Գնաց տորոն բերելու ու հետ չեկավ

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Այս տարի` օգոստոսի 15-ին, «Մանանա» կենտրոնի կողմից կազմակերպված Դիլիջանի մեդիա ճամբարի շրջանակներում նկարահանումներ էինք իրականացնում Տավուշի մարզի Գետիկ գյուղում: Մեր խումբը կազմված էր մոտ տասը հոգուց: Շրջում էինք գյուղով, հետաքրքիր պատկերներ որսում, հարցազրույցներ վերցնում մարդկանցից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ, և պարզապես զրուցում փոքրիկ Գետիկում ապրող անչափ բարի մարդկանց հետ: Արդեն երեկոյանում էր, խմբի կեսը արդեն վերադարձի ճամփան էր բռնել, մեր փոքրիկ խումբն էլ` պարոն Արան, Շուշանիկը, Մարիամը, Նոնան և ես, նստեցինք մեքենան` արագորեն հյուրանոցի ճաշարան հասնելու հստակ մտադրությամբ. դժվար էր համակերպվել, որ բոլորն արդեն սեղանի մոտ են, իսկ մենք դեռ դեգերում ենք բարձրադիր Գետիկի գիրթ ճամփեքին: Թերևս բոլորս ենք զգացել, որ ոչինչ չի կարող այնքան դյութիչ լինել, որքան վերադարձի ճամփան, անկախ նրանից որտեղից` դեպի ուր: Բայց հանկարծ ճանապարհին այգիներից մեկի մուտքին դրված նստարանին տեսանք մի պապիկի, որն իր` բարությամբ լեցուն աչքերով, ուղեկցում էր մեքենային: Անհնար էր ուղղակի անցնել, և Շուշանիկի հաստատակամությամբ, բոլորս վազեցինք դեպի այդ պապիկը: Նոր էինք մոտեցել, երբ Շուշանիկը արդեն սկսել էր հարցազրույցը, և բացահայտում էր այդ խոհուն աչքերում թաքնված աշխարհը: Պարզվեց, որ պապիկը Ժորա պապիկն էր, տարիքը` չեմ հիշում, չասաց, թե ես չհասկացա, նրա բոլոր պատասխանները շատ ավելի խորիմաստ էին, քան մենք ակնկալում էինք: Ապրում էր որդու և հարսի հետ: Թոռների ու ծոռների թիվը ինքն էլ հստակ չէր հիշում, ոչ թե տարիքի, այլ նրանց շատութան պատճառով (երանի բոլոր պապիկներն էլ թոռներով այդպես հարուստ լինեին):

Ժորա պապիկը մատին ամուսնական մատանի ուներ, և առանձնահատուկ ուշադրություն պետք չէր տեսնելու, թե նա ինչ հպարտությամբ է այն կրում: Եվ ահա հնչեց մեր միամիտ հարցը նրա կնոջ մասին: Պատասխանը մեզ առեղծվածային թվաց. «Գնաց տորոն բերելու, ու հետ չեկավ»: Դե արի ու հասկացիր: Գիտեինք, որ տորոնը բույս է, որից գորգերի գունավորման համար կարմիր ներկ են ստանում, բայց թե ինչո՞ւ Ժորա պապի կինը չվերադարձավ այնտեղից, այդպես էլ անհասկանալի մնաց, իսկ նա աչքերի ներողամիտ ժպիտով չպարզաբանեց իրողությունը:

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Լուսանկարը՝ Մարինե Իսրայելյանի

Մտածեցինք, որ տորոն հավաքելիս երևի ինչ-որ դժբախտ դեպք է պատահել: Հարցրինք նաև նրա և իր կնոջ սիրո պատմության մասին: Ինչքան խոսուն են մարդու աչքերը: Ժորա պապի աչքերում մի մեղմ պայծառություն շողաց, անցած երջանկության մի հուշ, կարոտ ու թախիծ: Լռեց, աղերսագին հայացքով կարծես խնդրելով չքրքրել իր հոգու այն մի պատառ չքնաղ անկյունը, որ դեռևս մնացել էր կյանքի բազում չարչարանքներով անցնելուց հետո` հայրենազրկություն, տեղահանություն, ամեն ինչ կորցրած ու հուսահատ մարդու դեգերումներ: Շուշանիկի ջանադիր աղերսներն ապարդյուն անցան. նա միայն մի քանի չոր տեղեկություն տվեց այն գեղեցիկ սիրո մասին, որ եղել է նաև մեզ համար հեռու թվացող ժամանակներում: Մենք երբեմն մոռանում ենք, որ մեր մեծերն էլ մի ժամանակ երիտասարդ են եղել, գուցե մեզնից ավելի գեղեցիկ ու եռանդուն: Իմացանք, որ նրանք միասին կոլխոզում ծխախոտ հավաքելիս են եղել: Որ Ժորա պապիկի երջանկության առարկան «սիրուն էլ չէր, սևուկ-մևուկ աղջիկ էր», և այդքանը միայն, իսկ թե ինչու էր նա մի օր որոշել գնալ այդ չարաբաստիկ տորոնը հավաքելու, այդպես էլ չիմացանք:

Եվ անցնում է գրեթե մի ամիս, սեպտեմբերի տասին մենք կրկին «Մանանա» թիմով նկարահանումներ ենք իրականացնում այս անգամ Տավուշի մարզի Ջուջևան գյուղում, երբ ժամանակավորապես մի կողմ դրված, բայց չմոռացված հարցը իր լուծումը գտավ: Հարցազրույց էինք վերցնում Ջուջևանի միջնակարգ դպրոցի Հայոց լեզվի և գրականության վաստակավոր ուսուցչուհի, գորգագործ Անուշ Ալեքսանյանից: Պարզվում է, որ տորոնը իսկապես բույս է. կարմիր ներկը ստանում են նրա հյութալի արմատներից, բայց գաղտնիքն այն է, որ այդ արմատները իրենց ճյուղավորումներով չափազանց խորացած են հողի մեջ, և նրանց հանելը տաժանակիր աշխատանք է: Հենց այդ խորության պատճառով, ժողովուրդը ստեղծել է «տորոնի գնալ» արտահայտությունը, որը նույնանում է մահանալ, կամ անդրաշխարհի ճամփան բռնել արտահայտությունների հետ: Փաստորեն` Ժորա պապիկի սիրելի կինը… մահացել էր: