Ափսոսում եմ, որ այլևս փոքր չեմ…

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Ասում ենք` մանկություն, ու մի խաղ, մի խաղալիք, մի ինչ-որ բան հիշում, ընկնում ենք հիշողությունների գիրկը: Իսկ իմ մանկությունը մի նկարագիր ունի… Մանկությունս մեր «Չիտչոնց» ուրթ սարում է անցել: 2003 թվականն էր, երբ առաջին անգամ գնացի սար: Այդ ժամանակ դեռ տատիկս ողջ էր: Սարում մնում էի տատիկիս և հորեղբորս աղջիկների հետ: Այդ տարիներից ավելի քան տասը տարի է անցել: Գրեթե ոչինչ չեմ հիշում, միայն հիշում եմ, որ կարոտում էի մայրիկիս, շատ էի կարոտում: Իսկ սարում միշտ չէ, որ մեքենա էր լինում: Այնպես որ, ես չէի կարող ցանկացածս պահին գյուղ գալ: Չնայած այդ ամենին, շատ էի սիրում սարը, բնությունը, ամեն ինչը: Հիմա էլ շատ եմ սիրում, քանի որ այնտեղ ամեն ինչ ուրիշ է, այնտեղ չկան սոցիալական ցանցեր կոչվածները, այնտեղ չեն մտածում վերնագրերի հաշվին լայքեր հավաքելու մասին: Փոխարենը՝ այնտեղ կա մաքուր բնություն, կան պարզ ու բարի մարդիկ: Տատիկիս հետ սար գնացի ընդամենը երեք տարի: Նրա մահից հետո սար էի գնում հորեղբորս ու նրա կնոջ հետ:

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Տարեցտարի սկսեցի ավելի քիչ մնալ սարում, երևի տարիքից կամ էլ նրանից, որ գյուղում հետզհետե հետաքրքրությունն ավելի մեծացավ: Բայց էլի ամեն տարի գնում էի սար, ամառային արձակուրդներիս մի մասն անց կացնում բնության գրկում: Երկու տարի է, ինչ մի քանի օրից ավել սարում մնալն ինձ համար ահավոր է դարձել: Երբեք ոչ ոքի չեմ ասել, բայց խոստովանում եմ՝ հորեղբորս մահից հետո սարում երկար մնալն ինձ համար անտանելի է: Անտանելին մեղմ է ասված: Տան պատերը կարծես ճնշում են ինձ, առանց հորեղբորս ձայնի, անգամ առանց նրա գոռգոռոցի ու կռվի տխուր է, շատ տխուր: Լա՜վ, չեմ ուզում ձեզ էլ տխրեցնել: Նախընտրում եմ լավ բաներից պատմել…

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Սարում եղած տարիներից ինչքա՜ն լավ հուշեր են մնացել: Մեր, այսպես ասած, ազատ ու անկախ օրերը մնացին հենց այդ հուշերում: Դպրոցի դասերն ավարտելուց հետո հայրս մեզ սար էր տանում, ամբողջ օրը խաղում էինք, վազվզում: Վախ չկար, որ օձը կկծի, կամ էլ կընկնենք մեքենայի տակ: Սարում ոչ օձ կար, ոչ էլ մեքենա: Մենք էինք, մեր սարերը: Համ էլ, այն ժամանակ մի քիչ ուրիշ էր. սար գնացողները շատ էին, երեխաները շատ էին, ուրախ էր, անհոգ: Ի՜նչ օրեր էին…
Իսկական հեքիաթ էր Վարդավառը: Ի՜նչ անհամբերությամբ էինք սպասում գյուղից եկողներին: Ուրթի երեխաներով հավաքվում էինք, ջրով լի դույլերն ու շշերը վերցնում ու կանգնում ճանապարհի եզրին: Ամբողջ ջուրը լցնում էինք եկող-գնացող մեքենաների վրա: Մեզ համար իսկական բախտավորություն էր բաց պատուհանով մեքենա տեսնելը: Բայց մի անգամ այդ բախտավորությանը հաջորդեց ճիշտ հակառակը՝ մեքենայի վրա ջուր լցնելուն հաջորդեց լոլիկի դիպուկ հարվածը անմիջապես երեխաներից մեկի դեմքին: Ու այստեղ մեր զրնգուն ծիծաղը… Այդ ամենը շարունակվում էր մինչ երեկո: Իսկ երեկոյան մեր իսկ հավաքած փայտով դոռոնջ (խարույկ) անելու ժամանակն էր: Հիմա էլ կա այս ավանդույթը: Բայց որոշ բաներ փոխվել են, որոշներն էլ՝ վերացել:

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Իմ մանկության նկարագիրը լավագույններից մեկն է: Լավագույններից մեկը կարող եմ համարել թերևս միայն նրա համար, որ չկար մեր օրերի համակարգիչների, պլանշետների ու հեռախոսների օր-օրի թարմացվող տեսականին: Հա՜, լավ եմ հիշում, անգամ հեռախոս չկար: Հիշում եմ, ինչքա՜ն էի ուրախանում, երբ գյուղ գնացող մեքենա էր լինում: Մորս համար ծաղիկներ էի հավաքում: Դե, նամակն էլ անպակաս էր, վերցնում էի թուղթն ու գրիչը, սկսում գրել. «Բարևներ սարվորներից, ո՞նց եք, եղանակը ո՞նց ա…»: Հարցուփորձ էի անում ամենքից, ամեն ինչից, իսկ վերջում՝ պարտադիր ինչ-որ բան էի ուզում գյուղից: Քաղցրավենիք, խաղալիք, ինչ-որ այդ պահին մտքիս գար: Իսկ հիմա հարցրեք սար գնացող երեխաներին, եթե իհարկե, գտնեք: Նրանցից քանի՞սն են նամակ գրում ու օրերով սպասում, թե երբ մեքենա կգա գյուղից ու կբերի նամակի պատասխանը` քաղցրավենիքով լի տուփի հետ: Իհարկե, ոչ ոք: Հիմա ամեն ինչ ուրիշ է: Հիմա թուղթ ու գրչին փոխարինում է հեռախոսը: Հիմա մի քանի տարի առաջվա նման օրերով գյուղից մի լուրի չեն սպասում, հիմա դա ընդամենը րոպեներ, անգամ վայրկյաններ է տևում:

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Մի բան, սակայն նույնն է մնացել: «Ջլի ավտոն»: Երեխաներն այժմ էլ, այդ մեքենային սրտի թրթիռով են սպասում` անգիր իմանալով նրանց գալու օրերը, անգամ ժամերն ու րոպեները: «Ջլի ավտոն» այն մեքենան է, որ գալիս է սար` ջիլը պաղպաղակի, քաղցրավենիքի, հագուստի և այլ բաների հետ փոխանակելու համար:

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Լուսանկարը՝ Սերինե Հարությունյանի

Սարում անցկացրած ուրախ օրերից տարիներ են անցել, փոխվել են մարդիկ, փոխվել է ամեն ինչ: Բայց ինչ-որ տեղ չավարտված խաղերի, թե մի այլ թանկագին բանի համար ափսոսում եմ, որ այլևս փոքր չեմ…