Արմաղան

Լուսանկարը` Դավիթ Մանուշյանի

Լուսանկարը` Դավիթ Մանուշյանի

Արմաղան լեռը գտնվում է Գեղամա լեռների և Վարդենիսի լեռնաշղթայի միջև՝ Մադինա գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք: Լեռան բարձրությունը 2829 մ է, իսկ հարաբերական բարձրությունը՝ 400մ: Այն գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որը մասամբ լցված է ջրով: Լճակի տրամագիծը 50 մ է, խորությունը՝ 1.5 մ: Լճակը լցվում է անձրևաջրերի հաշվին: Այն ծառայում է որպես ջրլող թռչունների հանգստավայր:

2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, վերինգետաշենցի գործարար Ռադիկ Մխիթարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ կառուցվել է Սբ. Հարություն եկեղեցին: Այն 12 մ բարձրությամբ, սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եռանավ բազիլիկ եկեղեցի է, որի ճարտարապետն է Գավառ քաղաքի բնակիչ Ռաֆիկ Հերգնյանը: Եկեղեցին օծվել է 2009 թ. հուլիսի 18-ին՝ Վարդավառի տոնի նախօրեին՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի: 2009 թ. -ին լճակի կողքին կառուցվել է նաև սեղանատուն, որտեղ այցելուները կարողանում են հացկերույթ կազմակերպել:

Լուսանկարը` Դավիթ Մանուշյանի

Լուսանկարը` Դավիթ Մանուշյանի

Արմաղանի տեղանքի հետ կապված կան տարբեր ավանդապատումներ: Դրանցից մեկի համաձայն՝ Արմաղանի գագաթը երբեմն-երբեմն պատվում է մառախուղով, որպեսզի փերիներն իջնեն ջուր խմելու ու մարդկանց համար անտեսանելի մնան:

Սակայն ամենահայտնի ավանդապատումը մի հրեա տղայի՝ Աբդլմսեհի մասին է, որն ընկերանալով տեղացի հովիվների ու իր հասակակիցների հետ՝ ցանկացել է դառնալ քրիստոնյա: Նա կնքվել է լեռան գագաթին գտնվող լճակում և ընդունել քրիստոնեություն: Իմանալով դրա մասին՝ Աբդլմսեհի հայրը հենց նույն լճի ափին թրատել է որդուն: Ավանդապատումը գրի է առել Մեսրոպ արք. Սմբատյանցը՝ «Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքում:

Ավանդության համաձայն՝ Աբդլմսեհի նահատակության վայրում կատարվել են բազմաթիվ հրաշքներ: Մի անգամ առևտրականների քարավանը, կանգ առնելով լճի մոտ, տեսնում է մի անսովոր լույս, որը ճառագել է Աբդլմսեհի գերեզմանից: Վաճառականներից մեկի չբեր կինը այս այցելելությունից հետո հղիանում է և արու զավակ է ունենում: Ապա տեսիլք է ունենում, որ տղային պետք է անվանել Աբդլմսեհ: Ասում են, որ այստեղ է բուժվել նաև նահատակված Աբդլմսեհի հայրը, որը հոգեկան խանգարում էր ստացել որդու մահից հետո:

Ականատեսների վկայությամբ՝ 2009 թ. նորակառույց եկեղեցու խաչի տեղադրման ժամանակ եկեղեցու վերևում մի լուսեղեն գունդ է շարժվել, որից կարելի է եզրակացնել, որ տեղանքի հրաշագործ զորությունը մնայուն է:

Լեռան գեղեցիկ շրջակայքը, գագաթի լճակը և տեղանքի հետ կապված խորհրդավոր պատմություններն այն դարձնում են Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը և հրապուրում են բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնց թիվը տարեցտարի աճում է:

Շատերն Արմաղանը բարձրանում են ավտոմեքենայով: Սակայն վերջին շրջանում գերիշխող են դարձել երիտասարդական քայլարշավները: Իսկ Մարտունիում գործող «Ասպ» ձիավարության ակումբը ցանկացողներին օգնում է Արմաղանը բարձրանալ ձիերով: