Mane Minasyan

Դպրո՞ց, ո՞ւր ես գնում

Երբ դեռ 4-5 տարեկան էի, հորաքրոջս տղան մեզ հետ էր ապրում (հորաքրոջս ընտանիքը գտնվում էր Հայաստանից դուրս): Նա մեծ էր ինձանից: Ամեն օր՝ դպրոցից տուն գալու ժամին, ես վազում էի նրան ընդառաջ: Մեր հանդիպման վայրը հիվանդանոցի բակն էր, որը մեր տնից 3 տուն այն կողմ էր: Վերցնում էի եղբորս ծանր պայուսակն ու ինձանից գոհ վազում դեպի տուն ու ամեն օր քնում առավոտյան աշակերտ լինելու երազանքով:

2006թ.-ին երազանքս կատարվեց, ու ես էլ վերջապես առավոտյան լսում էի.

-Մանե՛, արթնացի՛ր, դպրոցից կուշանաս:

Սովորում էի հաճույքով, դպրոց գնում՝ հաճույքով, բայց այ, դպրոցից տուն՝ չսիրածս ճանապարհն էր: Ի դեպ ասեմ, որ միշտ երազում էի, որ դպրոցից տուն ճանապարհը երկար լիներ, իսկ այն 5 րոպե էլ չէր տևում: 9 տարի սովորել եմ Վեդու համար 2 դպրոցում: Դպրոց, որն ինձ շատ բան է տվել, որտեղ ինքնաբացահայտվել ու ինքնահաստատվել եմ: Երբ դպրոցում հանդես, մրցույթ, տոն էր լինում, ես միշտ առաջին շարքում էի (չէ, ինձ չեմ գովում, ակտիվությանս աստիճանն եմ ուզում ցույց տալ):

Գիտե՞ք, 2014-ին, երբ ավարտում էինք միջնակարգ դպրոցը, ինձ թվում էր, թե երբեք էլ ոչ մի դպրոց, քոլեջ կամ համալսարան նույն սիրով չեմ գնա, ինչպես 9 տարի շարունակ գնացել եմ հարազատ դպրոցս: Այս դպրոցում դասընկերներս այն մարդիկ էին, ովքեր ընկերներս էին մանկապարտեզում: Սակայն, «երբեք մի ասա երբեք»-ը իմ կյանքում էլ եղավ:

2014 թվական, 10-րդ սեպտեմբերը իմ կյանքում:

-Մանե Մինասյան, Համլետ Մելքոնյան,- դպրոցի մուտքի մոտ կանգնած, ձեռքին՝ ցուցակ, կարդում էր ապագա դասղեկս:

Այս դպրոցում մեր դասարանը մի տեսակ ուրիշ է՝ աննկարագրելի լավը: Հա, ի դեպ, երազանքս էլ կատարվեց, դպրոցը մեր տանից ահագին հեռու է, ու քայլելու մի երկար-բարակ ճանապարհ կա: 10-րդ դասարանում թվում էր՝ 3 տարին այնքան երկար ժամանակահատված է, ու դեռ այնքան երկար ենք այս դպրոցի աշակերտը լինելու:

Բայց, արի ու տես, որ 3 տարին կարծես 3 ժամ լիներ: Ավագ դպրոցում ես իրոք զգացի այդ «ավագ» բառը: Ավագ դպրոց գնալով՝ մի քայլ էլ մեծացա:

Հիմա արդեն կարոտով եմ հիշում դպրոցից տուն գնալիս հանգիստ քայլելս, կամ էլ ցեխոտ եղանակին աճպարարի պես իբրև զգույշ քայլելս ու առվի մեջ հայտնվելս: Հիմա վազում եմ, որ պարապմունքից չուշանամ:

Իրոք, հիմա զղջում եմ, որ 12-րդ դասարանում գրեթե 4-5 ամիս բացակայել եմ դպրոցից:

Մնաց ընդամենը 2 ամիս, որ առավոտյան ընկերուհիս զանգի ու ասի.

-Հլը չես հելե՞լ: Դե հել, էլի, մաթեմ չի առաջին ժամը:

Մնաց երկու ամիս, մոտավորապես 60 օր…

Հետադարձ հայացք եմ ուղղում դեպի 2006 ու մի պահ քարանում եմ: Ես աշակերտ էի, ես հիմա էլ եմ աշակերտ, բայց ունեմ ընդամենը 2 ամիս, 2 ամիս հետո դպրոց եմ գնալու որպես հյուր:

Գրում եմ, բայց չեմ կարողանում ասել այն, ինչ իրոք ուզում եմ ասել: Դպրոցն իմ կյանքի անբաժան ընկերն էր: