diana hovsepyan

Բարևն Աստծունն է

-Պապ, դու բոլոր մարդկանց ճանաչո՞ւմ ես։

-Չէ, բալես։

-Բա ինչի՞ ես բոլորին բարև տալիս։

-Որովհետև բարևն Աստծունն է։

Տասը տարի է անցել իմ ու պապիս խոսակցությունից, բայց այսօրվա պես հիշում եմ։ Հիմա ես էլ պապիս պես բոլորին բարևում եմ։ Ամենից շատ տատիկներին բարևելն եմ սիրում։ Նրանց ասած բարևը մի տեսակ յուրահատուկ քաղցրությամբ է պատված։ Ամեն մեկը մի հատուկ բառ է ավելացնում բարևին. «աստծու բարև», «հազար բարև», «բարև, կարմիր արև», «լույսդ բարի»:

Երբեմն տատիկների հիշողությունը իրենց դավաճանում է, կամ էլ ես եմ շուտ-շուտ փոխվում։ Հիշում եմ, մի օր բարևեցի մեր թաղի տատիկներից մեկին: Նա երևի չճանաչեց ինձ ու ասաց.

-Աստծու բարև, բալես, դու վի՞ր թոռն ես:

-Վարդգեսի, տատի ջան։

-Գյա՞, Վարդգեսի թո՞ռն ես։

-Հա, տատ ջան։

-Վայ, ես քու արևուդ մեռնիմ, էս ոնց ես մեծացել,  ճանչցա…

Վերջում ասեմ, որ հին ժամանակներում Միջին Արևելքում մի ավանդույթ կար, ըստ որի, մարդիկ պարտավոր էին բարևել մեկը մյուսին, եթե անգամ նրանք անծանոթներ էին, կամ ավելի վատ՝ թշնամիներ։

Մենք էլ բարևենք: