Անավարտ երազանքներ

44-օրյա պատերազմում հերոսացած Սուրեն Եսայանն իր բազմաթիվ նպատակներից առավել կարևորում էր մեկը՝ հայրենիքը շենացնելը։ Սուրենի մոր՝ Նարինեի ականջներում շարունակ հնչում են նրա խոսքերը. «Մամ, ես շենացնելու եմ մեր երկիրը, կտեսնես՝ տղեդ ինչ ա անելու, իսկ դու ու պապան գլուխներդ բարձր եք քայլելու»։

Ընտանիքը Սուրենով հպարտանալու բազմաթիվ առիթներ ուներ․ Սուրենը 18 տարեկանում արդեն 5 լեզվի էր տիրապետում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և հինդի։

12 տարեկանում սեփական որոշմամբ իր մտերիմ ընկերոջ հետ մեկնել էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելու։ Երբ Սուրենին դպրոցն ընդունվելու համար հարցազրույցի էին հրավիրել, քննող հանձնաժողովը զարմացել էր այդ տարիքում նրա ունեցած գիտելիքներից։

«Երեք տարի Հնդկաստանում մնալուց հետո կարոտին չդիմացավ․ եկավ Հայաստան։ Ասում էր, որ իր տեղը Հայաստանում է, առանց իր ընտանիքի ու հայրենիքի չէր կարողանում»։

Դպրոցն այստեղ ավարտելուց հետո Ֆրանսիական համալսարան էր ընդունվել, մեկ տարի սովորել ու մեկնել ծառայության։ Ջրականում էր ծառայում ու երկու ամիս էր, ինչ կրում էր զինվորական համազգեստը, երբ պատերազմը սկսվեց։ Ընտանիքին վստահեցնում էր, որ ինքն ու մյուս նորակոչիկներն ապահով վայրում են ու չեն մասնակցում մարտական գործողություններին։ Մինչև իր զոհվելը ընտանիքը չի իմացել պատերազմին նրա մասնակցության մասին։

Հոկտեմբերի 10-ի հրադադարից հետո Սուրենն այլևս տուն չզանգեց։ Ընտանիքը հույսով սպասում էր որևէ լուրի նրանից։ Սուրենից երկար սպասված զանգի փոխարեն մեկ այլ զանգ ստացան․ Սուրենի փաստաթղթերով մարմին էր գտնվել։ Երեք անգամ ԴՆԹ անալիզը չէր համընկել․ չորրորդը դրական էր․․․

Սուրենի հաղթանդամ մարմնի մեջ անսահման բարի ու փխրուն հոգի կար։ Մտերիմները նրան «բարի արջուկ» մականունն էին տվել։ Կապուտաչյա ու շիկահեր տղայի ծնողներն ու երեք քույրերը վստահ են՝ մի օր նորից կտեսնեն Սուրենին։

Սուրեն Սարգսի Եսայանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառու է։