Ani avetisyan

Ժամանակագրություն. մեկ տարի «Մանանայի» հետ

Մարտի վերջ, 2016

-Ան, կգա՞ս դպրոց, մարդիկ են գալու, հանդիպում պիտի լինի:

Չեմ հիշում՝ որտեղ էի, բայց հիշում եմ, որ երբ հասա դպրոց, հանդիպումն արդեն վերջանում էր: Հասցրեցի միայն մի քանի րոպե լսել ու ամսագրերից համարներ ստանալ: Դե, խոսքը «Մանանայի» կազմակերպած հանդիպման մասին էր, որին էլ պիտի հաջորդեր դասընթացը:

Չնայած, որ համարյա ոչինչ չէի լսել կենտրոնի մասին, հանդիպման օրն էլ շատ բան չհասցրեցի իմանալ, որոշեցի, որ ինչ էլ լինի՝ կմասնակցեմ ծրագրին: Եթե չշահեմ, կորցնելու բան էլ չեմ ունենա:

Իսկ տանը համակարգչիս ու համացանցին լուրջ փորձություն էր սպասվում: Սկսեցի բոլոր հնարավոր ու անհնար վայրերում գտնել կենտրոնի մասին նյութեր ու կարդալ, դիտել: Ստացվեց: Հաստատ նամակ կգրեմ, երեսուն երիտասարդների մեջ, հուսամ, ես էլ կլինեմ:

Մի քանի օր անց.

-Անի ջան, բարև, Լուսինեն է «Մանանայից», ուզում եմ հարցնել՝ դեռ ցականո՞ւմ ես մասնակցել դասընթացին: Ուրեմն շաբաթ օրը 10-ն անց 45 մեքենան դպրոցի մոտ ձեզ կսպասի: Չուշանաք:

Գիտեմ՝ մանրուք կթվա, բայց Լուսինեին, իր կարևոր խորհուրդներից ու սիրուն նյութերից բացի, ամենաշատը էս զանգի համար եմ սիրում:

Ո՞ւր էինք հասել: Հա, դասընթացին: Չորս օր՝ երկու շաբաթ և կիրակի օրեր, ժամը 11-ից 5-ը պիտի սովորեինք լրագրություն, լուսանկարչություն ու կինոարտադրությանը ծանոթանայինք:

Ապրիլի առաջին և երկրորդ շաբաթներ, 2016

Դպրոցի բակում անհամբեր սպասում էինք մեզ անհայտ կենտրոնի անհայտ դասընթացին կապող մեքենային.

-Տաքսին եկավ, գնացինք:

Վորքշոփի բոլոր օրերին մեզ տանում և տուն էր բերում նույն հաճելի վարորդը, որին առաջին օրը փորձում էինք բացատրել, թե ուր ենք գնում, երբ ինքներս էլ հստակ չէինք պատկերացնում: Հետո մեր ուրախ քննարկումներից ու այդ օրվա մասին պատմելուց ամեն բան պարզ էր դառնում թե՛ մեր, և թե՛ նրա համար:

Դասընթացը տևեց չորս հագեցած օր: Չորս օր՝ ֆոտոարշավների, լրագրողական նյութեր գրելու և ֆիլմերի գաղափարներ քննարկելու համար: Զբաղված օրվա ընթացքում էլ միշտ ժամանակ էինք գտնում իրար ճանաչելու, կատակելու ու լիցքաթափվելու համար: Կյանքում առաջին անգամ հենց այդ չորս օրերի ընթացքում սկսեցինք փողոցում ուղղակի քայլելու փոխարեն փնտրել ու գտնել կադրեր, որոնք գեղեցիկ լուսանկարներ կարող էին դառնալ: Կյանքում առաջին անգամ սկսեցինք ավելի ուշադիր լինել շրջապատի նկատմամբ և նրանում հետաքրքիր դեմքեր ու դեպքեր որոնել: Այնպիսիները, որոնք նյութ, հարցազրույց կամ ֆիլմ կարող էին դառնալ: Այդ ամենը անսովոր էր մեզ համար, բայց, միևնույն ժամանակ, այնքան աննկատ ու արագ դարձավ օրվա անբաժան մաս, որ մենք էլ չնկատեցինք ու չհասկացանք՝ ինչ կատարվեց: Հիմա էլ երևի այնքան էլ լավ չենք պատկերացնում, թե ինչպիսին էր կյանքը մինչ այդ:

Հունիսի 5, 2016

Հունիսի հինգին Հայաստանում մեծ շուքով նշվում էր Եվրոպայի օրը: Դե, երևի գիտեք, որ «Մանանա» կենտրոնի «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» երկար անունով, բայց անչափ կարևոր ծրագիրը ևս իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ: Այսինքն, տոնից անմասն չէր մնում նաև «Մանանա» կենտրոնը: Դա իմ ու «Մանանայի» երկրորդ հանդիպումն էր վորքշոփից հետո: Էլի մեկ հագեցած ու անմոռանալի օր:

Օրը լի էր ստացված հարցազրույցներով, ֆոտոներով, հաճելի ծանոթություններով ու մրցանակներով:

28.07-03.08, 2016

Չէ, նախ՝ դրանից մոտ մեկ ամիս առաջ

Ես ու Հայաստանի մի շարք պատանի թղթակիցներ ստացանք երազանքների նամակը (Հոգվարթսի նամակի նման, էլի): Նամակում գրված էր, որ մենք համարվում ենք առաջին մեդիա ճամբարի հավակնորդ ու պիտի աշխատենք, որ «հավակնորդը» փոխարինվի «մասնակից» բառով: Երազանքների նամակից էլ երևի տասը օր հետո երազանքների զանգն ստացանք:

Այ հիմա՝ 28-ը հուլիս, 2016

Մաշտոցի պողոտայի այդ հատվածում պատահաբար կամ ոչ պատահաբար հայտնված մարդիկ ոչ մի պատկերացում չունեին, թե ովքեր են այդ ճամպրուկներով երեխաները կամ ուր են պատրաստվում գնալ: Իսկ նույն այդ երեխաները գտնում էին հին ծանոթներին, ծանոթանում մյուսների հետ կամ փորձում հիշել իրար ֆեյսբուքյան խմբից ու չաթից:

 28.07-03.08, 2016

Ճամբարի մասին շատ երկար չպատմեմ, առանց այն էլ նյութս երկար ստացվեց: Չնայած մեկ տարին էլ քիչ չի:

Ճամբարը վորքշոփից ավելի հագեցած ու հետաքրքիր դպրոց էր: Լիքը գիտելիքներ, նոր ընկերներ ու հիշողություններ, որ հաստատ երկար են մնալու: Ուրախ պահերի պակաս էլ մեկ շաբաթում չունեցանք: Մեկ-մեկ էլ հոգնեցինք, բարկացանք կամ բարկացրեցինք, բայց առանց դրանց էլ մի բան պակաս կլիներ: Դասերի հետ մեկտեղ հասցրեցինք պարել, խաղալ, լուսանկարել ու լուսանկարվել: Մեկ շաբաթում «Այլ կերպ»-ի ու «Ունո»-ի չեմպիոններին էլ բացահայտեցինք, գտանք լավ պարողներին ու երգողներին. տաղանդավոր թիմ էր:

Ո՞ւր հասանք: Համարյա վերջ, ճամբարից հետո էլ շարունակեցինք մեր հեռակա կապը, էլի ֆոտոներ, նյութեր, ֆիլմեր:

Վե՞րջ: Մնաց վերջին այցը «Մանանա», վերջերս էր՝ մարտին: Առա կարոտս, նորից հետաքրքիր զրույցներ. խոսեցինք ամեն ինչից, անձամբ ծանոթացա հեռակա ծանոթիս՝ Լիդուշի հետ, եղանք ԵՄ գրասենյակում, անգլերենի իմացության յուրահատուկ ստուգում անցանք, տեսանք ԵՄ-ի աշխատակցի զարմացած, մի քիչ էլ հիացած հայացքը, երբ խոսում էինք 17-ից ու մեր նյութերից: Հա, նաև ամսագրիս վերջին համարները վերցրի:

Հետո էլ փակեցի մեկ տարվա երկար, բայց սիրելի գրքի էջն ու ինքս ինձ հավատացրի՝ նոր գիրք կգրվի՝ նոր վերնագրով: