mariam tonoyan

Արի հաշտվենք

Բարև, Մեկ շաբաթից ավելի է, ինչ նեղացած ես ինձնից, ու չգիտեմ՝ ինչու, այս անգամ հպարտությունս կողպել է լեզուս ու չի թողնում, որ ասեմ՝ արի հաշտվենք: Գուցե այն պատճառով, որ քո նեղանալու պատճառի մեջ իմ մեղքը չեմ գտնում, բայց, անկեղծ ասած, նեղացած մնալ չեմ սիրում: «Մի վարդ կար, որը երևի ինձ ընտելացրել էր…»: Այո՛, մեծ ընկեր, իրականում դու մեկն ես այն հազար-հազարներից, ում կարծիքն ու ներկայությունն իմ զրույցներում ու որոշումներում դարձել է անհրաժեշտ, կամ այլ կերպ ասած՝ ես ընտելացել եմ քեզ: Մենք էլ շատերի նման կարող ենք թողնել ու գնալ, կարծես թե երբեք էլ չենք ճանաչել միմյանց, բայց չէ՞ որ ընկերությունը ժամանակավոր չի լինում և մի՞թե «ընկեր» բառը լոկ արտասանելու ու մեկին մյուսից առանձնացնելու համար է ստեղծված: Ոչ, անկասկած ոչ: Իսկ դու մեկն ես այն հետաքրքիր մարդկանցից, ում մասին արժե մի առանձին հոդված գրել: Եթե կարդում ես նամակս (իսկ ես համոզված եմ, որ կարդում ես), թույլ տուր խոստովանել, որ զգում եմ բացակայությունդ իմ առօրյայում, երբ ամեն անգամ մի նոր գաղափարով լցված կամ հետաքրքիր ասույթ կարդալով՝ ուզում եմ կիսվել մեկի հետ, երբ հոդված գրելուց հետո մեկի կարծիքն եմ ուզում լսել, երբ բողոքելու ու գանգատվելու համար թղթից ու գրչից բացի՝ լսող մեկի կարիքն եմ ունենում: Գիտեմ, դու շատ խռովկան ես, ու քեզ հետ պետք է զգույշ վարվել (ախր, նման ես փոքրիկ երեխայի, ում կարծիքի հետ միշտ պետք է հաշվի նստել, այլապես կնեղանա), իսկ արդարացման համար ճիշտ բառեր գտնելը միշտ այնքա՜ն դժվար է: Մի խոսքով, հանձնվում եմ: Արի՝ հաշտվենք: