«Աստղերն իմ նկարներում գիշերային արևներ են»

«Աստղերն ինձ համար փոքր արևներ են՝ գիշերային արևներ կապույտ երկնքում»,-ասում է Վան Գոգի «Աստղային գիշեր» կտավով ոգեշնչված 16-ամյա նկարչուհի Անուշիկ Ներսիսյանը։ Անուշիկի կյանքում ոչ միայն աստղային գիշերներն են շատ, այլև աստղային ժամերը։ Հիմա էլ, եթե այցելենք նրանց տան հարևանությամբ գտնվող խարխլված շենքը, որտեղ մանկության տարիներին հաճախ է խաղացել, պատերի վրա կգտնենք տարիներ առաջ կավիճով նկարած ու ժամանակի ընթացքում խունացած պատկերներ՝ ամպեր, աստղեր, ծառեր…

-Դեռևս շատ վաղ տարիքից սիրել է նկարչությունը,- պատմում է Անուշիկի մայրը,- խնդրում էր իր համար նկարազարդ ալբոմներ գնել, որ գունավորեր։ Բայց արդեն, երբ ինքն է նկարում, մարդկանց ցույց տալ չի սիրում, այլ պահում է իր դարակի խորքում։
Չնայած ծնողները իրենց դստերը պատկերացնում էին որպես ապագա լեզվաբան, նա ընտրում է այլ՝ ավելի հոգեհարազատ ուղի, ու 11 տարեկան հասակում ընդունվում է Գավառի ուսուցողական կենտրոնի նկարչության բաժինը։ Մայրենիից բացի տիրապետում է ևս երեք լեզվի՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
- Անուշիկը մեր լավագույն սաներից է,-ասում է նրա նկարչության ուսուցչուհի Շուշան Աչիկյանը,- ունի ստեղծագործական մեծ տաղանդ ու յուրօրինակ մտածողություն, որը, կարծում եմ, բխում է նրա ընթերցասիրությունից։ Չի սիրում մրցույթներ, բայց այն մրցույթներին, որոնց մասնակցում է, զբաղեցնում է մրցանակային տեղեր։ Դրանց շարքում են «Էտյուդ» նկարչության, ասմունքի ու թատերական արվեստի հանրապետակսն մրցույթ-փառատոնը, Երևանի պատկերասրահի կողմից հայտարարված Եղեռնի 100-ամյակին նվիրված մրցույթը և այլն։
Նկարչին հատուկ ուշադրությամբ ներկեր ավելացնելով կտավի վրա՝ Անուշիկը պատմում է.
-Նկարչությունն ինձ տալիս է հոգևոր ներդաշնակություն, հանգստություն, հնարավորություն մենանալու սեփական աշխարհում։ Նկարելիս անպայման երաժշտություն եմ միացնում, քանի որ այն օգնում է կենտրոնանալ։ Ամենաշատը սիրում եմ պատկերել բնանկարներ ու կանաչ աչքեր։ Հատկապես կանաչ, որովհետև այդ երանգն ունեցող աչքերում ևս կարելի է տեսնել մայր բնությունը ու աշխարհն իր ողջ հմայքով։ Կտավներս հիմնականում մուգ գույներ ունեն։ Առաջին հայացքից թվում է, որ մռայլ են, բայց եթե ավելի լավ ծանոթանաք իմ ոճին, կնկատեք, որ իմ գործերին հաղորդում եմ այնպիսի թեմատիկա, որ արտացոլում է պահի տրամադրությունը ու տալիս նկարին ռեալիստական երանգներ։
Անուշիկը կարծում է, որ նկարիչը պետք է ունենա հանգիստ, համբերատար բնավորություն ու փորձի դեմ չգնալ հասարակական կարծիքին, քանի որ դիտորդի դերը հասարակությանն է։ Բայց պետք է նաև հիշել, որ անհրաժեշտ է պահպանել սեփական ինքնուրույնությունը քո իսկ ստեղծած ոճում։ 

Ինչպես յուրաքանչյուր նկարչի համար, Անուշիկի համար ևս իր կտավներից յուրաքանչյուրը նույնքան սիրելի է, որքան մոր համար իր զավակները։ Ինչպես մայրն է դաստիարակում իր զավակներին, այնպես էլ նկարիչն իր ստեղծած կտավի միջոցով կրթում է դիտորդին։

Ի դեպ, Անուշիկի կրթության վերաբերյալ. նպատակները չեն սահմանափակվում նկարչությամբ, դպրոցն ավարտելուն պես պետք է ընդունվի համալսարան ու միջազգային հարաբերություններ բաժնում դիվանագիտություն ուսումնասիրի։ Նա ցանկանում է դառնալ առաջնորդի հմտություններով օժտված, մարդկանց հասկանալու կարողությունը զարգացրած դիվանագետ-նկարչուհի, ունենալ սեփական արվեստանոցը, կերտել իր սեփական «աստղային գիշերները»։

Դե ինչ, կապրենք՝ կտեսնենք: