hasmik vardanyan

Անհասկանալի օլիմպիադաները

Մարդկանց հաջողությունների և ձեռքբերումների մի մասնիկ է կազում ոգեշնչումը: Արդեն մեկ ամիս է, ինչ սկսվել և ընթանում են դպրոցականների առարկայական օլիմպիադաները: Բոլոր մարզերն ընդգրկված են այդ օլիմպիադաներում: Դե, մեր մարզն էլ բացառություն չէ: Արդեն մի քանի տարի է, ինչ ես էլ եմ մասնակցում այդ օլիմպիադաներին և, իմ կարծիքով, այդքան տարածք ընդգրկված է զուտ թվաքանակ լրացնելու համար: Չեմ կարողանում հասկանալ, թե դրա միջոցով ի՞նչ են փորձում ստուգել` կրթական մակարդա՞կ, թե՞ տրամաբանություն, թե մի այլ կարգավիճակ, որ հայտնի է միայն իրենց։

Այս վերջին երկու տարում, մասնակցելով քիմիայի և կենսաբանության օլիմպիադաներին, ես ուղղակի ապշած եմ մնացել: Կարդում ես հարցաշարը և իմացածդ էլ մոռանում: Քանի որ այնպիսի հարցեր են դրված, որ այս տարիների ընթացքում գրքերի մեջ երբեք չես հանդիպել: Ճիշտ է, ես իմ բողոքն եմ արտահայտում հարցերի աննպատակ լինելու մասին, բայց բողոքս համարում եմ տեղին:

Մեր դպրոցը համարվում է միջնակարգ, և դասացանկը ավելի թեթև է՝ համեմատած ավագ դպրոցների բնագիտական հոսքերի հետ: Միգուցե հարցերն այդտեղի՞ց են կազմում: Բայց եթե կազմում են ավագ դպրոցների ծրագրերին համապատասխան, ուրեմն թող միջնակարգ դպրոցի տնօրեններից չպահանջեն աշակերտ ներկայացնել։ Եվ հետո, թե՝ դպրոցի մակարդակը ցածր է:

Օլիմպիադաներին մասնակցած և հաղթած երեխաները թող ունենան ոգեշնչման աղբյուր: Եթե օլիմպիադաները մի փոքր օգնեն դիմորդներին, այլևս չեմ համարի ժամանակի անիմաստ կորուստ: