Դուք պիտի գնաք ու պիտի հետ վերադառնաք

Լուսանկարը՝ Լյուդվիգ Գորգիկյանի

Լուսանկարը՝ Լյուդվիգ Գորգիկյանի

Կյանքում ոչինչ չի փոխարինի դպրոցական ընկերության համ ու հոտին: Երբ ավարտեցինք, գիտակցում էի, որ սկսելու ենք պակասել, քչանալ, հեռանալ, գնալ: Ո՞ւր: Բանակ: Մենք ինքներս մեզ ամուր կապերով ենք կապել, ու տղաներին բանակ ճանապարհելը շատ դժվար գործընթաց է:

Հուլիսի 5, Էմիլենց տուն, բանակի քեֆ: Ուրախ տրամադրություն կար, պարում էինք:

-Եկե՛ք, եկե՛ք, մազերը կտրելու ժամանակն ա:

Լսվեց «Ախպերս ու ես» երգը: Էլ ի՞նչ ուրախ տրամադրության մասին էր խոսքը: Էնքան էինք հուզվել, որ Էմիլի մայրն էր մեզ հանգստացնում՝ ասելով.

-Երեխեք ջան, Աստված մեծ ա: Կարևորը՝ խաղաղություն լինի, թող Ղարաբաղ գնա:

Դասարանի երեխաներով՝ աղջիկ, տղա, կտրեցինք մազերը: Միշտ տվյալ մարդու կարևորությունը զգում ես այն ժամանակ, երբ գիտակցում ես՝ կարոտելու ես, կարոտելու ես նրա հետ կապված ամեն բան: Հիշում եմ, որ Էմիլին ասում էի․

-Էմիլ, լավ էլի, անջատիր էդ ռեփը:

Իսկ նա, միևնույնն է, մնում է մեր դասարանի ռեփերը:

Հուլիսի 6-ին ճանապարհեցինք, բայց արդեն առանց հուզվելու՝ խոսք էինք տվել: Ժամը 6-ն էր, երբ լուրը հասավ՝ Հայաստանում է ծառայելու՝ Նոյեմբերյանում: Բոլորով շտապեցինք Էմիլենց տուն ու կիսեցինք նրա մայրիկի, քույրերի ուրախությունը: Արդեն 25 օր է, ինչ ծառայում է հայոց բանակում. հանուն հայրենիքի, հանուն ընտանիքի, հանուն մեզ ու իր ապագայի: Բան չմնաց՝ 702 օր:

Մայիսը մեր դասարանի ուրախությունն է, միշտ մեզ խաբում էր, թե զինկոմիսարիատից կանչել են «պավեստկայի» համար: Վերջին մի քանի օրը բոլորին խաբել էր, թե 28-ին գնում է: 24-ին եղբայրը բանակից եկավ, 2 օր անց գնաց իր այդքան սպասված «պավեստկայի» հետևից: Սուտը ճիշտ դարձավ՝ 28-ին գնալու էր: 26-ին մկրտվեցին, իսկ 28-ի վաղ առավոտյան մյուռոնից հանվեցին: Դասարանի երեխաներով 27-ին գնացինք Մայիսենց տուն՝ բանակի քեֆին: Շատ դժվար պահ էր, երբ մտանք տուն ու առաջինը աչքիս դիպան Մայիսի մայրիկի կարմրած ու թաց աչքերը: Մայիսի մազերն էլ մենք կտրեցինք: Ուշ ժամ էր արդեն, պիտի գնայի: Մոտեցա նրան, գրկեցի.

-Սոն, լավ, հերիք ա:

-Վաղը չեմ լացի, Մայ:

Գնացի՝ Մայիսի մայրիկին գրկեմ, նոր գնամ: Լաց եղած մարդ հենց տեսնում էր, ավելի էր հուզվում:

Լուսանկարը՝ Լյուդվիգ Գորգիկյանի

Լուսանկարը՝ Լյուդվիգ Գորգիկյանի

Հուլիսի 28-ի առավոտյան էլ Մայիսին ճանապարհեցինք: Գրկախառնություններ, սրտանց ասվող խոսքեր՝ Աստված քեզ հետ:

Երեկոյան լուրը հասավ՝ Ղարաբաղ էր ընկել: Այստեղ հիշենք Էմիլի մոր խոսքերը. «Թող Ղարաբաղ ծառայի, կարևորը՝ խաղաղություն լինի»:

Հ. Գ. Ես շատ կուզենայի, որ մեր երկրում հիմա խաղաղություն լիներ, իսկ բանակ ունենալու կարիք ընդհանրապես չունենայինք: Բայց մեր երկիրը սա է, ու մեր տղերքը պիտի գնան ու պիտի հետ վերադառնան: