elizabet harutyunyan

Առանց վարդագույն ակնոցի

-Էլիզա, տանից դուրս գալուց առաջ Ռուդիկ ձյաձյային սուրճ կդնես։

Ռուդիկ ձյաձյան արհեստավոր վարպետ է, նա վերանորոգում է մեր բնակարանը: Մայրիկիս այս խոսքերն ինձ ստիպեցին արագ շարժվել, որ չուշանամ։

Շենքի մուտքի մոտ հարևաններից մեկի երեխան ուսով հարվածեց մյուս հարևանուհու ուսին և ներողություն խնդրեց: Տուժողը ժպտաց և անցավ։ Ուսով հարվածողը Վարդուհին էր, մեր շենքում բնակվող մի աղջիկ, որը շատ բարի է և քաղաքավարի։ Այս տեսարանն ինձ հիշեցրեց Վարդուհու բարեհամբույր բարևների մասին։ Միշտ ինձ կամ մորս հանդիպելիս բարևում է և անգամ հետաքրքրվում, թե ինչպես ենք։ Նրա սիրալիր բարևներին մարդիկ պատասխանում են կա՛մ արհամարհանքով, կա՛մ էլ չեն պատասխանում։ Նա տարբերվում է շրջապատի մարդկանցից, ունի առողջական խնդիրներ, բայց այդ խնդիրներին զուգահեռ՝ ունի այնքան բարություն, որքան չունի ոչ մեկն այդ շենքերից։
Մի քիչ ավելի հեռու գնացի շենքից, և պատահեց այնպես, որ այդ երկուսի ճանապարհներն էլի խաչվեցին։ Այս անգամ Վարդուհին իր մոր հետ էր: Աղջիկն էլի պատահաբար կպավ տիկնոջ ուսին։
-Վարդուշի՛կ, առաջ ընկի, անուշադիրի մեկն ես։
-Ոչինչ, տիկի՛ն, մի՛ զայրացեք,- տուժողի պատասխանն ինձ դուր եկավ։
-Չէ, դե գիժ ա, էլի, կներեք։
Այս պատասխանն աղջկա մոր շուրթերից լսելն ինձ համար շոկային էր։ Տուն վերադարձա բավականին ուշ, բայց միանգամից մայրիկիս հարցրի Վարդուհու մոր մասին: Մայրս պատմեց, որ Վարդուհին հաճախում է հատուկ դպրոց։ Իսկ այդ կինը նրա հարազատ մայրը չէ: Նա ամուսնու աղջկան կոչում էր «գիժ»։
Շատ անգամներ ֆիլմերում և մուլտֆիլմերում խորթ մայրերը չեն սիրում խորթ երեխաներին, իսկ պատմություններում, որոնք ես էի կարդացել, լավ էին վերաբերվում և իրենց հարազատներին հավասար սիրում էին։ Ես տեսել էի ֆիլմ, մուլտֆիլմ, կարդացել գրքեր և պատմություններ: Նախընտրում էի իրականությունը չտեսնել։
Վաղն էլի կգա, էլի կլինի առավոտ, և էլի մայրս կհանձնարարի մեր վարպետին սուրճ մատուցել, և ամեն անգամ շենք մտնելիս կտեսնեմ այդ աղջկան, մի քիչ կհուզվեմ, ուղղակի կժպտամ և կանցնեմ։