Անցյալի հետքերով

-Վարսենի՜կ, ա՜յ Վարսենիկ, դու՛րս արի, այ աղջի, ուլերդ չկան, կորել են։

Վարսենիկը, որ այդ պահին երկունքի ցավերի մեջ էր, մի կերպ դուրս եկավ։ Ուլերի կորուստը սարսափելի կլիներ, չէ՞ որ իրենց ապրուստն էր։ Մի կերպ՝ ցավից գալարվելով ընկավ սար ու ձոր, գտավ ուլերին, ետ բերեց ու Արագած լեռան հեռավոր լանջերից մեկին 1939 թվականի սեպտեմբերին ծնեց հինգերորդ զավակին։ Ամուսինը կողքին չէր, գյուղ էր գնացել՝ վար ու ցանք անելու։ Որդու ծնվելու լուրը իմանալուն պես վերադաձավ։ Նրան կոչեցին Սարիբեկ։ Երեխայի ծնունդից 2 տարի անց հայրը մեկնեց պատերազմ, ու տղան այլևս հորը չտեսավ։

Սարիբեկը պապս է՝ մորս հայրը։ Ցավոք երկար չապրեց, չտեսավ ինը թոռներից ոչ մեկին։ Մահացավ 50 տարեկանում։

Օրեր առաջ սեպտեմբերի տասին՝ նրա ծննդյան 82-րդ ամյակին փորձեցինք գտնել այն վայրը, որտեղ ծնվել էր։ Ավագ քեռիս ու մայրս որոշ չափով հիշում էին այդ վայրը։

Մի անգամ իրենց ավագ հորեղբոր հետ էին գնացել։

Բարձրացանք Արագած սար։ Երբ արդեն շեղվեցինք գլխավոր ուղուց, ճանապարհն ուղղակի ահավոր էր։ Շատ քիչ մեքենաներ էին գնացել այդ ճանապարհով։ Երբեմն մեքենան վարում էինք հսկայական քարերի վրայով։ Ի  վերջո հասանք։ Այդքան վեր բարձրանալուց հետո, հասանք լեռան գրկում թաքնված հսկայական հարթ տարածության։  82 տարի անց դեռ պահպանվել էին պատերի մնացորդները, որոնց վրա որպես տանիք ամրացնում էին ինչ-որ կտոր, ու ամռանը տեղափոխվում այնտեղ՝ անասուններին պահելու։ Մի փոքր այն կողմ հսկայական ձոր էր։

Քեռիս ցույց տվեց անգամ այն անկյունը, որտեղ դրված էր եղել պապիս օրորոցը (դա նույնպես ցույց էր տվել հորեղբայրը)։ Հետաքրքիր ու հուզիչ էր տեսնել այն վայրը, որտեղ սկիզբ էր առել իմ արմատներից մեկը։