Ամեն բան լավ է լինելու

Ամեն անգամ երբ անցնում էի այդ ծաղկի խանութի կողքով, մի նոր ու տարբերվող բան էի տեսնում և միշտ ուզում էի մտնել այդ խանութը: Մի օր իմացա, որ այդ խանութի տերը` Հայարփի Սարդարյանը, դարձել է Հայաստանում տարվա լավագույն կին-գործարար: Ես շատ ուրախացա, որովհետև դրանից լավ առիթ` հարցազրույց վերցնելու, հանդիպելու նրա հետ, չէր կարող լինել: Դե ինչ, պայմանավորվեցի նրա հետ, լրագրողին վայել դիրք ընդունեցի ու ճամփա ընկա: Այժմ ձեզ եմ ներկայացնում մի երիտասարդ ու ստեղծագործ աղջկա:

«Ինչ-որ բանի հասնելու լավագույն միջոցը նպատակասլացությունն է»:
Հայարփի Սարդարյան

-Հետաքրքիր է իմանալ ի՞նչի մասին էիք երազում փոքր տարիքում:

-Փոքր տարիքում ինչքան որ ինձ հիշում եմ, երազում էի մանկավարժ դառնալու մասին, որը կապ չունի ընդհանրապես այս բիզնեսի հետ: Առաջին մասնագիտությամբ մանկավարժ եմ (այդ ուղղությամբ կատարվել է երազանքս): Բիզնեսի մասին չէի մտածում, ընդհանրապես մտքովս էլ չէր անցնում:

-Ձեր ընտանիքում զբաղվո՞ւմ էին այս բիզնեսով, թե՞ ինքներդ եք սկսել:

-Որպես բիզնես չէ, բայց երկար տարիներ հայրս մշակում էր ծաղիկներ: Դա ուղղակի իր սիրելի զբաղմունքն էր:

-Ինչպե՞ս եղավ, որ սիրելի զբաղմունքը դարձավ բիզնես:

-Դե, ուղղակի այդպես ստացվեց: Որոշեցինք հայրիկի զբաղմունքը դարձնել մեկ այլ եկամտաբեր մասնագիտություն, և ահա ստացվեց սա: Այս գործի մեջ ամենքս ինչ-որ չափով մեր ներդրումն ունենք, որ հասել ենք այսպիսի հաջողության:

-Իսկ քանի՞ տարեկանից եք սկսել լուրջ զբաղվել այս գործով:

-Եթե լուրջ, 22 տարեկանից: Արդեն 2 տարի է, ինչ այս գործի մեջ եմ:

-Ինքնե՞րդ եք զբաղվում ծաղիկներով:

-Ծաղիկների աճեցմամբ զբաղվում է հայրս, մնացած գործերով` կազմակերպչական, վաճառքի և մարքեթինգի հետ կապված, ես և եղբայրս:

-Որո՞նք են աշխատանքի հիմնական դժվարությունները:

-Իմ կարծիքով դժվարություններ չկան, եթե սիրում ես գործդ, սիրում ես ծաղիկներ մշակել: Դրա հետ կապված դժվարություն չկա համենայն դեպս ինձ համար, որովհետև ես շատ եմ սիրում իմ աշխատանքը:

-Արդյո՞ք ձեզ չի խանգարել հասակակիցների տարբեր մտածելակերպը:

-Իմ կարծիքով, ընդհանրապես չի խանգարել, ընդհակառակը ոգևորել է ինձ: Ես այս տարիքում ինչ-որ չափով կայացած բիզնես ունեմ, մինչդեռ իմ հասակակիցներից շատերը նույնիսկ աշխատանքի վայր չունեն:

-Ինչպե՞ս որոշեցիք խանութ բացել Եղեգնաձորում:

-Միտքը եղբայրս առաջարկեց, բայց ընտանիքում տարաձայնություններ եղան: Մի քանի ամիս համոզում էինք հայրիկին (ամենադժվարը նրան համոզելն էր), բայց 3-4 ամիս համառ պայքար մղելուց հետո մենք հաղթեցինք, և ստացվեց:

-Իսկ ինչո՞ւ է խանութի անունը Verdi:

-Անվանման մասին էլ երկար ժամանակ մտածեցինք, որպեսզի և օրիգինալ լինի և ինչ-որ իմաստ արտահայտի: Եվ վերջիվերջո որոշեցինք Verdi, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է շատ կանաչ, կանաչներ, ծաղիկների հետ կապված:

-Ո՞ր ծաղիկներն են ավելի շատ նախընտրում հաճախորդները:

- Հիմնականում վարդեր` իր բոլոր տեսակներով, բայց վերջին ժամանակներս նկատվում է տնային և դաշտային ծաղիկների պահանջարկ:

-Իսկ ո՞րն է ձեր սիրելի ծաղիկը:

- Հետաքրքիր հարց էր: Միշտ մտածել եմ այդ հարցի շուրջ և գրեթե հասկացել եմ, որ խոլորձը (օրքիդեա): Այն դժվար մշակվող, երեխայի բնավորություն ունեցող ծաղիկ է: Սիրում է միշտ ուշադրության կենտրոնում լինել և շատ խնամք է պահանջում:

- Եղե՞լ է մի պահ, որ հոգնեք ծաղիկներից:

-Ոչ, երբեք չի եղել այդպիսի զգացում, երևի թե չի էլ լինի: Շատ հաճախ եմ ինձ «բռնացնում» այն մտքի վրա, որ ինձ այլևս չեն զարմացնի ծաղիկներով, բայց որ հոգնեմ ծաղիկներից` երբեք:

-Ո՞րն է ձեր առաջին հաջողությունը այս ոլորտում:

-Երևի թե այս մրցանակը առաջին հաջողությունն է եղել այս ոլորտում. «Տարվա լավագույն բիզնես լեդի»: Այս կոչումը և պարտավորեցնող է և ոգևորող` ավելի լավ աշխատելու և լավ արդյունք ստանալու համար:

-Շատ բարի, պատմեք մի փոքր մրցանակաբաշխության մասին: Ինչպե՞ս ստացվեց, որ հաղթեցիք:

-Ճիշտն ասած, չէի սպասում մրցանակ ստանալ: Ուղղակի հայտը լրացրել ենք, ուղարկել: Որ ինձ կկանչեն մրցանակաբաշխության, չէի սպասում, բայց ստացվեց:

-Ձեր կարծիքով ի՞նչ հատկանիշներ են պետք բիզնես լեդի դառնալու համար:

-Նախ, բիզնեսում ամենակարևորը նպատակասլացությունն է, որովհետև շատ դժվարություններ կան հաղթահարելու: Նպատակին հասնելու համար ջանքեր գործադրել, երկրորդը` կամքի ուժ, մնացածը մասնագիտական է` մարդկանց հետ շփվելու ունակություն, համագործակցելու և իհարկե, լավատեղյակ լինել սեփական աշխատանքից, ոլորտից:

-Ինչպես ասում են` կարևորը մարդ ինքն իրեն կարողանա գնահատել: Համարո՞ւմ եք ձեզ կայացած բիզնես լեդի:

-Մտածելու տեղիք տվեցիք: Իմ կարծիքով, այո, բայց դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու:

-Իսկ ո՞ր հատկանիշներն են պակասում, կամ որը պետք է շտկեք, որպեսզի դառնաք կայացած բիզնես լեդի:

-Այդ ուղղությամբ երբեք չեմ մտածել: Բայց երևի թե ինձ խանգարում է իմ սահմանափակ մտածելակերպը, կաշկանդվածությունը, որովհետև շատ մարդկանց հետ շփվելիս այդ գիծը իրոք խանգարում է ազատ լինելու համար: Ինձ թվում է այսքանը:

-Ապագայում ի՞նչ պլաններ ունեք:

-Որոշակի հեռանկար կա բիզնեսը ընդլայնելու, ծաղիկների տեսականին ավելացնելու: Ճիշտ է, ջերմոցը դեռ նոր է, այդքան շատ ծաղիկներ չունենք, բայց կարևորը` ցանկությունը կա: Ուզում ենք նաև բացել մասնաճյուղեր:

-Երբ հուսահատվում եք, ինչպե՞ս եք ձեզ ոգևորում:

-Ասում եմ`ամեն բան լավ է լինելու:

-Եվ վերջապես, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ բիզնես լեդիներին, ինչպե՞ս պետք է սկսեն աշխատանքը, ի՞նչ անեն, ի՞նչ չանեն և այլն:

-Եթե մի քիչ մասնագիտորեն, ապա պետք է ամենակարևորը` լավ բիզնես-ծրագիր մշակել, հասկանալ, թե ինչ են ուզում, որից հետո, եթե իրոք տեղյակ են շուկայից, և մեծ ցանկություն ունեն, ամեն ինչ կստացվի: Ուղղակի այստեղ կարող է մի քիչ ֆինանսների հետ խնդիրներ առաջանալ, դա էլ, եթե ինչ-որ կետից սկսեն, անպայման ամեն ինչ լավ կլինի: