diana karapetyan

Աստղիկ տատիկի հետ

Աստղիկ տատիկի հետ «Դուռակ» ենք խաղում: Ճիշտ է, նա իմ հարազատ տատիկը չի, այլ հարևանուհուս մայրն է, բայց նա ընդունում է ինձ որպես իր թոռնիկ: Միշտ ինձ հեքիաթներ է պատմում, և ես միշտ սիրով լսում եմ նրա հեքիաթները: Նա մեր գյուղ է եկել Արտաշատից: Սիրում եմ նրա բարբառը:

-Հըլը բաժնի էդ կառտերը, խաղանք,- ես արագ-արագ խառնեցի ու բաժանեցի:
-Քանի՞ հադ պըտի տաս, չո՞րս:
-Չէ՛, վեց:
-Լա՛վ, բաժնի:
-Ըհը, «Կոզրը» «Քյափն» ա՝ քյարփինջը:
-Հմի ես իկյաս ե՞մ:
-Չէ, վեցը իմ մոտն ա, ես եմ գալի:
-Արի, դե:
Ես նայեցի խաղաքարտերիս ու սեղանին դրեցի երկու հատ ութ: Մեկը «ղառի» ութն էր, մյուսը՝ սրտի: Աստղիկ տատին մատը պարզեց դեպի իր խաղաքարերը, երկու անգամ խաղաքարերի վրայով այս կողմ, այն կողմ տանելուց հետո հարցրեց.
-Էդ հընչի՞ ես երգու հադ էգե, հընչի ըտենց կարելի ա՞:
-Հա, Աստղի՛կ տատի, կարելի ա:
-Լավ, դը ան քեզի մի ադ ինը, մի հադ էլ յոթ:
-Հա, բայց սրանք չեն ծածկում է:
-Հընչի՞ չեն ծածկում, հը՞ն:
-Յոթը, եթե «կոզր» չի, չի կարա ծածկի, ինն էլ՝ էդ մասթից չի:
-Հա՜, լավ, աղջի՛կ ջան, լա՛վ, գիդես խաղալ չգիտե՞մ, ա՛ն քեզ՝ երգու հադ տաս, եղա՞վ:
-Եղավ, ես էլ չունեմ, դե «բիտա»:
-Սպասի՛, ես ունեմ, ես տաս ունեմ:
-Է՜, դու չես կարա գաս, իմ հերթն ա:
-Հընչի՞: Հա, լա՛վ «բիտա», ինձ երկու հատ քար տու դե:
Ես այդ խաղաքարերը դրեցի մի կողմ և չխաղացած խաղաքարերից երկուսը վերցրեցի ինձ և երկու հատ տվեցի Աստղիկ տատիկին: Նա վերցրեց խաղաքարերը և շփոթված հայացքով նայեց իմ տված խաղաքարերին:
-Վայ քու տերը խընդա, էս ի՞նչ եգավ ինձ, հընչի՞ նորմալ քար չեկավ,- ինքն իրեն խոսում էր,- հմի ես իկյաս ե՞մ:
-Հա՛, հիմա դու արի:
-Ա՛ն, դը քեզի երգու քար,- այդ ասելուն պես, սեղանին դրեց երկու խաղաքար` մեկը «խաչի» ութ, մյուսը՝ «խաչի» տասը:
-Աստղի՛կ տատի, սխալ ես էկե, ըտենց խաղ չկա:
-Էդ քու հմար կա, իմ հմար չէ՞, բը դու ո՞նց էն վախտ ինձի էրգու քար տվիր:
-Ես էն վախտ երկու քար տվեցի հա՛, բայց երկուսն էլ ութ էր, ուղղակի տարբեր մասթերի, իսկ դու ինձ երկու նույն մասթի քար ես տվել, մեկը պիտի քաշես:
-Վայ քու տերը խընդա, լավ՝ ըհը,- ասելուն պես, տասը հետ քաշեց:
Ու թարսի պես, ինձ մոտ ութին ծածկելու համար մի հատ տասը կար, ու ես ծիծաղս հազիվ զսպելով, տասով ծածկեցի:
-Հընչի՞ կխնդաս, աղջիկ ջան, բը էն վախտ, որ էդ տասը տալիս էի, մի բան գիդի չէ՞,- ծիծաղելով ասաց ու նորից հետ բերեց այդ «խաչի» տասը:
Խաղը նորմալ ընթանում էր. ես գցում էի` Աստղիկ տատիկն էր ծածկում, ինքն էր գցում՝ ես էի ծածկում: Արդեն սեղանին մնացել էր երկու չխաղացած խաղաքար:
-Վա՜յ, վա՜յ, վայ, ջա՜ն, վայ, վայ,- քթի տակ երգում էր նա,- հըմի ես էլի իկյաս ե՞մ:
-Չէ՛, ես եմ գալիս,- ասացի ես ու, նայելով խաղաքարերիս, ժպտացի, քանի որ իմ ձեռքում լավ խաղաքարեր էին:
-Արի՛ դը:
Ես սեղանին դրեցի երկու «վալետ», որոնցից մեկը «կոզրի վալետն» էր:
-Հըլը տեսնա՞ս ես, որ էլի երկու հատ իկյաս է:
Ես ժպտացի: Նա նայում էր մե՛կ սեղանին և մե՛կ իր քարերին, ու հայացքը խառնվում էր իրար:
-Ա՛ն, ըսրան «կոզրի կառոլ», ըսրան էլ՝ «կոզրի յոթ», հլը տես է, սաղ «կոզրերս» տանես, բը ես ի՞նչ անեմ առանց «կոզր», հը՞ն, «բիտա՞»:
-Չէ՛, իմ մոտ «Կառոլ» կա,- ժպտալով ասացի ես ու դեպի Աստղիկ տատին պարզեցի սրտի «կառոլը»: Նրա դեմքը այլայլվեց:
-Հըմի ես ի՞նչ անես եմ, հը՞ն, քաշեմ ծածկե՞մ, ծածկեմ քաշե՞մ,-ինքն իրեն սկսեց խոսել:
-Դե, եթե չունես, պիտի քաշես:
-Հո ես գի՞ժ չեմ, որ քաշեմ:
-Դե, «կոզրով» ծածկի:
-Հո ես գի՞ժ չեմ, որ «կոզրերս» տամ:
-Բա ի՞նչ պիտի անենք:
-Լա՛վ, ան էս «կոզրն» էլ տամ, վա՜յ:
-Բիտա:
Ես քաշեցի սեղանի երկու քարերը, քանի որ Աստղիկ տատի ձեռքին դեռ վեց հատ էլ կար:
-Վայ քու տերը խնդա, հըլը նայի, որ սաղ «Կոզրերը» քաշես է, հմի ես իկյա՞ս եմ:
-Ահա՛,- ասացի ես:
Խաղը էլի իր հունի մեջ ընկավ, ու ես հաղթեցի:
-Նայ, որ հաղթես է ընձի, հլը նորից բաժնի, խաղանք:
Ու ես նորից բաժանեցի խաղաքարերը: Մենք չնկատեցինք, թե ինչպես ժամանակն անցավ, մենք երկու ժամ խաղում էինք: Ես դեռ ուզում էի շարունակել խաղալ, բայց նաև ուզում էի քնել, քանի որ մյուս օրը դասի էի:
-Էդ քունդ տանես է՞, կուզե՞ս հեքիաթ պատմեմ, լսես:
-Ահա՛,- ես մի կողմ դրեցի խաղաքարերը և, տեղավորվելով Աստղիկ տատի կողքին, սկսեցի լսել նրա հեքիաթը: Այն շատ երկար էր, բայց, միաժամանակ, շատ հետաքրքիր…