Angelina Karapetyan

Երազում էլ իմ հայրենիքն եմ տեսնում

Հարցազրույց Հրահատ Կեսոյանի հետ, ով, գնալով Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, հաստատվեց այնտեղ:

-Ինչպե՞ս է անցել Ձեր կյանքը` մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունը:

-Կյանքս անցել է այնպես, ինչպես բոլոր հայորդիներինը, բոլոր Հայաստանում բնակվող մանուկներինը, երիտասարդներինը: Ապրել եմ գյուղում, գյուղական միջավայրում, զբաղվել ենք գյուղական աշխատանքով, ունեցել ենք տնտեսություն, անասուններ ենք պահել, հող ենք մշակել: Հաճախել եմ դպրոց: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ տեխնիկումի շինարարական բաժին, որտեղ սովորել եմ արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն: Աշխատանքի ղեկավար եմ եղել: Այնուհետև ծառայել եմ սովետական բանակում`Նովոսիբիրսկի մարզում: Ընդունվել եմ կուսակցության շարքերը, որպես կոմունիստ, եղել եմ կոմունիստական կուսակցության անդամ: Սովորաբար բանակից վերադառնալուց հետո անցնում ես կյանքի երրորդ փուլը`պատանեկությունից թևակոխում երիտասարդություն: Այդ ամենի հետ ուրիշ հայացքներ են մարդու մոտ առաջ գալիս`ամուսնություն, ընտանիք կազմել, երեխաներ դաստիարակել:

-Քանի՞ տարի եք ապրել Հայաստանում, և ինչպիսի՞ն էր Ձեր ապրած տարիների Հայաստանը:

-Հայաստանում ապրել եմ 47 տարի, իմ կյանքի կեսից ավելին: Հայաստանը, որպես մայր հայրենիք, մնում է իմ հոգեհարազատ երկիրը: Դժվար է ասել` ինչպես կգնահատեի հայրենիքումս ապրած կյանքը: Գնահատում եմ շատ բարձր, որովհետև Հայաստանում եմ ծնվել, մեծացել, սնվել եմ նրա հող ու ջրից, էությունս, մանկությունս, երիտասարդական քաղցր տարիներս անց եմ կացրել Հայաստանում: Հայաստանում ինձ համար վատ չի եղել: Ապրել ենք, աշխատել ենք, ստեղծել ենք, չենք նախանձել ուրիշների ստացած արդյունքին թե´ կյանքի, թե´ ուսման, թե´ տնտեսական հարցերում: Ձգտել ենք բոլոր դեպքերում ունենալ մերը: Բայց արդեն ժամանակները փոխվեցին, ինչի հետ փոխվեց նաև մեր աշխարհայացքը, մտածեցինք, որ կարելի է դրսում աշխատել:

-Ինչպե՞ս որոշեցիք տեղափոխվել և բնակություն հաստատել Ռուսաստանում:

-Վերջին ժամանակներում աշխատանքային պայմանները Հայաստանում վատացան, ընտանիքը պահելու համար ստիպված պետք է գնայինք արտագնա աշխատանքի, իսկ դա նշանակում է՝ լքել հայրենիքը, գնալ Ռուսաստան ութ ամիս, տասը ամիս, աշխատել դրսում`ընտանիքից հեռու: Հենց այդ հանգամանքը ստիպեց, որ ես ու ընտանիքս որոշում ընդունեցինք տեղափոխվել Ռուսաստան, որպեսզի միասին ապրենք։

-Արդյո՞ք դժվար չէր այնտեղ ինքնահաստատվելը:

-Առանց դժվարությունների ոչինչ չի լինում: Նոր մարդիկ, նոր աշխատանքային պայմաններ, բայց երբ գիտակցում ես քո գործի էությունը. արդեն ինչ-որ տեղ այդ կազմակերպչական աշխատանքները անցնում են վստահորեն: Բնականաբար եղել են դժվարություններ, բայց աշխատել ենք հաղթահարել:

-Ինչպիսի՞ համեմատականներ կանցկացնեիք երկու երկրների միջև:

-Զուգահեռները բավականին մեծ են: Հայաստանում աշխատել, ստեղծելը մի քիչ դժվար է, որովհետև չկան բավարար պայմաններ թե´ տնտեսական, թե´ աշխատանքային ոլորտներում: Իսկ Ռուսաստանում կա մեծ հեռանկար, որտեղ հնարավոր է ամեն ինչ կազմակերպել, սակայն ամեն ինչ էլ գալիս է մարդու աշխատասիրությունից, ձգտումից։

-Ի՞նչ գործունեություն եք ծավալել այնտեղ:

-Քամի որ մենք գյուղի բնակիչ ենք եղել, հող ու ջրի հետ առնչվող մարդիկ, ՌԴ-ում նույն գործունեությամբ ենք զբաղվում: Ֆերմերային տնտեսություն ենք ղեկավարում, հողագործությամբ, կարտոֆիլաբուծությամբ ենք զբաղվում, բոստանային կուլտուրաներ ենք մշակում: Աշխատում ենք, ստեղծում ենք աշխատատեղեր: Մեզ մոտ աշխատում են 70 հոգի, որոնք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են:

-Երբևէ մտածե՞լ եք, որ սխալ որոշում եք կայացրել` տեղափոխվելով Ռուսաստան:

-Եղել են այնպիսի պահեր, երբ մտածել եմ, թե ինչից ելնելով ես լքեցի իմ հայրենիքը: Չսննկացած պարագայում կա հնարավորություն մեր ֆիզիկական գոյությունը պահելու, լավ ապրելու, սակայն հոգեպես մենք աղքատ ենք: Օտարության մեջ տանջում է հարազատների, ծանոթ մարդկանց, հայրենիքի, հող ու ջրի, նիստ ու կացի կարոտը: Մի քիչ փակագծերը բացեմ ու ասեմ, որ օտարության մեջ երազ տեսնելիս, ես իմ հայրենիքն եմ տեսնում: Շատ դժվար է դրսում, բայց կյանքը ստիպում է մարդկանց գնալ նման քայլի: Կյանքը շատ կարճ է, ինչ-որ տեղ պետք է կարողանաս այդ ընթացքում որևէ արդյունքի հասնել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր հայրենակիցներին, ովքեր ցանկանում են լքել հայրենիքը:

-Հնարավորության դեպքում չլքել հայրենիքը, միայն ու միայն դա է իմ ցանկությունը: Բոլորն էլ այդ ամենը անում են, երբ զգում են, որ այլևս չեն կարողանում արժանավայլել ապրել, ստիպված դիմում են նման քայլի, բայց եթե Հայաստանում հնարավոր է հանապազօրյա հաց վաստակել, մի քիչ մարդավայել ապրել, ես խորհուրդ չէի տա լքել հայրենիքը: