diana hovsepyan

Ամենախելացի, բարի և համբերատար բժիշկները

1950-ականներից Աշտարակի տարածաշրջանի գ. Ագարակի բնակիչների բուժսպասարկումն իրականացրել են երկու բուժաշխատողներ՝ մանկաբարձուհի Համեստ Նաշիկյանը և բուժքույր Հռիփսիմե Հարությունյանը։ Նրանց աշխատանքային գործունեությունը կազմեց շուրջ 40 տարի։

1993թ. հիմնադրվում է Ագարակի բուժամբուլատորիան, որը սպասարկում է երեք գյուղի՝ Ագարակի, Աղձքի, Տեղերի բնակիչներին։

1999թ.-ին ԱԱԲՊԾ շրջանակներում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, համայնքի ղեկավարի և համայնքի բնակիչ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի աջակցությամբ կառուցվում է ամբուլատորիայի նոր շենքը։

Նոր ամբուլատորիայի շենքը գեղեցկացնում են ոչ միայն արտաքին ճարտարապետությունն ու դիզայնը, այլ բարի ու համբերատար աշխատակազմը, բժիշկ և տնօրեն Արմինե Թադևոսյանի ղեկավարությամբ։ Ամբուլատորիայի ներկա գործունեության մասին առավել ստույգ իմանալու համար հարցազրույց վերցրեցի հենց բժիշկ և տնօրեն Արմինե Թադևոսյանից.

–Բարև ձեզ։ Նախ շնորհակալություն հարցազրույցիս առաջարկը չմերժելու համար։ Կցանկանայի իմանալ, որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք որպես բժշկուհի։

–Ագարակի բժշկական ամբուլատորիայում աշխատում եմ 1993թ.-ի օգոստոսից, սկզբում որպես թերապևտ, իսկ 2002թ.-ից որպես ընտանեկան բժիշկ։ Սպասարկում եմ 3 գյուղ (Ագարակ, Աղձք, Տեղեր), շուրջ 3300 բնակիչ։

–Իսկ քանի՞ հոգուց է կազմված ձեր ներկա աշխատակազմը։ Հե՞շտ է արդյոք նրանց հետ աշխատելը։

–Ներկա մեր աշխատակազմը կազմված է 12 հոգուց, աշխատում ենք որպես մեկ ընտանիք՝ համերաշխ կոլեկտիվ և համագործակցված աշխատանք, այդ պատճառով էլ դժվարություններ չեն առաջանում։

–Ես գիտեմ, որ դուք նաև փոքր երեխաների հետ եք աշխատում, հե՞շտ է նրանց հետ, չէ որ շատ հաճախ կամակոր ու վախկոտ են լինում։

–Երեխաների հետ աշխատելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ երեխան իր գանգատը ներկայացնել չի կարող։ Պետք է սկզբում ճիշտ վերաբերվել և սիրել երեխային, այնուհետև զննել և բուժել։ Ես սիրում եմ երեխաների հետ աշխատել։

–Ըստ բնակիչների դիմելիության քանակի, ի՞նչ եք կարծում ապագայում հիվանդությունների աճ կգրանցվի՞, թե՞ ոչ։

–Հիվանդությունների աճ արդեն գրանցվում է (շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուռուցքներ, սրտամկանի ինֆարկտ), սակայն շատ կարևոր է, որ բնակչությունը դիմի կանխարգելիչ նպատակով, ժամանակին հայտնաբերվի հիվանդությունը, որպեսզի խուսափեն հետագա բարդություններից։

–Շնորհակալություն: Իսկ դժվար չէ՞ միևնույն ժամանակ ւևերեք գյուղերի բժշկուհի աշխատելը, և ամբողջ ամբուլատորիանղեկավարելը, և միևնույն ժամանակ հոգատար ու նվիրված մայր լինելը։ 

–Մայր դառնալը՝ դա Աստծո պարգև է։ Իհարկե, դժվար է հոգատար և օրինակելի մայրիկ լինելը, և միևնույն ժամանակ, չթերանալ աշխատանքում, բայց ես ջանում եմ այդպիսին լինել, և կարծում եմ, որ ստացվում է։

–Ասացեք խնդրեմ, ձեր այսքան տարվա բարեսիրտ աշխատանքի շնորհիվ, ինչ՞ պարգևների եք արժանացել։

–Ես ստացել եմ մի շարք պատվոգրեր Արագածոտնի մարզպետի կողմից, ինչպես նաև շնորհակալագիր Առողջապահության նախարարի կողմից, սակայն ամենամեծ պարգևը՝ բնակչության կողմից վաստակած սերն ու հարգանքն է։

–Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք մեզ՝ պատանիներիս, առողջ ու գրագետ ապրելու համար։

–Նախևառաջ, ցանկանում եմ, որ ազնիվ լինեք, մաքուր ձեր խղճի հանդեպ, լավ սովորեք, և ինչ մասնագիտություն էլ որ ընտրելու լինեք, սիրեք ձեր մասնագիտությունը և եղեք որակյալ մասնագետ։

–Շնորհակալ եմ, որ ձեր զբաղված գրաֆիկում ժամանակ հատկացրեցիք ինձ, ինչպես նաև անկեղծ ու հետաքրքիր զրույցի համար։

–Ես եմ շնորհակալ, որ այսպիսի հետաքրքիր հարցազրույց անցկացրեցի խելացի, գրագետ գեղեցկուհու հետ։