tina maqoyan

Առանց ընտանիքի

Գիտե՞ք, թե ինչ է ապրել ընտանիքիցդ կտրված, երբ դու դեռ 15-16 տարեկան ես: Իսկ ես գիտեմ: Արդեն մեկ տարի է, ինչ ապրում եմ առանց ծնողների՝ տատիկիս հետ:

Ընտանիքում ես ամենափոքրն եմ, ունեմ երկու եղբայր՝ Մխիթարը և Արթուրը: Ես 11 տարեկան էի, երբ Մխիթարը մեկնեց Ռուսաստանի Դաշնութուն՝ արտագնա աշխատանքի: Երբ Արթուրը մեկնեց ծառայության, ես 13 տարեկան էի, իսկ մի քանի օր անց հայրս նույնպես մեկնեց արտագնա աշխատանքի: Դե, փաստորեն, ամեն մեկս՝ մի տեղ։ Ու մնացինք ես ու մայրս։

Չորս տարի ես ու մայրս ապրեցինք մեր վարձով բնակարանում։ Թե՛ տխուր, թե՛ ուրախ, թե՛ ցուրտ և թե՛ ջերմ օրեր շատ եղան։ Եվ մի օր էլ մայրս որոշեց, որ պիտի գնանք հայրիկի մոտ։ Այդ ժամանակ ես 14 տարեկան էի: Անկեղծ ասած՝ ես չէի ուզում Հայաստանից գնալ։ Ասել, որ չափից դուրս հայրենասեր եմ, այդ պատճառով չէի ուզում գնալ՝ սուտ կլինի։ Ուղղակի ինչ-որ բան ինձ պահում էր Հայաստանում։ Բացի այդ՝ ես արդեն փոխադրվել էի 9-րդ դասարան: Դե, հասկանո՞ւմ եք, վերջին տարին իմ հարազատ դպրոցում, վերջին զանգ, ավարտական երեկո, հրաժեշտ արդեն հարազատ դարձած համադասարանցիներիս, իսկ Ռուսաստան մեկնելը կնշանակեր թողնել այդ ամենը, մեկ տարի կորցնել ու երկրորդ տարին մնալ 8-րդ դասարանում:

Գնացինք… Երևի թե կյանքիս ամենամութ, ամենատաղտկալի ու անգույն մեկ տարին էր, որ անցկացրի Ռուսաստանում։ Սկսեցի հաճախել տեղի դպրոցը, ամեն ինչ այնքան խորթ էր, բոլորը օտար լեզվով էին խոսում, իսկ ես այնքան էլ լավ չէի տիրապետում այդ լեզվին (հասկանում էի, բայց խոսել չէի կարողանում: Դե լավ, թող լինի այսպես. ցանկություն չունեի):

Հիմա, երբ հիշում եմ, թե ինչպես էր ամեն օր մայրս զոռով արթնացնում, ինչպես էի ամբողջ աշխարհը անիծելով հագնում դպրոցական համազգեստս, ինչպես էի լացելով նստում մեքենան ու գնում դպրոց, ինչպես էի նողկանքով մտնում այդ դպրոցը, ու թե ինչպես էին դասընկերներս ինձ վերաբերվում (իսկ նրանք լավ չէին վերաբերվում ինձ), ուղղակի ուզում եմ հիշողությունիցս առհավետ ջնջել այդ օրերը։

Այդ ընթացքում շատ ինքնամփոփ էի դարձել, չէի շփվում ոչ մեկի հետ, նույնիսկ՝ ընտանիքիս անդամների։ Հայրս դեմ էր իմ Ռուսաստանում մնալուն։ Միշտ հայրս ու մայրս վիճում էին իմ մնալ-չմնալու պատճառով։

-Ախր, էս ռուսաստաններում ի՞նչ կա։ Էս հեչ աղջկա տեղ չի, բա մեղք չի՞ էս էրեխեն, դասերը դժվար ա, չի կարում սովորի, դուրդ գալի՞ս ա։ Ամեն ինչ կիսատ թողեց՝ դպրոցը, պարը, ջութակը։ Բա ափսոս չէ՞ր։ Դու գալիս էիր՝ գայիր, գոնե էս էրեխուն չբերեիր հետդ, թողնեիր՝ տատի մոտ մնար, սովորեր, հետո եթե ուզենար՝ կկանչեինք մեզ մոտ։

-Որտեղ մենք՝ էնտեղ էլ ինքը,- պատասխանում էր մայրս։

Իսկ ես ընդհանրապես չէի մտածում դասերիս մասին, ինձ հետաքրքիր չէր ոչինչ, հետաքրքրությունս կորցրել էի ամեն ինչի նկատմամբ։ Միայն ամբողջ օրը նկարում էի։ Երբ ուսուցիչները դաս էին հարցնում, ու ես հրաժարվում էի պատասխանելուց, օրագիրս էին պահանջում, ու կզարմանա՞ք, եթե ասեմ, որ մեծ հաճույքով տալիս էի օրագիրս: Փոխարենը, երբ այնպես էր ստացվում, որ բարձր գնահատական էի ստանում՝ պահում էի օրագիրս, չէի ներկայացնում։

Աշակերտների մասին ոչինչ չեմ ուզում պատմել՝ տհաճ կլինի։ Միայն կասեմ, որ ամեն օր դիմավորում էին արհամարհանքով ու հետևյալ խոսքերով. «Армянка пришла», «Тина вареф вонц ес, инч ка чка» (ռուսերեն տառերով եմ գրում, որ այդպես էլ կարդաք): Իսկ այդ մի քանի հայերեն բառերն էլ դասարանցիներից մեկն էր սովորեցրել, որը իբր հայերեն գիտեր, բայց երբ հայերեն մի երկու բառ ասացի, ոչինչ չհասկացավ:

Մի կերպ ավարտեցի 2015-2016 ուս. տարին Կրասնոդարում: Արձակուրդ, ոչ մի հետաքրքիր զբաղմունք: Արթուրն էլ էր արդեն եկել մեզ մոտ: Արդեն սկսել էի հաճախակի ժպտալ, տանեցիների հետ ավելի շատ շփվել: Եղբորս հետ ֆիլմեր էինք դիտում ամբողջ օրը, հիմնականում՝ սարսափ: Օրերս ուրախությամբ էին լցվել՝ եղբայրս էր կողքիս: Բայց մեկ ամիս մնալուց հետո Արթուրն էլ գնաց Մոսկվա՝ Մխիթարի մոտ: Ու Թինան նորից մնաց մենակ: Մի որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք այլ բնակարան, և էլի որոշ ժամանակ անց՝ մայրս ինձ բերեց Հայաստան:

Ուրախությանս չափ չկար: Նորից նույն՝ չափից դուրս հարազատ փողոցները, դեմքերը, խանութները, շենքերը… Դեռ չգիտեի, որ այստեղ ևս հիասթափություն է սպասվում: Ես եկել էի այն հույսով, որ արդեն սովորելու եմ ավագ դպրոցում՝ 10-րդ դասարանում, հասակակիցներիս հավասար: Բայց պարզվեց, որ 10-րդ դասարանի համար 9-րդ դասարանի ատեստատ է հարկավոր, որը ես չունեի: Դե, ստիպված համաձայնեցի 9-րդ դասարանին. դպրոցից դուրս գալ չէի ուզում:

Շատ ծանր տարա ինձնից փոքրերի հետ սովորելու փաստը: Բայց, ի ուրախություն ինձ՝ շուտ ընտելացա դասարանիս, դասընկերներս լավն էին ու, եթե հաշվի չառնեմ սկզբնական շրջանում որոշ աղջիկների հետ կոնֆլիկտները, որոնք, իհարկե ժամանակի ընթացքում հարթվեցին, ընդհանուր առմամբ՝ շատ լավ ընդունեցին ինձ իրենց դասարանում:

Որոշ ժամանակ անց մայրս վերադարձավ Ռուսաստան և ես՝ գրեթե չափահասս, որոշեցի, որ ես մեծ եմ, և առանց ծնողների էլ կարող եմ ապրել: Իսկ հիմա հասկանում եմ, որ առանց ծնողների նույնիսկ մեծահասակներն են դժվարությամբ ապրում, էլ ուր մնաց ես՝ 16 տարեկան աղջնակս կարողանամ կարոտին դիմանալ…