«Sharqi» նշանակում է` «արևելյան»

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Նոյեմբերի 28-30-ը Ավստրիայի Գրաց քաղաքում տեղի ունեցավ European Youth Award մրցանակաբաշխությունը, որը երիտասարդներին, սոցիալական ձեռներեցներին և ստարտափերին մոտիվացնում է ստեղծել թվային նախագծեր: Կարդացեք մեր թղթակիցների հարցազրույցները մասնակիցների հետ:

-Խնդրում ենք պատմել Ձեր մասին:

-Ես Էմադն եմ՝ «Sharqi Shop» հավելվածի համահիմնադիրը, 2013-ին Սիրիայից տեղափոխվել եմ Հորդանան։ Երկու տարի աշխատել եմ որպես ֆրիլանսեր, այնուհետև միացել եմ ինտերնետ վաճառքի գործակալությանը, որտեղ վեբ ծրագրավորող եմ եղել։ Այստեղ մեկ տարի աշխատելուց հետո հանդիպեցի Սելիմին, և մենք միասին որոշեցինք բացել «Շարքին»։

-Ինչպե՞ս առաջացավ ծրագրի գաղափարը:

-Երբ ես ինտերնետ վաճառքի ոլորտում էի աշխատում, նկատեցի, որ շատերն են մեզ դիմում օնլայն խանութներ բացելու նպատակով։ Բայց միայն սարքավորումները բավարար չեն օնլայն խանութ վարելու համար. պետք է որոշակի տեխնիկական հմտությունների տիրապետել, ինչպես նաև պետք է ինչ-որ չափով ծանոթ լինել թվային մարքեթինգին առցանց վաճառքի համար։ Նրանցից շատերը տեխնիկական գիտելիքներ չունեցող հասարակ մարդիկ են, այդ իսկ պատճառով մենք զգում էինք, որ իրենց օգնություն է պետք, և որոշեցինք բացել «Շարքի շոփը»։ Մեր թիմն օգնում է վարպետներին վաճառել իրենց ապրանքները՝ կազմակերպելով լոգիստիկան, առաքումը, ապրանքի պրոֆեսիոնալ լուսանկարներ է անում, ինչպես նաև կոնտենտ է գրում։ Այսպիսով, իրենք կենտրոնանում են ապրանքի ստեղծման վրա, քանի որ մնացածն անում ենք մենք։ Հենց սա է մեր գաղափարը։

-Իսկ ի՞նչ է նշանակում «sharqi» բառը:

-Արաբերենով «sharqi» նշանակում է` «արևելյան»։

-Ինչպե՞ս եք վարպետներին ընտրում ձեր հարթակի համար:

-Նրանք ընտրվում են ըստ տարբեր հատկանիշների, որոնցից առաջնայինը կրեատիվությունն է։ Մենք իրենց փնտրում ենք սոցիալական ցանցերում՝ կարդալով մարդկանց կարծիքները իրենց ապրանքների վերաբերյալ։

-Վարպետները կարո՞ղ են ինքնուրույն դիմել կայքում ներկայացված լինելու համար

-Այո, որոշ մարդիկ մեզ միանալու ցանկություն են հայտնում։ Մեր թիմն է որոշում, թե ում է պետք ներառել` իրենց աշխատանքներից կախված։

-Ինչպե՞ս են մարդիկ գտնում ձեր կայքը։ Ի՞նչ միջոցներով եք ձեր մասին տեղեկություն տարածում։

-Գովազդ անելուց առաջ մենք որոշել ենք կենտրոնանալ որոնման համակարգի օպտիմալացման (SEO-search engine optimization) վրա, քանի որ առցանց վաճառքի ոլոտում ձեռք բերած փորձի շնորհիվ մենք դրան բավականին լավ ենք տիրապետում։ Ամեն ամիս կայքն ունենում է մոտ 3000 հյուր` առանց որևէ գովազդային արշավի։ Դրանից բացի` մարքեթինգի մեջ մեզ շատ են օգնում սոցցանցերը։

-Իսկ ինչպե՞ս է սահմանվում ապրանքի գինը։ Վարպետն ի՞նքն է այն որոշում:

-Այո, վարպետներն են որոշում իրենց ապրանքի գինը, իսկ մենք ստանում ենք դրա մոտ 20-30 %-ը։ Կայքում ներկայացված լինելու համար նրանք ոչինչ չեն վճարում, բայց յուրաքանչյուր պատվերից մենք տոկոս ենք ստանում։

-Կարո՞ղ եմ արդյոք ես` որպես հաճախորդ, կապ հաստատել անմիջապես վարպետի հետ:

-Կայքում կարող եք տեսնել վարպետի էջը, բայց այնտեղ ոչ մի կոնտակտային տվյալ ներկայացված չէ։ Սակայն, եթե ցանկանում եք, հեշտությամբ կարող եք նրանց գտնել սոցիալական ցանցերում։ Մենք իրենց հետ կնքել ենք պայմանագիր, և եթե որևէ մեկը գա իրենց մոտ և ասի, որ իրենց մասին իմացել է «Sharqi»-ից, մենք, միևնույնն է, կստանանք կոմիսիոն վճարումները տոկոսի տեսքով։

-Սովորաբար ո՞ր երկրից են լինում խանութի հաճախորդները:

-Այս փուլում մենք կենտրոնացած ենք արաբական երկրների վրա։ Մեծամասնություն են կազմում Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրաթները, Քուվեյթն ու Քաթարը։ Իսկ վարպետներից ցանկանում ենք նաև ներառել Լիբանանի և Թուրքիայի վարպետներին։ Մեր ապագայի նպատակն է հաստատվել Եվրոպական շուկայում։ Որոշ պատճառներով մեր ապրանքները եվրոպացիների համար այդքան էլ համապատասխան չեն, դրա համար որոշվեց դիզայներներ վարձել ապրանքի տեսքը եվրոպական շուկայում ավելի գրավիչ դարձնելու համար։

-Ծրագրի իրականացման ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

-Մենք սիրիացիներ ենք Հորդանանում, որոնց համար շատ դժվար է ընկերություն գրանցելը ազգային պատկանելության պատճառով։ Այդ անելու համար գոյություն ունեն որոշ պայմաններ, և մեծ գումարներ է պետք է վճարել դրա համար։ Երկու տարի առաջ սկսեցինք այս գործը, և մինչ այսօր կազմակերպությունը գրանցված է հորդանանցի ընկերոջս անունով։ Սա է հիմնական խնդիրը։

-Ծրագիրը ստեղծելու համար ձեզ աջակցող հովանավորներ ունեցե՞լ եք:

-Այո, մենք ստացել ենք 50000$ դրամաշնորհ Հորդանանում «Oasis500» գրասենյակի կողմից, որը մեր գործընկերն է։ Նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Shamalstart» հորդանանյան ընկերությունն է մեզ դրամաշնորհ տվել:

-Իսկ ի՞նչ մոտիվացիա եք ունեցել այս տիպի ծրագիր իրականացնելու և վարպետների համար նմանատիպ հարթակ ստեղծելու համար:

-Կայքը ստեղծելիս մոտիվացիա կար, իհարկե։ Այս վարպետները հասարակ մարդիկ են, և իրենց ստեղծած ապրանքները չեն վաճառվում Հորդանանում։ Երբ իրենք Սիրիայում էին, իրենց մոտ էին գալիս ամբողջ աշխահից, հիմա իրենք մտածում են Եվրոպա կամ ԱՄՆ տեղափոխվելու մասին, քանի որ Հորդանանի շուկան իրենց համար չէ։ Այժմ մենք աջակցում ենք մոտ 60 վարպետի և փորձում ենք նաև զարգացնել հենդմեյդ խնամքի միջոցների գաղափարը՝ համագործակցելով Հորդանանում բնական խնամքի միջոցներ պատրաստողների հետ։ Մենք ցանկանում ենք ստեղծել նաև «Sharqi» խնամքի միջոցների կայք, որը կունենա առաքում ամբողջ աշխարհով։

Հարցազրույցը վարեցին Դիանա Շահբազյանը, Անա Ժոաու Ասեվեդոն և Անետա Բաղդասարյանը