Գնում ենք պապոնց

Շատ երեխաներ, երբ նրանց ասում են. «Գնում ենք պապոնց», դժգոհում են, որովհետև հաճախ նրանց «պապոնց տունը» գյուղում է լինում: Իսկ ես` չեմ դժգոհում: Իմ «պապոնց տունը» Հաղթանակ գյուղում է: Ես շատ եմ սիրում այդ գյուղը, գյուղի օդը, բնությունը: Դա մի հրաշք վայր է: Հաղթանակում հիմնականում ապրում են տարբեր տեղերից եկած մարդիկ՝ Վրաստանից, Գյումրիից, կան նաև Բաքվից գաղթած հայեր: Սիրում եմ, երբ առավոտյան արթնանում եմ հարևանների ձայնից.

-Հասմի՜կ, ա՜յ Հասմիկ, չե՞ս գա` կոֆե խմենք:

-Հա, Նարո ջան, հեսա կուգամ, դու կոֆեն վրեն դիր, հեսա կուգամ:

Նրանք հավաքվում են ինչ-որ մեկի տանը և սրճում, զրուցում են:

Լուսանկարը` Նանե Ծատուրյանի

Լուսանկարը` Նանե Ծատուրյանի

Սիրում եմ, երբ բացվում է «թթի սեզոնը»: Երբ ես գնում եմ այդ ժամանակ, ընկերուհիներս գալիս են և ձայն տալիս.

-Նանե, չե՞ս գալիս` գնանք Լամո տատիկանց դուռը` թութ ուտենք:

-Գալիս եմ, հեսա գալիս եմ:

Ու մենք գնում ենք Լամո տատիկանց այգին` թութ ուտելու: Բարձրանում ենք ծառերը և հաճախ էլ «նեղություն տալիս» նրանց հավերին:

Հետո Լամո տատիկը բարկանում է մեզ վրա և արգելում մտնել այգին: Դե, մենք էլ հո առանց թթի չե՞նք մնալու: Գաղտագողի մտնում ենք հետևի դռնով, այն ժամանակ, երբ նրանք տանը չեն լինում:

Այդպես մենք հասնում ենք մեր թթին:

Իսկ ամենից շատ սիրում եմ Պասյոնատը: Պասյոնատը Հաղթանակ գյուղի ամենաբարձր սարերից է, որտեղից երևում է ամբողջ գյուղը: Սարի ներքևում անտառ է, իսկ մյուս կողմում գյուղն է: Մայրիկս պատմել է, որ այն ժամանակ Պասյոնատը եղել է զբոսաշրջիկների հանգստյան վայր:  Սարի կենտրոնական մասում մի մեծ քար կա, որը մեր հավաքատեղին է: Երեկոյան, երբ հովը ընկնում է, մենք գնում ենք այնտեղ Հաղթանակի բնությունով հիանալու:

Հաղթանակցիները, շատ սիրելով իրենց հայրենի գյուղը, երգեր են հյուսել նրա վերաբերյալ:

Դու փոքր ես, անունդ` մեծ 
Ջա՜ն իմ Հաղթանակ,
Քո արևը միշտ պայծառ է,
Չքնաղ Հաղթանակ:
Դեբեդ գետը ինչպես քնար
Կողքովդ է հոսում,
Ոռոգում է այգիներդ
Ու քեզ հետ խոսում: