Երբ կա հնարավորություն և միջոց

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Հայաստանում «Ստարտափ Արմենիա»-ն Սևանա լճի ափին իրականացնում է «Սևան Ստարտափ Սամիթ» ոչ ֆորմալ վրանային ճամբարը, որի ընթացքում ստարտափ ծրագրեր ունեցող խմբերը 7 օր համախմբվում են մի տանիքի տակ՝ հաճելի և ինտելեկտուալ միջավայրում, նոր բիզնես գիտելիքներ ստանում, փորձի փոխանակման և ծրագրերի ներկայացման շնորհիվ ձեռք բերում համախոհներ և ներդնողներ: Ծրագրի մեջ ընդգրկվում են կամավորներ, որոնք աջակցում են ճամբարի պատրաստմանն ու կազմակերպմանը և, իհարկե, լավ ժամանակ անցկացնում ճամբարի ընթացքում, լուսանկարիչներ և լրագրողներ, որոնք տարբեր ճանապարհներով հնարավորություն են ստանում ներսից լուսաբանելու ճամբարում տեղի ունեցող իրադարձությունները և ընդգրկվելու ճամբարի մասնակիցների շարքում: Ճամբարն իր մեջ ընդգրկում է առավոտյան նախավարժանք, բիզնեսի և ստարտափ դաշտի հետ կապված մի շարք վորքշոփեր, Սևանա լճի ափին տեղի ունեցող մի շարք ժամանցային ծրագրեր, «Campfire Talk»-եր, որոնց ժամանակ հայտնի գործիչները կիսվում են իրենց փորձով, պատասխանում մասնակիցների հարցերին և ուղղություն տալիս նրանց:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Յոթօրյա ճամբարը նոր դռներ է բացում մասնակիցների առաջ՝ հնարավորություն ընձեռելով նրանց շփվել 1000 և ավելի տարբեր բնավորությունների տեր տարբեր միջավայրերի մարդկանց հետ, ձեռք բերել նոր ընկերներ և ֆինանսական աջակցություն ստանալ` ստարտափ ծրագրերի իրականացման համար: Սա նոր և կարևորագույն հարթակ է Հայաստանում, որի գերնպատակը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև սեփական ուժերի գնահատումը: Այս տարի՝ 2017 թվականի հուլիսի 24-ին մեկնարկել է ճամբարը, որի ավարտը հուլիսի 31-ին է: Մասնակիցների թիվն անցած տարվա համեմատ աճել է 2 անգամ՝ դառնալով 1000 և ավելի: Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթի» գործընկերն է Եվրոպական միության կողմից կազմակերպվող «SMEDA» ծրագիրը: Ստարտափ թիմերի թիվը 70 է, իսկ ծրագրավորողների թիվը հասնում է 30-ի: Մրցանակային ֆոնդը այս տարի 40000 դոլար է, սակայն այլ ներդնողների և հովանավորների շնորհիվ այն ընդլայնել է իր մասշտաբն ու դարձել 200000 դոլար: Ինչպես անցած տարի՝ այս տարի էլ ճամբարն իրականացվում է Սևանա լճի ափին՝ վրաններով, 20 ջոկատների կազմակերպմամբ: Մինչ ճամբարային փուլը բոլոր մասնակիցներն անցել են հայտագրման և հարցազրույցի փուլերը և գրանցած հաջողությունների արդյունքում հասել են վերջնական փուլ: Սամիթի շրջանակներում կազմակերպվում են հեքեթոններ, Seed Pitch (ստարտափ ծրագրերի ներկայացում 2 րոպեանոց pitch-ով և 4 րոպեանոց Q&A-ով), Big Battle (ստարտափերը ներկայացնում են իրենց խնդիրը, թե ովքեր կարող են իրենց խնդրին բախվել և ինչպիսի լուծում են տալիս իրենք այդ խնդրին, 3 րոպեանոց Pitch, 4 րոպեանոց Q&A), Yell Extreme Battle (տուրիզմի դաշտում պայքար ամենալավ ստարտափի համար), Art Lunch Battle (առողջության և սննդի դաշտում պայքար ամենալավ ստարտափի համար), Janfida Battle (պայքար գյուղատնտեսության հետ կապված ստարտափերի մեջ) և Science Battle (պայքար գիտության ասպարեզի ստարտափերի միջև): Հետևյալ battle-ներից բացի՝ կան հատուկ մրցանակներ լավագույն լուսանկարի, լրագրողական նյութի համար: Վորքշոփերը, թրեյնինգներն ու «Campfire Talk»-երը հնարավորություն են տալիս մասնակիցներին սովորել գտնել ճիշտ խնդիրներ, ուսումնասիրել դրանք, հասկանալ, թե ովքեր են բախվում այդ խնդրին և թե ինչպես կարելի է շահավետ, հարմար և ժամանակակից լուծում տալ այդ խնդրին: Սամիթն իր մեջ ընդգրկում է եզրափակիչ մեծ խնջույք լճի ափին՝ տոնելու համար մասնակիցների հաջողությունները և հաղթանակները:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Սամմիթի կազմակերպչական խումբը փորձում է առավելագույնս մոտիվացնել յուրաքանչյուր մասնակցին՝ նրանց լիովին ընդգրկելով ծրագրի մեջ, ապահովելով ժամանցը, անվտանգությունն ու հարմարավետությունը, տալով ընդհանուր և բիզնես ոլորտի գիտելիքներ, ստեղծելով գիտելիքները գործի դնելու լավագույն պրակտիկա: Սևան Ստարտափ Սամիթ-ը կարող է լավագույն հարթակ դառնալ պատանիների, երիտասարդների համար՝ հասնելու այն նպատակին, որը գուցե մի ժամանակ անհասանելի երազանք է եղել, բայց արդեն բարձր մակարդակով կազմակերպված ծրագիր է:

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Գրիգորյանի

Հնարավորությունը կա, միջոցներն առկա են, մնում է միայն մեծ ցանկություն, հավատ նպատակի նկատմամբ և մեծ աշխատասիրություն: