Դասամիջոց

-Ցտեսություն,- ասաց ասուցչուհիս զանգը հնչելուն պես և շտապեց դասարանից դուրս:

Առաջ զանգից հետո ուսուցիչները երկար շարունակում էին խոսել և տնային աշխատանք հանձնարարել, իսկ այս տարի տնայինը դասի ընթացքում են հանձնարարում և զանգը հնչելուն պես` կարծես փախչում են մեզնից: Եվ ճիշտ էլ անում են, որովհետև այն, ինչ կատարվում է դասամիջոցներին դասարանում, պարզապես անհնար է նկարագրել: Այն փաստը, որ դասարանում ընդամենը տասնինը հոգի ենք և մեծ մասամբ աղջիկ, մեզ չի խանգարում մի լավ աղմուկ բարձրացնել:

-Մարիա՛մ, պաշտպանվի, էքսպելիարմուս,- նորից գրիչը որպես կախարդական փայտիկ օգտագործելով` վրաս հարձակվեց դասարանցիս:

Ես, իհարկե, անպատասխան չթողեցի նրան և վերցնելով փայտիկս` անցա հակահարձակման: Ես հավեսով կռվում էի նրա հետ, երբ հանկարծ հիշեցի, որ որոշել էի դասամիջոցս լրիվ այլ կերպ օգտագործել:

-Էհ, ես պիտի դաս սովորեմ, տուր գրիչս,- և վերցնելով գրիչս դասընկերոջս ձեռքից, ով այն խլել էր ինձնից ռազմի դաշտում` արդար ճանապարհով` ուղևորվեցի դեպի ոչ կախարդական նստարանս և բացելով ոչ կախարդական գիրքը, սկսեցի կարդալ ոչ կախարդական դասս:

-Մենք դեռ կհանդիպենք,- դերասանական տոնով ասաց դասընկերս, իսկ ես խորացա դասի մեջ:

-Մարիա՛մ , կանգնիր դռան մոտ, որ հենց մարդ գա, ասես,- ասում էր մեկ այլ դասարանցիս` փորձելով բացել մատյանը: – Մարիա՛մ: Մարիա՛մ, ասում եմ… Մարիամ,- արդեն գոռում էր դասընկերուհիս:

-Ո՞ր մեկը,- բարկացած բացականչեցին երեք Մարիամները միասին:

-Որ մեկդ կգա,- շփոթված ասաց մատյանի մեջ խորասուզված դասընկերուհիս:

Մարիամներից ամենաբարին, որն իհարկե ես չէի, շտապեց դռան մոտ: Իսկ մյուս երկու Մարիամներից Նալբանդյանը մի ձեռքով մոռացած տնայինն էր գրում, մյուսով պայուսակից տետր հանում, որ տա դասընկերոջը, միաժամանակ նաև դաս կարդում և խոստանում ընկերուհուն, որ միասին կգնան բուֆետ:

-Ան, մի հատ իմ գնահատականներն էլ նայի, էլի,- ինչպես միշտ ուշացած խնդրեցի ես, որովհետև Անին վախեցած փակեց մատյանը: Դռան մոտ կանգնած Մարիամը ազդարարել էր ուսուցչուհու գալու մասին:

-Մարիամ: Մարիա~մ: Մարիա՛մ:

-Ո՞ր մեկը,- նորից հարցրեցին երեք Մարիամները միասին:

-Դու,- ձեռքիցս դուրս քաշեց ընկերուհիս,- դեռ զանգը չի տվել, կհասցնենք բուֆետ գնանք:

Ես արագ քայլեցի ընկերուհուս հետևից:

-Մար, նայի, նայի, Տիկոն ա,- փայլող աչքերով ժպտաց ընկերուհիս` հայացքով ցույց տալով ինչ-որ մեկին,- սիրուն աչքեր ունի, չէ՞:

-Հա, շատ,- առանց նայելու պատասխանեցի ես: Եթե անկեղծ ասեմ, կյանքումս դեռ ոչ մի անգամ չեմ նայել այդ տղայի աչքերին: Ես մտքումս աշխարհագրության դասն էի պատմում: Մենք վազելով հասանք դասարան և հասցրինք մինչև զանգի հնչելը դասարան մտնել: Նույնիսկ հասցրինք ընկերուհուս Kit-Kat-ն ուտել: Վերջ ամեն ինչին: Զանգ:

-Երեխեք, ձեր ձայնը դեռ որտեղից է գալիս, ու դուք բարձր դասարանցի եք, հա՞,- նորից անգիր արած խոսքերով ներս մտավ ուսուցչուհիս:

Երևի ողջ դպրոցական կյանքում միայն այս խոսքերն են մնացել անփոփոխ: Եվ դասամիջոցների տևողությունը: Բայց երևի այս հինգ րոպեները մեր կյանքի ամենալեցուն րոպեներն են: