mariam tonoyan

Այդ ամենը ե՞ս եմ ասել

Աչքեր, որոնք տեսել են թշվառություն ու ծանր կյանք, աչքեր, որոնք թրջվել են հաճախ բախտի անարդար խաղերին չկարողանալով դիմանալ, անկեղծ ու փայլուն մանկական աչքեր, որոնք դեռ փոքր տարիքից այնքան բան են տեսել և դեռ որքա՜ն հեռուներն են ունակ տեսնելու… Ու անաղարտ մի հոգի, որն Աստված գիտե, թե որքան դժվարություններ հաղթահարելով է հաշտվել այն պայմաններին, որ տրված է ի վերուստ:

Գիտակցելով իր ընտանիքի ծանր սոցիալական վիճակը, հոր` երկրից բացակայելու փաստը, նա օգնում է ընտանիքի հոգսն իր ուսերին առած մայրիկին, հոգ տանում երկու եղբայրների մասին և հաճախ նաև երազում: Անշուշտ, պատկերացումներում կյանքն այլ գույներ ունի: Այնտեղ կյանքի վիրավորանքները փոխարինվում են հիացմունքներով: Ասում են` պատահականությունները պատահական չեն: Որքա՜ն երջանիկ եմ, որ այդպիսի պատահականություններից մեկն ինձ ականատես դարձրեց այդ պատանու երազներին:

-Իսկ եթե հանկարծ ես քաղաքապետ դառնամ…,- դպրոցական նստարանի մի կողմում նստած` ցածրաձայն մենախոսում էր նա:

-Եթե թեկնածություն առաջադրեիր, ես կընտրեի քեզ,- փորձեցի բորբոքել խոսակցությունը:

-Իրո՞ք, ճի՞շտ ես ասում,- աչքերը լայն բաց արած` զարմանքով հարցրեց մի քանի անգամ:

-Ինչո՞ւ ոչ: Դե, ուրեմն, համոզիր ինձ: Պատկերացրու, որ նախընտրական խոստումներ պետք է տաս:
Տղան զգաստացավ, ուղղեց օձիքը, կարգավորեց ձայնը, որպեսզի ավելի հնչեղ դառնա և լրջախոհ հայացք ընդունելով սկսեց.

-Իմ նախընտրական նախագիծը հետևյալն է,- որոշ թղթեր շուռումուռ տալով և ամբողջովին կերպարի մեջ մտած` ասաց նա:

Կռահելով, որ հետաքրքիր է լինելու, միացրեցի ձայնագրիչս:

-Առաջին հերթին պետք է կանխել արտագաղթը մեր քաղաքից: Ո՞ւմ է պետք քաղաքապետը, երբ քաղաքում բնակիչներ չկան:

Տղան րոպեների ընթացքում կարծես անճանաչելի էր դարձել` ճարտարախոս և ինքնավստահ: Զարմացած հայացքս նկատելով ու մի կերպ ծիծաղը զսպելով`շարունակեց.

-Հետո թանգարանը կվերանորոգենք, Արցախյան պատերազմում զոհվածների համար հուշարձան կկառուցենք, որովհետև քաղաքում չկա: Լույսեր կքաշենք ծայրամասային փողոցներում, զբոսայգիները կկանաչապատենք: Ինչո՞ւ միայն զբոսայգիները, ամբողջ քաղաքն ունի կանաչապատման կարիք: Բացի այդ, բոլոր քաղաքացիների դիմումներին, բողոքներին ու առաջարկներին արձագանք կտանք, լուծումներ կգտնենք…

Ոգևորված երկար թվարկում էր, նույնիսկ իր վրա էր վերցնում այնպիսի գործեր, որոնք քաղաքապետի պարտականությունների մեջ չէր մտնում:

-Երևի այդ ժամանակ ես էլ մի քիչ փող կունենամ,- կատակի տալով խոսեց նա,- Բայց բացի քեզնից էլ ո՞վ պիտի ընտրի ինձ: Ես ոչ մի բնագավառից տարրական գիտելիքներ չունեմ, իմը միայն երազանքներն են: Նույնիսկ գրական ու ճիշտ խոսելն է ինձ համար դժվար:

-Մի՞թե,- ասացի ես ու միացրեցի ձայնագրությունը:

-Այս բոլորը ե՞ս եմ ասել,- զարմացած ու պսպղուն աչքերով նայեց ինձ:

Ընկղմվելով ցանկությունների հորձանքի մեջ` նա նույնիսկ չէր լսել` ինչ է ասում:

Երանի նպատակասլացությունը հաղթի երազկոտությանը, և ամեն մի երազող, կոտրելով իր դեմ ծառացած պատնեշները, ի վերջո հասնի իր անհաս թվացող նպատակին: