anush hovhannisyan

Առողջ մարմնում առողջ հոգի

Արմավիրի երիտասարդության մեծամասնության դժգոհության բուն պատճառը ժամանցի վայրերի բացակայությունն է: Եվ ի ուրախություն մեզ, բացվեց մի կենտրոն, որտեղ կարող ենք նաև լողի դասընթացների հաճախել: Կարևորելով լողը, հարցազրույցս վարում եմ լողի մարզիչ Արմինե Հարությունյանի հետ:

-Ինչպե՞ս ընտրեցիք լողն իբրև ապագա մասնագիտություն:

-Լողով զբաղվել եմ մանկուց, շատ-շատ սիրել եմ, բայց իբրև հոբբի: Մասնագիտությանս հետ ոչ մի կապ չի ունեցել: Մասնագիտությամբ աուդիտոր եմ: Հետո սիրողական պարապմունքների համար հաճախեցի դասընթացների ու շատ սիրեցի: Հետագայում կարևորություն չտվեցի դրան:  Դե Արմավիրում չկային համապատասխան պայմաններ լողով զբաղվելու համար: Հետո մի օր ասացին, որ քաղաքում ինչ-որ կենտրոն է բացվում, ու իրենց լողի մասնագետ է անհրաժեշտ: Որոշեցի դիմել, եկա խոսեցինք, և ես անցա աշխատանքի:

Լողը շատ լավ սպորտաձև է ֆիզիկական կոփվածության համար և շատ լավ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա:

-Դուք հիմա աշխատում եք լողի մարզիչ, արդյո՞ք դժվար չէ: Եթե ձեր մասնագիտությունը թվեր էին, փաստաթղթեր, մի խոսքով, գրասենյակային աշխատանք, ապա հիմա աշխատում եք մարդկանց հետ, այն էլ տարբեր տարիքային խմբերի: 

-Այո, ամեն բան իսկապես կտրուկ փոխվել է: Ես աշխատում եմ տարբեր տարիքի մարդկանց հետ: Բոլոր տարիքային խմբերում էլ իրենց բարդությունները կան: Այ, օրինակ, փոքրերի ունակությունները չեն հերիքում, որ առաջադրված վարժությունները ճիշտ կատարեն, իսկ մեծահասակների մոտ էլ խնդիրն այլ է: Նրանք փոքր-ինչ ուշացել են՝ ճկունությունը և ֆիզիկական տվյալներ վատ են զարգացած, բայց հաղթահարում ենք դրանք, որպեսզի առաջ գնանք:

-Մտավախություն չունեի՞ք փոքրերի հետ աշխատելիս, չէ որ համեմատաբար ավելի բարդ է: 

-Ոչ, ես իմ կարողությունների վրա վստահ եմ: Մինչև աշխատանքի անցնելը այնպես էր ստացվել, որ ծանոթների երեխաներին սովորեցնում էի լողալ, ու աշխատանքի մեջ այդ փորձը ինձ շատ օգնեց:

-Կհիշե՞ք որևէ հետաքրքիր դեպք մարզումներից: 

-Հա, իհարկե: Մի աշակերտ ունեմ. շատ ճարպիկ է, լողի հաճախել է և չենթարկվող է: Հայրը մի օր մոտեցավ, ասաց, որ հետը շատ խիստ լինեմ, չի ենթարկվում: Եվ այդ օրը շնչառական վարժություններ ենք կատարում ջրի մեջ: Ինքը, քանի որ մի քիչ տեղյակ էր, ձանձրացավ ու սկսեց խոսել: Բարձր ասացի՝ Ռազմիկ, ու ինքը անմիջապես գլուխը իջեցրեց ջրի մեջ: Մի քիչ ծիծաղեցինք, ու հիմա արդեն հասկանում ենք իրար:

-Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեր փոքր քաղաքը ուներ լողի դպրոցի պահանջ: 

-Բոլոր սպորտաձևերի մեջ լողը իր առանձնահատուկ տեղն ունի, համարվում է առաջնային, որովհետև  ֆիզիկապես շատ է կոփում: Միանշանակ մեր քաղաքում պետք էր, ասեմ ավելին, դեռ վաղուց էր պետք:

-Ի՞նչ կմաղթեք այն մարդկանց, ովքեր այդքան էլ կարևորություն չեն տալիս սպորտին ու առողջ ապրելակերպին: 

-Միշտ պետք է զբաղվել սպորտով, թող ունենան իրենց մասնագիտությունը, հաջողությունների հասնեն, բայց փորձեն համատեղել սպորտը, որովհետև սպորտը առողջություն է: Այնպես որ, միշտ, միշտ պետք է զբաղվել սպորտով: Իզուր չեն ասում՝ առողջ մարմնում առողջ հոգի:

-Ունե՞ք ապագա պլաններ այս ոլորտում: 

-Դե լողը ինձ մասնագիտություն չեմ համարել, վերաբերվել եմ որպես հոբբիի, բայց հիմա իմ առաջ նպատակ եմ դրել՝ մրցումների մասնակցել, որպեսզի հաջողություններ գրանցվեն թե իմ՝ իբրև մարզչի, թե իմ աշակերտների համար: