Sabina Davtyan

Կյանքի ու մահվան սահմանագծում

Հիշողությունների գիրկը ընկնելու սիրահար չեմ, բայց այս անգամ բանն ուրիշ է ու ինչ-որ տեղ պարտադիր, քանի որ մեղադրում եմ ինքս ինձ ամենի մեջ: Մեղադրում եմ հազարավոր կորուստների` թե մարդկային, թե տարածքային: Մարդկային կորուստներ հազարավոր, որոնց մեջ մարդիկ էին, ում ճանաչում էի կամ ում հետ դեռ չէի հասցրել ծանոթանալ: Վայրեր, որտեղ չէի այցելել, բայց պետք է այցելեի… Պետք էր… Պետք էր ամեն բան ուրիշ կերպ անել, պետք է ամեն բան ուրիշ կերպ լիներ…

Կորուստներ… Պատերազմ… Մահ…

Իսկ ի՞նչ է նշանակում ապրել միշտ պատերազմող երկրում: Նշանակում է, որ մահը ավտոբուս բաց թողնելու պես հաճախակի կրկնվող երևույթ է դարձել ու արդեն շատ տևական ժամանակ: Մահը չի հարցնում ոչինչ, մահը չի սպասում, մահը չի համբերում, մահը չի զիջում:  Մահը անխնա տանում է… Մեծ ու փոքր… Տանում է մերոնց ու տանում է անվերադարձ…

Ապրելով պատերազմող երկրում, չէ, ապրելը սխալ կլինի: Ճիշտ բառը գոյատևելն է, որովհետև հոգով մեռած մարդը լիարժեք ապրել չի կարող, իսկ մեզանից շատ-շատերը հոգով  մեռած են… Մեզանից շատերը շարունակում են ապրել այս անիծյալ մղձավանջում, շարունակում ենք ապրել ու պայքարել մեր ապագայի, ինչը կասկածելի է` արդյո՞ք գալու է, թե՞` ոչ… Ապրելով պատերազմող երկրում մոռանում ես վախի մասին: Միայն սառնություն ու վրեժխնդրություն ես զգում: Վախենում ես միայն մեկ բանից՝ կրկնությունից:

Կկրկնվի…

Կկորցնես, կրկին կկորցնես… Կրկին հողին կհանձնես… Կրկին սև գույնը հարազատ կդառնա քեզ համար: Կրկին ձեռքերդ դողալով ու աչքերդ փակ կմտնես սոցկայքեր, որպեսզի չհանդիպես կորստի մասին լուրի, իսկ վատ լուրը միշտ շատ արագ է հասնում: Կամ կրկին անգամ կջնջես բոլոր սոցկայքերդ և ուղղակի անտեղյակ կշարունակես ապրել, իսկ մարդի՞կ, մարդկանց խոսակցություններից ո՞նց պետք է փախչես: Իհարկե, ականջակալներ: Ականջակալները միշտ ինձ փրկում են:

Կրկին կկանգնես կյանքի ու մահվան սահմանագծին կամ ավելի վատ՝ ուղիղ կկանգնես մահվան դիմաց, կնայես մահվանը առանց վախի, առանց ափսոսանքի, այլ կնայես մեղադրողի ու դատավորի հայացքով ու կհարցնես` չե՞ս հոգնել նույն տեղը գալով, չե՞ս հոգնել մարդկանց քեզ մոտ տանելով: Ի՞նչ ես անում, այդքանին ու՞ր ես տանում…

Sabina Davtyan

Ուսուցիչ դառնալու ճանապարհին

Շատերն իմանալով, որ սովորում եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանում, միշտ զարմանում են ու հարցնում, թե ինչն է ինձ դրդել ընդունվել այս համալսարան: Երևի, առաջին հերթին մարդկանց զարմացնում է արտաքին տեսքս՝ մազերիս փոփոխական գույները, դաջվածքներս, հագնվելուս ոճը, բայց արտաքին տեսքը ոչ գիտության վրա է անդրադառնում, ոչ սովորելու և ոչ էլ սովորեցնելու: Չգիտեմ կարծրատիպերը, երբ հասան կրթությանը, բայց ես միշտ կոտրել եմ ու կշարունակեմ կոտրել այդ կարծրատիպերն ու կապացուցեմ, որ ոչ մազերի գույնը, ոչ հագուկապը, ու ոչ էլ դաջվածքները հայրենասեր, խելացի, վերլուծող, մտածող սերունդ դաստիարակելու և կրթելու հարցում դեր չեն խաղալու և ամենակարևորը. ապագա աշակերտներիս առաջին բանը, որ կսովորեցնեմ, այն կլինի, որ երբեք մարդուն չի կարելի դատել արտաքին տեսքով:

Ինչևէ,  շուրջ երեք տարի ինքս չեմ հասկացել, թե ինչ եմ անում այս համալսարանում, ո՞րն է այստեղ սովորելուս իմաստը կամ առաքելությունը: Երբ հանձնարարում էին գրել էսսե՝ ինչու եմ ընտրել ուսուցչի մասնագիտությունը, դժվարանում էի գրել, մտքերս չէի կարողանում դասավորել, ընտրությանս վրա կասկածում էի ու մտածում, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել, բայց երեկ վերջապես հասկացա, ու բացի հասկանալուց, արդեն այն հարցին, թե ինչու եմ սովորում հենց այս համալսարանում, հանգիստ կարող եմ պատասխանել:

Բոլորդ էլ գիտեք, միշտ չէ, որ ամեն բան առաջին անգամից է ստացվում: Առաջին անգամ դաս տալու փորձը ձախողվեց. շատ լարված էի, չգիտեի` ինչ խոսեի, ինչ անեի, որ երեխաները իրենց լավ զգան, չձանձրանան, և  բացի դրանից էլ, լարվելուս պատճառն այն էր, որ ֆորս մաժորային իրավիճակ ստացվեց, որը հանգեցրեց խառնաշփոթի: Դասարանից դուրս եկա անտրամադիր, հիասթափված ու ինչու չէ՝ նաև փոքր ինչ վրդովված, որովհետև չէի սպասում, որ այդպես կստացվի: Խուսափում էի ու չէի ուզում էլ  դաս տալ, բայց դպրոցի ուսուցիչներից մեկը, ով մեր համալսարանում մագիստրոս էր, ասաց` չհիասթափվես, դա ամենակարևոր բանն է, որից հետո փոքր-ինչ հանդարտվեցի: Ինչևէ, երեկ արդեն դասավանդելուս երկրորդ փորձն էր:

Պատասխանատվությունից փախչելով և համապատասխան փորձ չունենալու պատճառով որոշեցի դասավանդել 6-րդ դասարանում: Կյանքում այդքան լարված զանգի ձայնին չէի սպասել: Զանգը տվեց, երեխաները ոտքի կանգնեցին, նրանց դասավանդող ուսուցչուհին ասաց, որ դասն այսօր ընկ. Դավթյանն է անցկացնելու: Համ ուրախ էի, համ տխուր, համ էլ չէի գիտակցում, որ հասել եմ այն կարգավիճակին, որ ուղղակի Դավթյան ազգանվանս կողքին ավելացավ նաև ընկերը, բայց չէ՞ որ ընկեր բառն իր մեջ բազմաթիվ պատասխանատվություն ու իմաստ է պարունակում: Պետք է գիտակցես, որ առաջին հերթին քո աշակերտի ընկերն ես, հետո նոր ուսուցիչը:

Երեխաներին պատմում էի հին Հայաստանի տնտեսության մասին, ու դուք պետք է տեսնեիք առաջին շարքի նստած աղջկա հիացած ու հետաքրքրված հայացքը:  Ամբողջ դասի ընթացքում նրան նայելով ջերմություն էի զգում ու ինձանից անկախ ժպտում: Միգուցե հենց նրան նայելով հիշում էի ինձ իր տարիքում ու մի պահ ուզեցի հայտնվել նրա տեղում, ոչ թե անհոգ մանկություն ունենալու, այլ ինձ կողքից տեսնելու համար: Տեսնելու համար, թե ինչպես այն աղջիկը, ով ամբողջ կյանքում դպրոց սիրով չի գնացել, այսօր մեծ եռանդով, սիրով ու պատասխանատվության զգացումով նորից մտել է դպրոց, բայց ոչ թե սովորողի կարգավիճակով, այլ՝ սովորեցնողի: Անկեղծ ասած՝ ամբողջ դասի ընթացքում մտքումս իմ դպրոցի պատմության ուսուցչուհու խոսքերն էին պտտվում, երբ բղավում էր վրաս ու ասում, որ չսովորելով ոչնչի չեմ հասնի, համալսարան չեմ ընդունվի: Երկու տարի ինձ դասավանդելուց հետո էլ անգամ չհասկացավ, որ ոչ թե ես չեմ ցանկացել սովորել, այլ նա է դասավանդել այնպես, որ ես չեմ ցանկացել սովորել: Նա չէր գիտակցում, որ իր մասնագիտությունը պատասխանատվություն, նվիրում, համբերություն էր պահանջում: Չէր գիտակցում, որ իր ֆինանսական և ընտանեկան խնդիրները դասարան ներս մտցնել պետք չէ, որովհետև մենք ամեն ինչ զգում ու հասկանում էինք: Չեմ հասկանում, թե ո՞նց էր կարելի Հայոց պատմություն առարկան այդքան ձանձրալի դասավանդել. ոչ մի մեթոդ, ոչ մի նորություն, ոչ մի մոտեցում: Միայն անհիմն բղավոցներ ու մեղադրանքներ…

Իր դասերի ժամանակ միշտ մտածում էի. եթե օրերից մի օր հանկարծ որոշեմ դառնալ մանկավարժ, նա կլինի այն մանկավարժի օրինակը, որին երբեք չեմ նմանվի, իսկ մյուս կողմից էլ մտածում եմ իմ մասնագիտություն ընտրելու հարցում ամենամեծ ներդրումը հենց ինքն է կատարել, ցույց տալով, թե ապագայում ինչ սխալներ ես երբեք թույլ չեմ տա ու աշակերտներիս կոպտելու փոխարեն միշտ կողջունեմ իրենց ընտրությունն ու ամեն կերպ կաջակցեմ նրանց…