milena araqelyan

Գաղտնապահ ընկերս

-Մամ, ուզում եմ կիթառի գնալ:

-Ուզում ես` գնա:

Այսպես էր ամեն անգամ ասում մայրիկս, երբ ցանկություն էի հայտնում ինչ-որ նոր բան սովորելու:

-Կիթառ կառնե՞ս:

Հիշում եմ, երկու տարի առաջ էր, որ իմ մեջ արթնացավ էդ ցանկությունը ու սկսեցի քայլեր անել` ուզածիս հասնելու համար: Ընդունվեցի կիթառի: Սկզբում կիթառ չունեի ու նվագում էի երեխաներից մեկի շատ հին կիթառով, որի լարերը գրիֆից մեկ մատնաչափ հաստությամբ հեռու էին, հետն էլ` մետաղական էին: Կիթառ նվագողները կհասկանան, թե քո անփորձ մատների համար ինչ դժվար ա մեկ ակորդ պահել այդպիսի կիթառով:

Առաջին երգը, որ սովորեցի «Ախ, ինչ լավ է սարի վրա…» երգն էր: Երբ էդ «ցավոտ» կիթառով առաջին անգամ կարողացա երգ հնչեցնել, ուրախությանս չափ չկար: Ի վերջո շուտով ունեցա իմ կիթառը, որի լարերը մետաղական չէին, և արդեն ամեն ինչ շատ հեշտ էի սովորում: Դժվարի միջոցով ենք հեշտը սովորում ու սկսում գնահատել էդ բարդ ճանապարհը, որով անցնում ենք հեշտին հասնելու համար:

Ուսուցիչս հաճախ էր ասում. «Դու շատ լավ արեցիր, որ որոշեցիր նվագել սովորել, որովհետև համ դու ես «իրան» լավ հասկանում, համ` «ինքը»` քեզ»: Ու ճիշտ էր ասում:

Հիմա եմ հասկանում, որ նվագելով էն ամենատխուր մտքերս ցրվում են, որ էդ պահին մոռանում եմ բոլոր մանր ու մեծ խնդիրների մասին: Թվում է, թե կիթառը էդ ամենը իրեն է վերցնում, ինքն է տխրում, ինձ` ուրախություն պատճառելով: Լարերին կպչելով գտնում եմ ինքս ինձ իմ երևակայությունների աշխարհում: Մի խոսքով, իմ անբաժան մասնիկն է:

Ծանոթ-անծանոթ մարդիկ հաճախ կիթառը ուսիս տեսնելիս կատակում են. «Ջութա՞կ ես նվագում» կամ` «Դաշնամուրդ էլի հետդ ա՞», ու ոչ մեկը չի խոստովանում, որ դա կիթառ է: Վերջերս մի երեխա ինձ տեսնելով իր տատիկին հարցրեց.

-Տատ, էն ապերը ի՞նչ ունի:

-Ապեր չի, քուրիկ ա, բալես:

Այ, այսպիսի հետաքրքիր ու արկածաշատ կյանքով ենք ապրում ես ու իմ արդեն շատ հարազատ դարձած մի մասնիկը: