Mariam barseghyan

Այլ աչքերով

Ես ապրում եմ Լոռու մարզում՝ քաղաք Վանաձորում: Ամեն ինչի մեջ տեսնում եմ գեղեցիկը, և եթե հարցնես ինձ՝ ինչպիսին է իմ մարզը, ես կասեմ, որ նման հիասքանչ վայր աշխարհի վրա չկա: Իրականում այդպես էլ կա. Լոռու մարզն ունի դրախտային բնություն, բարձր լեռներ, պատմամշակութային կոթողներ և այն ամենը, ինչը հարկավոր է ինձ այն հիասքանչ համարելու համար:

Բայց երբեմն փորձում եմ իրերին նայել այնպես, ինչպես դրանք կտեսնեին ուրիշները: Օրինակ՝ երբ Լոռու մարզին նայում ես շինարարի աչքերով, տեսնում ես, որ նա այստեղ աշխատանք չունի, իսկ եթե ունի, ապա քիչ է վարձատրվում: Իր ընտանիքին ֆինանսապես լիարժեք ապահովելու միակ միջոցը արտագնա աշխատանքն է: Այս խնդիրը կա ամեն տեղ, բայց Լոռու մարզում արտագնա աշխատանքի մեկնողների ցուցանիշը ամենաբարձրերից մեկն է: Եթե շարունակես նայել այդ նույն շինարարի աչքերով, ապա կտեսնես, որ նա համաձայնում է աշխատել այլ մարզերում՝ ցանկացած աշխատավարձի դիմաց, կտեսնես, որ նա մի քանի տեղ արդեն դիմել է աշխատանքի համար, բայց նրան ասել են, որ տեղ չկա:

Եթե նայես Լոռու մարզին Երևանից Վանաձոր գնացող վարորդի աչքերով, ապա կզգաս, թե ինչ մեծ բավականություն է նա ստանում, երբ արդեն դուրս է գալիս Լոռու մարզից: Կզգաս, թե ինչպես են նրա ձեռքերը համեմատաբար թուլանում և լարվածությունն անցնում է: Կնկատես, որ ղեկը նրա ձեռքերում ավելի քիչ է կտրուկ շարժումներ կատարում: Իսկ գիտե՞ս՝ ինչու է այդպես: Պատճառն այն է, որ Լոռու մարզում մի փոսը շրջանցելու համար պետք է մեկ ուրիշ փոսի մեջ ընկնես: Եվ ցավալին այն է, որ ճանապարհները այդպիսին են Լոռու մարզի մարզկենտրոնում, Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում: Շարունակելով նայել վարորդի աչքերով, կտեսնես, որ Վանաձորում վարելն էլ մի բան չէ, մանավանդ, եթե նոր ես սովորում: Դե, բացատրի՛ր, ինչպե՞ս վարորդը հասկանա՝ պետք է անցնի, թե ճանապարհ տա հետիոտնին, եթե քաղաքի կենտրոնական փողոցներում լուսակիր էլ չկա: Լուսակիրների բացակայության մասին բողոք կարող ես տեսնել յուրաքանչյուր վանաձորցու աչքերում: Դե լավ, չափազանցրի, աչքերում չես տեսնի, բայց եթե հարցնես, հաստատ կբողոքի:

Եթե մեր մարզին նայես Վանաձորի Դիմաց թաղամասում ապրող տնային տնտեսուհու աչքերով, ապա կտեսնես, թե ինչպես է նա ամեն անգամ ծորակին մոտենալիս զայրանում, որ էլի ստիպված պետք է ջուր տաքացնի սպասքը լվանալու համար, քանի որ ջուրը շուրջօրյա չէ: Եվ նման զայրույթ կտեսնես Լոռու մարզի շատ քաղաքներում և գյուղերում:

Եթե մի օր գաս Լոռու մարզ, գնա գյուղ Արջուտ: Այնտեղ կարող ես տեսնել Լոռու մարզի և ընդհանրապես՝ ամբողջ Հայաստանի բոլոր խնդիրները: Կտեսնես թե՛ աշխատանքի, թե՛ արտագաղթի, թե՛ ջրի, գազի, թե՛ ճանապարհի և այլ խնդիրները: Եվ եթե գնաս այնտեղ, մեծ դժվարությամբ կգտնես բնակելի տներ և մշակված հողամասեր: Նույնը կտեսնես այլ գյուղերում նույնպես:

Երկրի զարգացման համար պետք է ծաղկեն նրա քաղաքներն ու գյուղերը: Իսկ մարզը չի կարող ծաղկել, եթե նրա խնդիրները այդպես էլ լուծում չեն ստանում: