Silvi

Ամառ էր…

Ես 7-ամյա աղջնակ էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք գյուղ ապրելու: Վաճառեցինք մեր Երևանի տունը, որոշ խնդիրների  պատճառով, ու չգիտեմ ինչու, տեղափոխվեցինք հենց Սասունիկ: Շատ տխուր էի, չէի հաշտվում այն մտքի հետ, որ էլ չեմ տեսնելու ընկերներիս, դասարանցիներիս, ուսուցչիս, դպրոցս, որ էլ չէի վազվզելու մեր բակում ու մեծ ծիրանի ծառը մագլցելու:

Մինչև տեղափոխվելը ՝ գյուղում չէի եղել, պատկերացումներս գյուղի վերաբերյալ սարսափելի էր` «խփող և կծող» կովեր, լիքը գազազած շներ, մեծ խոզեր, և գյուղի ժողովուրդը պետք է այնպիսի լեզվով  խոսեր, որ ես չհասկանայի: Չնայած նրան, որ էստեղ շատ ընկերներ ունեմ, չեմ համակերպվում, սիրում եմ քաղաքի կյանքը:

Ոչ ոքի  չէի  ճանաչում: Մի օր դուրս եկա պատշգամբ, և մեր պատշգամբին անմիջապես կից մի պատշկամբ կար, որտեղ խաղում էր իմ տարիքի մի աղջիկ: Նա ինձ բարևեց և սկսեց հարցեր տալ: Ես ժպտալով պատասխանում էի, որովհետև միակ մարդն էր, ում հետ այդ գյուղում խոսեցի առաջին անգամ: Զարմացած էի… Մենք  ծանոթացանք, մտերմացանք, և նա ինձ առաջարկեց  իջնել բակ` խաղալու և ծանոթանալու մեր բակի երեխաների  հետ: Գնացի…

Գյուղում բակից դուրս ոչ մի տեղ չէի գնացել, սակայն մայրս մի անգամ ասաց.

-Գնա Լիլիթին խնդրի` միասին գնացեք  խանութ:

-Լավ:

Լիլիթը երկու աղջկա հետ նստած միրգ էր ուտում:

-Լիլ, կգա՞ս գնանք  խանութ, տեղը չգիտեմ:

-Ես կգամ,-ասաց այդ աղջիկներից  մեկը:

Լիլիթը մեզ ծանոթացրեց, նրա անունը Լիանա Էր: Պուճուր-մուճուր աղջիկ էր, աշխույժ, ժպտերես:

Գնացինք միասին խանութ, ծանոթացանք հարցերի միջոցով: Իսկ արդեն հետ վերադառնալիս կանգնեցինք մուտքի առաջ, խոսեցինք  մի քիչ, պատմեցինք իրար մասին և նկատեցինք , որ նույն զգեստից ենք հագել, ուղղակի տարբեր գույների: Երբ իմացա, որ նա էլ է պարի գնացել, որոշեցինք պարել: Սկզբում նա էր շարժումներ անում՝ ես կրկնում, հետո հակառակը (շատ է տպավորվել այդ պարը, մինչև հիմա էլ հիշում ու պարում ենք:

Դա եղավ  «մեր առաջին և վերջին տեսությունը»:

Եկավ սեպտեմբերի մեկը: Ես գնացի դպրոց, շատ էի ամաչում: Գնացի մայրիկիս հետ դասարան և հանկարծ տեսա, որ Լիանան մի տղայի էր ծեծում: Նստեցի ուսուցչի դիմաց, և ուսուցչուհին սկսեց ինձ ծանոթացնել մնացածի հետ և հարցեր տալ:

Ես ու Լիանան ավելի մտերմացանք: Որոշ ժամանակ անց մենք դարձանք մտերիմ ընկերուհիներ, ովքեր միշտ միասին էին խաղում, դաս անում և մեր դասարանի տղաներին ծեծում: Ժամանկի ընթացքում նա դարձավ իմ կյանքի կարևոր մարդկանցից մեկը, իմ ընտանիքի անդամը, իմ քույրը: Արդեն ինը տարի է, ինչ մենք միասին ենք, և դեռ հարյուր ինը տարի էլ միասին կլինենք: