Ani avetisyan

Գիրք նվիրելու օրը Համազգայինի Երևանյան գրասենյակում

Ասում են՝ հանդիպումը լավ գրքի հետ կարող է փոխել մարդու ճակատագիրը: Հենց այդ՝ լավ գրքի հետ հանդիպման ու ճակատագիրս փոխելու ակնկալիքով էլ Գիրք նվիրելու օրվա շրջանակներում փետրվարի 20-ին հայտնվել էի «Համազգային հայ կրթական և մշակութային միության» երևանյան գրասենյակում: Բայց, ի զարմանս և ի ուրախություն ինձ, հանդիպումը կայացավ ոչ միայն լավ գրքի, այլ լավ մարդկանց ու ամբողջ աշխարհում հայապահպանության խնդրի լուծմանը մեծապես նպաստող կազմակերպության հետ: Կազմակերպությունը հետաքրքիր մրցույթ-միջոցառում էր իրականացրել գրքի տոնի կապակցությամբ: Մինչ այնտեղ գնալս այնքան էլ շատ բան չգիտեի միության մասին, բայց թե դրանից հետո հետաքրքրությունս որքան մեծացավ նրա նկատմամբ, գիտեմ միայն ես: Օրն ինձ համար դարձավ ոչ միայն անմոռանալի, այլ լեցուն՝ բացահայտումներով:

Կարծում եմ՝ ձեզանից շատերն էլ լավ չգիտեն, կամ ընդհանրապես չգիտեն, թե ինչի մասին է խոսքը: Այժմ պատմեմ միության մասին:

«Համազգային Հրատարակչական ու Մշակութային Ընկերակցութիւն»-ը հիմնվել է 1928 թվականին Լևոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի, Համո Օհանջանյանի և Գասպար Իփեկյանի և այլ քաղաքական ու մշակութային գործիչների կողմից Կահիրեում: Նորաստեղծ կազմակերպությունն իր առաջ ուներ նոր սերնդին հայեցի կրթություն տալու, չափահասների զարգացման և հայագիտության մշակման խնդիրը, հետագայում սկսեց իրականացնել նաև թարգմանական և հրատարակչական մեծ գործունեություն: 1931 թվականին Բեյրութում հիմնադրվեց «Վահե Սեթեան» տպարանը: 1962-ից մինչ օրս տպագրվում է Համազգայինի «Բագին» գրական հանդեսը:

Այսօր էլ նրա հիմնական նպատակն է օտար ափերում հայտնված հայերին ազգային գիր ու գրականությանը, մշակույթին որքան հնարավոր է մոտ պահելը, Հայաստան-Սփյուռք հոգևոր-մշակութային կապի պահպանումն ու ամրապնդումը, հայապահպանությունը:

Համազգայինն իր գրասենյակներն ունի աշխարհի բոլոր ծայրերում: Հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է երկրի անկախության հռչակումից հետո՝ 1991 թվականին: Կազմակերպությունը համագործակցում է կրթական կառույցների, պետական գերատեսչությունների, մշակութային կազմակերպությունների և միությունների հետ:

Գրասենյակում մենք՝ միջոցառման մասնակիցներս, ծանոթացանք միության՝ մինչ այս իրականացված, որոշ չափով էլ հետագայում իրականացվելիք ծրագրերի մասին: Դրանք հիմնականում գիտաժողովներ էին, հանդիպումներ, գրական քննարկումներ և մշակութային այլ ծրագրեր, որոնց մասնակիցների մեծամասնությունը հայ մտածող ու ստեղծագործող երիտասարդներն են, ի դեպ՝ միությունն ունի նաև մտավորական երիտասարդների ակումբ:

Հիմա նորից գրքի տոնի մասին: Գիրք նվեր ստանալն ինձ համար անբացատրելի երջանկություն է, և ամենևին կապ չունի, թե ինչ գիրք է դա, որքան է հաստությունը, նոր է, թե հին: Կարճ ասած, երբեք գիրքը կազմով չեմ դատել:

Այս անգամ իմ նվերը «Ծաղկաքաղ սփյուռքահայ գրականութեան» գիրքն էր, որի մասին կարծիք կազմելու համար վերնագիրն էլ բավական է (Կհասկանան հատկապես նրանք, ովքեր ինձ նման «սիրահարված» են արևմտահայերենին, արևմտահայ ու սփյուռքահայ գրականությանը): Յուրահատուկ զգացողություն էր գիրքը ստանալ հրատարակող ընկերության կողմից՝ նրանց մակագրությամբ: Անկախ քեզանից ցանկանում ես նորից ու նորից հանդիպելու առիթներ ունենալ:

Հա, առիթից օգտվելով էլ ասեմ՝ հակառակ բոլոր տեսակի խոսքերին, թե մեր երիտասարդները չեն կարդում, կազմակերպվում են նման միջոցառումներ, որոնք բացահայտում են թե կարդացող երիտասարդներին, թե ժամանակակից հեղինակներին: Ու, նորից հակառակվելով մեծամասնության կարծիքին, ժամանակակից գրողներ էլ ունենք, ովքեր մի օր պատմություն են կերտելու:

Այ, այսպիսինն էր այս տարվա գիրք նվիրելու ու նվեր ստանալու օրը, և, ճիշտ է՝ միակ գիրքը չէր, որ նվեր ստացա, բայց ամենաթանկն էր, ու մի քանի րոպեում դարձավ ամենասիրելիներից մեկը: Մյուս կողմից՝ ևս մեկ հետաքրքիր ու կարևոր բացահայտում արեցի ինձ համար: