Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ամենազորեղ զենքը` պատմություն

Հայ ազգը հազարամյակներ շարունակ ապրել է, ապրել և միաժամանակ կերտել պատմություն: Եվ այսօր մենք այդ պատմության մի մասնիկն ենք: Ապրելով ներկայում` ստեղծում ենք պատմության մի նոր էջ, որն ապագայում պետք է հիշեն մեր հաջորդները:

Ուսումնասիրելով պատմություն, տեղեկանում ենք հավատարմության և դավաճանության, խաղաղության ու պատերազմի, սիրո և ատելության անզիջում պայքարի մասին: Առաջին հայացքից այս ամենն անիմաստ է թվում, սակայն եթե ավելի խորը նայենք, կհասկանանք, որ կյանքն առանց պայքարի ու մրցակցության անհնար է:

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Մեր ժամանակներում պայքարը, իսկ ավելի կոնկրետ մրցակցությունը, նոր թափ է առնում: Պայքարում են թե’ «փոքր», թե’ «միջին» և թե’ «մեծ» պետությունները: Իսկ այդ պայքարում, որպես կանոն, տուժում են միայն ու միայն «փոքրերը»: Ինչո՞ւ է այդպես…

Պատճառը, մեծ հաշվով, պատմությունից դասեր չքաղելն է: Այս ամենի վառ ապացույցը հենց դպրոցական պատմության դասագիրքն է: Ովքեր ինչ որ չափով պատմություն ուսումնասիրել են, կհասկանան ինձ:

Քանի՞ անգամ եք հանդիպել հետևյալ նախադասությանը. «մեծ» տերություններից ակնկալած մեր սպասելիքները կրկին չիրականացան: Ամեն անգամ ակնկալում էինք օգնություն, սակայն գրեթե միշտ մեջքից հարված էինք ստանում: Այս «մարտավարությունը» շատերիս է բնորոշ: Ակնկալում ենք օգնություն` չգիտակցելով դրա գինը: Չէ որ կյանքում ոչինչ անհատույց չէ:

Այսպիսով, կարող եմ եզրակացնել. անցյալը նախատեսված է մեզ ծառայելու, մեզ ուսուցանելու համար: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից, այլապես  պատմությունը կարող է անընդհատ կրկնվել…