Բոլոր ճանապարհները չեն, որ դեպի Հռոմ են տանում

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Քննությունները բարեհաջող ավարտելուց հետո գնացինք էքսկուրսիայի։ Դե, գրեթե բոլորն էլ ամեն տարվա վերջում գնում են, ի՞նչ արտասովոր բան կա դրա մեջ, չէ՞։ Բայց գիտե՞ք, մի ուրիշ զգացողություն է, երբ վերջին անգամ ես դասարանիդ հետ էքսկուրսիայի գնում (դե, 9-րդ դասարանն ավարտելուց հետո շատերը տեղափոխվում են ուրիշ դպրոցներ, շատերն էլ քո հոսքից չեն լինի)։ Համոզված էի, որ այս մեկը նման չի լինի անցած 9 տարիների ձանձրալի ու միանման էքսկուրսիաներին. հույսերս արդարացան։

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Ժամը վեցն էր. քնել երազող աշակերտներով լի ավտոբուսը ուղևորվեց դեպի Դիլիջան։ Ճիշտ է, հանցագործություն էր այդ քարուքանդ ճանապարհներով անցնելիս քնելու մասին մտածելը, բայց գրեթե բոլորը ջանում էին մի քանի վայրկյան գոնե աչք կպցնել։ Ժամեր անց հասանք Դիլիջան։ Օ՜, այդ պահին ավելի լավ լուր չէր կարող հասնել ականջիս, քան այն լուրը, որ հաց ենք ուտելու։ Մինչ բուտերբրոտներ կպատրաստեին, աղջիկներով երիցուկներ քաղեցինք ու մեկի համար պսակ հյուսեցինք. այդ երջանիկը ես էի։

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Հետո միայն հասկացա, որ պսակն ինձ համար էր, քանի որ երիցուկներից անտանելի հոտ է գալիս, իսկ ես սիրում եմ դրանք։ Եվս մի ժամ, ու 15 հոգու համար նախատեսված մեր ավտոբուսը, 20 հոգով ու բարձր, ռաբիզ երաժշտությամբ լցված, Դիլիջանի նեղ, ոլոր-մոլոր, բոլոր կողմերից անտառներով շրջապատված ճանապարհով ուղևորվեց Լոռի։

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լոռի էլ հասանք. նույն անտառներն ու ոլորապտույտ ճանապարհներն էին։ Չէ, ոչ բոլոր ճանապարհները, մի մասն էլ գույնզգույն ծաղիկներով լցված դաշտեր էին (Օձուն գյուղի մոտակայքում)։ Անկեղծ ասած՝ եկեղեցիներն այցելելուց երկու բան միայն տպավորվեց մեջս. ես քայլում էի ինչ-որ մարդկանց շիրմաքարերի վրայով, ու մեր էքսկուրսավարը, որը բացի իր անգիր արած նյութից՝ ոչինչ չգիտեր։ Ինչ հարցնում էիր, ասում էր՝ բացահայտված չէ։ Լավ, սա դեռ ոչինչ, այն հարցին, թե քանի տարի են կառավարել Բագրատունիները, պատասխանեց՝ թե բա շատ-շատ երկար տարիներ: Այ քեզ հայոց պատմություն իմացող։

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Շուտով սկսեցինք տուն փնտրել՝ գիշերելու համար։ Տունն էլ գտանք՝ զուրկ տարրական հարմարանքներից՝ խմելու ջուր, անկողիններ և այլն (պատկերացրեք, որ 10 տղա մի փոքր անկողնում ու մի մանկական օրորոցի մեջ են քնել, իսկ մենք՝ մի անկողնու ու մի փոքրիկ հատակի): Թղթախաղեր, պահմտոցի, «պաչիկ», զբոսանք, շատ չանցած՝ գյուղը մերն էր։ Կեսգիշերից շատ չէր անցել, երբ գնացինք սենյակներ՝ քնելու։ Քնելո՞ւ, ի՞նչ քնել, ի՞նչ խոսք կարող է գնալ քնելու մասին, երբ 20 նույն տարիքի երեխաներ մի տան մեջ են գիշերելու։ Չգիտեմ ինչպես՝ մի քանի աղջիկ իմացել էին, որ տղաները որոշել են գիշերը մեզ «պաստել», ու խորամանկության դիմելով՝ որոշել էինք քնած ձևանալ, որ երբ գան իրենց «առաքելությունը» կատարելու, մի լավ վախեցնենք։ Տղաներն էլ մինչև գիշերվա ժամը երեքը սպասում էին, որ խորը քնենք։ Առավոտյան արթնացա աղջիկների բարձր ու գոհունակ ծիծաղից։ Պարզվում է՝ տղաները չէին դիմացել ու քնել էին, աղջիկներն էլ ժամը հինգին գնացել ու իրենք էին ատամի մածուկը դատարկել տղաների դեմքերին: Ինձ էլ փորձել են արթնացնել, որ գնամ հետները, բայց ես յոթերորդ երազը տեսնելիս եմ եղել, առանց ինձ են գնացել։ Շատ տխրեցի, բայց ոչինչ։ Ժամեր անց նորից ավտոբուսում էինք՝ նորից քնաթաթախ։ Հետ դարձանք Դիլիջան, գնացինք դենդրոպարկ, դրա մասին ավելի լավ է՝ չխոսեմ, շատ ձանձրալի էր, ապա ուղևորվեցինք դեպի Սևան։

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը` Աստղիկ Հունանյանի

Լիքը տուրիստներ՝ պրոֆեսիոնալ տեսախցիկներով ու ես, որ հազիվ կարողացա հեռախոսով մի քանի կադր նկարել: Շա՜տ սիրուն էր ամեն ինչ՝ սկսած «Աղթամար» հյուրանոցի պատերին վազող մողեսներից, վերջացրած այն հարսանեկան ավտոմեքենայով, որը հարս ու փեսային բերել էր կղզի։ Դե հա, հարսանիքի մեջ էինք ընկել։ Էլի նույն միապաղաղ ճամփաները, ու մի քանի ժամ հետո արդեն տանը բազկաթոռին պառկած էի, հիշում էի այն բոլոր տարօրինակությունները, որոնց մասին լավ է՝ չխոսեմ։