մարիամ եղոյան

Բակային խաղեր

-Մարիա՛մ, տո՛ւն արի, հերիք է խաղաս:
-Մա՛մ, դեռ չի մթնել, մի քիչ էլ խաղամ, նոր տուն կգամ:

Կամ.
-Մարիա՛մ, արի հա՛ց կեր, հետո էլի կխաղաս:
-Մա՛մ, սպասիր Նարինեին էլ գտնենք, նոր կգամ:

Մանկությանս տարիներին իմ և մայրիկիս միջև հաճախ էին այսպիսի կարճ խոսակցություններ լինում: Ամեն անգամ մի նոր պատճառ գտնելով՝ ես խուսափում էի տուն գնալուց: Միայն մութը կարող էր ինձ և բակի մյուս երեխաներին ստիպել տուն գնալ: Իսկ տուն մտնելուց հետո էլ նստում ու մտածում էի, թե ինչ սխալ քայլ եմ արել այդ օրվա բակային խաղերում, որ էլ այդպես չխաղամ, որ կատարելագործվեմ: Եվ այսպես, բակային խաղերից դեռ չկտրված՝ նորից մտածում էի դրանց մասին:

Թեև դեռ այնքան էլ մեծ չեմ, բայց արդեն կարոտում եմ բակային խաղերը: Հատկապես, երբ տեսնում եմ, որ այսօր արդեն շատ քիչ փոքրիկներ են բակում խաղում: Մեր բակն այդ առումով կարծես դատարկվում է: Եվ զարմանում եմ, թե փոքրիկները որտեղ և ինչպես են ծախսում իրենց մեջ կուտակված էներգիան: Օրերն ամռանը երկարում են, տաքանում, բայց բակում այդպես էլ փոքրիկներ չեն երևում: Երբ ինձ հարցնում էին, թե ինչ նվեր կուզենայի ստանալ ծննդյանս օրվա կապակցությամբ, անմիջապես պատասխանում էի՝ գնդակ, պարան, օղակ, տիկնիկ: Ու չէի հոգնում միշտ նույնը խնդրելուց, որովհետև անընդհատ դրանց նորերն էի ուզում:
Իսկ հիմա, երբ յուրաքանչյուր փոքրիկի հարցնում ես, թե ինչ կցանկանար ունենալ, պատասխանում է՝ փող, Iphone, մեքենա, համակարգիչ: Նրանք չունեն մանկական այլ հետաքրքրություններ:
Կարծում եք անհնա՞ր է պատկերացնել կյանքն առանց համակարգչի, հեռախոսի ու ինտերնետի: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել: Բայց այսօր դեռ կան այնպիսի երեխաներ, որոնք գիտեն, թե ինչ է իսկական մանկությունը: Երբ նայում եմ այսօրվա երեխաներին, որոնցից շատերն իրենց օրն անցկացնում են համակարգչի առջև նստած և նրանում եղած զանազան խաղերով տարված, աչքիս առաջ են գալիս այն պահերը, երբ չէի ուզում բակից տուն գալ, երբ անվերջ խաղում էի ու խաղում: Այսօր բակային խաղերին փոխարինելու են եկել վիրտուալ խաղերը, սակայն, իմ կարծիքով դա ամենևին էլ համարժեք փոխարինում չէ: Իհարկե, ես միանգամայն դեմ չեմ համակարգչային խաղերին: Կան խաղեր, որոնք զարգացնում են տրամաբանությունը, բայց ժամանակակից երեխաները քիչ-քիչ կտրվում են բակային խաղերից, ինչը կարող է վատ անդրադառնալ ապագա սերնդի առողջության վրա: Նրանք այժմ չեն գիտակցում, բայց հետո կհասկանան, որ բաց են թողել մանկության ամենակարևոր էջերից մեկը:
Իսկ Չարլզ Չապլինն ասել է. «Նա, ով երբեք երեխա չի եղել, երբեք հասուն մարդ չի դառնա»: