:

Կանգ ես առնում մի վայրկյանով ու փորձում հասկանալ այդ վայրկյանը, իսկ վայրկյանն անցնում է, այն ըստ էության կարևոր էլ չի եղել. թող անցնի:

Մարդուն տրված մեծագույն օրհնանքն ու անեծքը մոռացությունն է: Մենք մոռանում ենք մեր ապրած վայրկյանների կարևորությունն ու կյանքը սարքում՝ անկարևոր, նույնիսկ մեզ համար:

Մենք անկեղծորեն ուրախանում ենք, սիրում, հպարտանում, մեծարում մի բան: Ինչ որ վայրկյանի մենք ամբողջ ուժգնությամբ զգում ենք կյանքը, նրա ընթացքը, սեր, երջանկություն կամ վախ: Այդ ամենն ամենաուժեղ փոթորկի նման ցնցում է մեզ ու … Ու վերջ:

Մենք մոռանում ենք..  Այդ ամենը մեզ հետ է կատարվել, բայց հիմա ամեն ինչ այսպես է: Դե բան էլ չկա ասելու:  Կհիշենք,  կժպտանք, հոգոց կհանենք ու կշարունակենք անել մի շատ կարևոր գործ, սարսափելի կարևոր գործ: Նորմալ չի, ախր:  Մարդ, ինչո՞ւ ես մոռանում:

Ո՞ւր են գաղափարներդ ու անկեղծ մղումներդ: Կարևո՞ր չեն:

Փայլող աչքերով նայում էիր հազարներին ու զգում, որ սիրտդ հարգանքն ու հիացմունքն է լցնում:

…Եթե հավատում էիր, հավատա մինչև վերջ:

Մենք ենք կյանքում ամեն ինչ անցողիկ սարքել: Ի սկզբանե այդպես չէր լինի:

Ես տպավորված էի Ձեր երազով:

Երբ փոքր էի, մի երազանք ունեի՝ դառնալ ռեժիսոր, սովորել նկարել երազներ այնպես, ինչպես դրանք կան:

Այդ երազանքիցս հույսեր չունեի, բայց հիմա տեսնում եմ, որ երազներ պատկերել հնարավոր է, և զգացողությունն է ճիշտ՝ մակոնդոյան:

Գուցե Մակոնդոն էլ էր մի մեծ երազ՝ գրողի մանկության մասին երազը:

Մարդիկ ու իրեր, որոնք իրենց տեղում չեն, այնպես, ինչպես այն շենքերը: Ափսոսեցի, որ Ձեր ընկերը գնաց մաթեմատիկական թեքումով:

Այնքան բան կա, որ կարող է` անչափ կարևոր է, բայց երբեք չես էլ իմանա, մինչև մի առավոտ չարթնանաս ու չհիշես լուսաբացի քաղցր երազդ: Տեսել ես հին սենյակդ, ուր արևի լույսն այդքան տարբեր էր ընկնում, օդն այդքան մաքուր էր, վաղուց մոռացված մեկին, ում պարզապես բարևում էիր միլիոն տարի առաջ, ով ուղղակի հավեսով էր բարևում, դպրոցիդ միջանցքը, որը յուրօրինակ հավաքատեղի էր քո թայֆի երեխեքի համար, ուր ինչ որ բանի եք սպասել, ուր ինչ որ գժություն եք արել, կամ խաղալիք. դու դեռ էնքան փոքր էիր, ու էդ խաղալիքը, փաստորեն, ամենասիրելին էր, ինչ որ վայրերի պատառիկներ:

Արթնանում ես ու հասկանում, որ կարոտել ես պարզը:

Հիշում ես մանկությունդ, երբ քայլում էիր այդքան ծանոթ փողոցով ու ինչ որ մտքեր մտածում: Ինքդ քո հետ, այստեղից, այնտեղից, ամեն ինչից ու ոչնչից, իսկ հետո, երբ մեծանաս, մի ինչ որ հիմար, հեռու գաղափար կգտնես գլխումդ ու չես հասկանա, թե որտեղից:

Մի՞թե այդ գաղափարը կարևոր չի: Ամենա՛կարևորն է:

Շատ թանկ, ավելի թանկ այն բոլոր հասուն ու խելացի մտքերից, կշռադատված որոշումներից, հաշվենկատությունիցդ:

Ինքս ինձ հետ խոսելու երթուղին…

Անցել է ավելի քան 150 տարի, այնքան բան է փոխվել, բայց հենց այդ փողոցն է ինձ ստիպում մտածել, ինչպես ինչ որ հաջողված ֆիլմ, ինչպես գրքերը, ինչպես այս գիրքը:

Երբեմն մենք երազում ենք մանկություն վերադառնալու մասին:  Բայց դեպի լավագույնը ձգտելու ճանապարհը պետք է տանի ոչ թե անցյալ, այլ՝ ապագա:

Դեպի անմեղություն, դեպի ոչ արարչություն, դեպի Աստված  ճանապարհը տանում է ոչ թե դեպի ետ, այլ առաջ, ոչ թե դեպի գայլը կամ մանուկը, այլ ավելի մեծ մեղք, ավելի խոր մարդկայնացում:

Մենք հասանք լավագույնին։

Երկիրը ես եմ: Մենք դա հասկացանք: Մենք հասկացանք, որ մենք ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է, մենք հասկացանք, որ ուժեղ ենք, անկոտրում, միասնական: Մենք հասկացանք, որ սիրում ենք ամեն մի քարն ու թուփը, մարդկանց՝ բոլոր մարդկանց, ամբողջ աշխարհը:  Մենք հասկացանք, թե ինչ է նշանակում ժպիտով գնալ վտանգի, մենք հասկացանք, որ հայրենիքի համար ոչինչ ափսոս չի տալ, մենք հասկացանք, որ մեկ ընտանիք ենք, այնպիսին՝ ինչպիսին աշխարհը չի տեսել: Մենք չկոտրվեցինք: Հպարտություն: Շատ Հպարտ եմ, շա՜տ: Ես հիմա ամբողջովին հպարտություն եմ, հավատ  և երջանկություն:

Հայոց աշխարհը  միայն հյուսիսային ազգերից չէ մեծագույնը, և մեզ այլևս ողբ պետք չէ:

Հ.Գ. Հույս ունեմ, որ այս երկու տառերը չեն  դարձնի ասվածը պակաս կարևոր, որովհետև դրանց հետևում կցանկանայի ասել, որ այս պատմվածքը եկավ լրացնելու իմ ֆավորիտների դեռ լիովին չկազմավորված ցանկը: Ինձ համար այս պատմվածքը երկխոսություն էր, ինչն ավելի քան տպավորիչ էր դարձնում այս ամենը (չգիտեմ ինչպես անվանել): Ես կարդում էի, ոգևորվում կարդացածովս ու փորձում հասկանալ, թե ինչ եմ մտածում: Ոգևորվում էի հասկացածովս ու ոգևորությամբս, ավելի ճիշտ՝ ոգեշնչվածությամբս:

Փակագծեր կային, որոնք բացել էր պետք, իսկ բացելով փակագծերը, բացվում էին սեփական երևակայությանդ դռները:

Հարազատ էր նաև գրելաոճը:

Ոճը՝ ամենաժողովրդական գրողի ու  փիլիսոփայական մտածողության մեջտեղում:

Ոչ թե ոսկե միջինը, այլ ինչ որ ծայրահեղականություն, որը ավելի քան պարզ է, բայց խոսում է բարդություններից:

Դուրեկան էին կտրված մտքերը, մտքերի պատառիկները, զգացողությունները, որոնք տանում էին դեպի բուն ասելիքը: Իսկ դու ի սկզբանե չգիտեիր, թե ուր ես գնում:

Քննադատության ոչ մի խոսք չեմ կարող ասել, որովհետև այդպիսիք չկան:

Ուստի շնորհակալություն: Շնորհակալ եմ նման պատմվածքի համար, նման հնարավորության համար:

Հույս ունեմ, որ գիրքը մեծ հաջողություններ կունենա ու երկրպագուների մեծ բանակ կհավաքի, և այս նախաձեռնությունը կդառնա հաջողությանն ընդառաջ դրված քայլերից մեկը:

gevorgtergbr

«Անաստված կինո թատրոն»

juli abrahamyan«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել լավագույններին:

«Անաստված կինո թատրոն» գիրքը, երբ վերցրի «Մանանա» կենտրոնից` ժամերն էի հաշվում, թե երբ պետք է տուն հասնեմ ու սկսեմ ընթերցանությունը:

Դե, նախ կազմն էր գրավիչ` չափից դուրս գրավիչ, հետո էլ` նոր գիրք, այն էլ նոր տպագրված գիրք, կարդալը միշտ էլ լավ միտք է:

Գիրքը մի ամբողջ պատմություն չէր` յոթ հարյուր էջից բաղկացած, որ դժվար լիներ կարդալը, բայց ասել, թե կարդացել եմ հինգ օրում` կդժվարանամ: Բանն այն էր, որ հասանելի գրված նյութը, ինֆորմացիան, պատմվածքը, հորինվածքը` ինչպես ցանկանում եք` անվանեք սա, դժվար էր կլանվում: Իրականությունը միշտ էլ դժվար է կլանվում: Յուրաքանչյուր պատմվածք, կամ էսսե կարդալուց հետո պետք էր մեկ-երկու օր հանգիստ թողնել գրելը, կարդալը, ինձ` առհասարակ:

Օգտագործված լեզուն շատ հարազատ էր, բայց նաև անսովոր էր տեսնել դա գրքի մեջ: Այստեղ նույնպես հեղինակն ինձ չէր դադարում հաճելիորեն զարմացնել: Օգտագործված խոսակցական լեզուն, ժարգոնը, տեղ-տեղ նաև սլենգը «համով-հոտով» էին դարձնում պատմությունը, սյուժեն: Ավելի ամբողջական ու կենդանի էին դարձնում այն: Չգիտես ինչու` հեղինակները, ովքեր իրենց գրող են պատկերացնում, շատ հաճախ վախենում են խոսակցական լեզու կամ սլենգ օգտագործել: Երևի հենց դրա պատճառով էլ շատերի մոտ չոր բան է ստացվում` առանց կապի, առանց հետաքրքրության: Բառերի մի կույտ, կարճ ասած:

«Համլետի հոր ուռագանը», «Ժիզնեննի», «Փողփողան առագաստներ», «Մարգարիտան և Քրիզանտեննան», «Յաթաղան սինդրոմ», «Ինսպեկցիան ինչպես որ կա», «Քամու պանրիկ-մածնապանրիկ», «Մաքրուհին-2017», «Անաստված կինոթատրոնը», «Բռանդենբուռգ», «Ինչու ետ եկա Հայաստան», «Ինչու է մարդն ապրում աշխարհում», «2014», «Դատողություններ «Էլեկտրական Երևանի» ետևից»` պատմվածքների ու էսսեների անվանումներն են: Ամեն մեկը կարծես թե զգուշությամբ ընտրված լինեն: Եվ սա արդեն խոսում է գրքի այլ լինելու մասին: Հայատառ, բայց ռուսերեն բառեր գրելով, «չքաշվելով» ոչ գրական բառերից: Ամեն ինչ իր տեղում է:

Սկզբից տարակուսում էի` որ ստեղծագործության մասին գրեմ: Տատանվում էի երկուսի միջև` «Համլետի հոր ուռագանը» և «Ինչու ետ եկա Հայաստան»: Բայց ընտրեցի վերջինը:
Իսկ թե ինչու` տես ստորև…

Իսկ ինչու ես ետ եկա Հայաստան: Իսկ ինչու նա ետ եկավ Հայաստան: Երևի թե նույն ամպագոռգոռ բառերը կհնչեն: Էլի նույն «Հայրենասիրությունից դրդված…», «Հայրենասիրությունից բխող…» շաբլոն բաները: Որովհետև երբ լքում են հայրենիքը ու ուրիշ տեղ` արտասահմանում, մի տասը տարի առոք-փառոք ապրում են` մոռանում են հայրենասիրության մասին, էլ ի՞նչ Մասիս, այ մարդ: Բայց հենց ընթացող գործերը սկսում են չընթանալ, կամ էլ ոչ այդքան լավ ընթանալ` միանգամից հիշում են իրենց Երևանի փողոցները, Նարեկացիներին, Թումանյաններին, հիշում են, թե արտերկրում ինչ դժվար է ու տաղտուկ: Որ տասը տարի ապրել են օտարության մեջ:

Ինչևէ, նման վերնագիր տեսնելուց հետո պարզ է, որ առաջինը մտքիս կգան նման բաներ: Սակայն շտապեմ տեղեկացնել, որ գրված էսսեն ամենևին էլ դրանց մասին չէ: Իհարկե, հայրենասիրություն կա, բայց ոչ ստանդարտ հայրենասիրություն, ոչ ստիպված, ոչ «ասելու համար»: Կա միայն իրականություն, որը կարելի է դիտել նաև որպես հայրենասիրություն: Առաջին էջում հեղինակը բացատրում է, որ առաջ, երբ դեռ Հայաստանում էր, և դրա սահմաններից դուրս չէր եկել, հպարտանում էր, որ հայ է, այն էլ` տղա: (Մեզ մոտ ընդունված է, չէ՞, լինել հպարտ հայ, իսկ եթե տղամարդ ես, ապա` բինգո, հպարտ հայ տղամարդ): Իսկ հետո, երբ հասունացավ, աշխարհայացք փոխվեց, կարծես թե այդքան էլ հպարտանալու բան չկար հայ տղամարդ լինելու մեջ: Բայց, ինչպես գրում էր նա «Տղա վիճակում էլ լիքը բան կար փորձելու, որ ինձ տրված չէր լինելու…»

Հաջորդող տողերին նա կարծես թվարկում է այն բոլոր մասնագիտությունները, որոնց տեր կարող էր դառնալ, բայց չդարձավ, որովհետև դրանք իրենը չէին: «Ես հավաքչարար չեմ` ես հետազոտող եմ»: Այսինքն` իր կյանքում նա ուսումնասիրել է մի քանի մասնագիտություններ, որոնց, տեսականորեն, տեր կարող էր դառնալ: Բայց մի՞թե տեսականը բավական է: Իմ կարծիքով` ոչ: Եթե տեսականը բավական լիներ, ապա մենք գրքերով կգնայինք տիեզերք` մեկ-երկու շաբաթ տիեզերական տուրիզմով կզբաղվեինք ու ետ կգայինք, աստվածաշունչներով հոգու հանգստություն կգտնեինք, իսկ ժուռնալներով նորաձևության ներկայացուցիչ կդառնայինք:

Արտերկրում անցկացրած տարիների մասին նկարագրությունից էլ սկսվում է մտքի բացատրությունը: Հարցի պատասխանը, թե ինչու ետ եկավ Հայաստան: Իրականում, մեզնից շատերը կարծում են, եթե հայրենիքում վատ է, ապա արտերկում հաստատ ավելի լավ կլինի:  Բակի, ավելի ճիշտ «հայաթի քյարթու-գողական-բիթի» անձնավորությունները կհաստատեին, բայց իրականում ճգնաժամը չի գալիս միայն մի երկրի մոտ, իսկ մնացած երկրներում հաստատ կարագ ու մեղր թափված չէ: Ինչևէ: Ինչո՞ւ ետ եկավ Հայաստան: Միգուցե նրանից, որ այստեղ` հայրենիքում, կլիներ առաջին կարգի մասնագետ, իր մասնագիտությունը «ուղնուծուծով» իմացող մեկը, իսկ այնտեղ` օտար հողերում, կլիներ ո՜չ առաջինը, ո՜չ էլ վերջինը: Եվ իրոք: Հայաստանում` փոքր երկրում, փոքր ազգի մեջ, կարող ես հնարավորություն ունենալ լինել ինչ-որ մի բանում առաջինը, անգերազանցելին, և նման շատ ու շատ բառեր, իսկ այնտեղ` անծայրածիր, կամ մի փոքր ավելի համեստ ասելով` շատ մեծ երկրներում, մրցակցությունը շատ ավելի բարձր է, մասնագետների քանակը` շատ, ցանկությունը` մեծ, հետևաբար` քո հնարավորություններն ավելի պակաս:

Այսինքն` միակ պատճառը մասնագետ լինելն էր` լավ մասնագետ լինելը: Թե՞ լեզվի խնդիրը, որովհետև հեղինակը գիտեր օտար լեզուն, բայց հաստատ նրանցից ոչ ավելի: Չեմ կարծում: Չարժի խորանալ լեզվի իմացության մեջ:

Երևի որոշեց ետ վերադառնալ Հայաստան սովետի փլուզումից հետո: Բայց մի՞թե Հայաստանը կարելի էր չսիրել սովետի ժամանակ և պաշտել վերջինիս փլուզումից հետո: Չնայած փլուզումից հետո էլ տասից քսան տարի Հայաստանը կմնա (մնաց) սովետի քողի տակ: Շատերը երևի պաշտպանում են` հիմնականում ավագ սերունդը, իսկ երբ դրանից կրտսերը, փոքրը և, գիտությունով ապացուցված, ավելի խելացին, սկսում է քննադատել սովետին` միանգամից «վրա են տալիս», բայց ոչինչ, դա էլ իրենց մտածելակերպն է:

Չնայած արտերկրում ունեցած առավելություններին, առատությանն ու զարգացվածությանը` Հայաստանում ավելի շատ բան կար: Ավելի շատ հնարավորություն ու միտք կար, որովհետև փոքր ազգերը միշտ էլ հատուկենտ են լինում:

…Բայց նաև դատապարտում է իր հայրենիքը, հայերին, ասելով, թե մեր դարավոր պատմությունը, միգուցե, մեզ ծույլ չի դարձնում, Եղեռնը, որը մեզ ավելի ապահով է դարձնում` իբր հազար տարի եղել ենք` դեռ մի հազար տարի էլ կմնանք: Կմնանք, բայց թե ոնց կմնանք, դա արդեն հարցի մյուս մասն է, մետաղադրամի մյուս կողմը: Երևի կմնանք նույն ողբով ու «արխային» առաջ գնալով, կամ էլ վերջապես կմտքափոխվենք ու կորոշենք վերջ տալ ողբերին, լացուկոծերին: Չգիտեմ…

Ասում են` մրցույթում հաղթողները ո՜չ թե մասնագիտությանը լավ տիրապետողներն են, այլ նրանք, ովքեր դիմանում են տեղանքի կլիմային, իսկ ըստ հեղինակի` մրցույթում հաղթում է նա, ով և լավ մասնագետ է, և դիմանում է տեղանքի կլիմային: Ի վերջո` հարմարվելն ամենալավ կարողությունն է:

Այսինքն, եթե նայենք մակերեսորեն և կարդանք առանց ուսումնասիրելու, ապա կգտնենք միայն մասնագիտության, հարմարվելու ու լեզվի հարցերը: Միայն բացասական բաներ, սակայն վերջին էջերում կարծես թե արթնանում է քնած հայրենասերը, բայց ոչ թե պաթոսը, կամ պաթոսահայը (որովհետև հայերի ամենամեծ խնդիրներից մեկը պաթոսն է, իսկ «պաթոսահայ» բառը շատ լակոնիկ ու ճիշտ բնութագիր է), այլ իրական հայրենասերը, ով համեմատելով աշխարհի բոլոր գեղեցիկ անկյունները, ու ընդունելով, որ Հայաստանը չի կարող լինել ամենագեղեցիկն ու լավը` գրում է.

«Ես Արարատապաշտ եմ: Ես չեմ ուզում, որ Արարատը Հայաստանի տարածքում լինի: Ես պահպանողական եմ. ինչպես սովոր եմ` էդպես էլ թող լինի: Հերիք է ինչքան բան փոփոխվեց, թող մնա ինչ կա, գոնե որոշ բաներ մնան անփոփոխ… Ես ծիրանապաշտ եմ: Աշխարհում կան տեղեր, որ Հայաստանի չափ սիրուն են կամ ավելի: Այնտեղ կան մեր լեռների չափ ու մի բան էլ ավել լեռներ, գահավիժող ջրվեժներ: Այն, ինչ չկա այնտեղ` դա մեր վանքերի պես վանքեր` լեռան փեշին թաքուն ծվարած»:

Հիմարություն կթվա ասելը, որ ետ է եկել միայն ծիրանի, Արարատի, կամ էլ վանքերի համար, բայց ինչ անել, եթե դա է իրականությունը: Վերջապես, գեղեցիկ իրականությունը փոքր բաների մեջ է լինում, որոնք չենք նկատում, երբ մեր «քթի տակ» են լինում, իսկ երբ հեռանում են, սկսում ենք կարոտել, զգալ պակասը, ուղղակի չենք հասկանում, թե ինչն է պակասում: Հիանալի կհամարվի այն պահը, երբ կգտնենք պակասը ու կկարողանանք լրացնել այն:

Եվ վերջապես` ինչո՞ւ ետ եկավ Հայաստան: Միգուցե նրա համար, որ ես, կամ էլ դու չլքենք Հայաստանը…

gevorgtergbr

«Անաստված կինո թատրոն»

seda mkhitaryan

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին: 

Մտորումներ Մաքրուհու մասին

«Մաքրուհին» պատմվածքը սկսվում է կիրակի ուշ առավոտյան։ Վերնագիրը հուշում է, որ այն պատմելու է կնոջ մասին։ Բայց կարելի է ասել, որ այն պատմություն է կնոջ մասին` տղամարդու տեսանկյունից։

Մաքրուհին` Կարինեն է այն հերոսը, որի կյանքի, ճակատագրի ու ընտանիքի մասին է պատմում հեղինակ-հերոսը` Սարգիսը։ Կարինեն ներկա է միայն պատմության առաջին մասում։ Հետո ամբողջ ընթացքում միայն նրա մասին մտքեր են, իսկ վերջում` դեժավյու։ Այս դրվագները իրար է կապում Սարգիսը։ Հերոսը առատաձեռն տղամարդու կերպար է, իսկ նրա ընտանիքը, ինչպես ինքն է ասում` ժամանակակից։

Պատմության բոլոր հերոսները ինչ որ խնդրանք ունեին, ինչ որ ցանկություն, ինչ որ անհաջողություն, ինչ որ վիշտ։ Հեղինակի կերպարում հանդես է գալիս Սարգիսը։

Պատմության մեջ կան մի քանի նույնական բաներ։ Սարգսին հանդիպող բոլոր տղամարդկանց անունները Սարգիս էր։ Այստեղ բացառություն է նրա դասընկերը` Զավենը։

Նրա տան դուռը թակում էին միշտ կիրակի ուշ առավոտյան։ Նրան միշտ հանդիպում էին մարդիկ, որոնք փողի կարիք ունեին։ Այս առումով բացառություն է տաքսի վարող Սարգիսներից մեկը, նա, որը ուներ յոթ տղա և թաք մեկ աղջիկ։

Պատմության մեջ հանդիպում ենք երեք մաքրուհու` Իվետան, Կարինեն և այն երիտասարդուհին, որին ուղարկել էր Լուսինեն։ Վերջինս հետագայում իրոք դառնում է Սարգսի մաքրուհին։ Սկզբում կարող է թվալ թե պատմությունը ծավալվելու է հենց այս աղջկա շուրջ։ Սակայն հետո պատմությունը կապվում է Կարինեի հետ, կապույտ ու թաց աչքերով կնոջ, որը Սարգսի մաքրուհին էր, և Մարինայի (Սարգսի կնոջ) հավաքարարը։ Պատմության մեջ հետաքրքիր կերպար է Կարինեի աղջիկը, որը մեզ երևում է միայն մեկ անգամ։ Մարինայի և Սարգսի մի երկխոսությունից կարելի է ենթադրել, որ այդ աղջիկը հիվանդ է։ Այս աղջիկը,  չնայած մեղադրում էր իր մորը անբարոյական լինելու մեջ, նեղանում, որ վերցրել է իր պայուսակը, բայց այնուամենայնիվ Կարինեն, բոլոր մայրերի նման շարունակում է աշխատել նրա համար: Ճիշտ է, խուսափում է նրա հետ տանը մնալուց, բայց հեռախոսային խոսակցություններում նրա օգտագործած փաղաքշական բառերը ցույց են տալիս, որ նա հայ մայրերին հատուկ գորովանքով է լցված աղջկա հանդեպ և պատրաստ է ներել նրան, աչք փակել մեղադրանքների վրա։ Սա ընդհանրական հատկանիշ է։ Պատմության ընթացքում հերոսը կարծես փորձում է հասկանալ կանանց, նրանց բնավորության առանձնահատկությունները և կյանքի դժվարությունները։

Պատմության վերջին դրվագում, որը հերոսը դեժավյու է որակում, Կարինեն իրա աղջկան այլ կերպ է ներկայացնում, ասում է, որ նա արդեն անգլերեն է սովորել։
Սարգիսը ամբողջ պատմության ընթացքում օգնում է տարբեր մարդկանց, պարտքով գումար է տալիս իրենից խնդրողներին, բայց այդպես էլ ոչ ոք պարտքը հետ չի վերադարձնում։
Սարգիսը մի երեկո լրիվ վատնում է իր գումարները, և սա դառնում է նրա ու կնոջ բաժանման առիթը։ Սարգիսը սկսում է զբոսնել քաղաքով ու լուծել ճանապարհին հանդիպող խնդիրները։ Պատմության այս մասը կարելի է նմանեցնել «Ինսպեկցիային», որում, ի տարբերություն «Մաքրուհու», հերոսը պարզապես քայլում է քաղաքում և, այսպես ասած, հետազոտում է այն։ Իսկ Մաքրուհու հերոսը նշելով, որ ինքը սիրում է հետազոտել Երևանը, սկսում է օգտագործել այդ հետազոտության արդյունքները։ Սկսում է բուժել քաղաքը։ Այնպես է անում, որ մայրամուտը նորից գա քաղաքի կենտրոն։ Սարգիսը գնդակահարություն է նախատեսում նրանց համար, ովքեր ասֆալտին նոր գծեր են գծել, իսկ հները չեն մաքրել, և դրանց պատճառով մարդիկ չեն կողմնորոշվում։ Այս չմաքրված հին գծերից էր բողոքում Վարոսը, և Սարգիսը գտավ դրանց լուծումը։ Նույնը կարելի է ասել Հյուսիսային պողոտայի մասին։ Սարգիսը արգելեց այնտեղ ճոխ ու անպիտան տների կառուցումը։ Կարճ ասած` Սարգիսը կառուցում է Վարոսի երազած Երևանը։

Մաքրուհին ստեղծագործության մեջ հեղինակը օգտագործում է մի քանի մանրամասներ, աննշան թվացող դետալներ, որոնք նա օգտագործում է մի քանի տեղ։ Ի միջի այլոց, հեղինակի մի քանի ստեղծագործություններում կարելի է նկատել այս մոտեցումը։ Ինչպես, ասենք, այս ստեղծագործության մեջ ճնճղուկները, որոնց նրանք կերակրեցին ձմռանը, երկու հեծանվորդները, որոնցից մեկը մեղավոր էր, մյուսը` զոհ, չանախ պանիրը, որը սիրում էր Կարինեն, Կարինեի աչքերի գույնը, արտասանած բանաստեղծությունը, փողոցով վազող այրվող կինը և այլն։ Այս փոքրիկ և աննշան թվացող մանրամասները օգնում են ընթերցողին` ամբողջական պատկերացում կազմել հերոսի մտքերի ու իրավիճակի մասին։

Ստեղծագործության վերնագիրը ևս բավականին հետաքրքիր ու խորհրդանշական է. «Մաքրուհին 2017 կամ Արյունոտ ծաղիկ»։ Հերոսներից ո՞րն է այդ արյունոտ ծաղիկը։ Կարինե՞ն, նրա աղջի՞կը, փոսի մեջ ընկած փոքրիկ աղջի՞կը։ Կարելի է ասել, որ փոքրիկ աղջիկը, որը ընկավ փոսի մեջ ու վնասեց աջ ձեռքը, ամենահավանական տարբերակն է, քանի որ հեղինակը նրա վերքը նմանեցնում է ծաղկի` արյունոտ ծաղկի։

Անդրադարձ կա նաև սոցիալական անարդարությանը։ Դա մասնավորապես արտահայտվում է համր կնոջ և նրա երկու երեխաների կերպարով, որը ինչպես հետագայում պարզվեց, Սասնա ծռերի անդամներից մեկի ընտանիքն է։

Ստեղծագործության մեջ քիչ են նկարագրությունները։ Հեղինակը կարճ, բայց տեսանելի նկարագրում է Կարինեի մազերը, մաշված վերարկուն, աչքերի գույնը։ Նկարագրությունը ամբողջական, վերջնական չէ։ Դա անելու հաճույքը թողնված է ընթերցողին։ Յուրաքանչյուրս կարող ենք ստեղծել մեր Կարինեին։

Պատմության մեջ առանձնակի տեղ ունեն այն ընտանիքները, որոնց հանդիպում է հերոսը։ Այդ բոլոր ընտանիքները ինչ որ չափով կիսատ են, միշտ կա բացակայող անդամ, մի վիշտ, որի պատճառով ընտանիքը դժբախտության մեջ է։

Վերջում մի փոքր այն մասին, թե ինչու գրեցի հենց այս ստեղծագործության մասին։ Այս պատմության մեջ եղած առանձնահատկությունն այն էր, որ կարդալիս հերոսի մտքերը փոխանցվում են ընթերցողին։ Ստեղծագործությունը մի ամբողջ մեծ հետազոտություն է կնոջ, քաղաքի, հայ մոր, ընտանիքի հոր, երազանքների և այն ամենի մասին, ինչ կատարվում է և կարող է կատարվել մեր շուրջը, կամ նրա, ով հայտնվի Սարգսի տեղում։ Կարդալուց հետո մենք մեր շուրջը սկսում ենք նայել ուրիշ աչքերով, նայել դեպի ավելի խորը, հասկանալ, որ յուրաքանչյուր մարդու հետևում մի պատմություն է` ուրախ կամ տխուր, արյունոտ կամ ծաղկաբույր, նա կորուստ ունի կամ պայքար։ Ստեղծագործությունը մեզ սովորեցնում է կողքից նայելով բոլորին` անհանգստանալ նրանց ճակատագրով, կարողանալ կարեկցել և ապրումակցել այդ մարդկանց, գոնե այն պահին, երբ նա մեր կողքին է, ու ճակատագրի բերումով հանդիպել ենք։

gevorgtergbr

ԱՆԱՍՏՎԱԾ ԿԻՆՈ ԹԱՏՐՈՆԸ

anahit baghshetsyan

«Անաստված կինոթատրոնը» գիրքը մի քանի ամիս առաջ սկսեցի կարդալ։ Բովանդակությունից արդեն իսկ պարզ էր, որ հեղինակը՝ Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ունի իր ուրույն գրելաոճը։ Ստեղծագործությունների վերնագրերը գրավիչ էին՝ «Մաքրուհին-2017», «Ժիզնեննի», «Ինչու է մարդն ապրում աշխարհում»։ Բացի այդ, հեղինակը գրքում առանձնացրել էր էսսեները արձակ գրականությունից։ Կարծում եմ՝ էսսեներում հեղինակն ուրիշ մոտեցումներ էր դրսևորել, ինքնաարտահայտվել էր ուրիշ կերպ, այդ իսկ պատճառով առանձնացրել էր դրանք։ Միգուցե էսսեներն ուրիշ հաղորդագրություն պիտի հասցնեին ընթերցողին․․․ Չնայած նման «սորտավորմանը», բոլոր ստեղծագործությունները գրված էին խոսակցական լեզվով։ Ասես խոսակցական լեզուն գրականություն դարձնելով, հեղինակը ցանկանում էր կապ հաստատել, գրքի և ընթերցողի միջև։ Մտածեցի, որ կապը իմ ու գրքի մեջ կստեղծվի։

Գրքում զետեղված ստեղծագործությունները սկսել եմ կարդալ հերթով։ Առաջին ստեղծագործությունը՝ «Համլետի հոր ուռագանը», կիսատ եմ թողնել։ Փորձել եմ վերսկսել, շարունակել, բայց ապարդյուն։ Ստեղծագործությունը չհավանեցի։ Ընթերցելիս պարզ դարձավ, որ հեղինակի գրելաոճը կարելի է բնութագրել մեկ բառով՝ հասարակ։ Պատմվածքը գրված էր այնպես, ինչպես խոսում ենք մենք առօրյայում։ Երևի թե, սա էր գլխավոր պատճառը՝ ստեղծագործությունն անավարտ թողնելու։ Անբավարարվածության զգացում ունեցա, սկսեցի արժևորել գրքում գրական խոսքերի, բացատրությունների ու խորը նկարագրությունների առկայությունը։

Այդուհանդերձ, շարունակեցի ընթերցելը՝ հետաքրքրող թեմաներ փնտրելով։ Ընթերցեցի «Անաստված» կինոթատրոն» ստեղծագործությունը։ Սյուժեն ի սկզբանե հետաքրքրություն առաջացրեց ներսումս։ Հեղինակը մտովի ֆիլմ էր նկարում հին օրերի մասին։ Սակայն ֆիլմը երբեք էկրանին չէինք տեսնելու նրա խոսքերով։ Հետաքրքրությունը սակայն հետզհետե վերացավ։ Հեղինակը շատ հարցեր թողնում էր օդում կախված, պատասխանները ինքս պիտի փնտրեի ու գտնեի։ Ավարտելուց հետո, ներսումս մնացին մի շարք անպատասխան հարցեր ու կրկին անբավարարվածության զգացում։

Հաջորդ ստեղծագործության ընտրությանը նպաստեց վերնագիրը․ «Ինչու ետ եկա Հայաստան»։ Թեման հոգեհարազատ էր, քանի որ ինքս էլ աղոտ հեռանկարներ ունեմ երկիրս լքելու մասին։ Ընթերցելուց հետո այն դասվեց սիրելիներիս շարքին։

Էսսեն սկսվում է վերնագրին պատասխանող նախադասությամբ․ «Այս հարցը ինձ տվին և շփոթմունքի մեջ գցին․ երբեք չէի մտածել։ Մոտավորապես կարծես հարցնեն՝ ինչու ես սիրում խնձորը»։ Ես էլ սկսեցի պատասխան փնտրել հակառակ հարցին՝ ինչու՞ եմ ցանկանում լքել երկիրը։

Ստեղծագործությունը հեղինակը շարունակում է իր մանկական հիշողություններով ու բուռն պատկերացումներով։ Այստեղ նույնպես նկատելի է պարզ խոսակցական գրելաոճը, սակայն այս ստեղծագործության մեջ կարողացա վարժվել դրան։ Վստահ կարող եմ ասել․ այստեղ գրելաոճը ստեղծեց կապ իմ ու էսսեի միջև։

Ուշագրավ պատմություններից հետո հեղինակը կրկին վերադառնում է բուն հարցին․ «Ինչու ետ եկա Հայաստան»։ Սպասում էի բողոքների կամ կարոտի նկարագրությունների, բայց հեղինակը զարմացնում է․ «Ես Հայաստանը չէի լքել, չէի գաղթել, իմ գործը Հայաստանի հետ էր կապված, ես չէի հեռացել, հեռվացել էի՝ բայց ոչ հեռացել»։ Եվ իրոք, շատերը Հայաստանը չեն լքում, չեն հեռանում, ուղղակի «հեռվանում են»։ Եվ հակառակը, ոմանք հեռանում են ընդմիշտ, բայց որդեգրում են «հեռվացածի» տիտղոսը։ Հեղինակն այստեղ փոքրիկ հեղաշրջում է անում պատկերացումներումս։

Այս տողերին հաջորդող բացատրություններն ու նկարագրությունները բացահայտում են հեղինակի տեսակետը։ Լսելի է դառնում պանդխտության ու հայրենասիրության վերաբերյալ մի կարծիք, որի նմանը ինձ դեռ չէր հանդիպել։

«Ուրեմն գնացի չգնալով, եկա չգալով։ Եվ ուրեմն սիրող եմ միշտ՝ սկզբունքորեն՝ դիլետանտ՝ ինչպես իմ այս հայ ազգը»։ Հասկանում եմ, որ ես էլ եմ սիրում իմ ազգն ու հայրենիքը։ Այսինքն, ստեղծագործությունը կարդալուց առաջ էլ էի դա լավ գիտակցում, բայց կարդալուց առաջ չունեի այն պարզ պատկերացումը,  որ կարելի է հեռանալ հայրենիքից, բայց կապված մնալ դրա հետ։ Այս տողերին հաջորդում է հեղինակի անկեղծ խոստովանությունը․ «Ես չնայած մասնագետ լինելը հարգում եմ՝ բայց ես փինաչի եմ։ Ես սիրում եմ իմ ձեռքերով, իմ մատներով, իմ ուղեղով իմ գործն անել․․․»։ Այս տողերից համոզվում եմ, որ Հայաստանից հեռու ապրելը հեղինակին չի օտարացրել հայկական միջավայրից, սովորույթներից ու բնավորությունից։ Այստեղ տեսնում եմ դասական հայի կերպար, որ ինչպես կոշկակարը՝ իր մի զույգ կոշիկն է կարում գորովանքով ու սեփական քրտինքով։

Հաջորդ հեղաշրջումը սպասեցնել չի տալիս․ «․․․ Ես վերգտա մեր համերն ու գեղեցկությունը։ Ես արարատապաշտ եմ։ Ես չեմ ուզում, որ Արարատը Հայաստանի տարածքում լինի։ Ես պահպանողական եմ․ ինչպես սովոր եմ՝ էդպես էլ թող լինի»։ Մտածում եմ, որ եթե մեր բակի պապիկները կարդային այս տողերը, հեղինակին ոչ մի դեպքում չէին ների, բայց ես ներում եմ։ Եթե Արարատը մեր սահմաններում լիներ, ոչ ոք այդքան կարոտով չէր նայի նրան։ Ոչ ոք արարատապաշտ չէր լինի։

Հետագայում հեղինակը, որ ստեղծագործության սկզբից թեթև ընկերական զրույց էր սկսել իր ընթերցողի հետ, ասես ցանկանում է մեկ անգամ ևս ինձ հիշեցնել Հայաստանի բոլոր արտոնություններն ու գովաբանում է այն ամենն, ինչ գովաբանել են հայ պոետները դարերով՝ հայկական վանքերը, լեռները, բնության գեղեցկությունը,  նույնիսկ աղբն է գովաբանվում («Ես զիբիլապաշտ եմ։ Մեր զիբիլի պես զիբիլ աշխարհում չկա։ Եվ պետք չէ այն մաքրել․ եղածն ի՞նչ է՝ միայն ցելոֆան է․․․»)։ Կարոտով հեղինակը նշում է, որ ուրիշ ոչ մի տեղ չի ուզում գնալ ոչ հանգստանալու, ոչ ճամփորդելու, ոչ գործուղման։

«Մեր քաղաքն ու երկիրը փոխվում են՝ քանդվում, վերասարքվում, հնանում, կոտորվում, բայց այդ քանդը չէ բնորոշիչը, այլ այն, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ տուրիստ է գալու, ու իրենք են փոխելու էս երկրի տեսքը։ Ոչ թե Թեղուտ կտրողները, այլ տուրիստները․․․

Բայց մեջս հավատ կա էլի․ հազար տարի դիմացել ենք՝ էլի հազար կդիմանանք։ Պոմիդորն ու ծիրանը չեն կորչի․․․

․․․ Մնացածը դուք գիտեք։ Եվս մեկ հազար տարի։ Մենակ,- ամեն դեպքում կարևորը չմոռանանք,- աղջիկները անընդմեջ ավելի ու ավելի կսիրունանան, և այդպես անվերջ։ Գժվել կարելի է»։ Այս խոսքերով հեղինակը ընթերցողին՝ զրուցակցին է ներկայացնում մի ուրիշ Հայաստան, այն Հայաստանը, որ տեսնում ենք ամեն օր, սակայն չենք արժևորում, և ավարտում է ստեղծագործությունը։ Ստեղծագործությունն ավարտվում է, սակայն ինքս իմ մեջ փոքրիկ զրույցից հետո սկսված վերաարժեքավորումը դեռ լիարժեք ավարտին չի հասել։

Էսսեն ընթերցելուց հետո ուրիշ սիրով եմ սիրում Հայաստանն ու Հայաստան վերադարձող մարդկանց։

gevorgtergbr

«Անաստված կինո թատրոն»

elada«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և ընտրել լավագույններին:

Գևորգ Տեր-Գաբրիելյանի այս գիրքն ունի որոշ ոճական առանձնահատկություններ, հենց որով էլ այն առանձնանում է շատ ու շատ ժամանակակից գրքերից:

Եվ անմիջապես առաջին վերնագրի մեջ՝  «Համլետի հոր ուռագանը», հեղինակը կարծես ներկայացնում է հենց իր պատմությունը, որքանով որ հիշում է. որքան հասարակ նկարագրություններով, այդքան էլ՝ նուրբ բովանդակությամբ և հեղինակային ելևէջներով: Այստեղ բավականին հասարակ պատկերված են հերոսները՝ Արեգիկը, ով միշտ շատ հարցեր է տալիս:

 Մայրը, ով հիվանդ է և հիվանդանոցում էր, Արեգիկին ժամանակ առ ժամանակ խնամում էր Ամալյա տատը:

 Հայրը, ով կատարում էր Արեգիկի մոր խնդրանքը և տանում էր Արեգիկին հիվանդանոց, որպեսզի մայրը կարոտն առնի:

   Առավել մանրամասնորեն նկարագրված է Ամալյա տատի առօրյան. թե ինչպես է տոլմա փաթաթում, Արեգիկը՝ ինչպես է այփադով մուլտֆիլմեր նայում և հարցեր տալիս, խոսում Ամալյա տատի հետ: Ամալյա տատի հետ միասին նայում են «Համլետ»-ը, որտեղից էլ Արեգիկի վառ երևակայության մեջ ծնվում է «Համլետի հոր ուռագանը»:

  Այսպիսով, անցնելով հաջորդ վերնագրին, հասկացա, որ ինձ՝ ընթերցողիս համար բավականին անհարմարություններ են առաջանում, նախ՝ առաջին, այն առումով, երբ ռուսերեն կամ անգլերեն բառերը գրված են հայերեն տառերով: Մտածեցի, թե դա էլ է հեղինակային առանձնահատկություն,  սակայն առաջ անցնելով, երևացին ռուսերեն տառերով ռուսերեն բառեր, նախադասություններ, որոնք թարգմանելը զուր ժամանակի կորուստ է:

   Շարունակելով «Ժիզնեննին» կարդալ, հասկացա տասնյոթերորդ էջից, որ պետք չէ այս գիրքն ընթերցեն տասնվեց տարեկանից ցածր պատանիները, քանի որ գիրքը տեղ-տեղ իր մեջ պարունակում էր առավել մանրամասնություններ, որոնք միայն հասկանալի կարող են լինել երիտասարդ կամ հասուն կարդացողի համար, իսկ ոչ հասուն ընթերցողը կունենա անպատասխան հարցեր:

   «Ժիզնեննի»-ում հեղինակն  առավել շատ է ցուցադրում իր ոճական առանձնահատկությունը: Օրինակ՝ առօրյա խոսակցական կամ ժառգոնային բառեր են օգտագործված` «ասցի», «ասցին»: Սկզբում, կարդալիս, մտածում էի սրբագրական բացթողում է, բայց մի քանի տեղ նույն բառը տեսնելով հասկացա, որ դա ուղղակի հեղինակի ոճային առանձնահատկությունն է:

   Գրքում նաև գտա մի շարք կետադրական նշանների բացթողումներ, որոնք նույնպես կարող են մտնել հեղինակային առանձնահատկությունների շարքը: Օրինակ՝ «Ժիզնեննի»-ում տվյալ հատվածի մեջ կետադրությունը այսպիսին է. «Բուժքույրն ասաց պապայիս կասեմ կգա քեզ կծեծի՝ նոր ես ինձ թույլ տվի թուլանալ, մեծերին թույլ տվի որ ինձ տանեն պալատ»:

   Այնինչ, կետադրությունն ըստ ինձ, պետք է լինի այսպես.

   «Բուժքույրն ասաց.

-Պապայիս կասեմ` կգա, քեզ կծեծի:

   Նոր ես ինձ թույլ տվի թուլանալ, մեծերին թուլ տվի, որ ինձ տանեն պալատ»:

   «Ժիզնեննի»-իում կա նաև տողադարձային վրիպում օրինակ՝ տողադարձ է արված այսպես՝ որ-ևէ, այն ինչ, պետք է լինի այսպես՝ որե-վէ:

   Անցնելով առաջ կարդացի հաջորդ վերնագիրը.  «Փողփողան առագաստներ»-ը: Այստեղ ինձ առավել դուր եկավ հետևյալ նախադասությունը. «Բա՞խտս որն է… Մարդ ինքն է իր բախտի դարբինը»:

   Կարծես ամեն ինչ ասված է այս մեկ նախադասության մեջ:

   «Ինսպեկցիան ինչպես որ կա» այս վերնագրի «Մաս Դ, Օպերա-2. Մարիա» հատվածում նույնպես առօրյայում կատարվող սովորական գործողություններ են, ինչն ինձ՝ ընթերցողիս, հաճելի էր և հարմար՝ այդպիսի հատուկ ոճով ընթերցելը: Ոչ բոլոր հեղինակներն են կարողանում այդպիսի միջավայր և կոլորիտ ստեղծել:

   Իհարկե, չեմ կարող չխոսել գլխավոր անհարմարության մասին, երբ ընթերցողն արդեն խորացել է հեղինակի պատմության մեջ հանկարծ ու անսպասելի նուրբ ձևով շեղվում է իր գլխավոր թեմայից, և վերադառնում միայն  այն ժամանակ, երբ ընթերցողը մոռացել է գլխավոր կամ բուն գործողության կատարման մասին:

   Խոսքս վերաբերվում է հատկապես «Մաքրուհի-2017 կամ արյունոտ ծաղիկ» պատմվածքին:

   Այս պատմվածքում կան նաև հայհոյանքներ, անհարգալից արտահայտություններ, որոնք նույնպես անհարմարություններ են ստեղծում պատանի ընթերցողի համար:

   Անցնելով առաջ, վերջապես հասա ամենասպասվածին՝ էսսեներ բաժնին, որը սպասվածի համաձայն, առավել հեշտ էր կարդացվում, և իհարկե, անչափ հետաքրքիր էր՝ հատկապես «Ինչու ետ եկա Հայաստան» էսսեն, որտեղ առանձնակի բնորոշումներով է խոսվում Հայաստանում ծնված, բայց հեռուներում գտնվող մարդկանց մասին, ովքեր երանությամբ են հիշում Հայաստանը, Երևանը:

    Հեղինակը հերոսի միջոցով ճիշտ բնութագրումներ և շեշտակի բնորոշումներ է տալիս Հայաստանից արտագաղթողներին:

    Իսկ էսսեի վերջում տրված է հաճելի և հետաքրքիր վերջաբան, որտեղ նկարագրվում է գալիք Հայաստանի մասին և ասվում է. «Աղջիկները գնալով անընդմեջ ավելի ու ավելի կսիրունանան, և այդպես անվերջ»…

    Կարծես ահա այսքանը: «Անաստված կինո թատրոն» գրքից մեծ բտպավորություն ստացա թե՛ լավ առումով, և թե՛ վատ: Իհարկե, խորապես շնորհակալություն Գևորգ Տեր-Գաբրիելյանին, որի այս գիրքը ոչ բոլորի համար կարող է դյուրընթեռնելի լինել, քանի որ այն ունի իր մեջ խորը ասելիք՝ թե՛ կինոյի տեսքով, և թե՛ թատրոնի, հենց որով էլ խիստ տարբերվում է մերօրյա գրքերից:

    Հաճելի էր ինձ համար ճանաչել և ուսումնասիրել մերօրյա գրողներից մեկին, ով ինձ հնարավորություն տվեց կարդալ և քննադատել իր իսկ ստեղծածը:

    Հետո էլ կասեն, թե մեր օրերում լավ գրողները շատ քիչ են:

gevorgtergbr

«Անաստված կինո թատրոն»

Emma Kosakyan«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

 

«Ինչու է մարդն ապրում աշխարհում»

Վերնագիրը հետաքրքրե՞ց, որոշեցիք բացել հոդվածն ու կարդա՞լ: Լավ, շնորհակալ եմ, չնայած ասեմ, որ վերնագիրը ես չեմ գրել, այլ Գևորգ Տեր-Գաբրիելյանն է մի օր մտածել ու որոշել իր էսսեն այս վերնագրով կոչել: Չգիտեմ, էսսեն համաձայն էր այդ մտքին, թե չէ, այնուամենայնիվ, երևի չի էլ հարցրել: Թէ ինչո՞ւ է ընտրել հենց այդ վերնագիրը, այլ ոչ թե՝  «Մարդը ինչու չպիտի ապրի աշխարհում» կամ գուցե`  «Մարդը ապրում է հենց այս աշխարհում, որովհետև այդպես է պետք», չգիտեմ, երևի ամենալավ տարբերակն էլ ընտրել է նա: Բայց, ինչպե՞ս է ընտրել, գուցե, պառկել է քնելու, բայց աչքը չի կպել, սկսել է մտածել: Կամ թեյ խմելի՞ս, իսկ եթե թեյ չի՞ սիրում, ուրեմն, հաստատ, երթուղայինում՝ պիկ ժամին տուն գնալիս է եղել. չորս կողմից հրմշտոց,  շա՜տ անհարմար վիճակ, մյուս կողմից էլ` մեջքն է ցավել ու քաղցած է եղել, ու ճանապարհը շատ երկար է թվացել: Մտածել է՝ ինչո՞ւ այսքան մարդ ապրում աշխարհում, կամ առհասարակ ինչո՞ւ  է մարդը ապրում աշխարհում, չէ՞ որ աշխարհը փոքր է, կամ գուցե երթուղայի՞նը: Լավ, ինչևէ, անցնենք առաջ: Հոդվածը չեմ գրել՝  վերնագրի ծագումնաբանությունը բացահայտելու, առավել ևս, այն դեպքում, որ հեղինակը գուցե երթուղային չի էլ նստում, իր մեքենայով է նախընտրում շարժվել:

Ես շատ եմ սիրում կարդալ ու հատկապես այն գրքերը, որոնք իմ մտքերը խառնում են իրար՝ հանկարծակի սկսած անձրևի ժամանակ հրապարակի մեջտեղում կանգնած մարդկանց նման, ովքեր անձրևանոց չունեն: Ու «Ինչու է մարդն ապրում աշխարհում» էսսեն հենց այդ շարքից էր: Վերնագիրը կարդալուց սկսեցի մտածել. երևի բոլորս ենք,  չէ՞, մեզ տվել այս հարցը` ինչո՞ւ ենք ապրում աշխարհում, ո՞րն է մեր ապրելու իմաստը, կամ արդյոք կա՞ իմաստ, ո՞րն է կյանքի նպատակը, մարդ էակի նպատակը: Աշխարհում այնքան շատ մարդ է ապրում, բայց երբեմն մարդկանց պակասից ենք մենք նեղվում` թանկ, հարազատ, կարևոր մարդկանց պակասից: Մի՞թե այդքան շատ մարդկանց մեջ չէինք կարող ունենալ  շատ թանկ մարդիկ: Իհարկե, չէինք կարող, քանի որ թանկ են կոչվում, որովհետև եզակի են, հատուկենտ, կորցնելու վախը կա:

Հեղինակն ասում է, որ մարդն ապրում է աշխարհում ստեղծագործական աշխատանք իրականացնելու, երջանիկ լինելու համար: Ասում է, որ ամեն մարդ հանճար է, կարծես հեղինակը զրուցում է քեզ հետ, պատմում իր տեսակետները, բայց մի րոպե, եթե զրուցում ենք՝ ես էլ խոսեմ: Ես կարծում եմ, որ ներկայիս իրականության մեջ, ոչ բոլոր մարդիկ են ապրում աշխարհում: Որոշներն ապրում են իրենց մտքերում, իրենց հորինած աշխարհում, անցյալում, ապագայում ամեն տեղ, բայց ոչ աշխարհում, այն աշխարհում, որն հենց այստեղ է ու հիմա: Շատ մարդիկ այնքան են խճճվել իրենց կենցաղային գործերում, որ աշխատանքն ու ընտանիքը, դասերը, հարաբերությունները կապել են իրար, պարանների նման, քարկապ գցել մի կերպ, իրենք էլ լվացքի նման կախվել այդ պարանից ու փորձում են հասցնել  ամեն ինչ: Ի՞նչ ապրելու մասին է խոսքը:

Ես կարծում եմ, որ մարդ ապրում է ապրելու համար` երջանիկ, ինքնաբավ, խաղաղ: Բայց ի՞նչ է երջանիկ ապրելը: Դա կողքից ասված  «Շատ երջանիկ ես երևում»-ը չէ, հաստատ: Դա խաղաղ մտքերդ են, մաքուր խիղճդ է, ծնողներիդ հպարտ հայացքն է, հայրենիքիդ համար արված որևէ քայլն է, ընկերոջդ  հաղթանակով ուրախանալն է, քամու հետ վազելն է, ավազին նկարելն ու արևածագին նայելն է, դա ՆՐԱ ձեռքը բռնելն է ու երազելն է…

Իրոք, երբեմն երազներում մենք ավելի լիարժեք ենք ապրում, լիիրավ, քան իրականում: Ինչո՞ւ, որովհետև երազներում  ամեն ինչ հասցնում ենք, ամեն ինչ կարող ենք. չկան այն սահմանները, որոնք մեզ սեղմում են իրականում:

Էսսեում ասվում է, որ մարդիկ ապրում են տարբեր խորհուրդներով, մի մասը տեսնում են, թե ինչպես է աշխարհը զարգանում և իրենք ևս մասնակցում են զարգացմանը, դրա մի մասն են կազմում: Բայց, արդյո՞ք դա այն զարգացումն է, որը պետք է մարդուն երջանիկ ապրելու համար, թե՞ դա արվում է` ասելու համար, թե` տեսեք–տեսեք, զարգանում ենք, առաջ են գնում: Լավ, գնում ենք առաջ, բայց արդյո՞ք դա օգնում է մարդուն ավելի երջանիկ դառնալու համար, թե նրան ավելի է սահմանափակում: Զարգացման ու տեխնոլոգիաների դարում մարդը զարգանում է, բայց դրան զուգահեռ ավելի հեռու է կանգնում իր նմաններից՝ մարդկանցից: Կարծես այս  դարում մարդուն մարդ պետք չէ, այլ սարք, տեխնիկա: Ժպտալու համար երկու ստեղ սեղմելը փաստորեն հերիք է: Մարդ իր հարազատների հետ կենդանի շփում գրեթե չունի: Մեր միջև միշտ կանգնած են հեռախոսներ, համակարգիչներ, պլանշետներ: Մենք չենք զգում դիմացինին, մենք տեսնում ենք միայն այն, ինչ նա ցույց է տալիս՝ ի՞նչ «սմայլ», որ նկարում է, այլ ոչ թե` ինչ նրա աչքերն են մեզ ասում: Մենք նույն քաղաքում ապրող մեր ընկերների հետ գրեթե ամեն օր շփվում են համացանցով, բայց եկեք անկեղծ լինենք. մենք այժմ ավելի հեռու ենք մեր հարազատներից, քան տասնյակ տարիներ առաջ: Ներկայիս դարում մարդուն պետք չեն մարդիկ. հերիք է սուրճ եփող սարքը, գրադարանավարուհի պետք չէ` էլեկտրոնային գիրք կա, վերջ, նստիր ու գիրք կարդա: Ու այսքանից հետո ասում ենք, որ մենք ապրում ենք ավելի լավ, քան մեր նախնիները, և մեզնից հետո եկող սերունդն ավելի լավ է ապրելու: Այդ ինչպե՞ս: Մենք ստեղծում ենք  նոր դեղամիջոցներ, նոր  գյուտեր են արվում, նոր բացահայտումներ: Թվում է, թե ավելի շատ մարդկանց կյանքեր կփրկվեն, բայց ցավոք, ստեղծում ենք  տարբեր ուտելիքներ, հյութեր, բուրգերներ` քիմիական չգիտեմ ինչ հավելումներով, որոնց դեմ մեր ստեղծած դեղերը ծիծաղելի են: Էլ չասեմ` օր օրի աղտոտվող օդի, ջրի, հատվող անտառների մասին ու դրանց կողքին  շատ սիրուն փակցված պաստառների «Մաքուր պահենք մեր քաղաքը», «Չծխե՛լ» ու այսպես շարունակ: Կարծես մարդիկ երկակի խաղ են խաղում: Ավելի լավ է մաքուր սնունդ արտադրել, չաղտոտել, որ այդքան շատ նոր  դեղահաբերի կարիք չի լինի:

Էսսեում ասվում է, որ մարդը և անկախ օղակ է, և կախյալ: Սա մեծ շանսեր է տալիս մարդուն և ազատ գործելու, և մխիթարվելու, եթե չկարողացավ: Ես կարծում եմ, որ մենք միայն կախյալ օղակ ենք  կախված բնությունից, հասարակությունից ու մեր քայլերում միայն այնքան ենք ազատ, որքան թույլ են տալիս վերոնշյալները, որ լինենք: Բնության մեջ թթվածինը չլինի` մենք չենք լինի: Միգուցե թթվածնային բարձիկներով ապրենք և մեզ ազատ զգանք, անկախ, բայց մի օր կվերջանա, չէ՞, բարձիկի թթվածինը, ու կրկին մենք կախյալ ենք: Մենք կախված ենք հասարակությունից, նույնիսկ, եթե ասենք, որ մենք հաշվի չենք նստում կարծիքների հետ, ընդունված նորմերի հետ, միևնույն է, միայն այն, որ մենք մասն ենք մարդկության, արդեն իսկ մեզ կապում է բոլորին: Դա նույնն է, որ կակտուսի փշերից մեկն ասի, որ ինքը անկախ է մյուս փշերից, բայց մյուս բոլոր փշերի հետ նույն բույսի մասն է, կախված է նրանից:

Բայց մի բանում ես համակարծիք եմ, որ  գնալով ավելի են շատանում ստեղծագործ մարդիկ: Կամ գուցե շատ էին: Ուղղակի հիմա ամեն ինչ ավելի հանրային է ու բոլորին հասանելի: Հիմա քչերն են իրենց նոր գաղափարներն օրագրերի մեջ պահում` նախընտրում են կիսվել, պատմել, տարածել, ինչ անենք, որ երբեմն դրանք անիմաստ  մտքեր են լինում, որ վաղուց ասվել էր, բայց կարևոր է, որ այժմ կա այդ համարձակությունը` կիսվելու ու պատմելու: Ու նույնիսկ, եթե  անիմաստ է, բացառում է այն տարբերակներից մեկը, որով կարելի է հասնել իմաստ ունեցողին, ուրեմն՝ լավ է:

Շատ երկարեց կարծես: Ավարտեմ էսսեում ինձ ամենագրաված մտքով. «Մարդն իր պատմության մեջ  դեռ երբեք չի հանդիպել մի իրադրության, որ չկարողանար հաղթահարել: Ուրեմն հավանական է` սա էլ կհաղթահարի ընթացքի մեջ»…

gevorgtergbr

Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինոթատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձներ

marine israyelyan

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

 Անաստված կինո թատրոն

Գևորգ Տեր-Գաբրիելյանի պատմվածքների և էսսեների «Անաստված կինո թատրոն» ժողովածուն ժամանակակից հայ արձակի՝ 2018 թվականի ձեռքբերումներից է:

Պատմվածքներում արծարծվում են կյանքային թեմաներ, մանկական պատկերներ, հիշողություններ: Հեղինակը լեզվաոճական հետաքրքիր ու հակասական կարծիքների առիթ տվող նորույթ է բերում. առօրյա-խոսակցական խոսքը գործածված է ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի՝ հեղինակային խոսքում: Եթե առաջին դեպքում խոսքի միջոցով կենդանանում է նկարագրվող միջավայրը, ապա երկրորդ դեպքում գործ ունենք գրողի ստեղծագործական նախասիրությունների հետ:

Կցանկանայի առավելապես անդրադառնալ էսսեներին, մասնավորապես՝ «Ինչու ետ եկա Հայաստան» և «Ինչու է մարդն ապրում աշխարհում»: Այս էսսեները հեղինակի յուրօրինակ խոհափիլիսոփայական զրույցներն են՝ հագեցած ճշմարտության անդադրում որոնումների, մարդկային հոգու հակասությունների, մարդ-բնություն կապի խախտված ներդաշնակության, բնապաշտության, ազգասիրության ու հայրենասիրության գաղափարներով: Վերջիններս արտահայտվում են ո՛չ թե բարձրագոչ կոչերով ու վերաթռիչ ճառերով, այլ հայ մարդու, ականատեսի՝ սեփական մաշկի վրա զգացածի ազդեցությամբ: «Ինչու ետ եկա Հայաստան» ստեղծագործության մեջ հեղինակն ահազանգում է ուծացման, ազգային ինքնության կորստի մասին՝ նժդեհյան խոսքերով ասած, թե ինչպես են փոքր գետերն անհետանում ծովերի ու օվկիանոսների մեջ.

«Ու հումանիտար-հասարակական ասպարեզի բոլոր ծանոթներս, որոնք, օտարազգի լինելով, Արևմուտքում ապաստանել ու արմատավորվել էին՝ կարծես այդ ատաղձը կորցնեին: Դառնային հեղհեղուկ միջինստատիստիկական մասնագետ, հաճախ՝ ճանաչված, շատ լավ, բայց հո միայն ես էի զգում՝ որ տարրալուծվել է իրենց ինքնությունն ավելի մեծի՝ միջազգայինի, համաշխարհայինի մեջ… Նույնիսկ եթե հայրենասիրությունն ակնհայտ է: Ինչպես ինժեները՝ որ մի մեծ սուզանավ է սարքում՝ հազար հոգու հետ, ու նրա անունն ու գործը տարրալուծվում է սուզանավի մեջ: Իսկ այդ սուզանավը քեզ, քո ազգին պե՞տք է: Դու քո կամքո՞վ ես որոշել, որ այն պետք է սարքել»:

 

Տպավորիչ կերպով արտահայտված են օտարության մեջ գտնվող մարդու զգացողությունները, օտար հողում սեփական գոյությունն ապահովելու համար մղվող պայքարի անողոքությունը, հայրենիքից հեռու լինելու, ուրիշ տեղ ավելորդ լինելու գիտակցումը, հայրենակարոտությունը.

«Այն ամենում, ինչում Հայաստանում մասնագետ կլինեի՝ այնտեղ սիրող էի ինձ զգում… Եթե այստեղ գիտեի հաստատ, որ պետք եմ՝ այնտեղ գիտեի հաստատ, որ ավելորդ եմ, պիտի, եթե ուզեմ մնալ, ինձ տեղ բացեմ, հրհրելով»:

Հումորի նուրբ երանգով է ներկայացվում  ինքնուրույնությամբ,  սեփական վերադասությամբ իր գործն անելու բերկրանքը.

«Եվ չնայած մասնագիտությունը հարգում եմ՝ բայց ես փինաչի եմ: Ես սիրում եմ իմ ձեռքերով, իմ մատներով, իմ ուղեղով իմ գործն անել մինչև վերջ՝ ինչպես կոշկակարը՝ իր մի զույգ կոշիկն է գորովանքով կարում»:

Ստեղծագործության մեջ արտացոլվել է հայի անհատականություն լինելու գենետիկ հատկանիշը, սեփական հողում ինքն իր հետ լինելու գերադասումը ոսկյա հեռուներում բարձունքների հասնելու հեռանկարից.

«Ես ընտրում եմ աշխարհի գյուղում գեներալ լինելը, քան շարքային կամ նույնիսկ ցածրաստիճան սպա՝ աշխարհի մայրաքաղաքներում: Որովհետև էությամբս, ազգովին գեներալ եմ»:

Տեսնում ենք հեղինակի սուրբ հավատամքը՝ ես արարատապաշտ եմ, ծիրանապաշտ եմ, սևանապաշտ եմ: Այնուհետև յուրահատուկ իրոնիայով հնչեցվում է սեփական երկրի նկատմամբ յուրաքանչյուրիս պատասխանատու լինելու գիտակցման անհրաժեշտության մասին.

«Ես զիբիլապաշտ եմ: Մեր զիբիլի պես զիբիլ աշխարհում չկա: Եվ պետք չէ այն մաքրել. եղածն ի՞նչ է՝ միայն ցելոֆանն է երկրով մեկ թափառում, գետերի ափերի երկայնքով փառ կապում, իսկ ցելոֆանն անվնաս բան է և գեղեցկություն (հիշենք «Ամերիկյան գեղեցկություն» ֆիլմը), ու խեղճի օրերը հաշված են…»:

Հեղինակը յուրովի է մեկնաբանում կյանքում ամենակարևորի, արժեքավորի գաղափարը.

«Աշխարհում ամենաարժեքավոր բաները հատուկենտ բաներն են, իսկ փոքր ազգի ամեն մարդ ավելի հատուկենտ է՝ քան մեծինը»:

Ամենակարևորը մեր մի հատիկ Հայաստանն է, նրանում ապրող ամեն մի հայը, այս՝ իր բարդության մեջ պարզագույն ճշմարությունը հայրենյաց մասին հայտնի է հնագույն դարերից, և Սենեկայի խոսքերով ասած՝ հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա, որ քոնն է:

«Ինչու է մարդն ապրում աշխարհում» ստեղծագործության մեջ կարմիր թելի պես անցնում է կյանքն ստեղծագործաբար ապրելու, շրջակա միջավայրի ճանաչման ու ինքնաճանաչման, բնապահպանության ու բնապաշտության գաղափարները:

Ո՞վ է մարդը. դեռևս Դելփյան տաճարի բարձունքից մարդուն էր ուղղված աստվածային խորհուրդը՝ Ծանյա՛ զքեզ (Ճանաչի՛ր ինքդ քեզ): Այս խորհուրդն ուղեկցել է մարդուն իր հազարամյակների պատմության ընթացքում և միշտ մնացել անբացատրելի: Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս սեփական առաքելությամբ, որը և իրագործում է որոշակի բնագավառում կատարած ստեղծագործական աշխատանքով.

«Ի՞նչ է նշանակում ստեղծագործական: Գործունեություն, որը ստեղծում է նորը՝ որ մինչ այդ չկար, և այդ նորը լավն է»:

Ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացնում է երջանկության, մարդկության, մարդկային հոգու առեղծվածի մասին սեփական դիտարկումները: Նա փաստում է այն ճշմարտությունը, որ մարդ-բնություն մերօրյա պառակտվածությունն արհեստական է, որ մարդը բնության ծնունդն է, մասնիկը, շեշտում է ծնող-բնության նկատմամբ անողոք ու անխնա վերաբերմունքի պատճառները՝ դրանք վերացնելու անհրաժեշտության գիտակցմամբ.

«Մարդը մասնիկ է բնության մեծ օրգանի, գործիքի, և նա լավ բան անում է՝ բնության ինքնաճանաչողությունն ու ինքնազարգացումն ապահովելու համար: Իսկ վատ բան անում է՝ սխալմունքից, սխալ կարծիք ունենալուց, սխալ դաստիարակությունից կամ՝ դիտավորյալ, որպես գիտակցված հանցագործություն»:

Մարդն ստեղծվել է աստվածային բնույթով՝ բանականությամբ ու արարչագործությամբ, բայց հաճախ է մոռանում աստվածային շնորհների մասին կամ դրանք ի չարը գործադրում: Յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված է ստեղծագործ ոգին, բայց արդյո՞ք մարդն արթնացնում է նրան.

«Յուրաքանչյուր մարդ հանճար է: Բայց ոչ ամեն պահին: Բայց անպայման»:

Հեղինակը ճշմարտացիորեն խոսում է մարդկության այժմյան խելակորույս մրցավազքի և այդ ընթացքում կյանքի իմաստի արժևորման, ժամանակի փիլիսոփայության մասին. «Մենք բոլորս մրցում ենք հասնել մի բանի, բայց հասածը չգիտի, հասել է թե ոչ, իսկ չհասնողը չգիտի՝ գուցեև հասել է, ու տարիներ կամ դարեր հետո դա պարզ կդառնա»: Ապա փաստում է հայտնի ասածվածքը, որ հարկավոր է կյանքն ավելի սիրել, քան նրա իմաստը, կամ մարկեսյան տողերով ասած՝ մի տխրիր, որ դա անցավ, ժպտա, որ դա եղավ:

Շեշտվում է գոհունակությամբ ու ինքնաբավ ապրելու, կյանք-հրաշքը գիտակցելու գաղափարը. «Եվ եթե չհասար էլ՝ կարևոր չէ, գոհ եղիր, քանի որ մասնակից էիր այդպիսի մի խելակորույս հրաշք-վազքի»:

Երազային է թվում հեղինակի՝ գալիքի մասին տեսլականը.

«Իսկ հետո մարդը կհայտնագործի՝ ինչպես ճամփորդել անցյալում, կամ ինչպես այն միավորել ներկայի հետ, ու նոր շանս կտա ամեն անհետացածին՝ լինել, ստեղծագործաբար աշխատել»:

Բայց արդյոք սա երևակայության թռի՞չք է, թե՞ հնարավոր ապագա:

Գևորգ Տեր-Գաբրիելյանի պատմվածքների և էսսեների «Անաստված կինո թատրոն» ժողովածուն ցանկալի գիրք է ընթերցողների սեղանին՝ հասկանալու և ըմբռնելու արդի գրականության, ժամանակակից հայ արձակի սրտի զարկերը: