meri antonyan

Բողոքի ակցիա

Նախօրոք ներողություն եմ խնդրում բոլորիցդ, եթե նյութիս որևէ մասը ինչ-որ կերպ կվիրավորի որևէ մեկին։ Ինչպես Վահեն էր ասում. «Նախ զգուշացնեմ, որ այս նյութը կարող է շատ երկար ստացվել: Ինքս էլ չգիտեմ դեռ: Այսինքն, եթե դու հավես չունես ու համոզված չես, որ կկարողանաս մինչև վերջ կարդալ, ավելի լավ ա` մի սկսիր: Փակիր էջը ու կբացես, երբ մի քիչ ազատ ժամանակ ունենաս և ուզես մի հետաքրքիր բան իմանալ»:

Գրելիս ուղղակի կերպով նկատի չեմ ունեցել կոնկրետ անձանց, հավատացեք՝ բոլոր նյութերի հեղինակներին անուն առ անուն չեմ մտապահել։ Միայն ուզում եմ կիսվել ամեն օր կայքի հոդվածները կարդալուց հետո ունեցած տպավորություններովս։ Գիտակցում եմ, որ շատերն են իրենց մեջ «ընդվզելու» ասածներիս դեմ, բայց ուզում եմ նշել, որ սա լրիվ իմ անձնական կարծիքն է ու դիտարկումների արդյունքը։ Իհարկե՝ կարծիքս մի օր առավոտյան հետս չարթնացավ ու որոշեց, որ պիտի լինի իմ կարծիքը։ Բավական ժամանակ եմ հետևել ձեր բոլոր նյութերին, անխտիր կարդացել բոլորը, ուզեցել եմ մի որևէ կերպ արտահայտել մտածածս, բայց անտեղի եմ համարել ամեն հոդվածից հետո ընդամենը 1-2 «հաստափոր» նախադասություններով հոդվածներ գրելը։

Էդ հարցերն էնքան են ինձ մտահոգել, որ նույնիսկ ցանկացել եմ «Մանանա» թիմին առաջարկել, որ կայքում հնարավորության դեպքում ամեն նյութի տակ տեղ հատկացվի ընթերցողի մեկնաբանությունների համար։ Կարճ ասած՝ հենց էնպես չեմ կարծիք կազմել, էս էլ չեմ գրում ուղղակի հոդված ունենալու համար։ Մի խոսքով, նախաբանի համար այսքանը, անցնենք բուն թեմային։

Երևի արդեն հասկացաք, որ ասելիք ունեմ կայքում տեղադրվող, նույն ինքը՝ ձեր գրած նյութերի բովանդակության վերաբերյալ։ Զգուշացում. հնարավոր են սրտաբուխ շեղումներ գրական հայերենից։

Հարգելի՛ 17.am-ի ժողովուրդ, ինձ արդեն խիստ անհանգստացնում են նախաքննական բողոքները։ Ամենաշատը խառնվում եմ իրար, որ դրանցից սկսում են բողոքել իններորդ դասարանցիները։ Ամենից շատ հանդիպում եմ այնպիսի մտքերի, որ դպրոցում ինչ-որ միջոցառման համար ընտրել են միայն եզակիների, ու նրանց մեջ եղել եք նաև դուք, որովհետև լավ սովորող, օրինակելի աշակերտ եք, ուրախանում եմ ձեզ համար, ու մեկ էլ հոդված եք գրում, թե ինչքան եք փշաքաղվում քննության մասին լսելիս։ Բա եթե դպրոցի օրինակելիները վախենում-դողդողում են, ի՞նչ են անելու մյուսները։ Վերջապես, ի՞նչ կապ ունի՝ քննությունը գրավո՞ր, թե՞ բանավոր կլինի։ Սրա հետ իմ մեջ ասոցացվում են նաև ավագ դպրոց գնալուց առաջ ձեզ քայքայող վախերը։ Գիտեք, ես ավագ դպրոցի նման մի դպրոց տեղափոխվել եմ յոթերորդ դասարանում, ձեզնից երկու տարով փոքր եմ եղել։ Իմ նախկին դպրոցից հետո շատ ծանր գրաֆիկ էր ինձ համար ստեղծվել, որովհետև խորացված ուսուցմամբ դպրոց էի գնացել, էնտեղ մենք հա՛մ ընդունվելիս, համ էլ ամեն տարվա վերջում էինք քննություններ հանձնում, ընդ որում՝ մեր քննություններն ուղղակի թեստեր չէին, քաշում էինք հարցատոմսն ու երկու տեսական հարց էինք շարադրում, երկու հատ էլ խնդիր լուծում, ու մեր ժամանակ կարևորը ոչ թե հարցաթերթիկի մեջ ճիշտ պատասխանը նշելն էր, այլ ստուգվում էր խնդրի լուծման ամբողջ ընթացքը։ Բայց չեմ հիշում, որ երբևէ նյութերիցս որևէ մեկում տրտնջալով հիշատակած լինեմ էս օրերը։ Բայց հարցն ավելի շատ ձեր վախենալը չի, այլ՝ թե ի՞նչ նպատակով եք գրում նմանատիպ հոդվածներ։ Ձեր ցանկացած հոդվածից հետո ես փորձում եմ գտնել մի բան, որ ինձ համար նորություն էր, ես սովորեցի, մի միտք, որ ինձ դուր եկավ ու համարեցի էդ պահին «գրչի հրաշալի լուծում», որ հիացա ձեր նկարագրողական արվեստով։ Ձեր նմանատիպ հոդվածներում էդպիսի բաներ չկան։ Ձեր հոդվածները կարդում են մարդիկ, ովքեր անցել են կյանքի էդ փուլը, ու մարդիկ, ովքեր նոր պիտի հասնեն դրան։ Ովքեր արդեն հանձնել են էդ քննությունները, վաղուց գիտեն, որ դրանք դատարկ բաներ են, ու ձեր հոդվածները մի քիչ էլ քմծիծաղով են կարդում: Ով էլ դեռ չի հասել, պետք չի հոգեբանորեն ներազդել իրենց վրա, իրենք գուցե ուզում են իրենց կյանքի էդ փուլը դիմավորել մարտականորեն տրամադրված, նախօրոք ներշնչել պետք չի։

Հիմա չեմ բացառում ձեր էս միտքը. «Ես ուղղակի օգտվում եմ իմ իրավունքից և ազատ արտահայտում եմ իմ կարծիքը, պետքդ չի՝ մի կարդա»։ Լավ, բայց դուք չեք գնում, չէ՞, փողոցում պատահական մեկին կանգնեցնում ու սկսում ձեր կարծիքն արտահայտել ինչ-որ թեմայի շուրջ, որի հետ էդ մարդը կապ չունի։ Դրա համար պետք է հասկանալ, թե որտեղ, երբ և ում մոտ է պետք կարծիք արտահայտել, ու արդյո՞ք ձեր կարծիքը կարող է օգտակար լինել դիմացինի համար։ Իրականում շատ մտահոգիչ է, որ դեռ այդ տարիքում, ընդամենը իններորդ դասարանի քննությունների համար, արդեն նվնվում եք, որովհետև իրական կյանքում նվնվալու ավելի շատ տեղեր են լինելու, ու նման տրամադրվածությամբ դուք ուղղակի կկործանվեք մի թեթև բարդությունից։

Կամ սերիալներին վատաբանող հոդվածները… Ոչ մեկին էլ դուր չի գալիս, որ իրենց շրջապատում շատ են սերիալասերները, բոլոր խոսակցությունները դրան են ուղղված։ Մի անգամ կարդացինք դրա վերաբերյալ նյութ, ուրախացանք, որ ժամանակակից երիտասարդության մեջ մարդիկ կան, որ այլ են շատերից ու քննադատաբար են մոտենում ազգուտակով սերիալադիտումներին, հետո էլ՝ սերիալաքննարկումներին, բայց էդ նույն բովանդակությամբ ու նույն մտքերով հոդվածներից մի հատը, կամ՝ ամենաշատը երկու հատը, հերիք էին։ Մի որևէ նյութ գրելուց առաջ ես մի քանի օր մտքերս հետս տանում-բերում եմ, մեջս հազար տակ շուռ եմ տալիս, որ մի քիչ ամբողջանա, բայց հենց որ կայքում կարդում եմ մոտավոր նույն գաղափարն արտահայտող մի որևէ հոդված կամ մի նախադասություն, վերջ, էդ նյութը միանգամից գնում է մտքիս Recycle Bin: Ու կապ չունի՝ ինչքան մայրս կասի, որ ես դա կարող եմ յուրովի ներկայացնել, որ իմ մտքերը կարող են ուրիշ լինել, նման նյութ չեմ գրի։ Իսկ եթե հանկարծ նյութն արդեն ուղարկած լինեմ, մեկ էլ կայքում տեղադրվի նույնիմաստ մի բան, հետո նոր՝ իմը (ի միջի այլոց, արդեն երկու անգամ պատահել է), ինձ շատ վատ կզգամ, որ կարդացողը կմտածի, թե գաղափարներ եմ «թխել»։

Շատ եմ սիրում գիրք կարդալ ու շատ եմ ափսոսում, որ հիմա ժամանակս չի հերիքում ընթերցանության համար։ Հոդվածների հեղինակներից շատերը, ովքեր հատկապես դեմ են արտահայտվում համակարգիչներին ու հեռախոսներին և իրենց հոդվածներում վերամբարձ տոնով են խոսում գրքի մասին, կքարկոծեին ինձ, եթե մի օր կողքս լինեին։ Վերոնշյալ մարդկանց համար ուզում եմ նշել, որ համակարգիչները չէին ստեղծվի, եթե դրանց անհրաժեշտությունը չլիներ, իսկ համակարգիչն ի վնաս ծառայեցնելու մեղավորությունը միայն դրանից օգտվել չկարողացողներինն է։ Եթե դուք համակարգիչը կօգտագործեք միայն խաղերի, ընկերների հետ շփման ու սոց. ցանցերում նկարներ տեղադրելու, մեկնաբանություններում ընկերուհիներին քծնելու, երաժշտություն լսելու, ֆիլմ կամ հենց սերիալ դիտելու համար, ես համակարգիչս կօգտագործեմ շատ մասնագիտական գրքեր կուտակելու համար, որոնք ցավոք, մեր սուտ ընթերցասերների մեղքով Հայաստանում չեն տպագրվում կամ առհասարակ նույնիսկ չեն ներկրվում, որովհետև մի քանի, կամ առավելագույնը՝ հարյուր օրինակից ավել չեն վաճառվում, իսկ գրադարանները չեն էլ փորձում էդ գրքերը ձեռք բերել, որովհետև բավականին թանկ են, մասնավորապես՝ իմ ուզած գրքերի գները կարող են անցնել տասը հազար դրամի սահմանը։

Եթե Դուք գիրք կարդալով հինգ հարյուր էջից մի պարբերություն ձերը կդարձնեք, ես ձեզնից արագ իմ ձևերով ավելի շատ ինֆորմացիա կյուրացնեմ։ Այնուամենայնիվ՝ շատ հաճախ եմ գրքի պակաս զգում, բայց պետք եկածներն էլեկտրոնային տարբերակից դուրս չեմ գտնում, ես ստիպված եմ լինում օգտվել համակարգչից, բայց գոնե օգնության համար շնորհակալ եմ լինում։ Հեռախոսս էլ բարի նպատակներով եմ օգտագործում. հիմա կան շատ լավ հարթակներ ու հավելվածներ, որոնցով կարողանում եմ ցանկացած բան սովորել։ Ամեն անգամ համակարգիչը միացնելիս մի բան սովորելու կամ ժամանակն սպանելու ընտրությունը ձերն է, նույն իրավունքն էլ ունեն մյուսները: Դուք եղեք ռացիոնալ օգտագործողներ, մյուսներին էլ թողեք ընտրության իրենց իրավունքը։

Խոսեմ մի փոքր այլ բանից։ Երբ որ որևէ մեկը կարդում է որևէ հոդված, ակնկալում է սկզբից տեսնել հոդվածի գրման նախադրյալները, նախապատմությունը կամ շարժառիթները, հետո ծանոթանալ բուն պատմությանը, բայց ամենավերջում, անկախ նախորդ մասերից, ուզում է կարդալ եզրակացությունը։ Այսինքն՝ ընթերցողն ուզում է տեսնել նախնական որևէ պրոբլեմ, զարգացման ընթացքը, իսկ վերջում՝ ձեր լուծումը կամ որոշումը պրոբլեմը վերացնելու համար։ Ընթերցողի համար ամենակարևորը ձեր եզրակացությունն է, որ նման է առակի բարոյախրատական մասին։ Հոդվածներ եմ հանդիպել, որ չեմ հասկացել՝ որտեղ սկսվեց ու որտեղ վերջացավ, կարդացել եմ ու մտքումս ասել` «հետո՞»։ Այսինքն որոշ հոդվածներում անավարտություն է եղել։ Իսկ իմ կարծիքով, հենց ավարտական մասն է ամենաշատը բացահայտում հեղինակի էությունը, դիրքորոշումը, մտածելակերպը։ Եթե պահպանվի հոդվածի ճիշտ կառուցվածքը, ամեն դեպքում հոդվածը սահուն կկարդացվի, կընկալվի որպես պրոֆեսիոնալ գրվածք։

Կարճ ասած՝ ախպոր պես, մի՛ արեք էդպես։ Թե չէ՝ ես էլ կսկսեմ համալսարանում ամեն անելիքիս մասին գրել, ու մի կիսամյակում կստացվի տասնհինգ հատ հոդված քննությունների մասին, ութ հատ` լաբորատոր աշխատանքների, երկու հատ` կուրսայինների, հինգ-վեց հատ էլ՝ ստուգարքներս ստանալու պատմություններ։ Իսկ որ պատկերացում կազմեք, թե ինչքան անհետաքրքիր կլինի դրանք ձեզ համար, ներկայացնեմ մի լաբորատորի պատմության մի հատված. «Իմացա, որ պետք է գրեմ ֆունկցիաների վերաբեռնավորման ամենաբարձր մակարդակից մի հատ խնդիր… Գրելուց հետո, որ կոմպիլյացիա արեցի, սխալ տվեց, պարզվեց՝ մի տեղ մի հատ ստից կետ-ստորակետ էի մոռացել, մի հատ բլոկ չէի փակել ու main-ի return-ը մոռացել էի։ Դրանք որ ուղղեցի, աշխատանքի ընթացքում exception գցեց, իբր թե զանգվածի սահմանից դուրս էր եկել ինդեքսը։ Էդ էլ ուղղեցի, սիրուն աշխատացրեցի, կոնսոլային պատուհանը նկարեցի, լաբորատորս տպեցի, հանձնեցի, ու լավ եղավ»։

Լավ չի, չէ՞։ Գիտեմ։

Որ չմտածեք, թե ես ամեն ինչ շատ լավ եմ անում, ուզում եմ մի քիչ էլ անկեղծանալ իմ վատ հոդվածների մասին։ Մինչև հիմա գրածս հոդվածներից ունեմ երկու ամենաչսիրածներս, որոնցից մեկն առաջին հոդվածս է՝ «Կարևորը ճիշտ ընտրությունն է» վերնագրով, որ մասնագիտական ընտրության մասին է։ Գրել եմ ավելի քան մի տարի առաջ, իսկ էդ ժամանակ դեռ կարգին պատկերացում էլ չունեի 17.am-ի մասին։ Այս տարի կարդալուց շատ ուժեղ ամաչեցի, որ ես դա գրել եմ, որովհետև երևի էն ժամանակ էլ դա դիտվել է որպես շաբլոն նյութ, որի մասին գրել են ավարտական դասարանների բոլոր աշակերտները, Բայց ես չգիտեի դրա մասին, ու եթե հիմա ինչ-որ մեկն ինձ դիմի իմ վերոնշյալ մտքերով, ես հաստատ կհասկանամ իրեն… Իրոք, կարևորը ճիշտ ընտրությունն է, միայն թե այս անգամ՝ նյութի լավ թեմայի ու ներկայացման ձևի ընտրությունը։

Որպես վերջաբան՝ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր վիրավորված անձանցից. ես չէի ուզում։ Կներեք, որ ինձ իրավունք վերապահեցի քննադատել ձեր հոդվածները, առավել ևս՝ ինչ-որ խորհուրդներ տալ։ Ես էլ լավ չեմ գրում, դուք էլ ինձ ուղղություն, խորհուրդներ տվեք, քննադատեք, ես շատ կուրախանամ։ Կրկնակի կուրախանամ, եթե ինձ նման «նորեկներից» որևէ մեկը, կարդալով բողոքս, պատկերացնի, թե ինչ բնույթի հոդվածները չեն վայելի լայն շրջանակների հետաքրքրությունն ու համակրանքը, ու մի տարուց հետո էլ իրեն ինձ նման վատ չզգա։

Այսքան երկար գրեցի, որովհետև վաղուց շատ բան ունեի ասելու, ուզեցի բոլորը հիշել, միանգամից ասել, որ էլ երկրորդ անգամ նման բան գրելու առիթ չունենամ, որ հանգիստ խղճով գնամ իմ անշառ հոդվածները գրելու, հուսալով, որ ամեն օր կասեմ, որ «էսօր 17.am-ում լավ հոդվածների օր էր»։