anahit gasparyan charencavan

Ասպետական «հանգիստ»

Կյանքում ոչինչ պատահական չի լինում: Միգուցե: Եվ միգուցե այդ պատճառով ես ընդգրկվեցի «Հայ ասպետ» հեռուստանախագծում Չարենցավանի ավագ դպրոցը ներկայացնող թիմում: Այս խաղի շնորհիվ ես ձեռք բերեցի չորս հրաշալի ընկերներ, որոնք իրենց մարդ տեսակի համար իրապես արժանի են «ասպետ» կոչվելուն: Չգիտեմ, միասնական նպատակը, թե միանման հետաքրքրություններն այդպես մտերմացրին մեզ: Մեր կարծիքները միայն բախվում են Բարսելոնա-Ռեալ Մադրիդ ֆուտբոլային հակամարտության ժամանակ, դե, դա էլ բնական է:

Երկու ամիս անդադար աշխատանքի շնորհիվ՝ մենք անցանք հաջորդ՝ կիսաեզրափակիչ փուլ, և հունիսին ստացանք այն նյութերը, որոնք պետք էր վարժ սերտել այդ փուլի համար:

Այժմ, երբ մեր հասակակիցները մեկնում են տարբեր երկրներ՝ իրենց հանգիստը անցկացնելու, կամ հայրենի գյուղ՝ մի փոքր լիցքաթափվելու ու նոր դպրոցական տարվան նախապատրաստվելու, մենք պատրաստվում ենք հաջորդ փուլին, որը պահանջում է ավելի շատ աշխատանք, կամք, հիշողություն, համբերություն, կենտրոնացում, քան նախորդ անգամ:

Եվ մի անգամ մենք հասկացանք, որ մեր առօրյան դարձել է միապաղաղ: Երբ սեպտեմբերին դասընկերները մեզ հարցնեն, թե ինչպես ենք անցկացրել ամառային արձակուրդները, հո չե՞նք ասելու՝ միայն սովորելով: Պետք է օգտվել ընձեռված ժամանակից և հետաքրքիր դարձնել մեր առօրյան:

-Ա՛ն, բայց ինչպե՞ս,- ասաց մեր խմբի մասնակիցներից մեկը՝ Միլենան, ում մենք անվանում ենք Ամենաբարձր՝ իր բարձր հասակի և բարձր ինտելեկտի համար: Նա ամենալավ ու ամենախելացի մարդկանցից մեկն է, ում հանդիպել եմ ամբողջ կյանքիս ընթացում, իսկ նրա պոզիտիվ էությունը այնքան վարակիչ է, որ կարծես մի մեծ ամառային արև լինի:

-Եկեք ամեն օր մի ֆիլմ դիտենք ու քննարկենք,- առաջարկեցի ես:

Քանի որ ես թիմի ավագն եմ և պետք է սովորեի մոտ հինգ հարյուր շրջասույթ և թևավոր խոսք, ինձ թիմակիցներս տվել են Ամենացիցերոն անվանումը՝ այդքան փիլիսոփայելու պատճառով:

Այս նախաձեռնությունը պսակվեց հաջողությամբ: Առաջարկում էինք ֆիլմ, դիտում այն, ուսումնասիրում ֆիլմի ռեժիսորական ու դերասանական կազմը, վերջում գնահատում: Մի ամբողջ գրաֆիկ էինք կազմել ու դասակարգել ֆիլմերը՝ ամենալավից մինչև ամենավատը: Սակայն որոշ ժամանակ հետո հասկացանք, որ պետք է խնայել աչքերը: Հուլիսից ամեն օր գնում ենք դպրոց և սովորում ու սովորում, այն էլ այս ամռան տապին: Ֆիլմեր քննարկելու դադարից հետո մենք հասկացանք, որ մեզ կրկին պետք է ինչ-որ փոփոխություն ձանձրույթից չխենթանալու համար:

-Եկեք վաղը՝ պարապելուց հետո, ինչ-որ խաղ խաղանք,- ասաց Նվերը՝ մեր հինգից ամենափոքր մասնակիցը: Նրան անվանել ենք Ամենապատմագետ, քանի որ շատ հստակ և խորը գիտելիքներ ունի հայոց և համաշխարհային պատմությունից:

-Բայց ի՞նչ,- ասաց Մարիանան՝ մեր համեստ աղջիկը, որը կարողացավ կարճ ժամակահատվածում սովորել Գարեգին Նժդեհի ազգային գաղափարախոսությունը: Հավատացեք, դա այդքան էլ դյուրին գործ չէ: Այդ պատճառով մեր յուրօրինակ անուններից մեկն էլ Ամենանժդեհն էր, որը ստացավ մեր Մարիանան:

-Եթե համաձայն եք, ես «Ամենախելացի» կկազմեմ՝ երեսունվեց հետաքրքիր հարց, մտքի զիգ-զագ, առարկայական հարցեր րոպեում, վերջում էլ՝ տրամաբանական հարցեր,- ասաց Հովսեփը:

Նա շատ անկեղծ մարդ է, շիտակ ու ամեն ինչ սրտին մոտ է ընդունում: Նրան էլ անվանեցինք Ամենահույզ: Նրա գաղափարը հիանալի էր: Հաջորդ օրը, հոգնած երկու-երեք ժամ մեծածավալ ինֆորմացիա կլանելուց, մենք սկսեցինք խաղը: Իրոք հետաքրքիր էր: Հաղթեց Միլենան՝ մեր Ամենաբարձրը:

Այդպես մեր առօրյան մինչև հիմա լի է տարբեր զարգացնող ու ժամանցային խաղերով, ինչպես օրինակ՝ «Ամենախելացին», «Հայ-Q», «3 Օֆֆ», «Գուշակիր մեղեդին», «Արդյոք ո՞վքեր են» և այլն: Դրանց միջոցով ես հասկացա, որ մենք ենք մեր օրվա տերը: Ձանձրույթը փոխարինելու համար այնքա՜ն նպաստավոր տարբերակներ կան, միայն ցանկություն է պետք: Եվ անպայման չէ միջավայրը փոփոխել կամ մեկնել երկրից, որպեսզի ունենաս հետաքրքիր արձակուրդ: Միայն պետք է ունենալ ասպետ ընկերներ՝ ասպետական հանգստի համար: