Դիլիջանյան մեդիա ճամբար. «…Վեր հանել մարդկային պատմությունները»

Հարցազրույց «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի հետ

-Լրագրող լինելու մասին:

-Լրագրողը այն հայացքն է, որ ամեն տեղից կարող է հառնել հանրության այս կամ այն կետի վրա: Լրագրողի մասնագիտությունը ամենադժվար և ամենավտանգավոր մասնագիտություններից է:  Վերջին տարիներին մեր երկրում դա կապված է հատկապես ներքաղաքական լարումների հետ, երբ որոշ քաղաքական գործողությունների հետևանքով լուսաբանման ընթացքում լրագրողները մասնագիտական խոչընդոտների և բռնությունների հանդիպեցին:

-Պաշտպանվա՞ծ են արդյոք լրագրողի իրավունքները:

-Սովորաբար  քաղաքական իրադարձությունների կամ աղմկոտ դատավարությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություններ լինում են: Քրեական օրենքսգիրքը սահմանել է մասնագիտական իրավունքների խախտման դեպքում համապատասխան հոդված: Երբ այդ հոդվածը տեղ գտավ օրենսգրքում, առաջինը գործածվեց հենց «Առավոտի» հետ կապված. մեր լրագրողներից մեկը գնացելէր Ծաղկաձոր՝ նկարահանելու մեծահարուստների առանձնատները, և մեծ խոչընդոտների էր հանդիպել: Լրատվության մասին օրենքը սահմանում է, որ լրագրողը իրավունք ունի ներկա գտնվելու  դռնբաց դատական նիստերի, մասնակցելու հանրահավաքների, այսինքն` մասսայական միջոցառումների:  Վերջերս՝ Խորենացու դեպքերի ժամանակ, մի կողմից ոստիկաններն էին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում (իրենց ասելով), մյուս կողմից էլ համարձակ լրագրողներն էին ձգտում ավելին մատուցելու, ինչի արդյունքում էլ հայտնվեցին ոչ այնքան պաշտպանված վիճակում:

-Փոխհատուցվո՞ւմ են արդյոք պատճառված վնասները:

-Փոխհատուցման դեպքեր շատ քիչ են լինում, հատկապես իրավական դաշտում: Անցյալ տարի` «էլեկտրիկ Երևանի»  դեպքերից հետո հայտարարվեց, որ որոշ լրատվամիջոցների տեխնիկական վնասները փոխհատուցվելու են, իսկ մեր վերջին դեպքերի հետ կապված նման խոսակցություններ չկան, այնինչ արդեն քանի օր է անցել:

-Միջազգային լրագրությունն ու մենք:

-Մենք հաճախ ենք լսում նման դեպքերի մասին միջազգային մամուլում: Հարևան պետություններում նույնիսկ բանտարկված լրագրողներ կան: Բայց ես չեմ ուզում համեմատվել նրանց հետ, ուզում եմ համեմատվել հենց մեզ հետ: Եթե չեմ սխալվում, մեզ մոտ այժմ երկու ազատազրկված լրագրող կա, բայց ոչ թե մասնագիտական, այլ անձնական-անհատական խնդիրների հետ կապված: Մենք այնքան համեմատվեցինք, որ ինչ-որ առումով մեծամտացանք, գերագնահատեցինք մեր ուժերը, օրենքները, ամեն ինչը, սակայն եթե սթափ նայենք, հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ, մենք տանուլ ենք տվել, և սա ինձ ավելի է մտահոգում: Ինձ մտահոգում է, որ մեր հանրահավաքներին պաշտպանված լինեն ոչ միայն լրագրողները, այլև սովորական մարդիկ, ովքեր գործում են օրենքի սահմաններում:

-Լրագրության առավելություններն ու թերությունները:

-Վերջին շրջանում մեր լրագրությունը, կարելի է ասել, անկում է ապրում, որովհետև թե Ապրիլյան պատերազմի, թե Խորենացու դեպքերի, թե ՊՊԾ-ի գունդը գրավելու ժամանակ մեր աղբյուրները ավելի զբաղվեցին սոցիալական ցանցերի տեղեկությունները ճշտելու, ստուգելու կամ տարբեր մեկնաբանություններ անելու, քան լրագրողական նյութ պատրաստելու վրա: Ես սա ցավով եմ ասում, որովհետև սոցցանցերի մեր գրառումները այլևս չեն տարբերվում լրագրության տարբեր ժանրերից: Կարծում եմ, որ լրատվական դաշտի իմ գործընկերները կհաստատեն, որ մենք զբաղված չենք լրագրությամբ: Լուրն առաջինը տալու ժամանակ մենք կորցնում ենք շատ բաներ: Երբեմն հրապարակում ենք չոր, ոչ լրիվ ստուգված, որովհետև մրցակցություն կա, առաջինը տպագրելու խնդիր կա: Հրապարակել, քանի դեռ ֆեյսբուքում չեն դրել, եթե դրել են, հղում անել…Անձամբ ես պատրաստ չեմ այս մոտեցմանը և կարծում եմ, որ սոցցանցերը կարող էին մեզ որպես գործիք ավելի  օգտակար լինել:

-Ո՞րն է հրապարակելու կամ չհրապարակելու սահմանագիծը արտակարգ իրավիճակների ժամանակ :

-Իննսունականներին կար մի ցանկ, որտեղ նշված էր պատերազմական կամ առհասարակ արտակարգ իրավիճակների ժամանակ ինչը հրապարարակել, ինչը՝ ոչ: Դրանից օգտվում էին բոլոր խմբագիրները: Այն ժամանակ չկային վարքագծի այսքան կանոններ իրավական, ռազմական, տնտեսական կամ այլ նյութեր լուսաբանող լրագրողների համար, բայց ամեն ինչ ավելի կանոնակարգված էր: Գուցե պատճառն այն էր, որ միայն տպագիր մամուլն էր, և առցացնը չկար դեռ:

Երբ ես գնացի Քյարամ Սլոյանի տուն, մուտքի մոտ հավաքված հարազատները նախապես զգուշացրին` մայրը տեղյակ չէ, որ որդու գլուխը կտրվել է: Բայց փաստորեն գտնվեցին լրագրողներ, ովքեր, չնայած մեր հորդորներին, հրապարակեցին նրա նկարը:

Մի անգամ էլ ավտովթար եղավ, անչափահաս երեխա մահացավ, մոր հետ էր, ձեռքը բաց էր թողել ու… Կարելի էր չցուցադրել այդ նկարը, մինչդեռ հաջորդ իսկ վայրկյանին նկարը հրապարակված էր: Ես՝ որպես օտար ու փորձ ունեցող մարդ, մորը հավասար ապրումներ ունեցա այդ տեսանյութից, ուր մնաց թե հարազատները դիմանային: Պետք է փոխել մոտեցումը, ծածկել որոշ հատվածներ, տարիքային շեմ սահմանել, որպեսզի ցանկացածը չբացի և որոշակի ապրումների մեջ չընկնի: Նման դեպքերի համար են արվում սեմինարները, մշակվում էթիկայի վարքականոնները:

-Ինչպիսի՞ն է մեր երիտասարդությունը:

-Ես սիրում եմ այս երիտասարդությունը, քանի որ Հայաստանի երիտասարդությունն է, կարևորը դուրս է կոմպլեքսներից, ազատ, ինքնուրույն: Մենք լիքը չքնաղ պատանիներ ունենք՝ շախմատիստներ, պոետներ… Այն, ինչ դուք ունեք հիմա, մենք չենք ունեցել՝ սեմինարներ, մեդիաճամբարներ… Երբեմն ձեր կայքում (17.am) ավելի կենդանի պատմություններ եմ տեսնում, քան որևէ լրատվական էջում: Ամեն ձմեռվանից հետո գարուն գալիս է, երիտասարդները այդ գարունն են, և մեր երկրի ապագան ձեր ձեռքում է: Սևակն ասում  է, չէ՞՝ ամեն սերունդ նախ և առաջ մտածում է լռության մեջ, իսկ երբ խոսել է սկսում, զարմացնում է նա մեծերին , ամեն սերունդ նախ և առաջ մահանում է կասկածելով:  Այդպես եղել է ու լինելու է միշտ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք լրագրության մեջ առաջին քայլեր անողներին:

-Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ լրագրությունը՝ որպես առանձին ֆակուլտետ, բացվում  է բոլոր բուհերում: Ոլորտում առաջին քայլեր անող լրագրողների համար տեխնիկական զինանոցը շատ մեծ է, տարիներ առաջ հնարավորություններն ավելի քիչ էին: Ես կուզեմ, որ նոր քայլեր անողները չբավարարվեն միայն սոցցանցերի ինքնաշեն լրագրությամբ, այլ կարողանան մեզ նման աշխատել իրենց վրա, օգտվել արխիվներից, որևէ իրադրության մասին գրելիս չբավարարվել կամայական մեկնաբանություններով կամ վերջին ժամանակների կեղծ պատմավավերագրությամբ, լինել գրադարաններում, արխիվներում, լինել լավագույնս պատրաստված: Լրագրողը աշխատում է իրականության մեջ, նա չի կարող նստել տանը՝ ունենալով թանարժեք տեխնիկա, և լիարժեք աշխատել: Լրագրությունը տարիք չի հարցնում: Երբեմն ասում են, չէ՞՝ մեծ մարդ է, ինչ էլ հավես ունի: Նման բան չկա: Եթե նույնիսկ զրուցակիցդ քո տեսակը չէ, դու չպիտի փորձես նրան քո կողմը քաշել: Քո մասնագիտությունը պահաջում է, որ դու նրան ներկայացնես հավուր պատշաճի, իսկ բացասականը ներկայացնելիս զգույշ լինես, ամենավերջին կետում միայն մեղադրողի կեցվածք ընդունես: Եվ մինչև վերջին պահը փորձես հավատալ, հավատալ դիմացինիդ և հարգել ընթերցողիդ այն իմաստով, որ նա ունի տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունք: Պետք է կարողանալ վեր հանել մարդկային պատմությունները:  Ինչո՞ւ եմ ես այսօր դատարաններում գրում. այնտեղ փոքրիկ մարդկային պատմություններ են՝  չարքաշ, սոցիալապես անապահով մարդկանց մասին, և կարելի է ասել՝ ավելի հետաքրքիր, քան մականունավորների, օլիգարխների պատմությունները: Դրանցով քո նյութը կհաջողվի, և ընթերցողը մի պահ կմտածի՝ դու պատմվա՞ծք ես գրել, հրապարակո՞ւմ, թե՞ հոդված:

Հարցազրույցը վարեց՝ Միլենա Խաչիկյանը