anahit gasparyan charencavan

Ես հեռուստացույց չեմ դիտում

Հաճախ եմ լսել «ես հեռուստացույց չեմ դիտում» արտահայտությունը: Նախկինում գուցե կզարմանայի, բայց հիմա հասկանում եմ, թե որքան հաճելի է, երբ օրդ այնքան հագեցած է, որ կարիք չունես սպանելու ժամանակդ ինչ-որ «օճառապղպջակային օպերաների» կամ «դժբախտ ու հարազատ նռան հատիկների» վրա:

Վերջերս փորձեցի ուղղակի տեսնել, թե ինչ նորություն կա հեռուստաաշխարհում: Առաջինը, իհարկե, այն 2 րոպեն մեկ հանդիպող «սուպեր» գովազդներից մեկն էր, որ ավելի երկար է տևում, քան հենց հաղորդումը: Անցա առաջ: «Միսս Հայաստան» մրցույթն էր: Արդեն այն պահն էր, երբ պետք է մասնակիցները գային բեմ, և վարողները հայտնեին հաղթող մասնակցի անունը: Հաղորդավարները, որոնք երևի թե ընտրվել էին լոկ իրենց արտաքին տեսքի համար, ձախողեցին մրցույթը` «հրաշալի» հումորներ անելով, մոռանալով կարդալ մասնակիցների անունները և ամեն վայրկյան իրենք իրենց համոզելով, որ այդքան էլ վատ չեն կարողանում երեկոն վարել: Տեխնիկական խնդիրների պատճառով ետնաբեմից չէին բերում ծրարը, իսկ հանդիսատեսին պետք էր ինչ-որ կերպ զբաղեցնել: Հաղորդավարները առաջարկեցին հանդիսատեսին ծափահարել ծրարին, մինչ այն կբերեն: Երբ ոչինչ չստացվեց, նրանք առաջարկեցին մասնակիցներին ծափահարել հանդիսատեսին, որոնք էլ նույն ժամանակ պիտի ծափահարեին ծրարին, իսկ այդ ընթացքում հաղորդավարները կծափահարեին իրենք իրենց: Բոլորը բոլորին ծափահարեցին, բայց ծրարը այդպես էլ տեղ չհասավ, և նորից սկսվեցին «սուպեր» գովազդները: Ինքս ինձ հարց տալով, թե ինչու եմ նայում այդ, ընկերներիցս մեկի ասած, «սինլքոր արարողությունը»՝ փոխեցի ալիքը:

Դե, կզարմանայի, եթե ամեն ալիքում գովազդի չհանդիպեի: «Զգա թարմության բույրը», «Դիտեք միայն մեր եթերում», «Դու դու չես, երբ քաղցած ես», «Մի գրեք մեր հեռախոսահամարը, պարզապես հիշեք այն» և այլ այսպիսի արտահայտություններից հետո վերջապես հանդիպեցի մի լրատվական ծրագրի: Հիմա կմտածես՝ վերջապես մի կարգին բան գտավ: Ես էլ այդպես կարծեցի, բայց, ավաղ, հենց այն պահն էր, երբ հաղորդավարը հորդորում էր չփոխել ալիքը, քանի որ մի քանի րոպե անց պիտի սկսվեր հեռուստասերիալ, որը, ըստ ավանդության, կդառնար նոր «Սանտա Բարբարա» հայկական հեռուստաաշխարհում:

Այսքանից հետո ինձ ոչինչ չէր մնում անելու, քան վերցնել հեռուստավահանակը, անջատել հեռուստացույցը, վերցնել մի կարգին գիրք, այդ պահին՝ «Փոքրիկ իշխանը», և սկսել կարդալ, այլ ոչ թե վատնել «ժամանակ» կոչվող ամենաթանկ բանը: