laura sekoyan

Գնահատելու ժամանակը

Ես միշտ մտորել եմ այն հարցի շուրջ, թե ինչու է ամեն ինչ գնահատվում վերջում։ Եթե կատակով մոտենանք, ապա կարելի է ասել, թե ինչու ենք դաս պատասխանում և վերջում նոր գնահատվում։ Բայց խոսքս ամենևին էլ դրան չի վերաբերում։ Խոսքս վերաբերում է և´ նյութական, և´ հոգևոր արժեքներին։ Առաջինը նյութականին անդրադառնալով՝ կարող ենք որպես օրինակ վերցնել հագուստը, կոշիկը, գիրքը, տետրը, սնունդը և այլն։ Օրինակ, երբ տանը շատ կոնֆետ է եղել, դրան ուշադրություն չենք դարձրել, իսկ երբ վերջացել է, ափսոսել ենք այն լի ու բոլ ժամանակը չգնահատելու համար։

Տեսնում ենք, թե ինչ տանջանքով են մեր ծնողները գումար վաստակում և մեզ համար հագուստ գնում, իսկ մենք անգիտակցաբար, կախված իրավիճակից՝ փչացնում ենք այն և ականատեսը լինում մեր ծնողների ապշահար դեմքերի։ Եվ վերջում ենք սկսում գնահատել նրանց թափած քրտինքի ամեն մի հատիկը։ Հաճախ ենք դպրոցում տետրի թղթերը պոկում և իրար նամակ գրում, կամ ինքնաթիռ սարքում, իսկ երբ ուսուցիչները տետր են ուզում, երանի ենք տալիս այն չգնահատված ժամանակին։ Երբեմն պատահում է բարկացած ժամանակ որևէ մեկին վիրավորում ենք և փոշմանելուց հետո էլ ներողություն չենք խնդրում՝ պիտակելով, թե դա պատվի հարց է, բայց մոռանում ենք, որ առավել պատվաբեր է ներողություն խնդրելը։ Ափսոսում ենք այն ժամանակը, երբ անիմաստ հպարտ ենք եղել, ափսոսում ենք այն ժամանակը, երբ պետք էր ծիծաղել, բայց մեզ լուրջ ենք պահել։ Ափսոսում ենք այն ժամանակը, երբ մեր ծուլությանը թողել ենք մեզ հաղթել և ափսոսում ենք այն ժամանակը, որի ընթացքում սովորել ենք ափսոսել։

Պետք էր հենց սկզբից չսովորել ափսոսել, պետք էր սկզբում սովորել գնահատել։